Նոբելյան մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Նոբելյան մրցանակ (շվեդերեն արտասանություն: [nʊˈbɛl], շվեդերեն՝ Nobelpriset, նորվ.՝ Nobelprisen), ամենամյա միջազգային մրցանակների հավաքածու, որոնք շնորհվում են շվեդական ու նորվեգական ինստիտուտների կողմից ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար։
Նոբելյան մրցանակ | |
---|---|
Տեսակ | պարգև և գիտական մրցանակ |
Ենթատեսակ | մրցանակ |
Կազմված է | Խաղաղության Նոբելյան մրցանակ, Գրականության Նոբելյան մրցանակ, Քիմիայի Նոբելյան մրցանակ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակ և Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ |
Երկիր | Շվեդիա և Նորվեգիա |
Հիմնադրվել է | 1901 |
Հիմնադիր | Ալֆրեդ Նոբել |
Պարգևադրող | Նորվեգիայի Նոբելյան կոմիտե, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Շվեդական ակադեմիա, Nobel Assembly at the Karolinska Institute? և Ալֆրեդ Նոբել |
Շնորհվում է | մարդկությանն օգտակար ձեռքբերումների համար քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ինչպես նաև տնտեսագիտության բնագավառներում |
Առաջին շնորհում | 1901 թվական |
Անվանված է | Ալֆրեդ Նոբել |
Կայք | nobelprize.org(անգլ.) |
Մրցանակները սահմանվել են 1859 թվականին շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն։ Քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին[1]։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։ 1901 թվականից մինչև 2016 թվականը Նոբելյան մրցանակներն ու Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը շնորհվել են 579 անգամ 911 մարդու և կազմակերպությունների։ Քանի որ ոմանք այդ մրցանակին արժանացել են մեկից ավելի անգամներ, ընդհանուր առմամբ ստացվում է 23 կազմակերպություն և 881 անհատ[2]։
Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում)։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է Նոբելյան հիմնադրամի կողմից (2017 թվականին հանձնվող գումարի չափը կազմել է 9,000,000 շվեդական կրոն կամ շուրջ US$1,110,000, €944,000, £836,000, INR 72,693,900 կամ CNR 376,000)[3]։ Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր մրցանակը, որ շնորհվում է գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության բնագավառներում[4]։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հանձնում է Ֆիզիկայի ու Քիմիայի Նոբելյան մրցանակները և Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակը, Կարոլինսկա ինստիտուտի Նոբելյան ասամբլեան՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը, Շվեդական ակադեմիան շնորհում է Գրականության Նոբելյան մրցանակը։ Խաղաղարարության Նոբելյան մրցանակը շնորհվում է ոչ թե շվեդական կազմակերպության, այլ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի կողմից։
Նոբելյան մրցանակը հետմահու չի շնորհվում, բայց եթե մարդը հայտարարվում է դափնեկիր և մահանում նախքան այն ստանալը, ապա մրցանակը շնորհվում է[5]։ Թեև յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների միջին թվաքանակը մեծացել է 20-րդ դարի ընթացքում, բայց այն չի կարող բաժանվել երեքից ավելի մարդկանց միջև։ Բացառություն է կազմում Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի դափնեկիր կարող են դառնալ կազմակերպությունները կամ երեքից ավելի անձինք[6]։