From Wikipedia, the free encyclopedia
Ամառային օլիմպիական խաղեր կամ Ամառային օլիմպիադա (ֆր.՝ Jeux olympiques d'été, անգլ.՝ Summer Olympic Games[1]), բազմասպորտային միջազգային իրադարձություն, որն անցկացվում է 1896 թվականից ամեն չորս տարին մեկ անգամ և կազմակերպվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Մեդալներ շնորհվում են ամեն մրցույթի համար, ոսկե մեդալ շնորհվում է առաջին տեղը գրաված մարզիկին, արծաթե մեդալ՝ երկրորդին և բրոնզե մեդալ` երրորդին։ Մեդալներ սկսել են շնորհել 1904 թվականից։ Ամառային օլիմպիական խաղերի հաջողությունից հետո ստեղծվեց նաև Ձմեռային օլիմպիական խաղերը։
Օլիմպիական խաղերն սկսվել են 42 մրցույթով, որին մասնակցել է մոտ 250 տղամարդ մարզիկ 14 երկրից։ Ներկայումս օլիմպիական խաղերում կա մոտ 300 մրցույթ, որոնց մասնակցում է մոտ 10.000 մարզիկ 205 երկրից։ 2016 թվականի օլիմպիական խաղերին, որը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում, մասնակցել է ավելի քան 10.500 մարզիկ 205 երկրից[2]։
Ամառային օլիմպիական խաղերը ընդունել է 18 երկիր, վերջին անգամ ընդունել է Բրազիլիան 2016 թվականին։ Երկրների շարքում Ամառային օլիմպիական խաղերն ամենաշատն ընդունել է ԱՄՆ-ն, իսկ քաղաքների մեջ՝ Լոնդոնը։ Երեք քաղաք ընդունել են երկուական անգամ՝ Լոս Անջելես, Փարիզ և Աթենք։
Հարավային կիսագնդում ամառային օլիմպիական խաղեր կայացել են երկու անգամ, երկուսն էլ Ավստրալիայում (Մելբուռնում 1956 թվականին և Սիդնեյում 2000 թվականին)։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային խաղերը դարձան առաջինը Հարավային Ամերիկայում։
Հինգ երկիր (Հունաստան, Ավստրալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա) մասնակցել են բոլոր ամառային օլիմպիական խաղերին։ Միակ երկիրը, որը գոնե մեկ ոսկե մեդալ է նվաճել բոլոր ամառային օլիմպիական խաղերում, Մեծ Բրիտանիան է։
Որակավորման կանոնները ամեն սպորտաձևի համար սահմանում է համապատասխան սպորտաձևի միջազգային ֆեդերացիան, որը վերահսկում է սպորտաձևի միջազգային մրցաշարերը[3]։
Անհատական սպորտաձևերում մարզիկները հիմնականում որակավորվում են նախքան օլիմպիադան միջազգային այլ հարթակներում իրենց ունեցած հաջող ելույթների հաշվին։ Կա գլխավոր կանոն, համաձայն որի՝ ամեն մրցույթում մի երկրից կարող է մասնակցել առավելագույնը երեք անհատական մարզիկ։ Ազգային օլիմպիական կոմիտեները կարող են ներկայացնել սահմանափակ թվով որակավորված մարզիկ ամեն մրցույթի համար, և ՄՕԿ-ը որոշում է՝ ինչպես բաշխի ելույթ ունեցողներին, որպեսզի համապատասխան թվաքանակի կանոնը պահպանվի[3][4]։
Թիմային մարզաձևերում ամեն երկիր կարող է ներկայացնել միայն մեկ հավաքական։ Հավաքականները որակավորում են անցնում իրենց մայրցամաքում կազմակերպված մրցաշարերի արդյունքում։ Ամեն մայրցամաք ունի որակավորման ենթակա հավաքականների համապատասխան թվաքանակ, որից ավելի տվյալ մայրցամաքից չեն կարող մասնակցել Օլիմպիական խաղերին։
Միացյալ Նահանգներն ընդունել է Ամառային օլիմպիական խաղերը չորս անգամ՝ ավելի շատ, քան ուրիշ երկրներ։ Միացյալ Թագավորությունը 2012 թվականին երրորդ անգամ ընդունեց Ամառային օլիմպիական խաղերը. բոլոր երեք անգամներն այն անցկացվել է Լոնդոնում՝ դարձնելով այն ամենաշատ Ամառային օլիմպիական խաղեր ընդունած քաղաք։ Ավստրալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հունաստանը ընդունել են խաղերը երկուական անգամ։ Ամառային օլիմպիական խաղեր անցկացվել են նաև Բելգիայում, Չինաստանում, Կանադայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, ԽՍՀՄ-ում և Շվեդիայում։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերն առաջինն էին Հարավային Ամերիկայում։ Երեք քաղաք ընդունել են Ամառային օլիմպիական խաղերը երկուական անգամ՝ Լոս Անջելես, Փարիզ և Աթենք։
