From Wikipedia, the free encyclopedia
Քսավյե Դոլան (ֆր.՝ Xavier Dolan, մարտի 20, 1989[1][2], Մոնրեալ, Քվեբեկ[3]), կանադացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, կրկնօրինակող-հնչյունավորող, կինոխմբագիր, մոնտաժող, ֆիլմերի հագուստի ձևավորող և մոդել։
Քսավյե Դոլան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1989[1][2] (35 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ[3] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, կրկնօրինակող, կինոդերասան, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, հագուստ ձևագծող և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Մանուել Տադրո |
Պարգևներ և մրցանակներ | |
xavier-dolan.com | |
Դոլանն իր գործունեությունը սկսել է դեռևս մանուկ հասակում որպես դերասան՝ նկարահանվելով կանադական հեռուստատեսության որոշ գովազդային հոլովակներում։ Սկսած քսան տարեկան հասակից Դոլանը հեղինակել է ութ «արտ հաուս» ֆիլմեր, դրանք են՝ «Ես սպանեցի մորս» (2009), «Երևակայական սեր» (2010), «Եվ միևնույնն է Լորենս» (2012), «Թոմը ագարակում» (2013), «Մայրիկ» (2014), «Սա ընդամենը աշխարհի վերջն է» (2016), «Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը» (2018) և «Մաթիաս և Մաքսիմ» (2019)։ Որպես ռեժիսոր միջազգային ճանաչում է ձեռք բերել իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմի թողարկումից հետո (ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնում)։ Դոլանին հաճախ անվանում են «քվեբեկյան կինոյի վունդերքինդ»[6][7][8][9]:
Դոլանը հայտնի է նաև որպես երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր։ 2013 թվականին նա հեղինակել է ֆրանսիական «Indochine» ռոք խմբի «College Boy» երգի տեսահոլովակը, իսկ 2015 թվականին՝ հանրահայտ անգլիացի երգչուհի Ադելի «25» ալբոմի առաջին սինգլ «Hello» երգի տեսահոլովակը։ Դոլանի գործունեության մեջ զգալի տեղ ունեն անգլալեզու ֆիլմերի ֆրանսերեն կրկնօրինակման և հնչյունավորման աշխատանքները, ընդհանուր առմամբ նա կրկնօրինակել ու հնչյունավորել է 150-ից ավելի գեղարվեստական, հեռուստատեսային և անիմացիոն ֆիլմեր ու սերիալներ:
Քսավյե Դոլանը արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի ութ պարգևների, այդ թվում՝ գրան-պրի մրցանակի «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար և ժյուրիի մրցանակի «Մայրիկ» ֆիլմի համար։ Դոլանը նաև «Սեզար» մրցանակի (եռակի) և մի շարք այլ կինոմրցանակների դափնեկիր է:
Քսավյե Դոլան Տադրոսը ծնվել է 1989 թվականի մարտի 20-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Նրա հայրը՝ Մանուել Տադրոսը, ճանաչված կատակերգու դերասան և երգիչ է, ունի եգիպտական (ղպտիական) ծագում։ Մայրը՝ Ժնևյեվ Դոլանը, մանկավարժ է, ունի ֆրանկո-կանադական և իռլանդական արմատներ։ Քսավյեի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա երկու տարեկան է եղել[10][11]։ Հետագայում նրան մայրն է դաստիարակել։
Չորս տարեկան հասակում Դոլանը հոր նախաձեռնությամբ հայտնվել է նկարահանման հրապարակում` նկարահանվելով քվեբեկյան «Ժան Քությու» (ֆր.՝ Jean Coutu) դեղատների ցանցի տասնյակ գովազդային հոլովակներում, որոնց ռեժիսորն էր Անդրե Մելանսոնը[12][13]։ 1994 թվականին հինգ տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել կանադական հեռուստատեսությամբ՝ խաղալով «Ողորմածություն» (ֆր.՝ Miséricorde) հեռուստասերիալում։ Այնուհետև իրար են հաջորդել մի քանի փոքր դերեր ֆիլմերում և սերիալներում։ Դոլանի գործունեության մեջ զգալի տեղ ունի անգլալեզու ֆիլմերի ֆրանսերեն կրկնօրինակման աշխատանքը։ Մասնավորապես՝ Դոլանի ձայնով է խոսում Ռոն Ուիզլիի կերպարը Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարի կանադական տարբերակում և Ջեյկոբ Բլեքի կերպարը «Մթնշաղ սագա» ֆիլմաշարի կանադական տարբերակում[11]։ Վաղ շրջանում Դոլանի դերասանական մասնակցությամբ ֆիլմերի տիտրերում որպես կանոն նշվում էր Դոլան-Տադրոս (ֆր.՝ Dolan-Tadros) ազգանունը[12]։
Ինչպես նկատել է «Cinema Scope» ամսագրի քննադատներից մեկը, Դոլանը «մեծացել է կանադացի հեռուստադիտողների աչքի առաջ»[13]։ 2006 թվականին Էտյեն Դերոզյեի «Ամառվա հայելու մեջ» (ֆր.՝ Miroirs d'été) կարճամետրաժ կինոնկարում նա խաղացել է մի պատանու դեր, որն առերեսվում է սեփական սեռականության խնդրի հետ։ Դոլանի համար անձնական նշանակություն ունեցող այդ թեման հետագայում զարգացում է ստացել նրա ինքնուրույն ռեժիսորական աշխատանքներում[14]։ Պատանի Դոլանի ամենանշանավոր դերը եղել է ազգային կինոշուկայում մեծ հաջողությունների հասած Պասկալ Լոժյեի «Նահատակներ» (ֆր.՝ Martyrs) սարսափ ֆիլմում կատարած դրվագային մի դեր[12][13]։
