Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Օմայյան խալիֆայություն (արաբ․՝ الدولة الأموية՝ ադ-դաուլա ալ-ումաուիյյա՝ Օմայանների պետություն), միջնադարյան պետություն Մերձավոր Արևելքում 661-750 թվականներին։ Հանդիսանում է Արաբական խալիֆայության առաջին ժառանգական դինաստիան։ Հիմնադրել է Սիրիայի կառավարիչ Մուավիա իբն Աբի Սուֆյանը՝ 660 կամ 661 թվականին[Ն 1]։ Երկիրը կառավարել է Օմայյանների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 15 000 000 քառ. կմ՝ Աբդ ալ-Մալիք (685-705) և Վալիդ (705-715) խալիֆների օրոք։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Դամասկոս | |||
Մակերես | 15,000,000 կմ² | |||
Բնակչություն | 34,000,000 | |||
Լեզու | Արաբերեն | |||
Ազգություն | արաբներ, հույներ, ասորիներ, պարսիկներ, հայեր | |||
Կրոն | Իսլամ | |||
Արժույթ | դինար և դիրհամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Օմայյաններ | |||
Պետության գլուխ | խալիֆ | |||
Պատմություն | ||||
- Յազիդ I-ի իշխանության գալը | 680 | |||
- Ներդինաստիական փոփոխություն. Մրվանիներ | 684 | |||
- Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի նվաճում | 700-715 |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր ասորական ու արաբական մշակութային, քաղաքական ու տնտեսական կարևոր կենտրոն Դամասկոսը (661-744)։ Կապված կենտրոնական իշխանության թուլացման հետ՝ մայրաքաղաքի՝ արքունի նստավայրի տեղափոպումը վերջին տարիներին հաճախակի բնույթ էր կրում։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում տարածաշրջանի միակ տերությունը՝ Բյուզանդական կայսրությունը, Օմայան խալիֆայությունն ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ Պետության իշխանությունը տարածվում էր Կենտրոնական Ասիայից Ատլանտյան օվկիանոս՝ ներառելով Միջին Ասիան ու արևմտյան Հնդկաստանը, Իրանական բարձրավանդակն ու Միջագետքի դաշտավայրը, Հայկական լեռնաշխարհն ու Կովկասը, Արաբական թերակղզին ու Արևելյան Միջերկրականը, Հյուսիսային Աֆրիկան ու Պիրենեյան թերակղզին։
8-րդ դարի կեսերին խալիֆայությունը թուլանում է։ Մշտական պատերազմներն ավարտվում են 732 թվականին, երբ արաբները պարտություն են կրում Պուատիե քաղաքի մոտ՝ ֆրանկական թագավորի զորքերից։ Տնտեսության զարգացումը, որը հիմնված էր ռազմական առաջընթացի վրա, կանգ է առնում, ինչը հանգեցնում է ներխալիֆայական հակամարտությունների։ 750 թվականին տեղի է ունենում դինաստիական փոփոխություն. գահ են բարձրանում Աբբասյանները, ովքեր 762 մայրաքաղաքը տեղափոխում են նորակառույց Բաղդադ։ Օմայյանների վերջին ներկայացուցիչ Աբդ ալ-Ռահմանը, ով փրկվում է արքունական ընտանիքի կոտորածից, փախչում է խալիֆայության ամենահեռավոր տիրույթը՝ Պիրենեյան թերակղզի, որտեղ հիմնում է անկախ ամիրայություն՝ Կորդովա մայրաքաղաքով։
Օմայյան խալիֆայությունը իսլամական Արևելքի առաջին պետությունն էր, որ ստեղծվել է վերջին բարեպաշտ խալիֆի՝ Ալի իբն Աբի Տալիբի և Դամասկոսի կառավարիչ Մուավիայի պայքարի արդյունքում։
656 թվականի հունիսին խալիֆ Օսմանի (644-656) սպանությունից հետո խալիֆ դարձավ Ալի իբն Աբի Տալիբը։ Նա գահին հաստատվեց ինչպես Եգիպտոսի վերնախավի, այնպես էլ հարավային Միջագետքի (այժմ՝ Իրաք) երկու քաղաքների՝ Քուֆայի ու Բասրայի ներկայացուցիչների օժանդակությամբ։ Ալին ծագում էր Հաշիմյան տոհմից՝ Մուհամմադ մարգարեի հորեղբորորդին էր և, միաժամանակ, փեսան՝ ամուսնացած էր նրա դստեր՝ Ֆաթիմայի հետ։
Ալին ուներ բազմաթիվ հակառակորդներ, ովքեր հրաժարվում էին ճանաչել նրան որպես օրինական առաջնորդ։ Նրա դեմ պայքարում էին Մուհամմադի զինակիցներից Տալհան և ալ-Զուբեյրը։ Նոր խալիֆի դեմ բացահայտորեն հանդես եկավ նաև սպանված խալիֆ Օսմանի հորեղբորորդին, Սիրիայի կառավարիչ Մուավիան, ով Օմայյա հարուստ և ազդեցիկ ցեղախմբից էր։ Դժգուհությունը պայմանավորված էր նրանով, Օմայանների ու Հաշիմյանների տարաձայնությամբ։ Այդ պայքարը հին արմատներ ուներ. դեռ Մուհամմադ մարգարեի կենդանության օրոք, երբ վերջինս Մեքքայում էր, Աբու Սուֆիանը թշնամաբար էր տրամադրված նոր կրոնի՝ իսլամի դեմ և խոչընդոտում էր դրա քարոզումը։ Ավելի քան կես դար անց Մուավիան Ալիին էր մեղադրում Օսմանի սպանության մեջ։ Մուավիային միացավ նաև Այիշան՝ Աբու Բաքր խալիֆի (632-634) դուստրը և Մուհամմադի երկրորդ կինը։ Սա ավելի մեծացրեց Մուավիայի ազդեցությունը իսլամական ումմայում։
Մի կողմից Ալիի, մյուս կողմից Մուավիայի, Այիշայի և նրանց կողմնակիցների միջև սկսվեց պայքար իշխանության համար, որի հետևանքով առաջացավ ոչ միայն քաղաքական, այլև կրոնա-դավանական պառակտում։ Այդ պահից սկսած իսլամը սկսեց բաժանվել ալիականների կամ շիաների (արաբ․՝ شيعة اسلام՝ շիաթ Ալի՝ Ալիի կուսակիցներ) և սուննիների (արաբ․՝ أهل السنة՝ մարգարեի կյանքի մասին պատմող դրվագների ամբողջության՝ սուննայի հետևորդներ)։