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1894 թվականին Պիեռ դը Կուբերտենի կողմից։ Այն հիմնված է Վենլոքի սոցիալական օլիմպիական ամենամյա խաղերի վրա, որն անցկացվում էր 1850 թվականից[5]։ Առաջին խաղերն անցկացվել են Աթենքում 1896 թվականին, որին մասնակցել է ընդամենը 245 մարզիկ, որից 200-ը հույն էր, և միայն 14 երկիր էին ընդգրկված խաղերում։ Այնուամենայնիվ, նման մեծ սպորտային միջոցառում մինչ այդ չէր եղել։ Իգական սեռի ներկայացուցիչներին չէր թույլատվում մասնակցել խաղերին, չնայած մեկ կին` Ստամատա Ռևիթին, վազեց մարաթոնի ժամանակ` ասելով, որ եթե իրեն թողնեն ավարտել վազքը, նա անչափ երջանիկ կլինի[6]։
1896 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը պաշտոնապես հայտնի են որպես ժամանակակից շրջանի I Օլիմպիական խաղեր և անցկացվել են Աթենքում 1896 թվականի ապրիլի 6-ից 15-ը։ Մոտ 100.000 մարդ հետևեց խաղերի բացման արարողությանը։ Չնայած Հունաստանը ուներ ամենաշատ մարզիկը, այնուամենայնիվ ԱՄՆ-ն ունեցավ ամենաշատ չեմպիոնները. ԱՄՆ-ը ունեցավ 11 չեմպիոն, իսկ Հունաստանը` 10[7]։ Հին Հունաստանը Օլիմպիական խաղերի ծննդավայրն էր, այդ պատճառով ժամանակակից Օլիմպիական խաղերը սկսեցին անցկացվել Աթենքից։ Քաղաքը ընտրվեց որպես խաղերի անցկացման վայր Պիեռ դը Կուբերտենի կազմակերպած կոնգրեսի ժամանակ, որը տեղի ունեցավ Փարիզում 1894 թվականի հունիսի 23-ին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) նույնպես հիմնադրվեց նույն կոնգրեսի ժամանակ։
Չնայած շատ մտահոգությունների՝ 1896 թվականի Օլիմպիական խաղերը մեծ հաջողություն ունեցան։ Խաղերը խոշորագույն սպորտային իրադարձությունն էին այդ տարիներին։ Պանատինաիկո մարզադաշտը առաջին մեծ մարզադաշտն էր ժամանակակից աշխարհում[8]։ Հունաստանի պատմությունը բնութագրող մարաթոնում հաղթանակ տարավ ազգությամբ հույն Սպիրիդոն Լուիսը։ Նա հաղթեց 2 ժամ 58 րոպե 50 վայրկյանում, իսկ հաղթանակը նշեց Օլիմպիական մարզադաշտում։ Ամենահաջող մարզիկը գերմանացի ըմբիշ և մարմնամազիկ Կառլ Շումանն էր, ով նվաճեց 4 ոսկե մեդալ։
Խաղերից հետո Կուբերտենը և ՄՕԿ-ը հանդիպեցին մի քանի հեղինակավոր անձանց` այդ թվում Հունաստանի արքա Գեորգի և որոշ ամերիկացի մարզիկների հետ, որպեսզի քննարկեն մնացած բոլոր խաղերը Աթենքում անցկացնելու հարցը։ Սակայն Ամառային Օլիմպիական խաղեր 1900-ը արդեն նախատեսված էր անցկացնել Փարիզում, իսկ Հունաստանում այլևս Օլիմպիական խաղեր տեղի չունեցան մինչև 2004 թվականը։
1900 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին մասնակցեցին չորս անգամ ավելի շատ մարզիկներ՝ ներառյալ 20 կին մարզիկ, ում պաշտոնապես առաջին անգամ թույլատրվեց մասնակցել խաղերին։ Այստեղ նաև մրցույթներ անցկացվեցին չորս նոր սպորտաձևից` կրիկետ, գոլֆ, առագաստանավային սպորտ և թենիս։ Խաղերը ընդգրկվեցին Փարիզի համաշխարհային արդար խաղերի շրջանակներում և տևեցին մոտ 5 ամիս։
1904 թվականի խաղերն անցկացվեցին Սենթ Լուիսում (ԱՄՆ)։ Եվրոպացի մարզիկներին նավեր տրամադրվեցին Ատլանտյան օվկիանոսը հատելու համար։
