Համաշխարհային պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային պատերազմը կամ աշխարհամարտը պատերազմ է, որում ներառված են աշխարհի մեծ տերությունները։ Համաշխարհային պատերազմները տեղի են ունենում մի քանի մայրցամաքներում մի քանի թատերաբեմերով կամ ռազմաբեմերով (տես Ռազմաբեմ)։ Աշխարհամարտին մասնակցում կամ որևէ կերպ առնչվում է աշխարհի պետությունների մեծամասնությունը։ Տերմինը հատկապես օգտագործվում է 20-րդ դարի երկու խոշորագույն պատերազմների համար։
- Առաջին համաշխարհային պատերազմ (1914–1918): Սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին՝ Ավստրո-հունգարիայի և Կայզերական Գերմանիայի կողմից (Երկրորդ Ռայխ) և ավարտվել 1918 թվականի նոյեմբերի 11-ին՝ հակագերմանական դաշնախմբի հաղթանակով։
- Երկրորդ համաշխարհային պատերազմ (1939–1945): Սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նացիստական Գերմանիայի (Երրորդ Ռայխ) և, փաստացի, սեպտեմբերի 17-ին պատերազմին միացած նրա դաշնակից ԽՍՀՄ-ի կողմից և ավարտվել է 1945 թվականի սեպտեմբերի 2-ին՝ նացիստական դաշնախմբի անդամ Ճապոնիայի, իսկ դրանից առաջ՝ մայիսի 8-ին՝ նացիստական Գերմանիայի պարտությամբ և հականացիստական դաշնախմբի հաղթանակով, որի մեջ 1941 թվականին մտել էր նաև Գերմանիայի նախկին դաշնակից ԽՍՀՄ-ը։
Երբեմն համաշխարհային պատերազմների շարքն են դասում XVII–XIX դարերի որոշ լայնամասշտաբ ռազմական հակամարտություններ, ինչպես օրինակ՝ Երեսնամյա պատերազմը, Իսպանական ժառանգության պատերազմը, Յոթնամյա պատերազմը, ապա՝ Նապոլեոնյան պատերազմները։ Ընդ որում, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը Յոթնամյա պատերազմը (1756-1763) անվանել է առաջին համաշխարհային պատերազմ[1]։ Ուշագրավ է, որ այդ բոլոր պատերազմները, ինչպես I և II Աշխարհամարտերը, ունեն «եվրոպական ծագում», ռազմական գործողությունները մղվել են Եվրոպայի տարածքում, ինչպես նաև համապատասխան եվրոպական պետությունների ասիական և ամերիկյան գաղութներում։
Համաշխարհային պատերազմ տերմինը երբեմն վերագրում են Սառը պատերազմին, այն հաճախ անվանելով Երրորդ համաշխարհային պատերազմ։ Դա բացատրվում է նրանով, որ ԱՄՆ և ԽՍՀՄ գլխավորած դաշնախմբերի միջև ընթացող «Սառը պատերազմը» սպառնում էր վերածվել «Տաք պատերազմի» նույն այդ դաշնախմբերի միջև։