From Wikipedia, the free encyclopedia
Լիլիան Էվելին Մոլեր Գիլբրեթ (անգլ.՝ Lillian Evelyn Moller Gilbreth, մայիսի 25, 1878[1][2][3][…], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] - հունվարի 2, 1972[2][3][4][…], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, մենեջմենթի խորհրդատու, հոգեբան, կազմակերպությունների և էրգոնոմիկայի կադրային ռեսուրսների մասնագետ։ Իր ամուսնու՝ Ֆրենկ Ջիլբրեթի հետ մասին հանդիսանում է շարժումների մասին գիտության հիմնադիրներից մեկը (անգլ.՝ motion study), աշխատանքի գիտական կազմակերպման մի շարք մեթոդների հեղինակ։ Հատուկ ուշադրություն է դարձրել հոգեբանության բնագավառին, հատկապես՝ արտադրական և կրթական գործընթացներում։ Զբաղվել է կառավարչական ոլորտի այնպիսի ոլորտների ուսումնասիրմամբ, ինչպիսիք են մոտիվացիան, աշխատավայրի ռացիոնալացումը։ Լիլիան Գիլբրեթի հաջորդ պրոֆեսիոնալ հետաքրքրությունների շրջանակը ներառում է սպառման հոգեբանությունը, վիրավորների և սահմանափակ կարողությունների տեր անձանց վերականգնումը (այդ թվում՝ Էպիլեպսիայով հիվանդների և կույրերի), տնային տնտեսուհու աշխատանքի կազմակերպումը, խոհանոցի դիզայնը։ Կառավարման գիտական կազմակերպման դպրոցի ներկայացուցիչների շրջանակներում[10] առաջին անգամ ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։
Լիլիան Գիլբրեթ Lillian Gilbreth | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1878[1][2][3][…] Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] |
Մահացել է | հունվարի 2, 1972[2][3][4][…] (93 տարեկան) Ֆինիքս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | արդյունաբերական ինժեներ, հոգեբան, ուսուցչուհի, լուսանկարիչ, գրող, գործարար, գյուտարար, ճարտարագետ-մեխանիկ և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Պերդյու համալսարան |
Գործունեության ոլորտ | scientific management?, հոգեբանություն[5] և գրականություն[5] |
Անդամակցություն | Կանանց ինժեներական ընկերություն |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[6], Բրաունի համալսարան[6] և Oakland High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ֆրենկ Ջիլբրեթ Բանկեր[6] |
Երեխա(ներ) | Ֆրենկ Բանկեր Ջիլբրեթ,Կր., Էրնեստին Ջիլբրեթ Քերի և Robert Moller Gilbreth?[9] |
Lillian Moller Gilbreth Վիքիպահեստում |
Լիլիան Մոլեր Գիլբրեթը ծնվել է Օքլենդում, Կալիֆորնիա, հայտնի ձեռնարկատեր Ուիլյամ Մոլերի ընտանիքում[11]։ Լիլիանի ծնողները պատկանում էին ամերիկյան հասարակության բարձրագույն խավին, սակայն Մոլերները՝ Լիլիանի հայրական ընտանիքը, ավելի բարձր հասարակական դիրք էին գրավում, քան Դելգերները՝ մայրական գծով հարազատները[12]։
Ջոն Մոլերը՝ Լիլիանի պապը, զբաղվում էր շաքարավազի արտադրությամբ սկզբում իր հայրենիքում՝ Գերմանիայում, ապա՝ ԱՄՆ–ի արևելյան ափերին։ Նյու Յորքում Մոլերները ապրում էին Մանհեթենի հանրահայտ 37-րդ փողոցում[13]։ Պատանեկության տարիներին Ուիլյամ Մոլերը աշխատում էր իր հոր շաքարավազի արտադրության գործարանում[14]։ Տեղափոխվելով Օքլենդ՝ նա ուներ սանիտարատեխնիկական սարքավորումների մի խանութ[15]։ Լիլիանի մայրը՝ Էնի Դելգեր Մոլերը, տնային տնտեսուհի էր։