Ոչ հերթական խաղեր անցկացվեցին Աթենքում 1906 թվականին։ ՄՕԿ-ը չճանաչեց այս խաղերը՝ որպես Օլիմպիական կաղեր, սակայն շատ պատմաբաններ համարեցին այն Օլիմպիական։ 1906 թվականի խաղերն առաջին այլընտրանքային խաղերն էին, որտեղ անցկացվեցին մեծ թվով սպորտային իրադարձություններ։ Խաղերը ավելի հաջողված էին քան 1900 և 1904 թվականների խաղերը, որոնց մասնակցեցին ավելի քան 900 մարզիկներ։
1908 թվականին Օլիմպիական խաղերը անցկացվեցին Լոնդոնում, որտեղ առաջին անգամ մարաթոնի վազքուղին 40 կմ-ից երկարացվեց մինչև 42,195 կմ։ Մարաթոնի երկարությունը փոխվեց, քանի որ մարզիկները պետք է ավարտեին վազքը բրիտանական թագավորական ընտանիքի նստավայրի մոտ։ 1900-1920 թվականներին 6 տարբեր Օլիմպիական խաղերի ժամանակ կիրառվեց մարաթոնյան վազքուղու 6 տարբեր երկարություն։
Խաղերը շարունակեցին մեծանալ և 1912 թվականի Ստոկհոլմի խաղերում արդեն մասնակցեց 2,504 մարզիկ` ներառյալ Ջիմ Թորփին, ով հաղթեց երկամարտում և հնգամարտում։ Պատմության մեջ առաջին անգամ մարզիկները ներկայացնում էին բոլոր 5 բնակեցված մայրցամաքները։
Ամառային Օլիմպիական խաղեր 1916-ը չեղարկվեց, քանի որ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
1920 թվականի Անդվերպենի խաղերում, չնայած Բելգիան սնանկացել էր պատերազմից, այնուամենայնիվ գրանցվեց մասնակից մարզիկների նոր ռեկորդ։ Ռեկորդը պահպանվեց մինչև 1924 թվականը, երբ Փարիզի խաղերին մասնակցեցին 3.000 մարզիկներ, այդ թվում մեծագույն ֆին վազորդ Պաավո Նուրմի։ «Թռչող ֆիննը» նվաճեց երեք ոսկե մեդալ թիմային մրցավաքում և անհատականում 1.500 մետր և 5.000 մետր մրցավազքերում. վերջին երկու մեդալներին նա արժանացավ նույն օրվա ընթացքում։
1928 թվականի Ամստերդամի խաղերում առաջին անգամ թույլատրեցին կին մարզիկներին մասնակցել աթլետիկայի մրցույթներին, բացի այդ առաջին անգամ խաղերի հովանավոր դարձավ Կոկա-Կոլա ընկերությունը։ 1928 թվականին օլիմպիական մեդալների դիզայնի հեղինակը դարձավ Ջուզեպպե Կասիոլին։ Այս դիզայնը օգտագործվեց մինչև 1972 թվականը։
1932 թվականի Լոս Անջելեսի խաղերը համընկան Մեծ ճգնաժամի հետ, ինչի պատճառով խաղերին մասնակցեցին ամենաքիչ թվով մարզիկներ՝ սկսած Սենթ Լուիսի խաղերից։ 1936 թվականի Բեռլինի խաղերը Գերմանիայի կառավարության համար հրաշալի առիթ դարձան առաջ տանելու նացիստական գաղափարախուսությունը։ Ղեկավարող Նացիստական կուսակցությունը ռեժիսոր Լենի Ռիֆենշտահլին պատվիրեց նկարահանել ֆիլմ խաղերի մասին։ Արդյունքում Օլիմպիա ֆիլմում ներկայացվեց Հիտլերի տեսությունը, որ առաջ էր քաշում արիական մարդու առավելությունը ոչ արիական մարզիկների նկատմամբ։ Այնուամենայնիվ աֆրոամերիկացի վազորդ և հեռացատկող Ջեսս Օվենսը նվաճեց չորս ոսկե մեդալ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով 1940 թվականի խաղերը չեղարկվեցին, 1944 թվականի խաղերը, որոնք պետք է տեղի ունենային Լոնդոնում, նույնպես չեղարկվեցին, սակայն Լոնդոնն ընդունեց հաջորդ` 1948 թվականի խաղերը։
Պատերազմից հետո առաջին խաղերը տեղի ունեցան 1948 թվականին Լոնդոնում։ Գերմանիային և Ճապոնիային չթույլատրվեց մասնակցել խաղերին։ Հոլանդացի վազորդ Ֆաննի Բլանկերս-Կոենը նվաճեց չորս ոսկե մեդալ` հավասարվելով Օվենի ցուցանիշին Բեռլինում։