Սկզբնական շրջանում հաջողությունը Ալիի կողմն էր, ով տարավ մի քանի ռազմական հաղթանակներ։ Դրանցից նշանավոր է 656 թվականի դեկտեմբերին Բասրայի մոտ տեղի ունեցած «Ուղտերի մարտը»։ Սակայն Մուավիան ևս ուներ զգալի ռազմական ուժ և չէր պատրաստվում հեշտ հանձնվել։ Ալին իր նստավայրը տեղափոխեց Միջագետք՝ Քուֆա, որտեղից սկսեց պայքարել սիրիացիների դեմ։ Կողմերի միջև վճռական ճակատամարտ տեղի ունեցավ 657 թվականին՝ Սիրիայի տարածքում՝ Սիֆֆինի մոտ։ Ճակատամարտի թեժ պահին, երբ Ալին արդեն հաղթում էր, Մուավիայի զորքերը իրենց նիզակների վրա բարձրացրեցին Ղուրանի թերթիկները. դա իսլամական ավանդույթ էր, ինչը նշանակում էր հարցը լուծել դատարանում՝ Ղուրանի օրենքների համաձայն։ Ալին համաձայնվեց, բայց դատարանում Մուավիայի ներկայացուցիչը կարողացավ ապացուցել իրենց ճշմարտացի լինելը և հասավ այն բանին, որ Ալիի ներկայացուցիչ Աբու Մուսան անցավ Մուավիայի կողմը։
Ալին իր ձեռքից բաց թողեց հաղթանակը, որի պատճառով նրա շատ կողմնակիցներ լքեցին նրանց։ Դրանից հետո նա այլևս ի վիճակի չէր շարունակել պատերազմը, մանավանդ, որ նրանից հեռացողները, որոնք կոչվեցին խարիջիներ, պայքար սկսեցին նաև Ալիի դեմ։ Հենց նրանց հասցրած նիզակի հարվածից էլ Ալին սպանվեց Քուֆայի մզկիթը մտնելու պահին (661 թվական)։ Այսպիսով պայքարն ավարտվեց Մուավիայի հաղթանակով։ Խալիֆայության «հանրապետական» կարգերը փոխարինվեցին միապետականով. հիմք դրվեց Օմայյան ժառանգական դինաստիային (661 -750)։
Ալիի սպանությունից հետո Մուավիան ավելի ամրապնդեց իր դիրքերը։ Նա դարձավ Օմայյան դինաստիայի հիմնադիրը և Օմայյան առաջին խալիֆը։
Մուավիան պատկանում էր ալ-Կուրեյշ ցեղի Օմայյա տոհմին։ Մուավիայի իշխանության գալով առաջին անգամ հաստատվեց կառավարող դինաստիա՝ հիմնված ժառանգականության սկզբունքի վրա, որը մինչ այդ անծանոթ էր արաբներին։ Մուավիան իր ժառանգորդ նշանակեց որդուն՝ Յազիդին, որն իրեն փոխարինեց նրա մահվանից հետո՝ իշխելով երեք տարի (680-683)։ Դրանից հետո դինաստիական-ժառանգական սկզբունքը դարձավ արաբական բոլոր պետությունների կառավարման միակ ձևը։
Օմայյան դինաստիայի հաստատումը հարթ չընթացավ։ Մուավիայի հակառակորդները նրա իշխանությունը անօրինական էին համարում։ Առաջին ընդդիմադիրները շիաներն էին, ովքեր մեծ հույսեր էին կապում Ալիի և Ֆաթիմայի որդիների՝ Հասանի և Հուսեյնի հետ։ Նրանք մեծ վտանգ էին խալիֆի համար։ Մուավիան կարողացավ «գնել» Հասանին շատ մեծ գումարով։ Աղբյուրները հաստատում են, որ Մուավիան Հասանին էր ուղարկել մի մագաղաթ՝ առաջարկով, որ գրի ցանկացած գումար։
Ընդդիմության երկրորդ կենտրոնը խարիջիներն էին, ովքեր տարված էին հավասարության գաղափարներով։ Նրանք ամրացել էին Իրաքում և Խուզիստանում։ Խարիջիների ելույթներից հատկապես զանգվածային էր 670 թվականի Բասրայի ապստամբությունը, որը Մուավիան ճնշեց մեծ դաժանությամբ։
Երրորդ հակառակորդը Արաբիայի վերնախավն էր։ Մեքքացիներն ու մադինացիները գտնում էին, որ իրենք ունեն ամենաշատ իրավունքները գահի նկատմամբ, քանի որ Մուհամմադ մարգարեի զինակիցներն էին, մինչդեռ Մուավիան մարգարեի թշնամու՝ Աբու Սուֆիանի որդին էր։ Նրանք լավ հասկանում էին, որ ժառանգականության սկզբունքի հաստատումով իրենք վերջնականապես կորցնում էին պետության կառավարման բոլոր լծակները և չէին կարողանում հաշտվել դրա հետ։ Բացի այդ Մուավիան արաբական պետության մայրաքաղաք դարձրեց Դամասկոսը։ Դա նշանակում էր, որ Սիրիան էր դառնում խալիֆայության կենտրոն։ Մուավիային հաջողվում է կարգավորել հարցը՝շեշտելով, որ բոլոր մուսուլմանները խոնարհվում և ընդունում են Մեքքայի և Մադինայի սրբությունների հեղինակությունը մուսուլմանական աշխարհում։ Դրանից հետո նա ձեռնամուխ է լինում ժառանգականության հարցի լուծմանը, ինչը ապահովելու էր Օմայյանների դինաստիայի հարատևությունը։
Ազատվելով իր հակառակորդներից և հաստատելով իր դիքրերը՝ Մուավիան անցավ իր ծրագրի իրականացման երկրորդ մասի իրականացմանը՝ ժառանգության հարցի լուծմանը։ Մուավիան պաշտոնապես իր ժառանգորդ նշանակեց իր որդուն՝Յազիդին։ Սա իսկական քաղաքական փոթորիկ առաջացրեց։ Հակամուավիական և հակայազիդական տրամադրությունների առաջացման մեջ մեծ դեր խաղաց Յազիդի անձը և նրա մասին ձևավորված կարծիքը։ Յազիդը կրոնամոլ չէր և չէր փայլում Ղուրանի պատվիրանները կատարելու մեջ։ Նա չէր թաքցնում իր անհարգալից վերաբերմունքը Մեքքայի և Մադինայի բնակիչների նկատմամբ, ցոփ ու շվայտ կյանք էր վարում, տարված էր գինեմոլությամբ, խաղամոլ էր, բացի այդ Յազիդի դաստիարակն քրիստոնյա է եղել։ Այս կապակցությամբ լավագույն արտահայտությունը Օմար խալիֆայի որդու կարծիքն է. Եվ մենք երդում տանք դրան, որը մշտապես շրջապատված է կապիկներով և շներով, խմում է գինի և հաճախ կատարում ամենաամոթալին։ Այս բոլորը նպաստել էր նրա բացասական կերպարի ձևավորմանը, որն առաջացնում էր Մեքքայի և Մադինայի խոր վրդովմունքը։ Յազիդի նկատմամբ ընդդիմությունը ետ չպահեց Մուավիային իր որոշումից։ 676 թ. նա Մեքքայում Քաաբայի սուրբ քարի մոտ հավատարմության երդում տվեց Յազիդին։ Նա սպառնալիքներով և կաշառքով կարողացավ հաստատել Յազիդին որպես գահաժառանգ։ Մուավիան մահացավ 680 թ. և Յազիդը դարձավ խալիֆ։ Բոլոր նրանք, ովքեր Մուավիայի սպառնալիքով ընդունել էին Յազիդին, ըմբոստացան նրա դեմ։ Նրա դեմ 2 հիմնական կենտրոն ձևավորվեց, մեկը Իրաքում՝շիաները, մյուսը Արաբիայում՝Մեքքայում և