Լիլիանի՝ մայրական գծով պապը համարվում էր Օքլենդի առաջին միլիոնատերերից մեկը[16]։ Ֆրեդերիկ և Էրնեստինա Դելգերները արտագաղթել էին Գերմանիայից ԱՄՆ 1847 թվականին։ Միայն երեք տարի անց նրանք Նյու Յորքից տեղափոխվել էին Սան Ֆրանցիսկո՝ հուսալով հարստանալ Ոսկու տենդի ժամանակ՝ 1849 թվականին։ Սան Ֆրանցիսկոյում Դելգերը իսկապես հարստացավ․ սկզբում նա կոշկակարի արհեստանոց ուներ[17], ապա նա զբաղվում էր Օքլենդի անշարժ գույքի գործարքներով[18]։
Լիլիանը Մոլերների ինը երեխաներից ամենամեծն էր[19]։ Լիլիանի ծնունդից չորս տարի առաջ մահացել էր Մոլերների առաջին դուստրը՝ Ադելաիդան (1873-1874)[12]։
Լիլիան մեծանում էր շատ անհանգիստ[20][21], վախկոտ և ամաչկոտ երեխա։ Նրա մայրը հաճախ էր բողոքում վատ ինքնազգացողությունից[22], և Լիլիանի մոտ հիվանդագին անհանգստություն առաջացավ նրա կյանքի համար[23]։ Վեցից մինչև ինը տարեկան Էնի Մոլերը ինքն էր իր դստերը ուսուցանում, որովհետև փխրուն Լիլիանի հոգեբանությունը չէր դիմացել դպրոցի առաջին երկու փորձերին՝ վեց և ութ տարեկանում[24]։ Ինը տարեկան հասակում, շնորհիվ ծնողների ջանքերի, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի իրենց դստեր մեջ հանգստություն և համարձակություն սերմանեն, Լիլիանը հաղթահարեց կոլեկտիվի վախը և գնաց դպրոց[25]։
Վաղ տարիքից Լիլիանը պաշտում էր գրքերը[26]։ Վերջիններս նրա համար անհանգստություններից և իրական կյանքի անհաջողություններից թաքնվելու միջոց էին[27]։ Լիլիանը դպրոցում երբեք հանրահայտ չի եղել և երբեք համադասարանցիների կողմից սիրային բացիկներ չի ստացել։ Ցանկանալով ինչ–որ հաճելի բան անել Լիլիանի համար՝ նրա մայրը իր կողմից պատրաստած սիրային բացիկները բերում էր դպրոց և դասընկերների անունից հանձնում նրան։ Սակայն Լիլիանը շատ լավ գիտեր այդ «խորամանկության» մասին[28]։ Բարձր դասարաններում Լիլիան հայտնաբերեց, որ կարողանում է բանաստեղծություններ գրել, որոնք ուսուցիչների և համադասարանցիների շրջանում մեծ իրարանցում առաջացրին[29]։
Չնայած նրան, որ կանանց բարձրագույն կրթությունը չէր ընդունվում որպես հարուստ ընտանիքի աղջիկների կյանքի ընտրություն, Լիլիանի ծնողները թույլ տվեցին իրենց դստերը 1896 թվականին ընդունվել Բերքլիի համալսարանի անգլերենի ֆակուլտետ՝ հուսալով, որ նա արագորեն կամուսնանա և կրթություն ստանալու անհրաժեշտությունն էլ ի չիք կդառնա[30]։ Համալսարանական տարիներին Լիլիանը վերջնականապես հաղթահարեց ամոթխածությունը և հաճույքով մասնակցում էր թատերական ներկայացումներին[31]։
1900 թվականին Լիլիանը ստացավ բակալավրի աստիճան և ակադեմիական հաջողությունների համար ընտրվեց դիպլոմների հանձնման արարողության երեք խոսնակներից մեկը[32]։ Նա Բերքլիի համալսարանը ավարտած առաջին կինն էր, ով արժանացել էր նման պատվի[33]։ 1900 թվականի Բերքլիի համալսարանի շրջանավարտներին ուղղված ճառը կոչվում էր "Կյանք՝ հնարավորություն, թե՞ փակուղի" (անգլ․՝ Life - A Means or an End)[34]:
Ոգեշնչված հաղթանակներով՝ Լիլիանը միացավ Կոլումբիական համալսարանի մագիստրոսական ծրագրին 1900 թվականին։ Բերքլիի համալսարանի գրականության պրոֆեսորը խորհուրդ տվեց Լիլիանին ընտրել Ջեյմս Բրենդեր Մեթյուսի պրոֆեսորին իր մագիստրոսական դիսերտացիայի գիտական ղեկավարի կարգավիճակում։ Գալով Կոլումբիական համալսարան՝ պարզվեց, որ պրոֆեսոր Մեթյուսը չի ղեկավարում համալսարանում սովորող կանանց դիպլոմային աշխատանքները[35]։