1952 թվականի խաղերը տեղի ունեցան Հելսինկիում, որտեղ իր նորամուտը նշեց ԽՍՀՄ հավաքականը և դարձավ առաջատար հավաքականներից մեկը։ Ֆինլանդիայում լեգենդար դարձավ Չեխոսլովակիայի բանակի լեյտենանտ Էմիլ Զատոպեկ, ով մինչ այդ ուներ ոսկե և արծաթե մեդալներ 1948 թվականի խաղերից։ Հաղթելով 10.000 և 5.000 մետր մրցավազքերում` նա մասնակցեց մարաթոնին, որին մինչ այդ երբեք չէր մասնակցել։ Հաղթելով մարաթոնում՝ նա դարձավ եռակի Օլիմպիական չեմպիոն։
1956 թվականի Մելբուռնի խաղերը նույնպես հաջողված էին, չնայած Հունգարիայի և ԽՍՀՄ հավաքականների ջրագնդակի խաղն ավարտվեց ծածկռտուքով։ Բրիտանիայում առաջացած հիվանդությունների պատճառով Ավստրալիայում ընդունվեց խիստ կարանտինի մասին օրենք և ձիասպորտի մրցույթներն անցկացվեցին Ստոկհոլմում։
1960 թվականի Հռոմի խաղերում բռնցքամարտիկ Կասիուս Քլեյը, ով հետագայում հայտնի դարձավ Մուհամմեդ Ալի մականվամբ, նվաճեց ոսկե մեդալ։ Ալին հետագայում նետեց իր մեդալը, երբ իր հայրենի քաղաքում նրան հրաժարվեցին սպասարկել միայն սպիտակների համար նախատեսված ռեսորանում[9]։ Խորհրդային Միության կանանց գեղարվեստական մարմնամարզության հավաքականը նվաճեց հնարավոր 16 մեդալներից 15-ը։
1964 թվականի խաղերը տեղի ունեցան Տոկիոյում և նշանավորվեցին նրանով, որ առաջին անգամ հեռարձակվեցին հեռուստատեսությամբ։ 1964 թվականի խաղերը մեծ ժողովրդականություն ունեցան ամբողջ աշխարհում։ Այս խաղերում առաջին անգամ տեղի ունեցան ձյուդոյի մրցումներ։
1968 թվականին խաղերը կայացան Մեխիկոյում, որի ընթացքում գրանցվեցին բազմաթիվ ռեկորդներ[10], մասնավորապես հեռացատկում ամերիկացի ատլետ Բոբ Բիմոնը ցատկեց 8,90 մետր։ Բիմոնի սահմանած աշխարհի ռեկորդը չգերազանցվեց 23 տարի։ Այս խաղերում նաև ներդրվեց բարձրացատկի նոր ձևը, որում հաղթեց ամերիկացի Դիք Ֆոսբուրին։ 200 մետր մրցավազքի մրցանակաբաշխության ժամանակ Տոմի Սմիթը և Ջոն Կառլոսը Միացյալ Նահանգներում սեգմենտացիայի դեմ քաղաքական ժեստ կատարեցին, ինչը քննադատվեց Օլիմպիական շարժման կողմից, սակայն ողջունվեց Սև ուժային շարժում կազմակերպության կողմից։
Քաղաքական միջադեպեր եղան նաև Մյունխենի խաղերում 1972 թվականին, որն ունեցավ ճակատագրական հետևանքներ։ Պաղեստինյան Սև Սեպտեմբեր կոչվող ահաբեկչական խմբավորումը մտավ Օլիմպիական ավան և հարձակվեց Իսրայելի պատվիրակության վրա ու պատանդ վերցրեց նրանց։ Նրանք սպանեցին երկու իսրայելցու և պատանդ վերցրեցին 9-ին։ Ահաբեկիչները պահանջեցին Իսրայելից ազատ արձակել բազմաթիվ բանտարկյալների, սակայն Իսրայելի կառավարությունը մերժեց նրանց պահանջը։ Դրանից հետո ահաբեկիչների պահանջով նրանց տեղափոխեցին օդանավակայան, որտեղ նրանց փորձեցին ձերբակալել Գերմանիայի զինված ուժերը։ Փոխհրաձգության արդյունքում սպանվեցին ինը իսրայելցի մարզիկներ և հինգ ահաբեկիչներ։ Երկար քննարկումներից հետո որոշվեց խաղերը շարունակել, սակայն բոլորը ազդվել էին այս դեպքերից[11]։ Այս խաղերում նշանավոր մարզիկներից էին Մարկ Շպիցը, ով նվաճեց այդ ժամանակվա համար աննախադեպ յոթ ոսկե մեդալ, ֆին մարզիկ Լասսե Վիրենը, ով նվաճեց ոսկե մեդալներ 5.000 և 10.000 մետր մրցավազքում, Խորհրդային Միության մարմնամարզիկ Օլգա Կորբուտը, ով նվաճեց երեք ոսկե մեդալ։
Մյունխենի պես ողբերգություն տեղի չունեցավ Մոնրեալում 1976 թվականին, սակայն վատ պլանավորումը և խարդախությունը թանկ նստեց Կանադայի բյուջեի վրա։ Մոնրեալի խաղերը ամենաթանկն են եղել Օլիմպիական պատմության մեջ մինչև 2008 թվականը՝ արժենալով մոտ $5 միլիարդ (հավազարազոր է 2006 թվականի $20 միլիարդին)։
