Կարիբյան ծով
ծով / From Wikipedia, the free encyclopedia
Կարիբյան ծով[2](անգլ.՝ Caribbean Sea, իսպ.՝ Mar Caribe, Հաիթա-կրեոլյան լեզու - Lamè Karaïb, ֆր.՝ Mer des Caraïbes, հոլ.՝ Caraïbische Zee, Պապյամենտո - Laman Karibe), Ատլանտյան օվկիանոսի ջրավազանին պատկանող ծայրամասային[3], կիսափակ ծով[4], արևմուտքից և հարավից սահմանափակված է Կենտրոնական Ամերիկայով և Հարավային Ամերիկայով, և հյուսիսում ու արևելքում՝ Մեծ ու Փոքր Անտիլյան կղզիներով։ Հյուսիս-արևմուտքում Յուկատանի նեղուցով միանում է Մեքսիկական ծոցին, հարավ-արևմուտքում արհեստական Պանամայի ջրանցքով` Խաղաղ օվկիանոսին։
Կարիբյան ծովն ընկած է հյուսիսային լայնության 9° և 22°, արևմտյան երկայնության 89° և 60° միջև։ Ծովի ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 2 753 000 կմ²[5]։ Առավելագույն խորությունը 7686 մետր է[6]։ Հարավում Կարիբյան ծովը ողողում է Վենեսուելայի, Կոլումբիայի և Պանամայի ափերը, արևմուտքում՝ Կոստա Ռիկայի, Նիկարագուայի, Հոնդուրասի, Գվատեմալայի, Բելիզի և մեքսիկական Յուկատան թերակղզու ափերը, հյուսիսում՝ Կուբայի, Հաիթիի, Ճամայկայի և Պուերտո Ռիկոյի ափերը, արևելքում` Փոքր Անտիլյան կղզիների պետության ափերը (Կարիբյան ավազանի երկրների ցանկ)։