Կոնֆլիկտ (հոգեբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Կոնֆլիկտ (լատ. conflictus (բախում, ընդհարում) բառից), կողմերի բախում, հակամարտություն, որի ընթացքում կողմերից գոնե մեկը հակառակ կողմի գործողություններն ընկալում է որպես իր սեփական հետաքրքրություններին ուղղված սպառնալիք[1]։ Այլ կերպ՝ կոնֆլիկտն իրականացած տարաձայնություն է, այսինքն, փոխազդեցության մեջ ակտիվացած հակադրվող արժեքների, դիրքորոշումների, մոտիվների արտահայտում, ընդ որում, իր հանգուցալուծման համար տարաձայնությունն, անհրաժեշտաբար, պետք է բացահայտվի կողմերի գործողությունների բախման մեջ[2]։ Կամ այս ձևով հասարակական կոնֆլիկտի տակ հասկացվում է հասարակական փոխազդեցության ընթացքում առաջացող նշանակալից տարաձայնությունների զարգացման և ավարտի առավել սուր միջոց, որը դրսևորվում է կոնֆլիկտի սուբյեկտների հակազդեցությամբ և ուղեկցվում միմյանց հանդեպ նրանց բացասական հույզերով[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնֆլիկտ (այլ կիրառումներ)
Կոնֆլիկտների հոգեբանական հետազոտությունները նպատակ ունեն պարզաբանելու այն հոգեբանական օրինաչափությունները, որոնք ընկած են կոնֆլիկտների առաջացման և զարգացման հիմքերում։ Այստեղ առավել չափով կարևորվում են ներանձնային այնպիսի բովանդակություններ, ինչպիսիք են շարժառիթները, դրդապատճառները, հետաքրքրությունները, նպատակները, հուզական հակազդեցությունները, իմացական կոնստրուկտները և այլն։