Խորհրդային Միության՝ Աֆղանստան ներխուժումից հետո 66 երկիր` այդ թվում Միացյալ Նահանգները, Կանադան, Արևմտյան Գերմանիան և Ճապոնիան, բոյկոտեցին 1980 թվականի խաղերը, որոնք կայացան Մոսկվայում։ Բոյկոտի արդյունքում 1980 թվականի խաղերը ավելի քիչ լուսաբանվեցին և խաղերում առաջատարը ԽՍՀՄ հավաքականն էր։
1984 թվականին Խորհրդային Միությունը և 13 դաշնակից երկրներ բոյկոտեցին 1984 թվականի խաղերը Լոս Անջելեսում։ Ռումինիան միակ խորհրդայնամետ երկիրն էր, որը մասնակցեց խաղերին։ Այս խաղերը նոր ժամանակների միակ խաղերն էին, որոնք շահույթ բերեցին։ Այստեղ առաջատարը եղավ ԱՄՆ հավաքականը, իսկ Չինաստանը առաջին անգամ մասնակցեց խաղերին։
1988 թվականի խաղերը Սեուլում լավ կազմակերպված էին, սակայն շատ մարզիկներ որակազրկվեցին դոպինգ թեստի արդյունքում։ Նրանց թվում էր Բեն Ջոնսոնը, ով դարձել էր 100 մ մրցավազքի հաղթող։
1992 թվականի Բարսելոնայի խաղերը աչքի ընկան Օլիմպիական մարզիկների արհեստավարժության բարձրացման տեսանկյունից, օրինակ` ԱՄՆ բասկետբոլի «Երազանքների թիմը»։ Այս խաղերում մասնակցեցին նաև նախկին ԽՍՀՄ երկրները միացյալ թիմով։ Այս խաղերում մարմնամարզիկ Վիտալի Սչերբոն նվաճեց ռեկորդային՝ հինգ ոսկե մեդալ։
Մյուս Օլիմպիական խաղերի վայրի որոշման ժամանակ շատ քննադատներ ՄՕԿ-ին մեղադրեցին կոռուպցիայի մեջ։ 1996 թվականի Ատլանտայի խաղերում 200 մետր մրցավազքում ռեկորդ սահմանեց Մայքլ Ջոնսոնը։ Այս խաղերում Օլիմպիական կրակը վառեց հայտնի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին, ում վերադարձրին ոսկե մեդալը, որը նա նետել էր 1960 թվականին։
2000 թվականի խաղերը տեղի ունեցան Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ փայլուն հանդես եկավ լողորդ Յան Տորֆը, իսկ Սթիվ Ռեդգրեյվը, հինգերորդ անգամ մասնակցելով Օլիմպիական խաղերին, նվաճեց հինգերորդ ոսկե մեդալը թիավարության մեջ։ Կետի Ֆրիմանը, ով բնիկ ավստրալիացի էր, հաջողություն ունեցավ 400 մետր մրցավազքում։ Հասարակածային Գվինեան ներկայացնող լողորդ Էրիկ Մուսամբանին ցույց տվեց Օլիմպիական պատմության մեջ ամենադանդաղ արդյունքը 100 մետր ազատ ոճում։
2004 թվականին խաղերը վերադարձան իրենց ծննդավայր` Աթենք։ Հունաստանը խաղերի վրա ծախսեց 7,2 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 1,5 միլիարդը միայն անվտանգության վրա։ Մայքլ Ֆելփսը նվաճեց իր առաջին մեդալները այս խաղերում (6 ոսկի և 2 բրոնզ)։ Պիրոս Դիմասը, նվաճելով բրոնզե մեդալ, դարձավ ամենատիտղոսավոր ծանրամարտիկը 3 ոսկե և 1 բրոնզե մեդալով։ Այնուամենայնիվ, հաճախակի ահաբեկչական ահազանգերը վատ անդրադարձան խաղերի վրա, ինչի արդյունքում տոմսերի մեկ երրորդ մասը չվաճառվեց[12], բայց տոմսերի վաճառքով առաջ էին Սեուլի և Բարսելոնայի Օլիմպիադաներից։ ՄՕԿ նախագահ Ժակ Ռոջը Աթենքի խաղերը համարեց անթերի և լավագույնս կազմակերպված[13]։ Աթենքի խաղերին մասնակցեցին 202 երկիր 11.000 մարզիկով։
Ամառային Օլիմպիական խաղեր 2008-ը կայացավ Չինաստանի Պեկին քաղաքում։ Այստեղ տեղի ունեցան մի քանի նոր մարզաձևի մրցույթներ՝ ներառյալ Մոտոկրոսային հեծանվասպորտի կանանց և տղամարդկանց մրցույթները։ Սուսերամարտի բոլոր վեց մրցույթները կազմակերպվեցին նաև կանանց համար։ Մինչ այդ կանայք չէին մասնակցում թրասուսերի մրցույթներին։ Ավելացվեց նաև 10 կմ մարաթոնյան լողի մրցույթը։ Բացի այդ զուգախաղը թենիսում փոխարինվեց թիմայինով[14]։ Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը գրանցեց ոսկե