Լիլիանը տեղափոխվեց հոգեբանության ֆակուլտետ և հուսով էր, որ կուսումնասիրի մարդկային մոտիվացիայի առանձնահատկությունները՝ պրոֆեսոր Էդվարդ Լի Թորնդայքի ղեկավարությամբ։ Նա շատ էր կարոտում ընտանիքը, ծանր էր տանում ուսանողական շինության կենցաղային անհարմարությունները։ Վերջիվերջո, նա հիվանդացավ և վերադարձավ Կալիֆորնիա 1901 թվականին[36]։ 1902 թվականին Լիլիանը ավարտեց Բերքլիի համալսարանի մագիստրոսական ծրագիրը «անգլիական գրականություն» մասնագիտացմամբ[37]՝ գրելով ավարտական աշխատանք՝ Բեն Ջոնսոնի «Բարդուղիմեոսյան տոնավաճառ» պիեսի հիման վրա[38]։
1904 թվականից մինչև 1924 թվականը համագործակցել է իր ամուսնու՝ Ֆրեկն Ջիլբրեթի հետ։ Ջիլբրեթ ամուսինները միասին մշակել են կառավարման գիտական մեթոդներ։ Ի տարբերություն Ֆրեդերիկ Թեյլորի՝ Ջիլբրեթները շեշտը դնում էին աշխատանքի մարդասիրական բաղկացուցչի վրա, ցույց էին տալիս անձնակազմի ճիշտ ընտրության և վերապատրաստման կարևորությունը։ Նրանք առաջինն էին աշխատանքի գիտական կազմակերպման դպրոցի ներկայացուցիչների շրջանակներում, ովքեր ուշադրություն դարձրին աշխատողների ֆիզիկական և հոգեբանական հարմարությանը՝ ապացուցելով, որ ոչ թե աշխատանքի արագությունը, այլ աշխատողների կողմից աշխատանքից ստացած բավարարվածության զգացումն է արտադրողականության բարձրացման կարևորագույն գործոններից մեկը։ Ընկերություններում Ջիլբրեթները մտցրին հանգստյան դադարները, ուսուցման համակարգայնությունը, առաջարկեցին աշխատատեղերի ավելի հարմար կազմակերպում և այլն[39]։
Ջիլբրեթ ամուսինները համարվում են միկրոքրոնոմետրի[10], ցիկլոգրաֆի և ցիկլոգրաֆիկ մեթոդի հեղինակները։ Նրանք են հիմք դրել աշխատանքի շարժումը միկրոտարրերի բաժանելու տեսության հիմքը[40] և ղեկավարել են այդ գործընթացները քրոնոմետրի օգնությամբ։
Լիլիան Ջիլբրեթը ղեկավարել է սահմանափակ հնարավորություններ ունեցող աղջիկների ինտեգրման կոմիտեն[41]։
1954-1958 թվականներին համագործակցել է Հարոլդ Սմոլիի հետ հիվանդների պայմանները ուսումնասիրման ծրագրի շրջանակներում։ Հետազոտում էին սանիտարների աշխատանքը, դեղերի ու սարքավորումների գնման և պահպանման առանձնահատկությունները, ինչպես նաև աշխատանք էր տարվում հիվանդների համար հարմարավետ մահճակալների ստեղծման շուրջ[42][43]։
1960-ական թվականների սկզբում Ճարտարապետության ամերիկյան համալսարանի հետ համատեղ՝ վերլուծություն է կատարել այն շինությունների վերաբերյալ, որտեղով պետք է շարժվեին սահմանափակ կարողությունների տեր անձիք։ Այդ ծրագրի շրջանակներում մի շարք շինություններ համալրվեցին հատուկ շարժվելու սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար նախատեսված թեքահարթակներով և վերելակներով[44]։
Անդամակցել է սահմանափակ աշխատունակություն ունեցող մարդկանց աշխատանքի կազմակերպման կոմիտեին (անգլ.՝ Committee on the Employment of the Handicapped)[44]:
