Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Յուզեֆ Իգնացի Կրաշևսկի կամ Իոսիֆ Իգնատի Կրաշևսի (լեհ.՝ Józef Ignacy Kraszewski, լիտ.՝ Juozapas Ignotas Kraševskis,հուլիսի 28, 1812[1][2][3], Վարշավա, Վարշավայի դքսություն[4][5][1][…] - մարտի 19, 1887[1][2][6][…], Ժնև, Շվեյցարիա[4][1][7][…]), լեհ գրող, հրապարակախոս, հրատարակիչ, պատմական և ազգագրական գրքերի հեղինակ։ Կեղծանուններ՝ Կլեոֆաս Ֆակունդ Պաստերնակ (Kleofas Fakund Pasternak), Բոգդան Բոլեսլավիտա (Bogdan Bolesławita), Դր. Օմեգա։ Կրակովի գիտելիքների ակադեմիայի անդամ (1872 թվական)։ Աչքի է ընկել գրական գործունեության արտասովոր բեղմնավորությամբ․ գրական ժառանգությունը կազմել է վեպերի և վիպակների, բանաստեղծական և դրամատիկական ստեղծագործությունների շուրջ 600 հատոր, ինչպես նաև պատմության, ազգագրության, բանահյուսության, ճամփորդական ակնարկների, հրապարակախոսական և գրական-քննադատական հոդվածների վերաբերյալ աշխատանքներ։ 1966 թվականի հրատարակած նրա մատենագրությունն ինքնին կազմել է 277 էջ[9]։
Յուզեֆ Կրաշևսկի լեհ.՝ Józef Ignacy Kraszewski | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1812[1][2][3] |
Ծննդավայր | Վարշավա, Վարշավայի դքսություն[4][5][1][…] |
Վախճանվել է | մարտի 19, 1887[1][2][6][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Ժնև, Շվեյցարիա[4][1][7][…] |
Գերեզման | Crypt of Merit at Skałka |
Գրական անուն | Kleofas Fakund Pasternak, Bogdan Bolesławita, Bohdan Boleslawita[8] և Bohdan Boleslavita[8] |
Մասնագիտություն | թարգմանիչ, պատմաբան, դրամատուրգ, լրագրող, գրող, բանաստեղծ, նկարիչ, վիպասան, հրապարակախոս, գծանկարիչ, հավաքորդ, գրական քննադատ և national revival activist |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Ժանրեր | վիպակ, պատմավեպ, սոցիալական վեպ և պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | An Ancient Tale? |
Անդամակցություն | Կրթության բարեկամների Պոզնանի ընկերություն, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Polskie Towarzystwo Tatrzanskie?, Wileńska Komisja Archeologiczna? և Կրակովի գիտական ընկերություն[3] |
Կայք | ignacy.kraszewski.pl |
Józef Ignacy Kraszewski Վիքիպահեստում |
Կրաշևսկին «Գինեսի ռեկորդների գրքում» նշվել է որպես «Սագի փետուրե գրչի դարաշրջանի չեմպիոն»[10]։
Կրաշևսկին ծնվել է Կրաշևսկի ազնվական տոհմի Յաստրշեմբեց զինանշանի ներքո։ Հայրը՝ Յան Կրաշևսկին (1788-1864), որը Պրուժան քաղաքի կրտսեր սպա էր, և մայրը՝ Սոֆյա Մալսկայան (1791-1859 թվականներ), ապրում էին Պրուժան քաղաքի արվարձանում գտնվող Դոլգոե կալվածքում։ Սակայն 1812 թվականի գարնանը, Սոֆյա Կրաշևսկայան տեղափոխվել է Վլոդավայի մոտ գտնվող Ռոմանովի հայրական կալվածք (Վարշավայի դքսություն), փրկվելով Ռուսաստանի հետ Նապոլեոնի անխուսափելի պատերազմից։ Ինչպես հետագայում պարզ էր դարձել, Կրաշևսկու նախազգուշացումները անհիմն չէին, քանի որ Պրուժանշչինան դարձել էր ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմ, իսկ Դոլգոեն թալանվել էր կողոպտիչների կողմից։ Ավելի ուշ ծնողների կերպարները դարձել են Յուզեֆի ստեղծագործությունների գրական հերոսների նախատիպերը։
Հետագայում, Ռոմանովն էլ բավականաչափ հանգիստ վայր չհամարելով՝ սահմանին մոտ գտնվելու պատճառով, Սոֆյա Մալսկայան իր մոր՝ Հաննա Նովոմեյսկայայի հետ մեկնել են Վարշավա և բնակություն հաստատել Ալեքսանդրիա փողոցում (այժմ Կոպեռնիկա) գտնվող հյուրանոցում։ Այստեղ էլ, հուլիսի 28-ին ծնվել է ապագա հայտնի գրողը, որին օգոստոսի 6-ին Սուրբ Խաչ լեհական կաթոլիկ եկեղեցում[11] մկրտել են Իգնացի Յուզեֆ անունով։ Սակայն դեռ մանկուց նրա անունը հակառակ կարգով է օգտագործվել, և նա իր ծնունդները նշել է Սուրբ Հովսեփի օրը՝ մարտի 19-ին[12]։ Որդու ծնվելուց մի քանի շաբաթ անց, երբ պատերազմը շարունակվում էր՝ տեղափոխվելով դեպի արևելք, Կրաշևսկիները վերադարձել են Ռոմանով[13]։ Սակայն Նապոլեոնի պարտության մասին լուրերը կրկին անհանգստություն են առաջացրել Կրաշևսկիների մոտ իրենց ապագա ճակատագրի վերաբերյալ, և մինչև 1913 թվականի մայիս ամիսը Մալսկիների ամբողջ ընտանիքը մնացել է Ստոպնիցկ գավառում։