մեդալների նոր ռեկորդ` նվաճելով ութ ոսկե մեդալ անհատական մրցույթներում և դարձավ ամենաշատ ոսկի նվաճած մարզիկը պատմության մեջ` իրենից հետ թողելով Հեյդենին և Սչերբոյին։ Խաղերում ծագեց նաև նոր աստղ` ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլտը, ով դարձավ առաջին տղամարդ մարզիկը, ով աշխարհի ռեկորդ սահմանեց 100 և 200 մետր մրցավազքեում նույն խաղերի ընթացքում։ Ձիարշավի խաղերը կայացան Հոնգկոնգում։ Խաղերի ընթացքում փայլեցին չինացի մարզիկները, ովքեր մեդալակիրների ցուցակում գրավեցին առաջին տեղը։
2012 թվականի խաղերը կայացան Լոնդոնում, որը դարձավ առաջին քաղաքը, որը խաղերը ընդունեց 3-րդ անգամ։ Ընդունող երկիր Մեծ Բրիտանիան այս խաղերում նվաճեց 29 ոսկե մեդալ, ինչը Բրիտանիայի լավագույն արդյունքն էր 1908 թվականի խաղերից հետո։ ԱՄՆ-ն վերադարձրեց իր առաջին տեղը մեդալակիրների ցուցակում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հանեց օլիմպիական խաղերից բեյսբոլը և սոֆթբոլը։ Տնտեսական առումով խաղերը հաջողված էին, քանի որ վաճառվեցին մեծ քանակությամբ տոմսեր, հատկապես բացման արարողության և 100 մետր մրցավազքի տղամարդկանց եզրափակչի ժամանակ։
Ռիո դե Ժանեյրոն ընդունեց 2016 թվականի խաղերը՝ դառնալով Հարավային կիսագնդի երրորդ քաղաքը, որը ընդունում է օլիմպիական խաղեր (Մելբուրն և Սիդնեյ) քաղաքներից հետո[15]։ Այս խաղերում նույնպես փայլեցին Մայքլ Ֆելփսը և Ուսեյն Բոլտը` նվաճելով իրենց համապատասխանաբար 13-րդ և 6-րդ անհատական ոսկե մեդալները։ Առաջին անգամ այս խաղերում անցան ռեգբի յոթի և գոլֆի մրցույթներ։ 2020 թվականի խաղերը կկայանան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում երկրորդ անգամ։
Լավագույն տաս ազգերի մեդալային աղյուսակը համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական տվյալների։
Նախկին երկրներ
Համ. | Երկիր | Խաղեր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամնեը |
---|---|---|---|---|---|---|
1 | ԱՄՆ | 27 | 1022 | 794 | 704 | 2520 |
2 | ԽՍՀՄ | 9 | 395 | 319 | 296 | 1010 |
3 | Միացյալ Թագավորություն | 28 | 263 | 295 | 289 | 847 |
4 | Չինաստան | 9 | 227 | 164 | 152 | 543 |
5 | Ֆրանսիա | 28 | 212 | 241 | 260 | 713 |
6 | Իտալիա | 27 | 206 | 175 | 191 | 572 |
7 | Գերմանիա | 16 | 191 | 192 | 232 | 615 |
8 | Հունգարիա | 26 | 175 | 147 | 169 | 491 |
9 | Արևելյան Գերմանիա | 5 | 153 | 129 | 127 | 409 |
10 | Ռուսաստան | 6 | 149 | 121 | 142 | 396 |
11 | Ավստրալիա | 26 | 138 | 153 | 180 | 471 |
12 | Շվեդիա | 27 | 133 | 164 | 176 | 483 |
42 տարբեր սպորտաձևերի 55 տարբեր մրցույթներ ընդգրկված են եղել Օլիմպիական խաղերում տարբեր ժամանակներում։ 2000, 2004 և 2008 թվականների Օլիմպիական խաղերում ընդգրկված են եղել 28 սպորտաձև։ Բեյսբոլի և սոֆթբոլի հեռացումից հետո 2012 խաղերին մնացել է 26 սպորտաձև[16]։
|
|
Ըստ ժողովրդականության՝ Օլիմպիական խաղերը բաժանվում են հինգ դասի (A-E), որի մեջ հաշվի են առնվում հեռուստացույցով դիտումների քանակը (40%), համացանցային հետաքրքրությունները (20%), հարցումների արդյունքները (15%), տոմսերի վաճառքը (10%), մամուլի մեկնաբանությունը (10%) և միջազգային ֆեդերացիաների քանակը (5%)։ Դասերը որոշվում եմ սպորտաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից[17][18]։ Գոլֆը և ռեգբին, որոնք 2016 թվականին նոր էին դարձել օլիմպիական սպորտաձև, տեղադրվել են E դասում։