Կարիերայի սրընթաց զարգացումը և անհանգիստ բնավորությունը թույլ չտվեցին Դոլանին հաշտվել դպրոցական շրջանակների հետ, և նա 16 տարեկանում լքեց դպրոցը՝ մնալով առանց հիմնական կրթությունը հաստատող ավարտական վկայականի։ Իր ռեզյումեի կրթության մասին բաժնում նա նշել էր երկու կետ. Ռոբերտ Մակիի սցենարական վարպետության սեմինարը և անգլերենի դասընթացը ըստ «Բերլից» մեթոդի[11]։ Դպրոցը լքելուն հաջորդող ժամանակաշրջանը Դոլանը բնորոշել է որպես «անգոյություն». նա չէր ստանում նոր դերերի առաջարկներ և չէր կարողանում սպառել իր ստեղծագործական էներգիան[15]։ Իր անբավարարվածությունը Դոլանը արտահայտեց ստեղծելով մի ֆիլմի ուրվանկար։ Դոլանը նշել էր, որ «ֆիլմում կարող էր գլխավոր դեր կատարել, և այն սենսացիա կդառնար Կաննում»[11]։ Ֆիլմի սցենարը պատրաստ էր, երբ Դոլանը 17 տարեկան դարձավ[16]։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ պիտի ինքնուրույն սկսի ֆիլմի ստեղծման գործընթացը։ Մտածվածը հաջողվեց իրագործել միայն երկու տարի անց, և 2008 թվականին Դոլանը սկսեց «Ես սպանեցի մորս» (ֆր.՝ J'ai tué ma mère) ֆիլմի նկարահանումները[11][13]։
Քսավյե Դոլանը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը իր ռեժիսորական դեբյուտով՝ «Ես սպանեցի մորս» (ֆր.՝ J'ai tué ma mère) ֆիլմով։ 20-ամյա Դոլանը նաև հեղինակել էր ֆիլմի սցենարը, հանդես եկել ֆիլմում որպես գլխավոր դերակատար։ Բացի այդ Դոլանը նաև ֆիլմի պրոդյուսերն էր։ Ֆիլմի իրագործման համար նա օգտագործել էր դեռևս մանուկ հասակում իր դերասանական գործունեության արդյունքում հավաքված միջոցները[17]։ Կանադական «Le Soleil» թերթին տրված հարցազրույցում Դոլանը նշել է, որ ֆիլմը մասամբ ինքնակենսագրական է[18]։ Դոլանի հետ ֆիլմում գլխավոր դերեր են կատարել ֆրանկո-կանադացի դերասանուհի Էնն Դորվալը (Դոլանի հերոսի մոր դերում) և երիտասարդ ֆրանկո-կանադացի դերասան, «Բորջիա» սերիալի աստղ Ֆրանսուա Արնոն (Դոլանի կերպարի սիրեկանի դերում)։
Ի սկզբանե ֆիլմը ֆինանսավորվում էր բացառապես Դոլանի կողմից։ Երբ ավելի մեծ գումարի անհրաժեշտություն է եղել, Դոլանը դիմել է «Telefilm Canada» և «SODEC» կազմակերպություններին՝ ակնկալելով դրամական աջակցություն, սակայն սկզբում երկուսն էլ մերժել են[18]։ Ֆիլմի պրոեկտը «SODEC» կազմակերպության կողմից հավանության էր արժանացել, այնուհանդերձ «SODEC»-ը հրաժարվել էր ֆինանսավորել, քանի որ պրոեկտը ներկայացվել էր կազմակերպության չափազանց կոմերցիոն բաժանմունք։ «SODEC»-ը առաջարկեց Դոլանին կրկին դիմել դրամական աջակցության համար, սակայն այս անգամ այլ՝ ինդի բաժանմունքին։ Դոլանն այդպես էլ վարվեց, և 2008 թվականի դեկտեմբերին «SODEC»-ի կողմից ստացավ 400.000 կանադական դոլարի չափով սուբսիդիա։ Ընդհանուր առմամբ ֆիլմի արտադրության վրա ծախսվեց մոտ 800.000 կանադական դոլար[16]։ Ֆինանսավորում ստանալու համակարգի վերաբերյալ Դոլանը ասել է, որ այն «հնացած մեխանիզմ է, որը գերության մեջ է պահում Քվեբեկի ստեղծագործական ներուժը»[18]։
«Ես սպանեցի մորս» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնում, «Ռեժիսորական գիշեր» ծրագրի շրջանակներում։ Հանդիսատեսը ողջունել է ֆիլմը 8 րոպեանոց հոտնկայս ծափահարություններով։ Մայիսի 22-ին ֆիլմը արժանացել է փառատոնի երեք մրցանակների՝ «CICAE»-ի մրցանակ, «SACD»-ի մրցանակ և «Երիտասարդական հայացք» մրցանակ[19]։ Բացի այդ, ֆիլմը նաև շահել է Լյումիեր կինոմրցանակը և հաղթել «Ժյուտրա» կինոմրցանակի երեք տարբեր անվանակարգերում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն սցենար» և «Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմ»[20]։ «Ջիննի» մրցանակացաշխության շրջանակներում ֆիլմը արժանացել է Կլոդ Ժյուտրայի անվան մրցանակի, իսկ Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիան Դոլանին՝ որպես նորահայտ տաղանդի, շնորհել է Ջեյ Սքոթի անվան մրցանակ 5000 ԱՄՆ դոլարի չափով։ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կողմից «Ես սպանեցի մորս» ֆիլմը ընդգրկվել է Կանադայի 2009 թվականի թոփ 10 ֆիլմերի ցանկում։ Օսկարի 82-րդ մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայտեր առաջադրող կանադական կոմիտեն պաշտոնապես ընտրել էր «Ես սպանեցի մորս» ֆիլմը որպես թեկնածու, սակայն թեկնածությունը չէր ընդունվել Ամերիկյան կինոակադեմիայի կողմից[21][22]։
Ֆիլմի տարածման իրավունքները հետագայում վաճառվել էն ավելի քան 20 երկրներում[23]։ ԱՄՆ-ում ֆիլմի դիստիբյուտոր «Regent Entertainment» ընկերությունը որոշակի իրավական խնդիրների պատճառով չէր թողարկում ֆիլմը մինչև 2013 թվականը, իսկ թողարկումից հետո ֆիլմի շահույթը քիչ է եղել[24][25]։