1950-ականների սկզբում պոլիոմելիտի արագ տարածումը բերեց շարժվելու սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց թվի կտրուկ աճի։ Լիլիան Ջիլբրեթն իր ջանքերն ուղղեց ավելի հարմար տնային պայմանների ստեղծմանը, որ կհամապատասխաներ սահմանափակ կարողություններ ունեցող, հատկապես՝ սրտային հիվանդություններով տառապող տնային տնտեսուհիների հնարավորություններին[45]։ Զուգահեռաբար Լիլիանը խորհրդատվական աշխատանք էր իրականացնում մանկական հագուստ արտադրողների հետ՝ արտադրության տեխնոլոգիայի բարելավման և հագուստների ավելի հեշտ պահպանման վերաբերյալ[46]։
1950–ական թվականների սկզբին Լիլիան Ջիլբրեթը մտնում էր Հարի Թրումենի քաղաքացիական պաշտպանության կոմիտեի կազմի մեջ[47]։
1920-ական թվականներին տնային տեխնիկա արտադրողները սկսեցին կնոջը դիտարկել որպես իրենց մարքեթինգային նախաձեռնությունների նպատակային լսարան։ Այդ ժամանակ ամերիկյան տնային տնտեսություններում հայտնվեցին առաջին սառնարանները, և թե՛ գազային, թե՛ էլեկտրական ընկերությունները մրցակցում էին միմյանց միջև առավել կատարյալ սառնարանային սարքավորում ստանալու մեջ[48]։ 1929 թվականին Բրուքլինի քաղաքային գազային ընկերությունը (անգլ.՝ Brooklyn Borough Gas Company) ընդունեց Լիլիան Ջիլբրեթին «Ժամանակակից խոհանոց» ծրագրի մշակման համար (անգլ.՝ Kitchen Practical)[49]: Ծրագրի նպատակը, ամենից առաջ, Բրուքլինի քաղաքային գազային ընկերության արտադրանքի գովազդն էր։ Բացի այդ՝ ծրագիրը ցույց էր տալիս Լիլիան Ջիլբրեթի հետազոտությունների արդյունքները տնային տնտեսուհու՝ խոհանոցում կատարած շարժումների վերաբերյալ։
Մինչև 1920-ական թվականների վերջը խոհանոցի ավանդական դիզայնն իրենից ներկայացնում էր մեծ սենյակ, որի անկյուններում կահույք էր դրված՝ ճաշասեղան, ամանեղենի համար հատուկ պահարան, սառույցի պահպանման տարա, վառարան և լվացարան։ Մթերքի և խոհանոցային ապրանքների պահպանումը համակարգված չէր․ հաճախ դրանք պահպանում էին շատ անհարմար, նկուղային տարածքներում։
1930 թվականին հիմնվելով աշխատանքային շարժումների հետազոտությունների արդյունքների վրա՝ Լիլիան Ջիլբրեթը «Նյու Յորք Գերալդ Թրիբյուն» ամսագրի համար մշակեց խոհանոցի մոդել։ Այդ ծրագրում հատուկ ուշադրություն էր դարձվում կահույքի բարձրությանը, որը պետք է համապատասխաներ տնային տնտեսուհու հասակին[50]։
Ջիլբրեթի առաջարկած ծրագրում ճաշասեղանը միավորվում էր գազօջախի հետ որպես մեկ աշխատանքային համակարգ։ Վերին հատվածում տեղադրվում էին մթերքի պահպանման համար նախատեսված պահարանը, ներքևում՝ ամանեղենի պահարանները։ Սառնարանը գտնվում էր աշխատանքային գոտու անմիջական հարևանությամբ[51]։
Լիլիան Ջիլբրեթի ծրագրի առանձնահատկությունը անվավոր սեղանի ներմուծումն էր, որը լրացուցիչ աշխատանքային հարթակ էր ստեղծում։ Այն օգտագործվում էր, հիմնականում կեղտոտ ամանները սեղանից լվացարան տեղափոխելու համար։ Լվացարանը գտնվում էր երկրորդ աշխատանքային գոտու կենտրոնում, որտեղ գտնվում էին օճառը, սպունգը և ամանները չորացնելու հարմարանքը[52]։
Լիլիանը փորձ անցկացրեց խոհանոցում շարժումը նվազագույնի հասցնելու նպատակով՝ որպես առաջադրանք օգտագործելով ելակով տորթի պատրաստումը[53]
։ «Շրջանային շարժման» (անգլ.՝ circular routing) սկզբունքի օգտագործման արդյունքում Լիլիանը կրճատեց այն գործողությունների քանակը, որ անհրաժեշտ էին տորթի պատրաստման համար՝ 97–ից 64, իսկ քայլերի թիվը, որ կատարում է տնային տնտեսուհին, 281–ից 45[48]։