Ներկայիս դասերն են`
Դաս | Համար | Սպորտաձև |
---|---|---|
A | 3 | ատլետիկա, լող, մարմնամարզություն |
B | 5 | բասկետբոլ, հեծանվասպորտ, ֆուտբոլ, թենիս և վոլեյբոլ |
C | 8 | նետաձգություն, բադմենտոն, բռնցքամարտ, ձյուդո, թիավարություն, հրաձգություն, սեղանի թենիս և ծանրամարտ |
D | 9 | կանոյե/կայակ, ձիասպորտ, սուսերամարտ, հանդբոլ, մականախաղ, թիավարություն, թեքվանդո, թրիաթլոն և ըմբշամարտ |
E | 3 | ժամանակակից հնգամարտ, գոլֆ և ռեգբի |
Խաղեր | Տարի | Վայր | Բացվել է | Ամսաթիվ | Ազգեր | Մարզիկներ | Սպորտաձևեր | Դասեր | Մրցույթներ | Առաջատար երկիր | Ծանոթագրություններ | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդամենը | Տղամարդ | Կին | |||||||||||
I | 1896 | Աթենք, Հունաստան | Արքա Գեորգ I | 6–15 ապրիլ | 14 | 241 | 241 | 0 | 9 | 10 | 43 | ԱՄՆ | |
II | 1900 | Փարիզ, Ֆրանսիա | անհայտ | 14 մայիս – 28 հոկտեմբեր | 24 | 997 | 975 | 22 | 19 | 20 | 85Ա[›] | Ֆրանսիա | |
III | 1904 | Սենթ Լուիս, ԱՄՆ | Դեյվիդ Ռ. Ֆրանցիս | 1 հուլիս – 23 նոյեմբեր | 12 | 651 | 645 | 6 | 16 | 17 | 94Բ[›] | ԱՄՆ | |
IV | 1908 | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | Էդվարդ VII արքա | 27 ապրիլ – 31 հոկտեմբեր | 22 | 2008 | 1971 | 37 | 22 | 25 | 110 | Միացյալ Թագավորություն | |
V | 1912 | Stockholm, Sweden | Գուստավ V արքա | 6–22 հուլիս | 28 | 2407 | 2359 | 48 | 14 | 18 | 102 | ԱՄՆ | |
VI | 1916 | Պետք է կայանար Բեռլինում, սակայն չեղարկվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով | |||||||||||
VII | 1920 | Անտվերպեն, Բելգիա | Ալբերտ I արքա | 20 ապրիլ – 12 սեպտեմբեր | 29 | 2626 | 2561 | 65 | 22 | 29 | 156Գ[›] | ԱՄՆ | |
VIII | 1924 | Փարիզ, Ֆրանսիա | Նախագահ Գաստոն Դումերգ | 4 մայիս – 27 հուլիս | 44 | 3089 | 2954 | 135 | 17 | 23 | 126 | ԱՄՆ | |
IX | 1928 | Ամստերդամ, Նիդերլանդներ | Արքայազն Հենրի | 28 հուլիս – 12 օգոստոս | 46 | 2883 | 2606 | 277 | 14 | 20 | 109 | ԱՄՆ | |
X | 1932 | Լոս Անջելես, ԱՄՆ | Փոխնախագահ Չառլս Կուրտիս | 30 հուլիս – 14 օգոստոս | 37 | 1332 | 1206 | 126 | 14 | 20 | 117 | ԱՄՆ | |
XI | 1936 | Բեռլին, Գերմանիա | Կանցլեր Ադոլֆ Հիտլեր | 1–16 August | 49 | 3963 | 3632 | 331 | 19 | 25 | 129 | Գերմանիա | |
XII | 1940 | Պետք է կայանար Տոկիոյում, սակայն չեղարկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով | |||||||||||
XIII | 1944 | Պետք է կայանար Լոնդոնում, սակայն չեղարկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով | |||||||||||
XIV | 1948 | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | Գեորգ VI արքա | 29 հուլիս – 14 օգոստոս | 59 | 4104 | 3714 | 390 | 17 | 23 | 136 | ԱՄՆ | |
XV | 1952 | Հելսինկի, Ֆինլանդիա | Յուհո Կուստի Պաասիկիվի | 19 July – 3 August | 69 | 4955 | 4436 | 519 | 17 | 23 | 149 | ԱՄՆ | |
XVI | 1956 | Մելբուռն, Ավստրալիա | Արքայազն Ֆիլիպ, Էդինբուրգի դուքս | 22 նոյեմբեր – 8 դեկտեմբեր | 72Դ[›] | 3314 | 2938 | 376 | 17 | 23 | 151Ե[›] | ԽՍՀՄ | |
XVII | 1960 | Հռոմ, Իտալիա | Նախագահ Ջիովաննի Գրոնչի | 25 օգոստոս – 11 սեպտեմբեր | 83 | 5338 | 4727 | 611 | 17 | 23 | 150 | ԽՍՀՄ | |
XVIII | 1964 | Տոկիո, Ճապոնիա | Կայսր Հիրոհիտո | 10–24 Հոկտեմբեր | 93 | 5151 | 4473 | 678 | 19 | 25 | 163 | ԱՄՆ | |