Մադինայում։ Շիաները, գտնելով, որ հարմար պահ է ստեղծվել իշխանությունը գրավելու համար, կապեր հաստատեցին Ալիի որդու՝Հուսեյնի հետ, որպեսզի նա միանա իրենց՝ ընդդեմ Յազիդի։ Հուսեյնը համաձայնեց և 300 կողմնակիցների հետ շարժվեց դեպի Քուֆա։ Բայց Յազիդը, հասկանալով ամեն ինչ, 4000 հոգուց բաղկացած մի զորագունդ է ուղարկում, որոնք 680 թ. հոկտեմբերի 10-ին Քերբելայի մոտ շրջապատում են Հուսեյնին։ Օգնություն չստանալով շիաներից՝նրանք ջախջախվում են, Հուսեյնը՝սպանվում։ Այդ օրվանից նա դառնում է շիաների սուրբ նահատակը, իսկ Քերբելան շիաների կարևոր սրբակենտրոնը։ Սրանից հետո Յազիդը ձեռնամուխ է լինում Մեքքայում և Մադինայում իր հակառակորդների վերացմանը, որոնց գլխավորում էր Աբդուլլա իբն Զուբեյրը՝ Մուհամմադի հորեղբոր թոռը։ Յազիդը սկզբում փորձեց բանակցությունների միջոցով լուծել հարցը, սակայն նրանք ապստամբություն բարձրացրեցին։ Մադինայի դեմ ուղարկված զորքերը հաղթանակ տարան։ Հերթը հասավ Մեքքային, սակայն Յազիդը չհասցրեց գրավել այն, քանի որ մահացավ 683 թ.։ Գահը անցավ նրա որդուն՝Մուավիա 2-րդին, ով սակայն ժանտախտի զոհ դարձավ։ Հաջորդ խալիֆի ընտրությունը կանգ առավ Մրվան իբն ալ-Հաքիմի վրա։ Նրա խալիֆա դառնալով գահը Օմայանների Աբու Սուֆիանի ճյուղից անցավ Մրվանյան ճյուղին։ Սակայն նա էլ երկար չկառավարեց.սպանվեց իր կնոջ կողմից, ով Յազիդի այրին էր։ Գահը անցավ նրա հարազատ որդուն Աբդ ալ Մալիքին, ով կառավարեց 685-705 թթ.։
Իր կառավարման վերջին շրջանում Մուավիա Iը (արաբ․՝ معاوية) փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի մուսուլմանական վերնախավը ճանաչի իր որդու՝ Յազիդ I-ի (արաբ․՝ يزيد) գահաժառանգ լինելը։ Մուսուլմանական չգրված օրենքների համաձայն՝ որդու գահաժառանգ նշանակելը ոչ մի ձևով արդարացված չէր. նախորդ բոլոր խալիֆաներին այդ բարձր պաշտոնին ընտրվել էին իսլամական բարձր դասի՝ վերնախավի ընդհանուր որոշման արդյունքում (դա արդեն սովորույթ էր դարձել)։ Մուսուլմանական համայնք-պետության (ումմա) ներսում դինաստիական սկզբունքի գաղափարը գալիս էր դեռևս Հասանից (արաբ․՝ حسن)` Ալիի (արաբ․՝ علي ابن ابي طالب) որդուց։ Հասանը, որպես Մարգարեի սիրելի թոռ, իր պնդումների համար փաստացի հիմքեր ուներ։ Այստեղ խոսքը Ալիի տոհմի անդամների` հորից որդուն աստվածային շնորհի փոխանցման մասին էր։ Հօգուտ Յազիդ I-ի չկային ոչ մի հիմքեր բացի նրանից, որ նրա հայրը խալիֆ էր։ Անկասկած մուսուլմանների մեծ մասի համար դա բավարար պայման չէր։ Մուավիա I-ին հաջողվեց քաղաքական ասպարեզից հեռացնել իր որդու հակառակորդ Հասանին՝ նրան խոստանալով Իրաքից ստացված եկամուտների մեծ մասը, այսինքն՝ կաշառեց Հասանին։ Բայց Հասանի գահից հրաժարվելու փաստը չէր նշանակում, որ ուրիշ ալիականներ հետագայում կհրաժարվեն գահի համար պայքարից։
Հասկանալով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ Մուավիա Iը գնաց զիջումների. նա հայտարարեց, որ մտադիր է մեծ հարգանքով վերաբերվել համայնքի ղեկավարների որոշումներին և իսլամական սովորույթի համաձայն ճանաչել ուլեմների համապատասխան հավաքների ընդունած որոշումները։ Անկասկած հավաքվածներից և ոչ մեկը չհամարձակվեց դեմ գնալ մեծն Մուավիա Iի կամքին։ Դրանով էլ իսլամում խախտվեց խալիֆների ընտրության սկզբունքը, հաստատվեց դինաստիական սկզբունքը։ Յազիդ Iը գահի ժառանգորդ ճանաչվեց դեռևս հոր կենդանության օրոք։ Մուավիայի նորարարությունը հիմնավորապես կայունացավ, և հետագա մի քանի հարյուրամյակների ընթացքում գահի ժառանգական սկզբունքին հետևում էին ոչ միայն Օմայյանները, այլև Աբբասյանները և տեղական մի շարք իշխանություններ։ Յազիդ Iի գահի ժառանգորդ նշանակվելը տեղիք տվեց գահի հավակնորդների միջև պայքարի. սկսվեց քաղաքացիական պատերազմ։
Յազիդ Iը խելացի և ընդունակ ղեկավար էր։ Նա իշխանության եկավ շատ դժվարին ժամանակաշրջանում, երբ Իրաքում և Խալիֆայության այլ տարածքներում արաբների շրջանում դժգոհություններ էին առաջանում Իրաքի տեղապահ Զաիդ իբն-Աբիհիի (արաբ․՝ زيد ابن ابيه) և նրա որդու՝ Ուբայդալլահի (արաբ․՝ عبيدلاح) կողմից, և մեծանում էր Հուսեյնի (արաբ․՝ حسين) (Ալիի 2-րդ որդու) կողմնակիցների թիվը։ Յազիդ Iը սերտ կապեր ուներ հարավարաբական ցեղերի հետ, քանի որ նրա մայրը և կինը սերում էին կուդա’ա ցեղից, իսկ քալբիներն այդ ժամանակ դինաստիայի ամուր հենարանն էին։ Նա տիպիկ արաբա-սիրիական մշակույթի կրողն էր։ Գոռոզությամբ էր վերաբերվում սուրբ քաղաքների ուղղափառ բնակիչներին, և, ինչպես փաստում են արաբական աղբյուրները, հաճախ խախտում էր Ղուրանի դրույթները։ Նրա դաստիարակներից մեկը եղել է թաղլիբ (արաբ․՝ تغليب) ցեղից քրիստոնյա պոետ ալ-Ահտալը (մոտ 640-710 թվականներ)։ Յազիդ Iը նույնպես բանաստեղծ էր, սիրում էր երաժշտություն, երգեցողություն և պարեր։ Նա հաճախ խնջույքներ էր կազմակերպում, գինի խմում։ Սիրում էր քաղաքային կյանքը, իսկ իր ցեղակից բեդվիններին (արաբ․՝ بدوين) հիշում էր միայն այն ժամանակ, երբ որսի էր գնում, կամ էլ ժանտախտի ժամանակ (համարվում էր, որ անապատը պաշտպանում է համաճարակից)։ 680 թվականին Մուավիա Iի մահից հետո Օմայյան տոհմի հակառակորդ ուժերը գլուխ բարձրացրին.
