From Wikipedia, the free encyclopedia
Հակահիստամինային դեղեր, ալերգիկ ռինիտ և այլ ալերգիաներ բուժող դեղանյութեր[1]։ Մարդիկ սովորաբար ընդունում են հակահիստամինային դեղերը որպես էժան, ջեներիկ, ազատ վաճառքի դեղամիջոց, որը կարող է թեթևացնել ծաղկափոշուց կամ փոշու տզից առաջացած հարբուխը, փռշտոցը, եղնջացանը, կամ կենդանիներից ալերգիան և ունեն քիչ կողմնակի ազդեցություն[1]։ Հակահիստամինային դեղերը հիմնականում կարճաժամկետ բուժման համար են[1]։ Քրոնիկ ալերգիաները մեծացնում են առողջական խնդիրների՝ ասթմայի, սինուսիտի և ստորին շնչուղիների վարակի առաջացման հավանականությունը, որոնք չեն կարող բուժվել հակահիստամինային դեղերով[1]։ Հակահիստամինային դեղերը երկարատև օգտագործելուց առաջ՝ առաջարկվում է բժշկական խորհրդատվություն[1]։
Մարդիկ «հակահիստամին» բառն օգտագործում են որպես ալերգիաներ բուժող դեղամիջոց, բժիշկները և գիտնականներն այն օգտագործում են որպես դեղերի խմբի բնութագրիչ, որն օրգանիզմում արգելակում է հիստամինային ընկալիչների ակտիվությունը[2]։ Սրանից ելնելով հակահիստամինային դեղերը դասակարգվում են կախված թե որ հիստամինային ընկալչի վրա են ազդում։ Հակահիստամինային դեղերի երկու խոշոր խմբերն են H1 հակահիստամինային և H2 հակահիստամինային դեղերը։
H1-հակահիստամինային դեղերն ազդում են պարարտ բջիջների, հարթ մկանի, էնդոթելի և ուղեղի տուբերոմամիլյար կորիզի H1 հիստամինային ընկալիչների վրա։ Հակահիստամինային դեղերը, որոնք կապվում են H1 հիստամինային ընկալիչների հետ օգտագործվում են ալերգիկ ռինիտի բուժման նպատակով (օրինակ՝ քոր, քթահոսություն և փռշտոց)։ Կարող են նաև օգտագործվել անքնության, ծովային հիվանդության կամ ներքին ականջի հետ կապ ունեցող գլխապտույտի ժամանակ։ H2-հակահիստամինային դեղերը կապվում են ստամոքսաղիքային ուղու վերին հատվածի՝ առաջին հերթին ստամոքսի H2 հիստամինային ընկալիչների հետ։ Հակահիստամինային դեղերը կապվում են H2 հիստամինային ընկալիչների հետ և օգտագործվում են ստամոքսահյութի արտադրման հետ կապված խնդիրների բուժման ժամանակ (օրինակ՝ պեպտիկ խոցեր, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս)։
Հիստամինային ընկալիչները ցուցաբերում են կոնստիտուտիվ ակտիվություն, այսպիսով հակահիստամինային դեղերը հիստամինային ընկալիչների վրա կարող են ունեալ չեզոք ընկալչային անտագոնիստի կամ հակադարձ ագոնիստի ազդեցություն[2][3][4][5]։ Շուկայում H1-հակահիստամինային դեղերից ընդամենը մի քանիսն են, որ ունեն հակադարձ ագոնիստի ազդեցություն[2][5]։
Հիստամինը մեծացնում է անոթի թափանցելիությունը, բերելով մազանոթներից դեպի հյուսվածք հեղուկի արտահոսքի, որի արդյունքում էլ առաջանում են ալերգիկ ռեակցիաների դասական ախտանիշները՝ քթահոսություն և արցունքահոսություն։ Հիստամինը խթանում է նաև անգիոգենեզը[6]։