«Ես սպանեցի մորս» ֆիլմը արժանացել է կինքոննադատների բարձր գնահատականին։ Համաձայն «The Hollywood Reporter» ամսագրի թղթակից Փիթր Բրունետի կարծիքի՝ «այդ որոշակիորեն անհարթ ֆիլմը ցուցադրում է հեղինակի հսկայական տաղանդը, <…>, այն զվարճալի է և համարձակ»։ Իսկ «Screen International» ամսագրից Ալան Հանթերը նշում է, որ ֆիլմը պարունակում է «խորաթափանցորեն դիտված ճշմարտության խայթ»։ Կաննի կինոփառատոնի ժյուրին ընդգծել էր ֆիլմի իրագործման եզակիությունը, ֆիլմում հանդիպող ճշմարտությունը, բռնությունն ու լեզվի պոետիկությունը, բարձր էր գնահատել երիտասարդ ռեժիսորի կատարած ծանր աշխատանքը՝ «քրտինքը» (ֆիլմում նկատվում են Դոլանի ձախ ոտքի վրա դաջված Ժան Կոկտոի խոսքերը՝ «Աշխատանքը քրտինք է»)։ Ինքը Դոլանը բազմիցս նշել է, որ ֆիլմը «թերի է»[21]։
Դոլանի հեղինակած երկրորդ՝ «Երևակայական սեր» (ֆր.՝ Les Amours imaginaires) ֆիլմը ֆինանսավորվել է մասնավոր կերպով[23]։ Ֆիլմի ֆինանսավորումը Դոլանը իրականացրել է իր «Mifilifilms» պրոդյուսերական ընկերության միջոցով՝ երեք գործարարների աջակցությամբ։ Ֆիլմի սցենարը Դոլանը ավարտել է 2009 թվականի աշնանը։ Ֆիլմը պատմում է երկու ընկերների մասին (Դոլան, Մոնիա Չոկրի), որոնք սիրահարված են մի տարօրինակ երիտասարդի (Նիլս Շնայդեր), ինչից տուժում է իրենց ընկերությունը։ Նկարահանումները տևել են 25 օր։ Ռեժիսորի և սցենարիստի աշխատանքից բացի Դոլանը ստանձնել է նաև ֆիլմի խմբագրի պաշտոնը, հանդես եկել գլխավոր դերերից մեկում և ձևավորել հագուստները։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի մայիսին Կաննի 63-րդ միջազգային կինոփառատոնում՝ «Un Certain Regard» կատեգորիայի շրջանակներում։ Այս անգամ ևս ֆիլմը դիմավորվել է հանդիսատեսի կողմից հոտնկայս ծափահարություններով և արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին[26]։ Այն շահել է Կաննի կինոփառատոնի «Երիտասարդական հայացք» մրցանակը, ինչպես նաև հունիսին՝ Սիդնեյի կինոփառատոնի բարձրագույն մրցանակը[21]։ Ֆիլմը 2011 թվականի ընթացքում ցուցադրվում էր փառատոններում, սակայն այն չգտավ իր լսարանը ոչ ֆրանսախոս երկրներում։
2011 թվականի փետրվարին Քսավյե Դոլանը սկսել է նկարահանել իր երրորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Եվ միևնույնն է Լորենս» (ֆր.՝ Laurence Anyways) անվանվամբ։ Ֆիլմը պատմում է տրանսգենդեր կին Լորենսի և իր կյանքի ընկեր Ֆրեդի հարաբերությունների մասին, իրադարձությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին։
Այս ֆիլմի պրեմիերան ևս կայացել է Կաննում, 2012 թվականի Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում, կրկին «Un Certain Regard» կատեգորիայի շրջանակներում։ Պրեմիերայի ժամանակ Դոլանը և ողջ դերասանական անձնակազմը փակցրել էին իրենց հագուստին կարմիր քառակուսիներ՝ որպես աջակցության նշան Քվեբեկում ուսանողության կողմից կազմակերպված ցույցերին[en][27]: Ֆիլմը արժանացել է կինոփառատոնի «Քվիր արմավենի» մրցանակին, իսկ Ֆրեդի դերակատար Սյուզան Կլենամը հաղթել է «լավագույն դերասանուհի» անվանակարգում[28][29]։
Ֆիլմը բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից[30][31]։ Օլիվյե Պերեն այն «խանդավառող» է անվանել, իսկ «Libération» թերթի թղթակից Ժուլիեն Գեստերի կարծիքով «Եվ միևնույնն է Լորենս»-ը Դոլանի ամենագեղեցիկ ֆիլմն է։ «MTV» ալիքի «The Out Take» հաղորդումը, որը հայտնի է ԼԳԲՏ թեմատիկայի ֆիլմերի վերլուծություններով, «Եվ միևնույնն է Լորենս» ֆիլմը որակել է որպես տարվա լավագույն ֆիլմ[32]։
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ֆիլմը հաղթել է «լավագույն կանադական ֆիլմ» անվանակարգում, իսկ փառատոնի ժյուրին պնդել է. «պատիվ ենք համարում հետևել այսպիսի հանճարի աշխատանքին, քանի որ այն օժտված է կինեմատոգրաֆիական կլանող էներգիայով և սիրո մասին բացառապես նոր պատմություն է»։ Չնայած մեծ հաջողությանը, ֆիլմը չի թողարկվել մեկ տարվա ընթացքում, իսկ թողարկումից հետո Կանադայում ֆիլմի հասույթը եղել է մոտավորապես 500.000 ԱՄՆ դոլար[33]։
2012 թվականի մայիսին Դոլանը հայտարարել է, որ աշխատանքի մեջ է իր չորրորդ՝ «Թոմը ագարակում» (ֆր.՝ Tom à la ferme) ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած է Միշել Մարկ Բուշարի համանուն պիեսը[34]։ Դոլանը հեղինակել է ֆիլմի սցենարը, հանդես եկել գլխավոր դերում։ Նա նաև ընդգրկվել է ֆիլմի պրոդյուսերների թվում՝ իր կողմից հիմնադրված «Sons of Manual» ընկերության միջոցով։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ սեպտեմբերի 2-ին ֆիլմը շահել է «FIPRESCI» մրցանակ։ Դոլանն այս մրցանակը բնորոշել է որպես «եզակի և զգալի պատիվ»։ Չնայած ֆիլմը ցուցադրվել է տարբեր կինոփառատոններում 2013 թվականի ընթացքում, այն չէր թողարկվում ԱՄՆ-ում մինչև 2015 թվականը։ 2015 թվականի օգոստոսին Դոլանը հարցազրույցում ասել է.
