Զգայություն
From Wikipedia, the free encyclopedia
Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ այդ սկզբունքով են առաջանում տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումները, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների և օրգանիզմի ներքին կարգավիճակի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝ ըմբռնման և մտածողության զարգացման համար։ Զգացումները, դրանց գործելու կարգը, դասակարգումը և տեսական վերլուծությունը ուսումնասիրվում են բազում գիտությունների կողմից, որոնցից առավել նշանավոր են նյարդագիտությունը (enneuroscience), իմացագիտությունը (cognitive psychology և cognitive science) և զգայական ըմբռնման փիլիսոփայությունը (philosophy of perception)։
Զգայության առկայության շնորհիվ մարդը կարողանում է մնալ գիտակից վիճակում և պահպանել կապը արտաքին աշխարհի հետ։ Կարճատև զգայական զրկանքը (сенсорная депривация/sensory deprivation) մարդու վրա հանգստացուցիչ ազդեցություն է թողնում, մինչդեռ երկարատևը՝ դրան պատրաստ չլինելու դեպքում, հաճախ կարող է հանգեցնել մտավոր գործունեության խանգարումների, զգայախաբության[1], տարօրինակ մտքերի ծագման, խորացող ընկճվածության[2] և տագնապի առաջացման։