XIX | 1968 | Մեխիկո, Մեքսիկա | Նախագահ Գուստավո Դիաս Օրդաս | 12–27 հոկտեմբեր | 112 | 5516 | 4735 | 781 | 18 | 24 | 172 | ԱՄՆ | |
XX | 1972 | Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | Նախագահ Գուստավ Հեյնեման | 26 օգոստոս – 10 սեպտեմբեր | 121 | 7134 | 6075 | 1059 | 21 | 28 | 195 | ԽՍՀՄ | |
XXI | 1976 | Մոնրեալ, Կանադա | Եղիսաբեթ II թագուհի | 17 հուլիս – 1 օգոստոս | 92 | 6084 | 4824 | 1260 | 21 | 27 | 198 | ԽՍՀՄ | |
XXII | 1980 | Մոսկվա, ԽՍՀՄ | Քարտուղար Լեոնիդ Բրեժնև | 19 հուլիս – 3 օգոստոս | 80 | 5179 | 4064 | 1115 | 21 | 27 | 203 | ԽՍՀՄ | |
XXIII | 1984 | Լոս Անջելես, ԱՄՆ | Նախագահ Ռոնալդ Ռեյգան | 28 հուլիս – 12 օգոստոս | 140 | 6829 | 5263 | 1566 | 21 | 29 | 221 | ԱՄՆ | |
XXIV | 1988 | Սեուլ, Հարավային Կորեա | Նախագահ Ռոհ Տայ-վու | 17 սեպտեմբեր – 2 հոկտեմբեր | 159 | 8391 | 6197 | 2194 | 23 | 31 | 237 | ԽՍՀՄ | |
XXV | 1992 | Բարսելոնա, Իսպանիա | Խուան Կառլոս I արքա | 25 հուլիս – 9 օգոստոս | 169 | 9356 | 6652 | 2704 | 25 | 34 | 257 | Միացյալ թիմ | |
XXVI | 1996 | Ատլանտա, ԱՄՆ | Նախագահ Բիլ Քլինտոն | 19 հուլիս – 4 օգոստոս | 197 | 10318 | 6806 | 3512 | 26 | 37 | 271 | ԱՄՆ | |
XXVII | 2000 | Սիդնեյ, Ավստրալիա | Նահանգապետ-գեներալ սըր Վիլիամ Դին | 15 սեպտեմբեր – 1 հոկտեմբեր | 199 | 10651 | 6582 | 4069 | 28 | 40 | 300 | ԱՄՆ | |
XXVIII | 2004 | Աթենք, Հունաստան | Նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպոլոս | 13–29 օգոստոս | 201 | 10625 | 6296 | 4329 | 28 | 40 | 301 | ԱՄՆ | |
XXIX | 2008 | Պեկին, Չինաստան | Նախագահ Հյու Յինտաո | 8–24 օգոստոս | 204 | 10942 | 6305 | 4637 | 28 | 41 | 302 | Չինաստան | |
XXX | 2012 | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | Եղիսաբեթ II թագուհի | 27 July – 12 August | 204 | 10768 | 5992 | 4776 | 26 | 39 | 302 | ԱՄՆ | |
XXXI | 2016 | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | Նախագահի ժ/պ Մայքլ Տեմեր | 5–21 օգոստոս | 205 | 11303 | 28 | 41 | 306 | ԱՄՆ | |||
XXXII | 2020 | Տոկիո, Ճապոնիա | Նարուհիտո | 24 հուլիս – 9 օգոստոս | - | 33 | 47 | 324 | |||||
XXXIII | 2024 | Ֆրանսիա, Փարիզ | 26 հուլիսի - 11 օգոստոս | Ապագա իրադարձություն | |||||||||
XXXIV | 2028 | ԱՄՆ, Լոս Անջելես | 14 հուլսիս - 30 հուլիս | Ապագա իրադարձություն | |||||||||
XXXV | 2032 | Ավստրալիա, Բրիսբեն |
^ Ա: ՄՕԿ-ի կայքը 1900 թվականի խաղերի համար[19] տալիս է 95 իրադարձություն, մինչդեռ ՄՕԿ-ի տվյալների բազայում[20] 85 իրադարձություն է։
^ Բ: ՄՕԿ-ի կայքը 1904 թվականի խաղերի համար[21] տալիս է 91 իրադարձություն, մինչդեռ ՄՕԿ տվյալների բազայում նշված է[22] 94 իրադարձություն
^ Գ: ՄՕԿ-ի կայքը 1920 թվականի խաղերի համար[23] տալիս է 154 իրադարձություն, մինչդեռ ՄՕԿ տվյալների բազայում նշված է[24] 156 իրադարձություն։
^ Դ: Ավստրալիայի օրենքների պատճառով, ձիասպորտը տեղի ունեցավ Ստոկհոլմում խաղերից մի քանի ամիս առաջ։
^ Ե: ՄՕԿ-ի կայքը 1956 թվականի խաղերի համար[25] տալիս է ընդհանուր 151 իրադարձություն (145 մրցույթ Մելբուրնում և 6 մրցույթ Ստոկհոլմում)։
'Նշում. Չնայած 1916, 1940 և 1944 թվականների խաղերը չեղարկվել են, սակայն նրանք ունեն իրենց հերթական համարները, քանի որ դրանք պաշտոնապես համարակալվել են որպես օլիմպիական իրադարձություն:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.