Ինձ ոչ ոք չի ճանաչում նահանգներում, քանի որ իմ ֆիլմերը թողարկվել են այնտեղ շատ անկանոն կերպով, բոլորը տարբեր դիստիբյուտորների կողմից։ <…> Չեմ ուզում հավակնոտ թվալ, բայց դա մտահոգում է ինձ[35]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
No one knows me in the States, because the movies have been released in such an awkward, irregular fashion, all by different distributors. <…> I don’t want to sound pretentious, but it’s puzzling. - Քսավյե Դոլան |
«Թոմը ագարակում» ֆիլմը ևս բարձր է գնահատվել կինոքննադատության կողմից։ Մի շարք կինոքննադատներ Դոլանի այս աշխատանքը համեմատել են Պատրիցիա Հայսմիթի ստեղծագործությունների էկրանավորումների և Ռոման Պոլանսկու վաղ ֆիլմերի հետ[36]։
Դոլանի հինգերորդ «Մայրիկ» (ֆր.՝ Mommy) ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին։ Այն կինոքննադատների կողմից միաձայնորեն առանձնացվել է որպես Դոլանի մինչև այժմ կատարած ամենահասուն աշխատանք և համարվում է բեկումնային նրա ռեժիսորական կարիերայի համար[37]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմը մասնավոր դիտումից հետո արժանացել է լրագրողների և քննադատների հիացական գնահատանքին։ Մայիսի 24-ին ֆիլմը արժանացել է կինոփառատոնի ժյուրիի մրցանակին, կիսելով այն Ժան Լյուկ Գոդարի «Բարով մնաս, խոսք» 3D դրամայի հետ[38]։ Ժյուրիի նախագահն էր ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը, և Դոլանը մրցանակը ստանալիս ասել է.
«Դաշնամուր»-ը [Քեմփիոնի ֆիլմը] իմ դիտած առաջին ֆիլմն էր, որը սահմանեց, թե ով եմ ես։ Այն ստիպեց ինձ ցանկություն ունենալ գրելու ֆիլմեր հոգով, կամքով և հզորությամբ օժտված գեղեցիկ կանանց համար։ Ինձ համար բացառիկ է անգամ Ձեզ [Քեմփիոնի] հետ նույն բեմում գտնվելը[39]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
«The Piano» was the first film that I watched that truly defined who I am. It made me want to write films for beautiful women with soul and will and strength. To even stand on the same stage as you is extraordinary. - Քսավյե Դոլան |
«Մայրիկ»-ը Դոլանի առաջին ֆիլմն է, որ նշանակալի հաջողությունների է հասել նաև վարձույթում։ 2014 թվականին այն Քվեբեկում ամենաշատ վաճառված ֆիլմն էր, միայն Կանադայի ներսում ֆիլմի հասույթը 2014-ին կազմել է 3,5 միլիոն դոլար[40]։ Համաձայն «Montreal Gazette» թերթի տվյալների՝ Ֆրանսիայում ֆիլմը դիտել են մեկ միլիոնից ավել մարդիկ։
2015 թվականին «Մայրիկ»-ը շահել է նաև «Սեզար» կինոմրցանակ «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում[41]։ Կանադայի կողմից ֆիլմը առաջադրվել էր Օսկարի 87-րդ մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար, սակայն այս անգամ ևս թեկնածությունը չէր ընդունվել[42]։
Դոլանի հաջորդ «Սա ընդամենը աշխարհի վերջն է» (ֆր.՝ Juste la fin du monde) ֆիլմը Ժան-Լյուկ Լագարսի համանուն պիեսի էկրանավորումն է։ Ֆիլմի հերոսը երիտասարդ գրող է (Գասպար Ուլյել), ով երկար տարիների բացակայությունից հետո վերադառնում է ընտանիքի մոտ իր մոտալուտ մահվան լուրը հայտնելու համար։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի մայիսի վերջին և ավարտվել 2016 թվականին[43]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է երկու՝ գրան-պրի և Էկումենիկ ժյուրիի մրցանակների[44][45][46]։ Ֆիլմը Քվեբեկում և Ֆրանսիայում թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին[47]։ Ֆրանսիայում Դոլանի այս ֆիլմի դիտողների քանակը կրկին գերազանցել է մեկ միլիոնը[48]։
2016 թվականի դեկտեմբերին «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմը ներառվել էր Օսկարի 89-րդ մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցող 9 ֆիլմերի ցանկում, սակայն 2017-ի հունվարին այն չի առաջադրվել[49][50][51]։
2017 թվականին «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմը մասնակցել է «Սեզար» 42-րդ մրցանակաբաշխությանը, որտեղ Դոլանը շահել է երկու մրցանակ՝ «լավագույն ռեժիսոր» և «լավագույն խմբագիր» անվանակարգերում[52]։ Բացի այդ, Դոլանը նաև հաղթել է Կանադական կինոմրցանակաբաշխություն երեք անվանակարգերում՝ «լավագույն ռեժիսոր», «լավագույն ֆիլմ» և «լավագույն ադապտացված սցենար»[53]։