Այդ ընթացքում Դամասկոսում խալիֆ դառնալով՝ Յազիդ Iը հոգաց, որ բոլոր մադինացիները իրեն երդում տան։ Այս ժամանակ Քուֆայում ալիականները և նրանց կողմնակիցները, ինչպես նաև նորից իսլամ ընդունած արամեացիները և քաղաքի իրանական բնակչությունը միավորվեցին Յազիդ Iի դեմ պայքարելու համար։ Նրանք պատգամավորություն ուղարկեցին Մեքքա` Հուսեյնի մոտ, և առաջարկեցին ժամանել Քուֆա և ղեկավարել Օմայյանների դեմ մղվող պայքարը։ Նրանք իրենց հրավիրագրում հայտնում էին, որ իրենց դիրքերը քաղաքում շատ ամուր են, և որ Հուսեյնը կարող է հաղթանակի ակնկալիքներ ունենալ։
Տեղեկանալով շիաների նպատակների մասին` Յազիդ Iը զորք է ուղարկում նրանց դեմ՝ Զաիդ իբն Աբիհիի որդու՝ Ուբայդալլահի գլխավորությամբ, որը շատ արագ կարողացավ հնազանդեցնել քաղաքի բնակչությանը։ Բայց Հուսեյնը տեղյակ չէր Քուֆայում կատարվող դեպքերի մասին, և, ստանալով հրավերը, հավատաց, որ իր կողմնակիցների գլխավոր ուժերը Քուֆայում են, այսինքն այն քաղաքում, որտեղ ժամանակին սպանվեց իր հայր Ալին, և նրանք պատրաստ են իր՝ Քուֆա ժամանելու պահից սկսած սկսելու պայքարը Յազիդ Iի դեմ և իրեն օգնելու Խալիֆայությունում իշխանությունը զավթելու հարցում։ Փոքրաթիվ քանակությամբ հարազատների և կողմնակիցների ուղեկցությամբ Հուսեյնը շարժվեց Քուֆա։ Այդ ընթացքում Ուբայդալլահը Յազիդ Iից հրաման է ստանում շարժվելու Հուսեյնին ընդառաջ և ստիպելու նրան, որ հրաժարվի իր պլաններից։
Արդեն ճանապարհին Հուսեյնը լուրեր է ատանում Քուֆայում իր կողմնակիցների պառակտման մասին, բայց չի ցանկանում հրաժարվել իր պլաններից և արդեն չէր կարող կասեցնել հետագա գործողությունները։ Ուբայդալլահը Քարբալայում (փոքր վայր Քուֆայից 40կմ հս-արմ) հարձակվեց Հուսեյնի փոքրաթիվ ջոկատի վրա։ Հուսեյնը մերժեց Ուբայդալլահի՝ հանձնվելու առաջարկը, և չնայած մեծ դիմադրությանը՝ նրա զորքը ոչնչացվեց, իսկ ինքը Հուսեյնը սպանվեց 680 թվականի հոկտեմբերի 10-ին։
Սուննի-ավանդապաշտների հավատալիքների համաձայն՝ Մուհամմադի թոռան սպանությունը նման հանգամանքներում հանցագործություն չէր, այլապես նա կհամարվեր խռովարար, որը հանդես է եկել օրինակ, իսլամական բարձրագույն հոգևորական դասի ներկայացուցիչների կողմից ընտրված խալիֆի դեմ, և դրա համար պատժի է արժանացել։ Բայց իսլամի հետագա պատմության համար այս դեպքը այդքան էլ լավ հետևանքներ չունեցավ. Մեծ անդունդ առաջացավ սուննիների և Ալիի կողմնակիցների՝ շիաների միջև։ Հուսեյնի սպանությունը խթանեց Մարգարեի Տան (ահլ ալ-բեյթ, արաբ․՝ اهل البيت) գաղափարի արմատավորմանը, այն է՝ իսլամում որոշակի արտոնյալ ընտանիքի (Մարգարեի ընտանիքի) առաջնորդությունը։ Այս գաղափարի առաջացումն ունի ինչպես հինարևելյան, այնպես էլ արաբական արմատներ։ Հինարևելյան բռնակալությունները սովորաբար ղեկավարվում էին այս կամ այն ընտանիքի կողմից, որոնք կրոնական հիմքով օժտված էին անսահմանափակ իշխանությամբ։
Ալիի՝ կարճ ժամանակով խալիֆ լինելու ընթացքը խթանեց «ընտանիքի» գաղափարի տարածումը համայնքային գիտակցության շրջանում։ Նույնիսկ Ալիի հակառակորդներ Օմայյանները հաստատում էին, որ իշխանության վավերացումը ստացել են Խալիֆայությունից հրաժարված Հասանից։ Սակայն, սա կասկածելի փաստարկ էր, քանի որ Հասանի հրաժարականը ամենևին չէր նշանակում, որ գահի հավակնության չէին կարող ձգտել այլ Հաշիմյաններ։ Այդ պնդումն էր առաջ տանում նաև Ալիի մյուս որդին՝ Հուսեյնը, որի մահը վերջին ազդակը դարձավ շիական առասպելաբանության ձևավորման գործում։ ՈՒբայդալլահի դաժան հաշվեհարդարը Հուսեյնի նկատմամբ իր վերջնական արտացոլումը գտավ շիական կենցաղային գրականության մեջ, որի ներկայացուցիչները երբեք չէին մոռանում այդ իրադարձության մասին։ Շիաների պատկերացումներում Հուսեյնը եղել և մնում է որպես առաջնորդ, աստվածային շնորհի կրող, հանուն իսլամի կյանքը զոհաբերած անձնավորություն։
Խալիֆայության մայրաքաղաքի տեղափոխումը Դամասկոս (արաբ․՝ دمشق) շիաների համար ապահովեց Սիրիայի Օմայյան սուննիների հակառակորդ՝ Իրաքի ընդդիմության աջակցությունը։ Բայց շիական շարժման իրական առաջխաղացումը սկսվեց Քարբալայում Հուսեյնի սպանությունից հետո։ Այս պահից սկսած այն դադարեց արաբական կուսակցության` Ալիի կողմնակիցների շարժում լինելուց և վերածվեց իսլամում առանձին կրոնական ուղղության։ Շիական գաղափարները դադարեցին տարածվել միայն արաբ մուսուլմանների շրջանում, այլ այդ պահից սկսած այդ շարժման մեջ մեծ դեր է սկսում ունենալ նաև Քուֆայի արաբ կայազորը։ Արևելյան շրջանները գրավելով` արաբ զինվորները այն տարան Իրան, մասնավորապես Ղում քաղաք, որն էլ այդ ժամանակներից սկսած դարձավ Իրանում շիական խոշոր կենտրոն։ Հուսեյնի սպանությունից հետո Յազիդ Iը փորձում էր որոշ չափով մեղմացնել շիական առաջնորդների՝ իր հանդեպ ունեցած թշնամանքը և նույնիսկ պատվիրակություն հրավիրեց Դամասկոս, սակայն նրանք կտրականապես հրաժարվեցին այդ հրավերից։ Նրանք հայտարարեցին, որ Յազիդ Iը մուսուլմանին ոչ հարիր կյանք է վարում և չի կարող ճանաչվել օրինական խալիֆ։