1940-ականներին «շրջանային շարժման» սկզբունքը սկսեց անվանվել «աշխատանքային եռանկյուն»[54]։
Խոհանոցի դիզայնի բնագավառում մյուս նորամուծությունները ներառում են․
1948 թվականին Լիլիանը զբաղվում էր տնային խոհանոցի ծրագրմամբ, որի դիզայնը կհամապատասխաներ այն տնային տնտեսուհիներին, որոնք տառապում են սրտային հիվանդություններով։ Ծրագիրը կոչվում էր Heart Kitchen և հովանավորվում էր Նյու Յորքի սրտային հիվանդություններով տառապողների ասոցիացիայի կողմից[57]։ Նախագծված խոհանոցի ցուցադրությունը անցկացվում էր Նյու Յորքի համալսարանի Bellevue հիվանդանոցի վերականգնողական կենտրոնում[58]։
1948 թվականին Լիլիանի երկու երեխաները՝ Էնեստինա Քերի Ջիլբրեթը և Ֆրանկ Ջիլբրեթ կրտսերը, հրատարակեցին «Շատով էժան» (անգլ.՝ Cheaper by the Dozen) հումորային վեպը, որը նկարագրում էր Ջիլբրեթների ընտանիքի կենցաղը մինչև 1924 թվականը։
Ստեղծագործության գաղափարը պատկանում է Էրնեստինա Ջիլբրեթ Քերիին։ 1944 թվականին նա իր երկրորդ երեխան ունեցավ, ինչի հետ կապված՝ թողեց աշխատանքը Macy's–ում և որոշեց իրենց փորձել գրական գործում։ 1945 թվականի կեսերին Էրնեստինան վերջացրեց "Շատով էժան" ձեռագիրը և իր մոր խորհրդով՝ ցույց տվեց եղբորը՝ Ֆրենկին, որը այդ ժամանակ խմբագիր էր աշխատում Charleston Post & Courier թերթում։ Ֆրենկ Ջիլբրեթ կրտսերը նշանակալիորեն կրճատեց վեպը և այնտեղ հումորային մաս մտցրեց։
Գրքի համար փաստերի հավաքմանը մասնակցում էին Ջիլբրեթների բոլոր երեխաները։ Օգտագործվել են նաև Ambidextrous ընտանեկան թերթի համարները, որոնք թողարկվել են ամեն Սուրբ Ծնունդին։
Պրոֆեսիոնալ գործունեությունը փաստացիորեն ավարտել է 1968 թվականի սկզբին՝ կապված առողջության կտրուկ վատթարացման հետ։ Լիլիանի մոտ կանխորոշվել էր աթերոսկլերոզ և հայտնաբերվել ու մաշկի վրայից հեռացվել էին մի քանի քաղցկեղանման գոյացություններ[59]։
Մասնագիտությունից հեռանալու մասին հայտարարել է 1968 թվականի դեկտեմբերի 3–ին մի համաժողովի շրջանակներում։ Իր կարճ ճառի ընթացքում նա սկզբում ինչ–որ բան արտահայտեց գերմաներենով, ապա ավելացրեց․ «Ինչպես ասում էր իմ մայրիկը․ «Սրտի ձայնը հնչում է այն ժամանակ, երբ շուրթերը լռություն են պահպանում»»[60]։
1968 թվականից մինչև 1969 թվականի ապրիլը ապրել է իր դստեր՝ Էրնեստինա Ջիլբրեթ Քերիի տանը Պարադիզ Վելի նահանգում, Արիզոնա նահանգ[60][61]։ Դրանից հետո հաջորդել են մի քանի միկրոինսուլտներ, որոնց արդյունքում խախտվել են հենաշարժիչ համակարգի մի շարք գործառույթներ և տեղի է ունեցել հիշողության մասնակի կորուստ։
Մահացել է 1972 թվականի հունվարի 2–ին, առավոտյան ժամը երկուսին[62], Ֆինիքս քաղաքի Beatitudes ծերանոցում[62]։
Համաձայն Լիլիան Ջիլբրեթի կտակի՝ նրա աչքերը պետք է օգտագործեին հետազոտություններ անցկացնելու նպատակով, սակայն վիրաբույժների չափազանց մեծ զբաղվածության պատճառով՝ կտակի այդ մասը իրականություն չդարձավ[63]։ Լիլիան Ջիլբրեթի դիափոշին շաղ տվեցին Ատլանտյան օվկիանոսում՝ Նանթաքեթ քաղաքի մոտ, Մասաչուսեթս նահանգում։ Լիլիան Ջիլբրեթ անունը ավելացվեց Ֆրենկ Ջիլբրեթի գերեզմանին (քաղաք Ֆերֆիլդ, Մեն)[63]։
Մայրական գծով
Հայրական գծով
Մոտիկ բարեկամներ
Երեխաներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.