Չնայած կինոփառատոններում գրանցած լուրջ հաջողություններին, «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմը կինոքննադատության կողմից արժանացել է հակասական կարծիքների։ «The Guardian» թերթը այն որակել է որպես «ընտանեկան դիսֆունկցիայի փայլուն, ոճավորված և զգայնախաբական արտահայտություն»[54]։ Սակայն Կաննի կինոառատոնի ընթացքում հնչել են նաև բացասական կարծիքներ։ Այսպես, օրինակ «Vanity Fair» ամսագրի համաձայն այն «Կաննում հանդիպող ամենահիասթափեցնող ֆիլմն է»[55][56][57]։ «The Hollywood Reporter»-ը ֆիլմը կոչել է «սառը և խորապես չբավականեցնող»[58]։ Դոլանը հայտնել է իր անհամաձայնությունը բացասական կարծիքների հետ[59][60]։
2013 թվականի մարտին Դոլանը սկսել է աշխատել իր առաջին անգլալեզու «Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը» (անգլ.՝ The Death & Life of John F. Donovan) անվանվամբ ֆիլմի վրա[61]։ Սցենարը Դոլանը գրել է Ջեյքոբ Թիրնիի հետ համատեղ։ Ֆիլմը պատմում է հոլիվուդյան կինոդերասան Ջոն Ֆ. Դոնովանի (Քիթ Հարինգթոն) մասին, ում կյանքն ու կարիերան կտրուկ փոխվում են, երբ մի թղթակից (Ջեսիկա Չեսթեյն) հրապարակում է Դոնովանի և իր 11-ամյա երկրպագուի անձնական նամակագրությունը։ Ֆիլմում նաև նկարահանվել են այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք են Նատալի Փորտմանը, Սյուզան Սարանդոնը, Քեթի Բեյթսը, Թենդի Նյուտոնը և Բելա Թորնը[62]։ 2018 թվականին իր ինստագրամյան էջում Դոլանը հայտնել է, որ ֆիլմից հեռացվել են Ջեսիկա Չեսթեյնի դերակատարմամբ հատվածները[63]։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի Տորոնտոյի 43-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Այս անգամ Դոլանի հեղինակած ֆիլմը արժանացել է սոսկ բացասական արձագանքի կինոքննադատության կողմից[64]։ «IndieWire» կայքը այն որակել է որպես Դոլանի կարիերայի «ամենավատ» ֆիլմ[65]։ «The Guardian»-ը ֆիլմը գնահատել է 5-ից 1 աստղով, անվանելով այն «կասկածելի խառնաշփոթ»[66]։ Համաձայն «Screen International» ամսագրի՝ «ֆիլմը կարող է այցելել Դոլանի համար շատ ծանոթ վայրեր, սակայն այս վիճակում այն ցանկալի է դիմավորել միայն տանը»[67]։
2019 թվականին «Télérama» ամսագրին տված հարցազրույցում Դոլանը նշել է ֆիլմի նկարահանման ընթացքում ծագած մի շարք բարդությունների մասին՝ ֆինանսավորման հետ կապված դժվարություններ, տարբեր մայրցամաքների վրա ընթացող նկարահանումներ, խմբագրման ընթացքում ընտրության դժվարություն՝ կապված նյութի չափից դուրս մեծ քանակության հետ։ Համաձայն Դոլանի՝ «երեք ֆիլմի համար նյութ էր հավաքվել, ֆիլմի առաջին տարբերակը տևում էր 4 ժամից ավելի»։ Մի շարք երկրների (Իտալիա, Ճապոնիա) ֆիլմի թողարկման իրավունք չի տրամադրվել։ Ֆրանսիայում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի մարտի 13-ին։
2018 թվականի հունվարին հայտարարվել էր, որ Դոլանը պատրաստվում է նկարահանել իր ութերորդ՝ «Մաթիաս և Մաքսիմ» անվանվամբ ֆիլմը[68], հանդես գալով որպես ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերերից մեկի դերակատար։ «Մաթիաս և Մաքսիմ» ֆիլմը կրկին ֆրանսալեզու է, նկարահանումները սկսվել են 2019 թվականի օգոստոսի 15-ին Քվեբեկում[69][70]։ Ֆիլմը պատմում է վաղեմի ընկերներ Մաթիասի (Գաբրիել դ'Ալմեյդա) և Մաքսիմի (Դոլան) մասին, որոնց հարաբերությունները բարդանում են մի կարճամետրաժ ֆիլմի համբույրի տեսարանում նկարահանվելուց հետո։
«Մաթիաս և Մաքսիմ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 22-ին՝ Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում[71]։ Կանադայում ֆիլմի թողարկումը նախատեսված է 2019 թվականի հոկտեմբերի 9-ին։ Ըստ «The Guardian» օրաթերթի՝ «Դոլանի հասունացման շրջանի այս անդադար բանբասանքով լեցուն ֆիլմը բարեսիրտ բնույթ ունի»[72]։
Դոլանը հայտնի է նաև որպես երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր։ 2013 թվականի մարտին նա հեղինակել է ֆրանսիական «Indochine» ռոք խմբի «College Boy» երգի տեսահոլովակը, որում դեռահաս տղան նվաստացվում է համադասարանցիների կողմից[73]։ Նույն թվականի մայիսի սկզբին Ֆրանսիայի տեսալսողական նյութերի բարձրագույն խորդուրդը որոշել է տարիքային սահմանափակում դնել տեսահոլովակի վրա։ Դոլանը արդարացրել է իր աշխատանքը, նշելով, որ հոլովակում ցուցադրվող բռնությունն անհիմն չէ, իսկ խորհրդի որոշումը տեսահոլովակին էլ ավելի մեծ ճանաչում է բերում։
2015 թվականին Դոլանը հեղինակել է Ադելի «25» ալբոմի «Hello» սինգլի տեսահոլովակը[74], որն «IMAX» համակարգով նկարված կադրեր է պարունակում[75][76]։ Տեսահոլովակը գերազանցել է «Vevo»-ի 24 ժամվա ընթացքում առավելագույն քանակությամբ դիտումների ռեկորդը՝ 27,7 միլիոն դիտում[77]։ 2016 թվականին տեսահոլովակը արժանացել է «Ջունո» մրցանակի՝ «տարվա վիդեո» անվանակարգում[78]։