Խալիֆայության մայրաքաղաքի Դամասկոս տեղափոխվելուց հետո «Մարգարեի զինակիցների» («ալ-ասհաբ» կամ «աս-սահաբա» (սահիբ արաբ․՝ صاحب`ընկեր)) հետնորդները փաստացիորեն անջատ մնացին Խալիֆայության քաղաքական կյանքին մասնակցություն ունենալուց։ Մուավիա Iի կառավարման սկզբնական շրջանում մադինայական «հին հավատացյալները» պատրաստ էին բավարարվելու բարձր թոշակներով և ուխտագնացություններից ստացված եկամուտներով։ Նրանք իրենց օրինական էին պահում՝ փորձելով պահպանել ումմայի միասնականությունը։ Նրանք գտնում էին, որ Օմայյան կառավարիչներն իրեմց ձեռքում մեծ իշխանություն են կենտրոնացրել և իրենց օգտին տնօրինում ու ծախսում են պետության բոլոր եկամուտները։ Նրանք սկսեցին բացահայտորեն արտահայտել իրենց դժգոհությունը ստեղծված կարգերի նկատմամբ, և եթե նրանց ատելությունը Օմայյանների հանդեպ չէր դրսևորվում զինված պայքարի ձևով, ապա նրանց հակաօմայյան քարոզները խթանում էին իշխող դինաստիայի հեղինակության անկմանը։
Բացի Հուսեյնից գահի հավակնորդներ էին նաև մուսուլմանական վերնախավի այլ ներկայացուցիչներ՝ մասնավորապես իսլամական հերոս ալ-Զուբայրի որդի Աբդալլահ իբն ալ-Զուբայրը (արաբ․՝ عبدالله ابن االزبير)։ Ժամանակին նրա հայրը, ով 656 թվականին Մուհամմադի այրի Ա'իշայի հետ փորձում էր տիրանալ խալիֆի պաշտոնին, Ալիի դեմ հանդես գալով զենքը ձեռքին պարտություն կրեց հայտնի «ուղտերի ճակատամարտում»։ Իսկ արդեն 20 տարի անց այդ պաշտոնին էր հավակնում նրա որդին։ Իբն ալ-Զուբայրին սատարում էին Կուրայշ ցեղի արիստոկրատիայի մեծ թվով ներկայացուցիչներ, որոնք դեմ էին սիրիական բանակի օգնությամբ իշխանության եկած Օմայյաններին։ Խալիֆայության շրջաններում տեղի կառավարիչները և զորահրամանատարները նույնպես ատելությամբ էին լցված ուժեղ կենտրոնական իշխանության և Խալիֆայության և խալիֆի պաշտպանության տակ գտնվող Սիրիայի նկատմամբ։
Իբն ալ-Զուբայրի շուրջ համախմբվեցին մուսուլմանների տարբեր խմբեր, որոնք կարծում էին, որ իսլամը չի վավերացնում այն, որ մեկ ընտանիքը մնա իշխանության գլուխ, և գահն անցնի ժառանգաբար։ Շատերը հավատում էին, որ, եթե վերականգնվեն թեոկրատական կառավարման նախկին կարգերը, ապա տնտեսական վիճակը կլավանար։ Ամենուրեք Օմայյանների հակառակորդները առաջ էին քաշում կրոնական շարժառիթներ. մուսուլմանի պարտքն է ամեն ինչում հետևել Ղուրանին և Սուննային։ Այս ձևով իբն ալ-Զուբայրի ապստամբությունը մեծ չափով հանդիսանում էր մեքքայական և մադինայական «հին հավատացյալների» դրդման արդյունքը։
682 թվականի վերջին իբն ազ-Զուբայրի կողմնակիցները Մադինայում խռովություն բարձրացրին։ Մզկիթում հավաքված դավադրության մասնակիցները հայտարարեցին, որ չեն ճանաչում Յազիդ Iին՝ որպես մուսուլմանական համայնքի գլուխ, հրաժարվում են հնազանդվել նրան, և քաղաքից վտարեցին Օմայյանների կողմից նշանակված կառավարչին։ Յազիդ Iը Սիրիայից զորքեր ուղարկեց Մադինա Մուսլիմ ալ-Մուռռի (արաբ․՝ مسلم المر) գլխավորությամբ. Այսպես սկսվեց 2-րդ քաղաքացիական պատերազմը։
Իմանալով օմայյանների զորքի մոտեցման մասին՝ իբն ազ-Զուբայրը Մադինայից փախավ Մեքքա՝ կարծելով, որ սուրբ Քա'աբայի պաշտպանության ներքո նա ավելի անվտանգ կլինի։ Նա գտնվում էր Մեքքայում, երբ այստեղ ժամանեց սպանված Հուսեյնի կանանց, երեխաների և նրանց ուղեկցորդների քարավանը, և պատմեցին նրանց կատարվածի մասին։ Այդ ժամանակ էլ իբն ազ-Զուբայրի կողմնակիցները նրան հռչակեցին ամիր ալ-մու’մինին (արաբ․՝ امير المؤمنين)։
Այդ ընթացքում ավերելով ու թալանելով Մեդինան, սիրիական բանակը, որի ղեկավարն էր արդեն Հուսեյն իբն Նումայր աս-Սակունին 683 թվականին շարժվեց Մեքքա։ Նրանք շրջապատեցին քաղաքը և իբն ազ-Զուբեյրից պահանջեցին հանձնվել, բայց նա մերժեց, և այդ ժամանակ էլ քաղաքը ենթարկվեց հարձակման. քարանետ մեքենաների գնդակոծման արդյունքում Քա’աբայի որոշակի մասը քանդվեց և վառվեց։ Բայց տեղի ունեցավ մի իրադարձություն, որն արմատապես փոխեց գործողությունների հետագա ընթացքը։ Դամասկոսից լուր ստացվեց, որ հանկարծակի մահացել է Յազիդ Iը։ Սիրիական բանակը Հուսեյն իբն Նումայր աս-Սակունու գլխավորությամբ որոշեց, որ խալիֆի պաշտոնում հաստատեն իբն ազ-Զուբայրին մի պայմանով՝ որ նա տեղափոխվի Դամասկոս։ Սակայն, վախենալով սիրիական բանակում պատանդ դառնալու անհիմն կասկածներից, իբն ազ-Զուբայրը հրաժարվեց տեղափոխվել Դամասկոս, իսկ սիրիացիները նրան Մեքքայում կառավարիչ թողնելով շարժվեցին Դամասկոս։ Վերադարձի ճանապարհին սիրիական բանակն իմացավ, որ Յազիդ Iի մահից հետո Դամասկոսում խալիֆ է հռչակվել նրա որդին՝ Մուավիա 2-րդը։ Մանկահասակ Մուավիա 2-րդը կառավարեց ընդամենը մի քանի ամիս, իսկ դրանից հետո իշխանության եկավ 4-րդ խալիֆը Օմայյան դինաստիայի մեկ այլ ճյուղից՝ Մրվան իբն ալ-Հաքամը (684-685 թվականներ) (արաբ․՝ مروان ابن الحكم)։ Նա 3-րդ ուղղահավատ խալիֆ Օսմանի հետնորդն էր, և Օմայյանները նրան համարեցին լավ թեկնածու խալիֆի պաշտոնի համար։ Նրա անունով Օմայյան դինաստիայի հետագա խալիֆները կոչվեցին Մրվանիներ։
