Խելք
From Wikipedia, the free encyclopedia
Խելք կամ միտք, ինտելեկտի, բանականության, մտածողության[1], ճանաչողության[2], ըմբռնման, ընկալման, հիշողության, ընդհանրացնելու, գնահատելու և որոշում ընդունելու գործընթացների ամբողջություն է։ Խելքը որոշվում է զգացողություններով, հույզերով, հասկացողությամբ, հիշողությամբ, ցանկություններով, անհատական առանձնահատկություններով ու դրդապատճառներով, ինչպես նաև ենթագիտակցությամբ[3]։ Այն սովորաբար սահմանվում է՝ որպես անհատի մտածելու և գիտակցելու կարողություն[4]։ Խելքն ունի երևակայության, ճանաչողության և գնահատման ուժ և պատասխանատու է զգացմունքների ու հույզերի մշակման համար, ինչի արդյունքում էլ ձևավորվում է վերաբերմունք և գործողություն։
Փիլիսոփայության, կրոնի, հոգեբանության, կոգնիտիվ գիտության մեջ գոյություն ունեն հնագույն ավանդույթներ այն մասին, թե ինչից է բաղկացած խելքը և որոնք են նրա առանձնահատկությունները։
Խելքի բնույթին վերաբերվող հարցերից մեկը հոգեֆիզիկական խնդիրն է, որն ուսումնասիրում է խելքի կապը գլխուղեղի և նյարդային համակարգի հետ։ Մինչգիտական հայացքները ներառում էին դուալիզմն ու իդեալիզմը, որոնք խելքը համարում էին ոչ ֆիզիկական երևույթ[5]։ Ժամանակակից տեսակետները կենտրոնանում են ֆիզիկալիզմի և ֆունկցիոնալիզմի վրա, որոնք խելքը մոտավորապես նույնականացնում են ուղեղի հետ կամ մոտեցնում են ֆիզիկական երևույթներին, ինչպիսիք են նեյրոնների ակտիվությունը[6]։ Մյուս հարցը վերաբերում է «խելք» ունեցող տեսակների կեցությանը։
Խելքի մասին կարևոր մտքեր ունեն փիլիսոփաներ Պլատոնը, Ռենե Դեկարտը, Գոթֆրիդ Լայբնիցը, Ջոն Լոքը, Ջորջ Բերկլին, Դեյվիդ Հյումը, Իմանուիլ Կանտը, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, Արթուր Շոպենհաուերը[7]։ Հոգեբաններ Զիգմունդ Ֆրոյդը և Վիլյամ Ջեյմսը, ինչպես նաև ինֆորմատիկներ՝ Ալան Թյուրինգը և Հիլարի Պուտնամը զարգացրել են խելքի բնույթի մասին ազդեցիկ տեսություններ։ Մարդու խելքի նմանօրինակ ունակություն ունենալու հնարավորություններն ուսումնասիրվում են արհեստական բանականության բնագավառում, որը սերտորեն համագործակցում է կիբեռնետիկայի և ինֆորմացիայի տեսության հետ, որպեսզի հասկանա, թե ինչպես է ոչ կենսաբանական մեքենաների կողմից ինֆորմացիայի վերամշակումը համեմատվում կամ տարբերակվում մարդու բանականությունում կատարվող մտավոր երևույթների հետ։
Խելքը նաև նկարագրվում է որպես գիտակցության հոսք, որտեղ զգացմունքային տպավորություններն ու մտավոր երևույթները ենթական են մշտական փոփոխության[8][9]։
Հաճախ միտք կամ մտավորական անվանում են գիտնականներին, նոբելյան մրցանակակիրներին, խորհրդականներին, վելուծաբաններին ու մասնագետներին, որոնք զբաղվում են մտավոր աշխատանքով[10][11][12]։
Համարվում է, որ խելքն այն հատկությունն է, ինչը բնորոշ է բացառապես մարդուն, այնուամենայնիվ, կան տեսություններ, որոնք համարում են, որ հավանաբար կենդանիները նույնպես օժտված են խելքով։ Որոշ տեսություններ ենթադրում են, որ գոյություն ունի միայն մեկ` վերմարդկային բանականություն (բացարձակ բանականություն), կա մեկ այլ տեսություն, որը խելքը համարում է մատերիայի համընդհանուր հատկություն։