Հակահիստամինային դեղերը, խոչընդոտելով նյարդերում, անոթի հարթ մկաններում, գեղձային բջիջներում, էնդոթելում և պարարտ բջիջներում հիստամինի կապումը ընկալիչների հետ, ընկճում են հիստամինային ընկալիչների ակտիվությունը և ճնշում հիստամինով խթանված այտուց առաջացնող և անոթալայնիչ պատասխանները։
Քորը, փռշտոցը և բորբոքային պատասխանները ճնշվում են հակահիստամինային դեղերով, որոնք ազդում H1 ընկալիչների վրա[2][7]։ 2014 թվականին, հայտնաբերվել է որ հակահիստամինային դեղերից դեզլորատադինը իր հակաբորբոքային ազդեցության և ճարպի արտադրանքը ճնշելու հաշվին արդյունավետ է որպես ադյուվանտ՝ ակնեի հիմնական բուժման համար[8][9]։
H1-հակահիստամինային դեղերը արգելակում են H1 ընկալիչները[4][5]։ Քանի որ H1 ընկալիչները ցուցաբերում են կոնստիտուտիվ ակտիվություն, H1-հակահիստամինային դեղերը կարող են ազդել որպես ընկալչային անտագոնիստ կամ հակադարձ ագոնիստ[4][5]։ Նորմայում հիստամինը կապվում է H1 ընկալիչներին և բարձրացնում նրանց ակտիվությունը, ընկալչային անտագոնիստը գործում է կապվելով ընկալչին և արգելակում հիստամինով միջնորդված ակտիվացումը, ի տարբերություն հակադարձ ագոնիստների, որոնք ունեն հիստամինին հակառակ ազդեցություն, կապվում են ընկալիչներին և նվազեցնում նրանց ակտիվությունը[4]։
Շուկայում առկա H1-հակահիստամինային դեղերի մեծամասնությունը ընկալչային անտագոնիստներ են։ Դրանց միայն փոքր մասն է հակադարձ ագոնիստ[2][5]։ Հիվանդանոցում H1-հակահիստամինային դեղերը կիրառվում են ալերգիկ ռեակցիաների և պարարտ բջիջների հետ ասոցացված հիվանդությունների բուժման համար։ Սեդացիան արյուն-ուղեղային պատնեշը հեշտությամբ անցնող H1-հակահիստամինային դեղերի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություն է, ուստի այս դեղերից մի քանիսը, օրինակ՝ դիմեդրոլը և դօքսիլամինը, կարող են օգտագործվել անքնության բուժման համար։ H1-հակահիստամինային դեղերը կարող են նաև նվազեցնել բորբոքումը, քանի որ բորբոքային գործընթացները կարգավորող տրանսկրիպցիայի գործոն NF-κB-ի էքսպրեսիան ակտիվանում է ընկալչի կոնստիտուտիվ ակտիվությամբ, ինչպես նաև, երբ ագոնիստը (օրինակ՝ հիստամինը) կապվում H1 ընկալչին[2]։
Վերոնշյալներից բացի, որոշ դեպքերում նյութափոխանակային էֆեկտների համակցման արդյունքում առաջին սերնդի հակահիստամինային դեղերը օփիոիդային, որոշ չափով նաև ոչ օփիոիդային ցավազրկողների վրա ունենում են ցավազրկում պոտենցող ազդեցություն։ Այս նպատակով օգտագործվող ամենահայտնի հակահիստամինային դեղերն են հիդրօքսիզինը, պրոմեթազինը (ֆերմենտի խթանումը հատկապես օգնում է կոդեինի և նման օփիոիդ նախադեղերի օգտագործման ժամանակ), ֆենիլտոլոքսամինը, օրֆենադրինը և տրիպելենամինը, նշվածներից մի քանիսը օրինակ՝ օրֆենադրինը, կարող են ունենալ առանձին ցավազրկող ազդեցություն։