Այդ ընթացքում իբն ազ-Զուբայրի դիրքերը Մեքքայում ավելի էին ամրապնդվում։ Խալիֆայության տարբեր շրջաններից այստեղ էին գալիս պատվիրակություններ՝ ընտրված խալիֆին երդում տալու։ Իբն ազ-Զուբայրը աջակցություն ստացավ ոչ միայն Հիջազում, այլև Իրաքում։ Ինչ վերաբերում է Մրվան Iին, ապա նրա խալիֆ ընտրվելու գործընթացն այդքան էլ հարթ չընթացավ. այն ուղեկցվում էր միմյանց հետ հակամարտող արաբական ցեղերի ու տոհմերի բախումներով։ Երկրում քաոս սկսվեց, որն ուժեղացավ երկրում պատմական ասպարեզ եկած պաշտոնապես ընտրված երկու խալիֆների ի հայտ գալով։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի ունեցավ արաբական ցեղերի վերջնական բևեռացումը և նրանց բաժանումը միմյանց դեմ հակամարտող տոհմային դաշինքների։ Արաբական նվաճումների սկզբնական շրջանում միմյանց դեմ հակամարտում էին 2 դաշինքներ՝ «հարավայիններ» և «հյուսիսայիններ»։ Այս 2 խմբավորումները միաժամանակ գործում էին Սիրիայում, Իրաքում, մասնավորապես Բասրայում։ Այս բաժանման ուղղակի կարևորությունն օմայյան իշխանության ճգնաժամն էր, որից փորձեցին օգտվել որոշ բեդվինական առաջնորդներ և իրենց դիրքերն ամրապնդել նվաճողների ճամբարում՝ իշխանության ձգտող ոչ օմայյան ներկայացուցիչների ղեկավարությամբ։
Սիրիայում ցեղերը բաժանվեցին իշխող ցեղ կուդա'ա՝ քալբիների(եմենցիներ) դաշինքի և քայսիների ցեղերի միությունների։ Կուդա'ան ուժեղ էր Սիրիայի կենտրոնական և հարավային հատվածում, իսկ քալբիները՝ Սիրիայի հյուսիսային հատվածում և Միջագետքում։ Սուֆյան խալիֆները հենվում էին կուդա'այի վրա, բայց երբ Յազիդ Iի մահվանից հետո Օմայյան դինաստիայի իշխանությունը թուլացավ, քայսիները Միջագետքում աջակցեցին իբն ազ-Զուբայրին։ Նրանք չէին ընդունում այն, որ իրենց տարածքում՝ Ջազիրայում, խալիֆ Մուավիա Iը բնակեցրել էր ներգաղթողներին, և իբն ազ-Զուբայրին աջակցելով՝ նրանք հույս ունեին, որ նա կարող է վեևականգնել այդ տարածաշրջանի ինքնավարությունը։ Կուդա'ա ցեղը շարունակում էր աջակցել Մրվան Iին։ Չնայած իբն ազ-Զուբայրը նրանց չէր սպառնում Խալիֆայության տարածքում նրանց բարձր դիրքի խլմամբ, սակայն քալբիները հենվելով այն փաստի վրա, որ ժամանակին իբն ազ-Զուբայրը հրաժարվեց գնալ Սիրիա, չէին պայքարում նրա՝ գահի իրավունքների համար։ Եմենցիների մեծամասնությունը վստահ էր, որ միայն Օմայյան ներկայացուցիչները կարող են ապահովել իրենց արժանի ու բարձր դիրքը Խալիֆայությունում, այդ պատճառով էլ պայքարում էին, որ գահն անցնի Մուավիա Iի ժառանգներին, չնայած որ այդ տան ներկայացուցիչները բավականաչափ հասուն չէին մուսուլմանական համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար։ Հետագա տարիներին ցեղերի միջև անընդհատ բախումներ էին տեղի ունենում Սիրիայում և Միջագետքում։ Սիրիայում ցեղերի բաժանումը «հարավայինների» և «հյուսիսայինների» ընդունեց մշտական բնույթ և շարունակվեց Օմայյան իշխանության ողջ ընթացքում։
Ի տարբերություն Սիրիայի՝ Իրաքում՝ մասնավորապես Բասրայում, կային բազմաթիվ արաբական ցեղերի խմբեր, որոնք թշնամաբար էին տրամադրված Օմայյանների դեմ։ Քուֆայում հաստատված ցեղերը չէին պատրաստվում ընդունել Օմայյանների իշխանությունը, իսկ Բասրայում տեղական ծագման ցեղերի հիմնական խումբը բաղկացած էր միմյանց մեջ հակամարտող 2 խմբերից, որոնք ունեին հյուսիսային ծագում՝ մուդար, որում իշխող էր թամիմ ցեղը, և ցեղային դաշինք ռաբի'ա։ Քաղաքացիական պատերազմից առաջ Օմանից Բասրա տեղափոխվեց ազդ ցեղային ծագման «հարավայինների» մի խումբ։ Ազդիները անմիջապես դաշինքի մեջ մտան ռաբի'ա ցեղի հետ՝ ընդդեմ մուդարների։ Յազիդ 1-նի մահվանից հետո Դամասկոսում կենտրոնական իշխանության թուլացումը հանգեցրեց Բասրայում փաստացի անկախության։
Ստեղծված իրավիճակում Իրաքում օմայյան կառավարիչ նշանակված Ուբայդալլահ իբն Զիյադը փորձեց հասնել նրան, որ իրեն Բասրայում էմիր ճանաչեն մինչև Դամասկոսում կլուծվի խալիֆի հարցը։ Մուդարիները թամիմների հետ մերժեցին նրա ցանկությունը, և բացահայտ պայքար սկսվեց նրանց և ազդիների ու ռաբի'աների միջև։ Այս ձևով, երբ Մուավիա Iն իր դիվանագիտական քայլերով կարողանում էր հնազանդեցնել միմյանց մեջ հակամարտող 2 ցեղերին՝ քալբիներին և քայսիներին, ապա արդեն այս ժամանակ 683 թ Դամասկոսում Յազիդ Iի և Մուավիա 2-րդի մահվանից հետո ցեղերի միջև թշնամանքը նոր թափ ստացավ։ Դրան խթանում էր նաև երկրում ստեղծված երկիշխանությունը։ Բասրայում այս պայքարը որոշակի թուլացավ, երբ քաղաքում իշխնությունն իրենց ձեռքը վերցրին Իբն ազ-Զուբայրի կողմնակիցները։ Այն ժամանակ, երբ մուդարները սկսում էին աջակցել իբն ազ-Զուբայրին, քանակով քիչ հյուսիսային ռաբի'ա ցեղը միացավ Իբն ազ-Զուբայրին ոչ այնքան նրա համար, որ դեմ էին Օմայյաններին, այլ նրա համար, որ ցեղային առաջնորդները կարծում էին, որ գահի համար 2 հավակնորդների պայքարը կարող է խաթարել մուսուլմանական համայնքի միասնությունը։ Եմենցիների հարավային ցեղերը կանգնեցին Օմայյան Մրվան իբն ալ-Հաքամի կողքին։ 684 թվականի հուլիսին Դամասկոսի մոտակայքում՝ Մարջ Ռահիտ վայրում, տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ հարավայինները լիակատար հաղթանակ տարան՝ դրանով Սիրիայի կենտրոնական և հարավային շրջաններում ապահովելով Մրվանիների իշխանությունը։ Այնուամենայնիվ, այս ճակատամարտից հետո էլ ցեղային խմբավորումների միջև պայքարը շարունակվեց, և նույնիսկ հասավ Խորասանում տեղակայված կայազորերին։ Արևելքում, ինչպես և Բասրայում, մուդար ցեղային միավորման պայքարն էր գնում, որի մեջ մտնում էին քայս, թամիմ ցեղերը, որոնց ղեկավարում էր ազդ ցեղը, որոնց միացել էին ռաբի'ա խմբավորման հյուսիսային ցեղերը։ Մինչ պատերազմը գոյություն ունեցող ուժերի հավասարակշռությունը խախտվել էր Արաբիայից ներգաղթողների նոր ալիքով։ Քայսիները ներգաղթեցին Հյուսիսային Սիրիա և Միջագետք, իսկ Բասրա ժամանած ազդիների նոր խմբերը հնարավորություն տվեցին ռաբի'ա ցեղին պայքարի մեջ մտնել թամիմների հետ։ Ուբայդալլահ իբն Զիյադը, որին հաջողվել էր ազդիների կողմից աջակցություն ստանալ Բասրայում էմիրի պաշտոնի համար, միայն խթանում էր այդ պայքարի մասշտաբների մեծացմանը։
