Բելգիա
դաշնային թագավորություն Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Բելգիա, պաշտոնապես Բելգիայի Թագավորություն (ֆր.՝ Le Royaume de Belgique, հոլ.՝ Koninkrijk België, գերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական Միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։
Բելգիայի տարածքը կազմում է 30.528 կիլոմետր քառակուսի, իսկ բնակչությունը կազմում է ▲11 584 008 մարդ (հունվարի 1, 2022)[4]:
Լինելով Գերմանական և Լատինական Եվրոպայի մշակութային սահմանագծին՝ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59 %-ը, և ֆրանսերեն, որով խոսում են հիմնականում վալոնները և կազմում են բնակչության 41 %-ը։ Բացի այդ, Բելգիայում ապրում է փոքրաթիվ գերմանախոս բնակչություն։
Բելգիան դաշնային սահմանադրական միապետություն է կառավարության խորհրդարանական համակարգով։ Այն բաժանված է երկու հիմնական տարածաշրջանի. հյուսիսում հոլադախոս ֆլամանդացիներն են, իսկ հարավում՝ ֆրանսախոս Վալոնիան։ Բրյուսելը պաշտոնապես երկլեզու է, այստեղ մեծամասնություն են ֆրանսախոսները, և հանդիսանում է անկլավ ֆլամանդական տարածաշրջանում[13]։ Գերմանախոս համայնքները հիմնականում տեղակայված են Վալոնիայի երևելքում[14][15]։ Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերությունների պատճառով[16][17]։
Պատմականորեն Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը հայտնի են եղել «Ստորին երկրներ» անվանմամբ, այն զբաղեցրել է ավելի մեծ տարածք քան ներկայիս Բենիլյուքսի երկրները միասին։ Տարածաշրջանը լատիներենով կոչվել է Բելգիկա, Հռոմեական պրովինցիա Գալիա Բելգիկայից հետո, այն զբաղեցրել է մոտավոր ներկայիս Բելգիայի համահունչ տարածք։ Միջնադարի վերջում մինչև 17-րդ դարը Բելգիայի տարածքը բարգավաճել է և եղել է առևտրի և մշակույթի կենտրոն։ 16-րդ դարից մինչև 1830 թվականի Բելգիական հեղափոխությունը Բելգիան եղել է Նիդերլանդների կազմում։ Տարածքը եղել է շատ եվրոպական տերությունների համար կռվադաշտ[18], ինչը եղավ նաև երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։
Բելգիան Միավորված ազգերի կազմակերպության (1945), Արժույթի միջազգային հիմնադրամի (1945), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (1945), Եվրոպայի խորհրդի (1949), ՆԱՏՕ (1949), ԵՏՄ (1958, 1993-ից՝ ԵՄ), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (1961), ԵԱՀԽ-ի (1975, 1995-ից՝ ԵԱՀԿ), Առևտրի համաշխարհային կազմակերպության (1995), Շենգենյան գոտու (1995), Եվրագոտու (1999) և Բենիլյուքսի անդամ է[19]։