Երկրորդ սերնդի հակահիստամինային դեղերն անցնում են արյուն-ուղեղային պատնեշը, բայց ավելի քիչ քանակով, քան առաջին սերնդի հակահիստամինային դեղերը։ Հիմնականում ծայրամասային հիստամինային ընկալիչների վրա ազդեցություն ունենալու հաշվին՝ երկրորդ սերնդի հակահիստամինային դեղերն ունեն ավելի նվազ քնաբեր ազդեցություն։ Սակայն երկրորդ սերնդի հակահիստամինային դեղերը մեծ դեղաչափերով օգտագործելիս կարող են ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով քնկոտություն։ Որոշ երկրորդ սերնդի հակահիստամինային դեղեր, մասնավորապես ցետիրիզինը, կարող են փոխազդել ԿՆՀ հոգեակտիվ դեղերի հետ, ինչպիսիք են օրինակ բուպրոպիոնը և բենզոդիազեպինները[10]։
H1 անտագոնիստների օրինակներն են
H1 ընկալչի հակադարձ ագոնիստներն են[2][5]
Ինչպես H1-հակահիստամինային դեղերը, այնպես էլ H2-հակահիստամինային դեղերը նույնպես գործում են ինչպես հակադարձ ագոնիստ և չեզոք անտագոնիստ։ Նրանք ազդում են H2 հիստամինային ընկալիչների վրա, որոնք հիմնականում հանդիպում են ստամոքսի, ստամոքսահյութի սեկրեցիայի ներքին ազդանշանային համակարգի մաս կազմող լորձաթաղանթի պարիետալ բջիջներիում։ Նորմայում հիսատամինը ազդում է H2 հիստամինային ընկալիչների վրա, որը խթանում է ստամոքսահյութի սեկրեցիան, այսպիսով դեղերը որոնք արգելակում են H2 ընկալչի ազդանշանի փոխանցումը նվազեցնում են ստամոքսահյութի սեկրեցիան։
H2-հակահիստամինային դեղերը ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների՝ պեպտիկ խոցերի և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության բուժման առաջին ընտրության պրեպարատներ են։ Որոշ դեղաձևերը առկա են ազատ վաճառքի համար։ Կողմնակի ազդեցություննրի մեծամասնությունը տեղի է ունենում չնախատեսված ընկալիչների վրա դեղերի խաչաձև ակտիվության պատճառով։ Օրիինակ հայտնի է, որ ցիմետիդինը մեծ դեղաչափերով օգտագործելու ժամանակ ունի ԴՀՏ (դիհիդրոտեստոստերոն) ընկալիչների և անդրոգենային տեստոստերոնը հակազդելու, ազդեցություն։
Օրինակներ
H3-հակահիստամինայինները դեղեր են, որոնք ընկճում են H3 ընկալիչների վրա հիստամինի ազդեցությունը։ H3 ընկալիչները հիմանականում հանդիպում են ուղեղում և ինհիբիտոր աուտոընկալիչները տեղակայված են հիստամիներգիկ նյարդի ծայրերում, որը կարգավորում է հիստամինի ձերբազատումը։ Ուղեղում հիստամինի ձերբազատումը, ուղեղի կեղևում H1 ընկալիչները խթանելով բերում են գրգռիչ նեյրոտրանսմիտորների գլյուտամատի և ացետիլխոլինի երկրորդային ձերբազատմանը։ Հետևաբար, ի տարբերություն H1-հակահիստամինային դեղերի, որոնք առաջացնում են սեդացիա, H3-հակահիստամինային դեղերն ունեն հոգեխթանիչ և ճանաչողկան գործընթացները կարգավորող ազդեցություն։
Ընտրողական H3-հակահիստամինային դեղերի օրինակներ
H4-հակահիստամինային դեղերն ընկճում են H4 ընկալչի ակտիվությունը
Օրինակներ
Ընկճում է հիստին դեկարբօքսիլազի աղդեցությունը
Պարարտ բջիջների կայունացնողները դեղեր են, որոնք կանխում են պարարտ բջիջների դեգրանուլյացիան։
Ներկայումս մարդկանց մեծամասնությունը ովքեր ալերգիաների բուժման համար օգտագործում են հակահիստամինային դեղեր՝ օգտվում են երկրորդ սերնդի դեղերից[1]։