Մարջ Ռահիտի հաղթանակից հետո Մրվան Iը փորձում էր իր իշխանությունը վերականգնել Սիրիային կից տարածքներում։ Սիրիայում իր դիրքերի անվտանգությունն ապահովելու և Հյուսիսային Միջագետքում իշխանության հասնելու համար նա Ջազիրայի քայսիական ցեղերին ստիպեց իրեն երդում տալ և վերեդառնալ իրենց հարազատ վայրերը, որտեղից նրանք Սիրիա էին եկել պատերազմի ժամանակ, և օգնություն ցուցաբերել այն ցեղերին, որոնք պայքարում էին Իբն ազ-Զուբայրի դեմ։ Առանց որևէ ջանքի նրան հաջողվեց հասնել նրան, որ Եգիպտոսի արաբական ցեղերը հրաժարվեն մեքքացիների հետ դաշինքից և դադարեն Հիջազ ցորեն մատակարարել։ Այնուամենայնիվ, նրան չհաջողվեց մինչև վերջ իրագործել իր պլանները, քանի որ Մարջ Ռահիտի հաղթանակից մի քանի ամիս անց մահացավ։ Իբն ազ-Զուբայրի դեմ պայքարի դժվարին խնդիրն անցավ նրա որդուն՝ Աբդ ալ-Մալիքին (արաբ․՝ عبد الملك), որը գահին մնաց 20 տարի (685-705 թվականներ)։
Աբդ ալ Մալիքի և իր որդու Վալիդ 1-ինի կառավարումը ամենանշանակալին էր Օմայյան դինաստիայում։ Այս ժամանակ կատարվեցին հիմնական նվաճումները արևմուտքում և արևելքում և խալիֆայությունը դարձավ ամենակարող արաբա- մուսուլմանական պետություն։ Սակայն Աբդ ալ Մալիքի գահակալման շրջանում խալիֆայության ներքաղաքական վիճակն անկայուն էր։ Աբդ ալ Մալիքը պայքարում էր ինքնակոչ խալիֆա իբն Զուբեյրի դեմ։ Աբդ ալ Մալիքի իշխանության տակ գտնվում էին միայն Սիրիան և Եգիպտոսը, իսկ իբն ալ Զուբեյրի էին ենթարկվում Արաբիան և Իրաքը, իսկ արևելյան նահանգները ընդհանրապես չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը։ Բացի այդ խալիֆայությանը սպառնում էր Բյուզանդական կայսրությունը։ Աբդ ալ Մալիքը ոչ մի կերպ չէր կարող հաշտվել մեկ այլ խալիֆի գոյության հետ։ Իբն ալ Զուբեյրը 685 թվականին Քուֆայում իր փոխանորդ էր նշանակել ալ Մուխտարին՝ կարծելով, որ վերջինս հավատարմությամբ կծառայի իրեն։ Սակայն օգտվելով իր այդ կարգավիճակից ալ Մուխտարը ևս սկսեց պայքար գահի համար։ 686 թվականին իբն ալ Զուբեյրը զորք ուղարկեց ալ Մուխտարի դեմ, որն գտնվում էր Քուֆայում։ Ալ Մուխտարի դրությունը վատացավ, երբ Քուֆան անցավ իբն ալ Զուբեյրի կողմը։ 687 թվականին իբն ալ Զուբեյրի զորքը գրավեց Քուֆան, որի մարտերում էլ զոհվեց ալ Մուխտարը։ Այսպիսով գահի համար պայքարում մնացին երկուսը՝ Աբդ ալ Մալիքը ր իբն ալ Զուբեյրը։ Այս երկուսն էլ ունեին իրենց խնդիրները. իբն ալ Զուբեյրը պայքարում էր «նոր խարիջներ»-ի դեմ, իսկ Աբդ ալ Մալիքը Բյուզանդական կայսրության հետ ուներ խնդիրներ։ Այս նպատակով 689 թվականին Աբդ ալ Մալիքը կնքում է պայմանագիր Բյուզանդիայի հետ՝ պարտավորվելով նրան մուծել որոշալի քանակությամբ հարկ և զիջել որոշ տարածքներ։ Սրանից հետո Աբդ ալ Մալիքը նոր պայքար սկսեց իբն ալ Զուբեյրի դեմ։ Աբդ ալ Մալիքի զորքերը գլխավորում էր 30-ամյա ալ Հաջաջը։ 691 թվականին ալ Հաջաջի գլխավորած զորքը շարժվում է Մեքքա։ Եթե Յազիդի օրոք չհաջողվեց գրավել Մեքքան, ապա այս անգամ Օմայյաններին հաջողվեց գրավել Մեքքան, իսկ իբն ալ Զուբեյրը սպանվեց։ Սրանից հետո ալ Մալիքը Հաջջաջին նշանակում է Իրաքի կառավարիչ և տալիս է նրան ազատություն այն տարածքներում, որտեղ իշխում է։ Նա կարողանում է ճնշել խարիջիների ընդվզումները։ Աբդ ալ-Մալիքի օրոք սկսվեց նաև Հայաստանի նվաճումը։ Նրանք գրավեցին Հայաստանը, ապա Վիրքը, Աղվանքը, մերձկասպյան տարածքները։ Նվաճված տարածքներում 701 թ. նրանք ստեղծեցին նոր վարչական տարածք՝ Արմինիան ՝ Դվին կենտրոնով։ Աբդ ալ Մալիքի և Վալիդի կառավարման շրջանը բնութագրվում է վարչական համակարգի ազգայնացմամբ, արաբական տարադրամի ներմուծմամբ, փոստային համակարգի զարգացմամբ և այնպիսի ճարտարապետական կառույցների կառուցմամբ, ինչպիսին է «Ժայռի գմբեթը» մզկիթը Երուսաղեմում, իսլամում 3-րդ սրբավայրը։ Աբդ ալ Մալիքի օրոք արաբերենը ստացավ պետական լեզվի կարգավիճակ. խալիֆայության բոլոր մասերում գրագրությունը կատարվում էր արաբերենով։ Արաբական խալիֆայությունում օգտագործվում էին բյուզանդական ոսկյա և պարսկական արծաթյա դրամները, սակայն Աբդ ալ Մալիքի հրամանով շրջանառությունից հանվեցին օգտագործվող տարադրամները և դրանց փոխարեն ամբողջ խալիֆայությունում մտցվեց արաբական ազգային դրամը՝ ոսկյա դինարներ և արծաթյա դիրհեմները։ 695 թվականին Դամասկոսում հատվեցին առաջին ոսկյա դինարները։ Աբդ ալ Մալիքի կառավարման վերջին տարիները խաղաղ անցան։ Նրան հաջորդեց իր որդի ալ Վալիդը 705 թ.։ Նա շարունակեց հոր քաղաքականությունը։ Նրա օրոք շարունակվեցին մուսուլմանական նվաճումները և խալիֆայության սահմանները ընդարձակվեցին։ Նրա օրոք սկսվեց Մավարաննահրի նվաճումը։ Նրա զորքերը գրավեցին նաև Սամարղանդը, Բուխարան։ 713-715 թթ, նվաճեցին Ֆերգանան։ Նա վերանվաճեց Եգիպտոսի որոշ մասերը Բյուզանդիայից և շարժվեց դեպի Կարթագեն՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկայի ծայր արևմուտք։ Այնուհետև 711 թ. մուսուլմանական զորքերը անցան Ջիբրալթարի նեղուցը և սկսեցին Իսպանիայի նվաճումը՝ օգտագործելով Հյուսիսային Աֆրիկայի բերբերների ուժը։ Եվ արդեն մինչև 716 թ, արաբները ամբողջ Իսպանիան գրեթե նվաճել էին։ Արևելքում իսլամական զորքերը հասել էին մինչև Ինդոս գետ 712 թ.։ Վալիդը հայտնի է նաև իր կառուցողական աշխատանքներով, որոնցից են Ալ-Ակսայի մզկիթը Երուսաղեմում և Օմայյանների մզկիթը Դամասկոսում։
