Պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։
Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։ Ըստ 19-րդ դարի ռազմական տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»[1]։ Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։ Քաղաքականության մի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ Կլաուզևիցի ձևակերպմամբ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ բռնի միջոցներով»։ Քաղաքական ղեկավարությունից է կախված, սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ այն վարել, երբ և ինչ պայմաններով համաձայնել հաշտության թշնամու հետ։ Քաղաքական ղեկավարությունից է կախված դաշնակիցների ձեռքբերումը, կոալիցյաների ստեղծումը։ Պետությունների ներքին քաղաքականությունը նույնպես մեծ ազդեցություն ունի պատերազմի ընթացքի վրա։ Այսպես, թույլ իշխանություները արագ հաջողությունների կարիք ունեն։ Հաջողությունը պատերազմում կախված է ինչպես ներքին քաղաքականությունից, այնպես էլ ներքաղաքական ղեկարության և ռազմական հրամանատարության միջև համաձայնույթունից։
Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցնրը։ Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց են հանդիսանում զինված ուժերը (բանակ, ավիացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես թշնամուն ուժազրկելու մեջ է՝ մինչև վերջինս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։ Ռազմական առումով ուժեղ պետությունների ռազմական կոնֆլիկտները ավելի ցածր մակարդակում գտնվող պետությունների հետ բերում են խաղաղության պարտադրման, ռազամական էքսպեդիցաների կամ նոր տարածքներ զավթման։ Փոքր պետություններում՝ հանգեցնում են նեխուժման կամ ռեպրեսիաների, ներքին խմբավորումների ապստամբության, ներքին կոնֆլիկտների (քաղաքացիական պատերազմ)։ Նման միջադեպերը, երբ հանդիպում է բավական ուժեղ դիմադրության կամ ձգձգվում են, կարող են լուրջ թափ ստանալ, որպեսզի որակվեն որպես «պատերազմ»[2]։ Պատերազմի բացակայությունը կոչվում է խաղաղություն։
Տարբեր հանրագիտարաններում ու ռազմագիտական գրքերում կարելի է հանդիպել պատերազմի մեկնաբանության տարբեր ձևեր, որոնք ծնվել են հիմնականում Բոնապարտից հետո, այսինքն՝ ռազմական գիտության կայացման փուլում։ Դրանք բոլորն էլ արտահայտում են իրական իրավիճակը, սակայն ժամանակակից պատերազմի բնույթին ու բովանդակությանը ավելի համըկնող մեկնաբանություն է հետևյալը․
ՊԱՏԵՐԱԶՄԸ որոշակի ռազմաքաղաքական, տնտեսական սուբյեկտի միասնական ուժային համակարգի (հաճախ՝ բանակի բոլոր զորատեսակների կամ դրանց մեծ մասի) ներդաշնակված գործունեությունն է (երբեմն՝ հակազդեցությունը) բոլոր հարթություններում, բոլոր մեթոդներով ու եղանակներով, հակառակորդի բոլոր մակարդակի կառույցների և կենսատարածքների նկատմամբ՝ դրանք վերահսկելու կամ ոչնչացնելու նպատակով:
Այս սահմանումը էականորեն տարբերվում է դասական դարձած այն սահմանումներից, որտեղ պատերազմը դիտարկվում է միայն պետությունների իրավասության գործառույթ։ Ժամանակակից պատերազմների հիմնական բնութագրիչներն են․
- Պատերազմները կոալիցիոն բնույթ ունեն։ Երբեմն դա անգամ պաշտոնական դաշնակցային ձևով չի արտահայտվում, սակայն գլոբալ աշխարհում շահերը գլոբալ են, և ցանկացած կոնֆլիկտի ներգրավվում են տարբեր ռազմաքաղաքական ու տնտեսական սուբյեկտներ։
- Պատերազմների հարթությունները ընդգրկում են ցամաքը, օդը, ջուրը, տիեզերքը, վիրտուալ աշխարհը, որի հետ անքակտելի է նաև մարդու ներաշխարհը։