2015 թվականի մայիսին Դոլանը ընտրվել է Կաննի միջազգային 68-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[79][80]։
Բացառությամբ իր հեղինակած ֆիլմերում կերտած դերերի, Դոլան-դերասանի թերևս ամենանշանակալից աշխատանքը մասնակցությունն է կինոռեժիսոր Շարլ Բինամեյի 2014 թվականի «Փղի երգը» ֆիլմում։ Այս ֆիլմում Դոլանը ստանձնել է գլխավոր դերեից մեկը, մարմնավորելով հոգեբուժարանի խնամառու Մայքլ Ալինին, ով հոգեբույժին ներգրավում է բարդ մտային խաղի մեջ[81][82]։ 2018 թվականին Դոլանը երկրորդական դերերով հանդես է եկել «Ջնջված ինքնություն» և «Ծանր ժամանակներ Էլ Ռոյալում» ֆիլմերում[83]։ Նա խաղացել է ամերիկյան «Այն 2» ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 6-ին[84]։
Դոլանը նաև մոդելային գործունեություն է ծավալում։ 2015 թվականին նա հանդես է եկել որպես ֆրանսիական «Լուի Վիտոն» նորաձևության տան մոդել[85]։
Քսավյե Դոլանը նշել է, որ որևէ կոնկրետ ռեժիսորի գործունեություն ազդեցություն չի ունեցել իր վրա։ Սակայն 2009 թվականին Դոլանը հայտնել է, որ Միխայել Հանեկեն իր սիրելի ռեժիսորներից մեկն է՝ ընդգծելով Հանեկենի ճշգրիտ աշխատանքը կինոխցիկի հետ և ուժեղ սցենարները։ Հանեկենի «Ուրախ խաղեր» (1997) և «Դաշնակահարուհի» (2001) աշխատանքները Դոլանի բնորոշմամբ իր սիրելի ֆիլմերն են[87]։
2014 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնի ընթացքում Դոլանն ասել է, որ Ջեյն Քեմփիոնի «Դաշնամուր» (1993) ֆիլմը իր համար ներշնչանքի հիմնական աղբյուր է հանդիսացել, իսկ «Տիտանիկ» (1997) ֆիլմը ազդել է իր կինոինդուստրիա մուտք գործելու որոշման վրա[88]։ Համաձայն Դոլանի՝ «Իմ անձնական նահանգ Այդահո» (1991) ֆիլմը ազդեցություն է ունեցել իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմի վրա[89]։ Դոլանը նաև նշել է, որ իր վրա մեծ տպավորություն է գործել երկնքից ընկնող գորտերի տեսարանը «Մագնոլիա» (1999) ֆիլմից։
2013 թվականին տված հարցազրույցում Դոլանն ասել է.
Ես ուզում եմ ասել որ ռեժիսորները այդքան մեծ ազդեցություն չեն թողնում ինձ վրա։ <…> Ես կարդացել եմ իմ ֆիլմերի մասին բոլոր հիմնական կարծիքները, որովհետև ես «խենթ» եմ և կենտրոնանում եմ բացասականի վրա, ես ուզում եմ իմանալ, թե ինչ են մարդիկ կարծում և ինչու են նրանք այդ կարծիքին։ Իր կարծիքը, ենթադրություններն ու ասոցիացիաները պարտադրող հանդիսատեսը ինձ այնքան շատ է վախեցրել հղումներով և ազդեցություններով, որոնք երբեք իմը չեն եղել։ <…> Բայց եկեք ազնիվ լինենք. գաղափարները պտտվում են և ամեն ինչ արդեն արված է, այժմ ողջ հարցը նոր մեկնաբանություն գտնելն է[90]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
What I'm trying to say is that I'm not that influenced by directors. <…> I've read basically every review of my films because I'm crazy and I focus on what's negative and I want to know what people think — and why they think it. So many times I've been bullied into references and influences that were never mine by viewers that would project their opinions and associations and assumptions on me. <…> But let's get real: ideas travel and everything's been done, it's all a matter of interpreting things again now. - Քսավյե Դոլան |
Քսավյե Դոլանը բացահայտ գեյ է[91]։ Նա հրպարակայնորեն քամինգ-աութ է կատարել 16 տարեկան հասակում[92]։ Իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմը Դոլանը կիսաինքնակենսագրական է բնորոշել[22][87]։
Իր անձնական կյանքին վերաբերող լրագրողների հարցերին Դոլանը միշտ հպանցիկ է պատասխանում, ինչի պատճառով հանրությունը ենթադրում է, որ նա միայնակ է[92]։ 2014 թվականին տված հարցազրույցում Դոլանը հայտնել է, որ սիրահարված է, հավելելով՝ «սակայն դա, ինչպես միշտ, բարդ պատմություն է»[93]։
Դոլանը բազմիցս ելույթ է ունեցել հոմոֆոբիայի հետ կապված խնդիրների հաղթահարման կարևորության վերաբերյալ։ Մասնավորապես 2014 թվականի հոկտեմբերին նա իր ափսոսանքն է հայտնել գեյերի իրավունքների հարցում Ֆրանսիայի դիրքորոշման կապակցությամբ, ընդգծելով Ֆրանսիայի հետամնացությունը Քվեբեկի նկատմամբ[94]։ Հարցազրույցներում Դոլանն իր անբարեհաճությունն է արտահայտել առանձին ԼԳԲՏ կինոմրցանակների նկատմամբ, նշելով որ այդ թեմատիկայով ֆիլմերը ստեղծվում են լայն լսարանի համար և նրանց առանձնացումը տրամաբանական չէ[95]։ Դոլանը դրանում «անիրական հակասություն» է տեսնում[96]։
Այս նշանով առանձնացված են Դոլանի հեղինակած ֆիլմերը |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ռեժիսոր |
---|---|---|---|---|