Խալիֆայությունը իր հզորության գագաթնակետին հասավ Վալիդ 1-ինի օրոք, որից հետո սկսվեց է նրա աստիճանական թուլացումը, ապա և ճգնաժամը։ Այդ ճգնաժամը կրում էր համակարգային բնույթ։ Այն համակել էր պետության բոլոր ոլորտները՝տնտեսական, քաղաքական, կառավարման, ռազմական և այլն, որի տրամաբանական վախճանը հանդիսացավ Օմայյանների անկումը։ 8-րդ դարի 20-30-ականներից սկսվում է տնտեսական վիճակի վատթարացումը՝կապված պետական գանձարան եկամուտների մուտքի պակասելու հետ։ Արաբները արդեն նվաճել էին այն, ինչ հնարավոր էր և այլևս եկամուտների աղբյուր չկար։ Բացի այդ խալիֆաները ցոփ կյանք էին վարում, ինչի հետևանքով բարձրացրել էին հարկերը և շատացել էին հարկերի գանձման ժամանակ կատարվող անօրինականությունները։ Գանձարանի աղքատացման հետևանքով զինվորները նախկինի պես կանոնավոր գումար չէին ստանում։ Դա առաջացրել էր նրանց վրդովմունքը։ Օմայյաններից վերջնականապես երես թեքեց Մեքքայի և Մադինայի արաբական վերնախավը։ Սա ծանր հարված էր Օմայյանների հեղինակությանը, որն ավելի թուլացրեց նրանց դիրքերը և խորացրեց խալիֆայության ճգնաժամը։ Անկայունության հաստատմանն էր նպաստում նաև Օմայյան դինաստիայում տիրող քաոսային վիճակը։ Պայքար էր ընթանում գահի համար։ Շատ խալիֆաներ մահանում էին խորհրդավոր պայմաններում։ Բավական է նշել, որ միայն 744 թ. գահին եղել է 4 խալիֆ՝ Վալիդ 2-րդ(743-744), Յազիդ 3-րդ(744), Իբրահիմ (744), և վերջապես Օմայյան վերջին խալիֆ Մրվան 2-րդ(744-750)։ Օգտվելով խալիֆայության ներքին դժվարություններից կրկին ակտիվացան շիաները։ Դժգոհության այս ֆոնի վրա տարբեր մասերում սկսվեցին ապստամբություններ և զինված ելույթներ։ Ապստամբություն բարձրացրեց Սիրիայի բնակչությունը, որի համար այլևս անտանելի էին հարկերը։ Մրվանը նրանց դեմ հանեց իր բանակը և գրավեց Հոմսը, քանդեց նրա և այլ քաղաքների պարիսպներ։ Իրաքում նա հարկադրված էր ծանր մարտեր մղել խարիջիների դեմ, որոնք բավականին ամրապնդել էին իրենց դիրքերը։ Անհանգստության մշտական կենտրոն էին Խորասանը, Միջին Ասիան, մասնավորապես Մավարաննահրը, որտեղ մեծ ազդեցություն ունեին շիաները։ 721 թ. հուժկու ապստամբություն բռնկվեց Սողդում, որի մասնակիցները հասան 10000-ի։ Այն դաժանությամբ ճնշվեց, սակայն 728 թ. այնտեղ նոր ապստամբություն բռնկվեց և նրանք պարտության մատնեցին օմայյան զորքերին և ի վերջո Մավարաննահրը թոթափեց արաբական տիրապետությունը։ Վիճակը անհանգիստ էր նաև Արմինիայում, որտեղ նույնպես ծավալվեց ապստամբական շարժում։ Հայաստանի, Աղվանքի, Վիրքի, Դաղստանի վիճակը շատ ծանր էր։ Ժողովուրդը տնքում էր հարկերի տակ։ 748 թ. հայ իշխանները ապստամբություն բարձրացրեցին նորընտիր Հայոց իշխան Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, որը ճնշվեց միայն 750 թ.։ Օմայյաններին մեծ գլխացավանք պատճառեց Հյուսիսային Աֆրիկան, որտեղ հակաօմայյական քարոզչություն էին անում խարիջիները։ Այսպիսով ամբողջ խալիֆայությունը համակել էր ապստամբական շարժումներով և Օմայյաններին տապալելու համար անհրաժեշտ էր վճռական հարված, որը հասցրին Աբբասյանները։ Նրանք Մուհամմադ մարգարեի հորեղբոր՝ Աբբասի հետևորդներն էին։ Նրանք, ժխտելով Օմայյանների իրավունքները գահի նկատմամբ, հայտարարեցին, որ իրենք են միակ օրինական կառավարիչները։ Աբբասյանները ապստամբության դրոշ բարձրացրեցին 747 թ.։ Նրա կենտրոնը Մերվի օազիսն էր։ Այն ղեկավարում էր ծագումով պարսիկ Աբու Մուսլիմը։ Նրա հրամանով սև շորեր հագած ապստամբները հունիսի 9-ի վաղ առավոտյան վառեցին խարույկները և բարձրացրին սև դրոշները։ Սևը հենց այդ ժամանակից դարձավ Աբբասյանների պաշտոնական գույնը։ Ստանալով ապստամբության լուրը՝Մրվան 2-րդը 748 թ. զորքերն ուղարկեց ապստամբների դեմ, սակայն ապստամբները հաջողությամբ ետ էին մղում խալիֆայի զորքերի հարձակումները։ Նրանք գրավեցին ամբողջ Իրանը և շարժվեցին դեպի Իրաք և գրավեցին Քուֆան։ Օմայանների և Աբբասյանների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 750 թ. Միջագետքում, Մեծ Զաբ գետի ափին, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Մրվանը փախավ Եգիպտոս։ Օմայան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց։ Իշխանությունը անցավ Աբբասյաններին։ Այս դինաստիան ամենաերկարակյացն էր և նրանք կառավարեցին ավելի քան 700 տարի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 272)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.