- Պատերազմի տարածքը լիարժեք է բոլոր կենսատարածքներում. չկա թիկունք, ապահով ու անվտանգ տեղ։
- Պատերազմի մասնակից են գրեթե բոլորը. չկա զուտ ԶՈՒ-ի ներգրավվածություն, գրեթե բոլոր գերատեսչությունները, ծառայությունները ունեն կոնկրետ գործառույթ, և դրանք զուտ ապահովման չեն, այլ հենց բախման-պայքարի կոնկրետ ճակատներ են։
- Պատերազմի ժամանակ բոլոր գործառույթների ժամանակը կրճատվել է, պատերազմը դարձել է գերարագ պրոցես։ Մարտական գործողությունները զարգանում են շատ դինամիկ։
- Պատերազմավարման կանոնները ճկուն են, դասական, և ոչ դասական կանոնները խառնվել են իրար, ասիմետրիկ, ոչ համաչափ, հիբրիդային լուծումները լայնորեն կիրառվում են գրեթե զուգահեռ, իսկ միմյանց փոխարինում են շատ ճկուն։
- Խոցման, ավերման, ճնշման համար գործում են ինչպես ուժային, այնպես էլ փափուկ միջոցներ։ Լայնորեն կիրառվում է համոզման մեթոդը։
- Օպերատիվ արվեստի սահմանները դարձել են անհստակ։ Ավելի ու ավելի հաճախ մարտավարական միջոցներն ու ուժերը լուծում են օպերատիվ, երբեմն նաև ռազմավարական խնդիրներ։
- Խոցման, ճնշման, քայքայման, ավերման պրոցեսները դարձել են արագ և իրականացվում են մեծ խտությամբ, տարափի ներքո, երբեմն սահմանափակ տեսակի միջոցներով ու ուժերով, համազորային մարտ չկա այլևս։
- Մարտավարական ուժերն ու միջոցները դարձել են լիովին ինքնաբավ և արագաշարժ, դրանք ունեն ունիվերսալ դեր ու կառուցվածք։
Այս հսկայական փոփոխությունները իրենց հետ բերել են բազում վերագնահատման ու վերարժևորման պայմաններ։ Սակայն պատերազմի էությունը չի փոխվել, այն շարունակում է լինել ուժի գործադրում, ուղղակի երբեմն այդ ուժը փափկել է։ Պատերազմը, իհարկե, քաղաքական գործունեության շարունակություն է այլ մեթոդներով, սակայն դասական գիտության համար պատերազմը պետք է վարվի ո՛չ մեկ կամ երկու առանձին հարթություններում, ո՛չ մեկ կամ երկու զորատեսակով։ Պատերազմը ընթանում է բոլոր հարթություններում, որոնք շատացել են, բոլոր կամ զորատեսակների մեծամասնությամբ, ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական վնասներով, ավերածություններով և այլն։ Պատերազմում մեծ դեր են ստանում տեղական ինքնակառավարման քաղաքացիական մարմինները, ծրագրավորողները, տարատեսակ քննչական մարմինները, բժիշկները և այլն։ Նրանցից ոչ մեկը չի դասակարգվում որևէ զորատեսակի մեջ, իսկ նրանց զորակոչելը պատերազմի ժամանակ կարող է ուշանալ, իրենք հաճախ պատերազմ են մտնում հընթացս կամ իրենց խնդիրը կատարում են մշտական ռեժիմով։ Ժամանակակից պատերազմներին պատրաստ բանակները, ուժային համակարգերը պետք է կարողանան լուծել մի քանի կարևոր խնդիրներ, առանց դրանց լուծման հնարավորության այդ ուժային համակարգերը թերի են։ Դրանք են՝
- հակառակորդի ամբողջ տարածքի լիարժեք հետախուզություն,
- հակառակորդի ամբողջ տարածքի վրա հարվածներ հասցնելու հնարավորություն, հիմնականում ՕՀՄ-ներով,
- հակառակորդի ամբողջ տարածքի նկատմամբ տեղեկատվահոգեբանական օպերացիաների իրականացման հնարավորություն,
- հակառակորդի ամբողջ տարածքում թեկուզ մասնակի հատուկ օպերացիաների իրականացում։
Այս կետերի իրականացման հնարավորություններով է պայմանավորված տվյալ ուժային համակարգի հզորությունը։ Ցանկում ներառված չէ հակառակորդի ամբողջ տարածքի գրավման կամ լայնածավալ մարտական գործողությունների վարման հնարավորության կետերը։ Դա արդեն շատ բարդ խնդիր է, որը քիչ երկրներ կարող են իրականացնել այլ պետությունների նկատմամբ[3]։