հայ օպերային երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Լուսինե Հաբեթի Զաքարյան (հունիսի 1, 1937[1], Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3] - դեկտեմբերի 31, 1992[3], Երևան, Հայաստան), հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող։
Լուսինե Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1937[1] Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1992[3] (55 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Սուրբ Գայանե եկեղեցի[3] |
Ժանրեր | Զարգացած միջնադարի հայկական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | քնարական սոպրանո[2][3] և սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա[2] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1962)[2] |
Ամուսին | Խորեն Պալյան |
Պարգևներ | |
Lusine Zakaryan Վիքիպահեստում |
Լուսինե (Սվետլանա) Զաքարյանը ծնվել է 1937 թվականի (1935 թ.[4]) հունիսի 1-ին, Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի Ախալցխա քաղաքում։
Լուսինե Զաքարյանը սերում է երաժիշտների գերդաստանից[5]։ Մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշևիչը (ծագումով լեհահայ), եղել է Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում։
Տատը՝ Ելենա Տոմաշևսկայան, դաշնակահարուհի էր։
Հայրը՝ Հաբեթ Զաքարյանը, սիմֆոնիկ նվագախմբի կազմում նվագում էր բաս փողային գործիք։
Մայրը՝ Վերոնիկա Տոմաշևսկայան, նույնպես օժտված էր երաժշտական կարողություններով։
Եղբայրը՝ Դավիթ Զաքարյանը, դաշնակահար և ակորդեոնիստ էր։
Ունի քույր՝ Ելենան։
1968 թ. ամուսնացել է անվանի շարականագետ, բանասեր, երգիչ Խորեն Պալյանի հետ, ում օգնությամբ ավելի է խորացել հայ միջնադարյան երաժշտության և հոգևոր երգեցողության մեջ։
Նախնական կրթությունն ստացել է Ախալցխայի թիվ 4 Ռուսական տարրական դպրոցում։ 1952 թվականին երաժշտական կրթություն ստանալու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Հանրակրթական ուսումը շարունակել է Շևչենկոյի անվան ռուսական դպրոցում։ 1953-1957 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Ռոզալյա Գուլաբյանի դասարան)։ 1957 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի մեներգային բաժինը (Արմինե Քարամյանի դասարան)։ Հանձնաժողովի նախագահ, կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանը, իր խոստովանությամբ, Լուսինեի երգի ժամանակ սարերի զովության անուշ բուրմունքի զգացողությունն ունեցավ։
1959-1992 թթ. երգել է Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում (խմբավարներ՝ Հրանտ Գևորգյան, Խորեն Մեյխանեջյան) որպես մենակատար։ 1965 թվականից սկսած եղել է Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի։ 1970-1983 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Կատարել է արևմտաեվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական և հոգևոր երաժշտություն։ Դեռևս խորհրդային տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ։
Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ ըստ արժանվույն ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները։ Պարբերաբար համերգներ է տվել հայազգի նշանավոր երգեհոնահարներ Վահագն Ստամբոլցյանի, Լևոն Աբրահամյանի, Պերճ Ժամկոչյանի հետ։ Երկար տարիներ նրան նվագակցել է Մարիաննա Հարությունյանը։
1960-1970-ական թվականներին որպես մենակատար Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հետ (գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Փարիզում, Մարսելում՝ կատարելով մեծակտավ ստեղծագործություններ։
1960-ական թվականներին որպես մենակատար ելույթներ է ունեցել Հայաստանի կամերային նվագախմբի հետ (գլխավոր դիրիժոր՝ Զարեհ Սահակյանց)։
Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, Իռլանդիա, Լեհաստան, Հոլանդիա, Խորհրդային միության և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ...
Երգել է շուրջ 15 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, լատիներեն, իտալերեն, իսպաներեն, հունգարերեն, չեխերեն և այլն։
Լուսինեի համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»։
Լուսինե Զաքարյանը վախճանվել է 1992 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում երկարատև հիվանդությունից հետո։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի համաձայնությամբ համաժողովրդական սիրո արժանացած երգչուհու մարմինը 1993 թվականի հունվարի 4-ին հողին է հանձնվել Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը, քանի որ ՀՀ կառավարությունը չի թույլատրել նրան հուղարկավորել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։
Նրան բանաստեղծություններ են ձոնել հայ բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Նաիրի Զարյանը, Գեղամ Սարյանը, Մկրտիչ Արմենը, Արշալույս Մարգարյանը, Սիփան Շիրազը, ինչպես նաև այլազգի բանաստեղծներ Էդուարդաս Մեժելայտիսը, Անտոն Խիժնյակը, Միխայիլ Մատուսովսկին և ուրիշներ։
Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ,
Այսքան ոգեղեն, այսքան անմեկին... Եվ ի՞նչ հրաշքով խաչքարից հանեց Նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին։ |
Կերպարվեստի գործիչներից նրան անդրադարձել են Գեորգի Յարալյանը, Մայիս Մխիթարյանը, Նաիրի Գրիգորյանը (Ֆրանսիա), Լուսինե Ավետիսյանը և այլք։
Շատ եմ սիրում Բախի, Հենդելի, Մոցարտի և այլ մեծերի ստեղծագործությունները, բայց իմ հոգուն առավել մոտ են մեր միջնադարյան աննման գոհարները և մանավանդ Խորենացու, Նարեկացու, Շնորհալու հոգեզմայլ մեղեդիները։ |
Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մի փոքր բաժին բերել ի նպաստ Կոմիտասի հիմնադրամի, քանի որ այստեղ Կոմիտասի անունը կա։ Կոմիտասն այն հանճարն է, որի առաջ պետք է խոնարհվել։ |
Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար[6][7][8][9][10][11]։ - Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա |
Լուսինեն ավելի մեծ է, քան մեզ թվում է։ Մի կողմից վերին աստիճանի ազգային, մյուս կողմից քանի՜-քանի՜ անգամներ մենք համոզվել ենք, թե ինչպիսի զմայլանքով են նրան լսում տարբեր ազգությունների մարդիկ։ - Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյան |
Լռում է նա՝ թվում է դեռ շարունակում է երգել, իսկ երբեմն էլ երգում է՝ ասես լռում է Մադոննայի հրաշալի լռությամբ։ - Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյան |
Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը[6][7][7]։ - Բանաստեղծ Պարույր Սևակ |
Նա պետք է երգեր Օլիմպոսում, աստվածների համար։
Հավերժության տարածքում նա կառուցեց իր երգի տաճարը՝ Ձայնը գմբեթի տակ ղողանջող անլռելի Զանգակատան մեջ... - Դաշնակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյան |
Մինչև այժմ հրատարակվել է մեծանուն երգչուհու մասին պատմող երեք գիրք։ Դեռևս Լուսինեի ստեղծագործական գործունեության բուռն շրջանում գրականագետ Կարլեն Դանիելյանը գրում և 1981 թվականին Երևանում հրատարակում է «Լուսինե Զաքարյան» աշխատությունը։ Լուսինեի մահից հետո նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի և բանասեր Լիդա Գևորգյանի կողմից կազմվում և 1999 թվականին Երևանում հրատարակվում է «Լուսինե» ժողովածուն։ Սակայն, տեսնելով ընթերցող հասարակության անտարբերությունը, Խորեն Պալյանը գնել է «Լուսինե» գրքի բոլոր չվաճառված օրինակները և տեղափոխել իր բնակարան։ 2015 թվականին հրատարակվել է Լուսինե Զաքարյանի մասին պատմող թվով 3-րդ գիրքը՝ Սերգեյ Մանվելյանի աշխատասիրությամբ հրատարակված «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.