1997 | Ես ձեզ հետ եմ | ֆր.՝ J'en suis ! | Էդուարդ | Claude Fournier[en] |
1999 | Ավազյա մարդը[~ 1] | ֆր.՝ Le marchand de sable | — | Nadine Fournelle[en] |
2001 | Թաքնված ամրոցը | ֆր.՝ La Forteresse suspendue | Մայքլ | Roger Cantin[en] |
2006 | Ամառվա հայելու մեջ[~ 1] | ֆր.՝ Miroirs d'été | Ժուլիեն | Etienne Desrosiers[en] |
2008 | Նահատակներ | ֆր.՝ Martyrs | Անտուան Բելֆոնդ | Pascal Laugier[en] |
2009 | Սյուզի | ֆր.՝ Suzie | Փանք | Micheline Lanctôt[en] |
2009 | Ես սպանեցի մորս[~ 2] | ֆր.՝ J'ai tué ma mère | Յուբեր Մինել | Ինքը |
2010 | Երևակայական սեր[~ 2] | ֆր.՝ Les Amours imaginaires | Ֆրանսիս | Ինքը |
2010 | Լավ հարևաններ | անգլ.՝ Good Neighbours, ֆր.՝ Notre-Dame-de-Grâce |
Ժան-Մարկ | Jacob Tierney[en] |
2010 | Լիփսեթի օրագրերը | ֆր.՝ Les journaux de Lipsett | Պատմող | Theodore Ushev[en] |
2012 | Եվ միևնույնն է Լորենս[~ 3] | ֆր.՝ Laurence Anyways | Երեկույթում հանդիպող տղամարդ | Ինքը |
2013 | Թոմը ագարակում[~ 2] | ֆր.՝ Tom à la ferme | Թոմ | Ինքը |
2013 | Արտասովոր անձնավորություն[~ 4] | ֆր.՝ Quelqu'un d'extraordinaire | — | Monia Chokri[en] |
2014 | Հրաշք | ֆր.՝ Miraculum | Էտյեն | Daniel Grou[en] |
2014 | Փղի երգը | անգլ.՝ Elephant Song | Մայքլ Ալին | Charles Binamé[en] |
2014 | Մայրիկ[~ 2] | ֆր.՝ Mommy | — | Ինքը |
2016 | Սա ընդամենը աշխարհի վերջն է[~ 2] | ֆր.՝ Juste la fin du monde | — | Ինքը |
2018 | Ջնջված ինքնություն | անգլ.՝ Boy Erased | Ջոն | Joel Edgerton[en] |
2018 | Ծանր ժամանակներ Էլ Ռոյալում | անգլ.՝ Bad Times at the El Royale | Բադդի Սանդեյ | Drew Goddard[en] |
2018 | Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը[~ 2] | անգլ.՝ The Death & Life of John F. Donovan | — | Ինքը |
2019 | Մաթիաս և Մաքսիմ[~ 2] | ֆր.՝ Matthias et Maxime | Մաքս | Ինքը |
2019 | Այն 2 | անգլ.՝ It Chapter Two | Ադրիան Մելլոն | Andy Muschietti[en] |
Հաղթանակներ | 61 | |
Առաջադրումներ | 80 |
Տարի | Անվանակարգ | Առաջադրված ֆիլմ | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|
2009 | «CICAE»-ի պարգև | Ես սպանեցի մորս | Հաղթանակ | [98] |
«SACD»-ի մրցանակ | Հաղթանակ | |||
«Երիտասարդական հայացք» մրցանակ | Հաղթանակ | |||
2010 | «Երիտասարդական հայացք» մրցանակ | Երևակայական սեր | Հաղթանակ | [97] |
«Un Certain Regard» մրցանակ | Առաջադրված | |||
2012 | «Քվիր արմավենի» մրցանակ | Եվ միևնույնն է Լորենս[en] | Հաղթանակ | [99][100] |
«Un Certain Regard» մրցանակ | Առաջադրված | |||
2014 | Ժյուրիի մրցանակ | Մայրիկ | Հաղթանակ | [101] |
2016 | Գրան-պրի | Սա ընդամենը աշխարհի վերջն է[en] | Հաղթանակ | [102][103] |
Էկումենիկ ժյուրիի մրցանակ | Հաղթանակ | |||
2019 | «Ոսկե արմավենի» մրցանակ | Մաթիաս և Մաքսիմ[en] | Առաջադրված | [97] |
«Քվիր արմավենի» մրցանակ | Առաջադրված |
Տարի | Անվանակարգ | Առաջադրված ֆիլմ | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|
2010 | Լավագույն արտասահմանյան ֆիլմ | Ես սպանեցի մորս | Առաջադրված | [104] |
2011 | Երևակայական սեր | Առաջադրված | [105] | |
2013 | Եվ միևնույնն է Լորենս[en] | Առաջադրված | [106] | |
2015 | Մայրիկ | Հաղթանակ | [107] | |
2017 | Լավագույն ռեժիսոր | Սա ընդամենը աշխարհի վերջն է[en] | Հաղթանակ | [108] |
Լավագույն խմբագիր | Հաղթանակ | |||
Լավագույն արտասահմանյան ֆիլմ | Առաջադրված | |||
2012 թվականին «Ջիննի» մրցանակաբաշխությունը[en] և Կանադական ազգային կինոմրցանակաբաշխությունը միավորվել են, անվանվելով Կանադական կինոմրցանակաբաշխություն[en][109]:
Տարի | Անվանակարգ | Առաջադրված ֆիլմ | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|
2010 | Կլոդ Ժյուտրայի անվան մրցանակ | Ես սպանեցի մորս | Հաղթանակ | [110] |
2013 | Լավագույն ռեժիսոր | Եվ միևնույնն է Լորենս[en] | Առաջադրված | [111][112] |
Լավագույն սցենար | Առաջադրված | |||
Հագուստի լավագույն ձևավորում | Հաղթանակ | |||
2014 | Լավագույն ռեժիսոր | Թոմը ագարակում[en] | Առաջադրված | [113][114] |
Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |||
Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |||
2015 | Լավագույն ռեժիսոր | Մայրիկ | Հաղթանակ | [115] |
Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |||
Հագուստի լավագույն ձևավորում | Առաջադրված | |||
Լավագույն խմբագիր | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Հաղթանակ | |||