Առաջին սերնդի հակահիստամինային դեղերը հասանելի են դարձել 1930-ական թվականներից[15]։ Այսպես սկսվեց քթային ալերգիաների բուժումը[15]։ Այս դեղերի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ կան H1 անտագոնիստներ և H2 անտագոնիստներ, որտեղ H1 հակահիստամինային դեղերը գործում են քթում, իսկ H2 հակահիստամինային դեղերը՝ ստամոքսում[16]։ Ժամանակակից հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ կան H3 ընկալչի անտագոնիստ և H4 հիստամինային ընկալչի վրա ազդող դեղեր[16]։
Հակահիստամինային դեղերն ունեն տարբեր գներ[1]։ Որոշ հիվանդներ դեղի արժեքի վերաբերյալ խորհրդակցում են իրենց բժշկի հետ՝ դեղամիջոցի ընտրությունը որոշելու համար[1]։ Շատ հակահիստամինային դեղեր ավելի հին են և առկա են ջեներիկ ձևով[1]։ Մնացածներն ավելի նոր են, դեռ արտոնագրման տակ և հիմնականում թանկարժեք[1]։ Նոր դեղերը պարտադիր չէ, որ լինեն ավելի անվտանգ կամ ավելի արդյունավետ[1]։ Բազմաթիվ հակահիստամինային դեղերի առկայության պատճառով հիվանդները կարող են խորհրդակցել իրենց բժշկի հետ, որպեսզի ընտրեն իրենց համար ավելի հարմար դեղ[1]։
ԱՄՆ-ի կառավարությունը որոշ ապացույցների հիման վրա շուկայից հանել է երկրորդ սերնդի երկու հակահիստամինային դեղեր՝ տերֆենադինը և աստեմիզոլը, քանի որ նրանք կարող են հանգեցնել սրտի խնդիրների առաջացման[1]։
Տարբեր հակահիստամինային դեղերի արդյունավետությունը և անվտանգությունը համեմատող քիչ հետազոտություններ են առկա[1]։ Առկա հետազոտությունները հիմանականում կարճաժամկետ են, կամ ընդհանուր ենթադրություններ անելու համար ընդգրկում են սակավաթիվ մարդկանց[1]։ Հետազոտության մեջ մեծ բաց է այն, որ չկա տեղեկություն հիվանդների առողջական վիճակի մասին, ովքեր ունեն երկարատև ալերգիաներ և երկար ժամանակ ընդունում են հակահիստամինային դեղեր[1]։ Նոր հակահիստամինային դեղերը եղնջայտուցի բուժման համար ավելի արդյունավետ են[1]։ Այնուամենայնից դեղերի արդյունավետությունը համեմատող հետազոտություններ չկան[1]։
Հակահիստամինային դեղերի հետազոտությունների մեծամասնությունը արվել են երիտասարդների շրջանում, դրա հետևանքով 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում դեղերի ազդեցությունները, այդքան էլ լավ բացատրված չեն[1]։ Մեծահասակները ավելի հավանական է, որ հակահիստամինային դեղերից կունենան քնկոտություն քան երիտասարդները[1]։ Հետազոտությունները հիմնականում արվել են սպիտակամորթ մարդկանց շրջանում և այլ էթնիկ խմբեր չեն ներգրավվել[1]։ Չկան նաև փաստեր թե ինչ տարբերությամբ են հակահիստամինային դեղերը ազդում տղամարդկանց և կանաց վրա[1]։ Բազմաթիվ ուսումնասիրություններ են գրանցվել երեխաների շրջանում հակահիստամինային դեղերի օգտագործման վերաբերյալ, տարբեր ուսումնասիրություններ պարզել են, որ որոշ հակահիստամինային դեղեր կարող են կիրառվել 2 տարեկան երեխաների շրջանում, իսկ որոշները երիտասարդ և ավելի մեծ տարիքի երեխաների շրջանում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.