գավառ From Wikipedia, the free encyclopedia
Տաշիր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։
Գավառի կենտրոնն էր Լոռի բերդը։
Տաշիր գավառը ընդգրկել է Ձորագետ, Փամբակ, Դեբեդ (վերին և միջին հոսանքը) գետերի ավազանները։ Համապատասխանում է ներկայիս Լոռու մարզի Տաշիրի (նախկին Կալինինոյի), Ստեփանավանի, Գուգարքի և մասամբ Թումանյանի շրջանների տարածքին։ Հյուսիսային սահմանագիծը Վիրահայոց լեռներն էին, հարավայինը` Հալաբի լեռնաշղթան։ Արևմուտքում Շիրակից բաժանվում էր Բազումի լեռնաշղթայով, արևելքում տարածվում էր մինչև Գուգարաց լեռնաշղթան։
Մթա 8-րդ դարից եղել է Ուրարտուի, ապա Երվանդունիների (մթա 6-2-րդ դարեր) և Արտաշեսյանների (մթա 2-1-ին դարեր) պետության կազմում։ Արշակունյաց թագավորության օրոք (1-5-րդ դարեր) Գուգարքի բդեշխների կալվածն էր։ Արշակունյաց թագավորության անկումից հետո (428թ.), երբ Պարսից արքունիքը նվաճված Հայաստանը, Վիրքը, Աղվանքը և Ատրպատականը միավորել է մեկ վարչական միավորի` Հյուսիսային կամ Կապկոհ (Կովկասյան) քուստակի կազմում, Տաշիրը Գուգարքի հետ մտել է Վրաց մարզպանության մեջ։
450-451 թվականների ազատագրական շարժումների ժամանակ Տաշիրի իշխան Վրեն Տաշրացին եղել է Վարդան Մամիկոնյանի զինակիցը, մասնակցել Ավարայրի ճակատամարտին։ Տաշիրի նախարարական տան ներկայացուցիչները մասնակցել են նաև 6-րդ դարի երկրորդ կեսին Վարդան Մամիկոնյանի գլխավորած ազատագրական պայքարին։ Արաբական նվաճումներից (7-րդ դար) հետո Տաշիրի իշխանությունը կազմալուծվել է։ 9-րդ դարի վերջին Աշոտ Ա Բագրատունին Տաշիրը ազատագրել է արաբներից և միացրել Բագրատունյաց ոստանին։
Տաշիրում 966 թվականին ստեղծվել է նոր վարչական միավոր` «Տաշիր երկիրը», որը շուտով դարձել է թագավորություն (Կյուրիկյան թագավորություն կամ Տաշիր-Ձորագետի թագավորություն)։ Վերջինիս առաջին թագավորն է դարձել Հայոց թագավոր Աշոտ Գ-ի որդի Գուրգենը (Կյուրիկեն)։ Կյուրիկյան թագավորությունը Հայաստանի հյուսիսային սահմանները պաշտպանել է հարևան արաբաքրդական ամիրայությունների հարձակումներից։
Տաշիրը եղել է Հայաստանի մշակութային կենտրոններից։ Գուգարաց բդեշխ Աշուշայի հրավերով Մեսրոպ Մաշտոցը Տաշիրում հիմնել է դպրոցներ։ Վաղ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից են` Օձունի Ծիրանավոր, Կուրթանի Սուրբ Աստվածածին, Գյուլագարակի Տորմակ, Վարդաբլուրի Ջգրաշեն եկեղեցիները։ Առանձնապես արժեքավոր է Օձունի գմբեթավոր բազիլիկը (6-րդ դարի վերջ)։ 10-13-րդ դարերի խոշոր մշակութային կենտրոններից էին` Սանահին և Հաղպատ, ինչպես նաև Քոբայրի (12-րդ դարի վերջ), Դսեղի Բարձրաքաշ (13-րդ դար) և Խորակերտի (13-րդ դար) վանքերը։ Քաղաքացիական կառույցներից նշանավոր է Սանահինի կամուրջը (12-րդ դարի վերջ)։
Հյուսիսային Հայաստանի արդյունագործական կենտրոններն էին Պղնձահանքը և Մանեսը։ Առևտրա-արհեստագործական կենտրոն էր Լոռե բերդաքաղաքը։ 13-րդ դարից գավառը կենտրոնի անունով կոչվել է Լոռի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.