2017 | Լավագույն ռեժիսոր | Սա ընդամենը աշխարհի վերջն է[en] | Հաղթանակ | [116] |
Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |||
Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ | |||
Քվեբեկի կինոմրցանակաբաշխությունը, որը նախկինում հայտնի էր որպես «Ժյուտրա» մրցանակաբաշխություն, 2016 թվականի հոկտեմբերին վերանվանվել է «Իրիս» մրցանակաբաշխության[en][117]:
Տարի | Անվանակարգ | Առաջադրված ֆիլմ | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|
2010 | Լավագույն ֆիլմ | Ես սպանեցի մորս | Հաղթանակ | [118][119] |
Լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Հաղթանակ | |||
Լավագույն դերասան | Առաջադրված | |||
Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմ | Հաղթանակ | |||
2013 | Լավագույն ռեժիսոր | Եվ միևնույնն է Լորենս[en] | Առաջադրված | [120] |
Լավագույն սցենար | Առաջադրված | |||
Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | |||
2014 | Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմ | Թոմը ագարակում[en] | Առաջադրված | [121] |
2015 | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | [122][123] | |
Լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Առաջադրված | |||
Լավագույն ֆիլմ | Մայրիկ | Հաղթանակ | [124] | |
Լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Հաղթանակ | |||
Հագուստի լավագույն ձևավորում | Առաջադրված | |||
Լավագույն խմբագիր | Հաղթանակ | |||
2017 | Լավագույն ֆիլմ | Սա ընդամենը աշխարհի վերջն է[en] | Հաղթանակ | [125][126] |
Լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | |||
Լավագույն քասթինգ | Հաղթանակ | |||
Հանրային մրցանակ | Առաջադրված | |||
Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմ | Հաղթանակ | |||
Տարի | Ֆիլմ | Պարգև | Անվանակարգ | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
2009—2010 | Ես սպանեցի մորս | Վանկուվերի միջազգային կինոփառատոն[en] | Լավագույն կանադական ֆիլմ | Հաղթանակ | [127] |
«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en] | Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ | Հաղթանակ | [128] | ||
Ռեյկյավիկի միջազգային կինոփառատոն[en] | «Ոսկե թնձրահավ» մրցանակ | Հաղթանակ | [129] | ||
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիա[en] | «Stella Artois Ջեյ Սքոթ» մրցանակ | Հաղթանակ | [128] | ||
Վանկուվերի կինոքննադատների շրջանի մրցանակ[en] | Լավագույն կանադական ֆիլմ | Հաղթանակ | [130] | ||
Կանադական ֆիլմի լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | ||||
Կանադական ֆիլմի լավագույն դերասան | Հաղթանակ | ||||
2010 | Երևակայական սեր | Սիդնեյի կինոփառատոն[en] | Ֆիլմի մրցանակ | Հաղթանակ | [97] |
2012—2013 | Եվ միևնույնն է Լորենս[en] | «Լյումիեր» մրցանակաբաշխություն[en] | Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ | Առաջադրված | [131] |
Տորոնտոյի միջազգային կինոփառատոն[en] | Լավագույն կանադակն ֆիլմ | Հաղթանակ | [132] | ||
«Ոսկե բզեզ» մրցանակաբաշխություն[en] | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Առաջադրված | [133] | ||
2014 | Թոմը ագարակում[en] | Վենետիկի միջազգային կինոփառատոն[en] | Կինոքննադատության միջազգային ֆեդերացիայի մրցանակ | Հաղթանակ | [134] |
2014—2015 | Մայրիկ | «Դորիան» մրցանակաբաշխություն[en] | Տարվա «Ուայլդ» արտիստ | Առաջադրված | [135] |
«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en] | Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ | Առաջադրված | [136] | ||
Տալլինի «Սև գիշերներ» կինոփառատոն[en] | Լավագույն հյուսիսամերիկյան անկախ ֆիլմ | Հաղթանակ | [137] | ||
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիա[en] | Լավագույն կանադական ֆիլմ | Առաջադրված | [138] | ||
2016 | Hello, Ադել | «Ջունո» մրցանակաբաշխություն[en] | Տարվա վիդեո | Հաղթանակ | [139] |
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն | Լավագույն ռեժիսոր | Առաջադրված | [140] | ||
Լավագույն խմբագիր | Առաջադրված | ||||
2016—2017 | Սա ընդամենը աշխարհի վերջն է[en] | Համբուրգի կինոփառատոն[en] | «Արտ սինեմա» մրցանակ | Հաղթանակ | [141] |
«Բյուրեղյա գլոբուս» մրցանակաբաշխություն[en] | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | [142] | ||
«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en] | Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ | Առաջադրված | [143] | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.