Յուզեֆ Իգնացին հինգ երեխաներից ավագն է եղել։ Նրա եղբայրներից մեկը ՝ Կաեթանը, նույնպես դարձել է գրող, մյուսը՝ Լյուցիանը, նկարիչ և լուսանկարիչ։ Յուզեֆ Իգնացիի հայրենական օջախը եղել է Պրուժանի գավառում գտնվող Դոլգոե հայրական կալվածքը[14], որտեղ առաջին անգամ նա սկսել է մշակույթով և գրականությամբ հետաքրքրվել։ Պատերազմից հետո կառուցված տերունական փայտե տունը եղել է համեստ՝ ոչ մեծ պարտեզով։ Անմիջապես տան ետևում կար մորուտով ճահճուտ, որտեղ խեղդվում էին անասուններ, իսկ ճահճի բաժանագծի պատճառով չերևացող անմշակ հողատարածքը, հարևանների միջև մշատական վիճաբանությունների առարկա է եղել խոտհունձի ժամանակ[13]։
Մինչև 12 տարեկան հասակը, Յուզեֆի դաստիարակությամբ ժամանակ առ ժամանակ զբաղվել են Ռոմանովում գտնվող հարազատները։ Սովորել է Բյալայի (1822-1826 թվականներ), Լյուբլինայի (1826-1827 թվականներ) դպրոցներում, ավարտել է Սվիսլովյան գիմնազիան (1828-1829 թվականներ)։
1829 թվականի սեպտեմբերին Յուզեֆ Իգնացին սկսել է ուսումը Վիլենի համալսարանի բժշկական բաժանում, շուտով տեղափոխվել է գրականության բաժին։ Ուսանողական անցուդարձի ակտիվ մասնակիցներից է եղել, հետաքրքրվել է ազգային պայքարի գաղափարներով։ 1830 թվականի նոյեմբերին միացել է մնեզերների (հունարենից «հիշել, հիշեցնել») նորաստեղծ միությանը։ Վարշավայում ապստամբության սկսվելուց հետո մնեզերականները սկսել են զենք պատրաստել, տարածել հակակառավարական բանաստեղծություններ, նախապատրաստել Էին մահափորձ Վիլենի համալսարանի խնամակալ՝ Նիկոլայ Նովոսիլցևի դեմ[9]։ Սակայն շուտով դավադրությունը բացահայտվել է, և 1830 թվականի դեկտեմբերի 3-ին Յուզեֆ Կրաշևսկին ձերբակալվել է այլ երիտասարդների հետ միասին։
Կովկասի բանակ զորակոչվելու մասին ցարի վճիռը, որը գեներալ-նահանգապետ Նիկոլայ Դոլգորուկովի հետ մորաքրոջ միջնորդության շնորհիվ էր կայացվել, վերափոխվեց ազատազրկման[15]։ Նա պատիժը կրել է Վիլենի բանտում, այնուհետև բանտի հիվանդանոցում։ 1832 թվականի մարտին ազատ է արձակվել ոստիկանության հսկողության ներքո։ Նրան արգելել են լքել Վիլնան։ Այդ պայմաններում նա պատմական ուսումնասիրություններ է կատարել, որը հետագայում դարձել է քառահատոր պատմական աշխատություն «Wilno od początków jego do roku 1750» (1840-1842), ինչպես նաև մի քանի վիպակներ։ Միաժամանակ նախաձեռնել է հուշագրությունների և օրագրերի հրատարակում։
1833 թվականի հուլիսին ազատ է արձակվել ոստիկանական հսկողությունից և մեկնել Դոլգոյի ընտանեկան կալվածք, որտեղ զբաղվել է տնտեսությամբ։ Տերունական տանը, որտեղ մեծացել էին իր եղբայրներն ու քույրերը, բավականաչափ տեղ չկար և Յուզեֆն ապրել է տանը կից փոքրիկ կառույցում, ուր էլ տեղափոխել է Վիլնոյի իր գրադարանը։ Այստեղ առաջին անգամ ստեղծել է ստեղծագործություններ, որոնք ստորագրել է իր իսկ անունով, և ոչ թե կեղծանվամբ[16]։ 1837 թվականից համագործակցել է «Պետերբուրգյան շաբաթաթերթ»(«Tygodnik Petersburski») ամսագրի հետ։
Իմանալով հայտնի Վոլինի (պատմական շրջան Ուկրաինայում) բիբլիոֆիլ Անտոնի Ուրբանովսկու մասին,1834 թվականին Յուզեֆ Կրաշևսկին մեկնել է Սարնենի շրջանի Գորոդեց գյուղ, որպեսզի տեսնի նրա ժողովածուները և լեհական հին տպագիր գրքերը։ Կրաշևսկին արագ ընկերացել է Ուրբանովսկիների ընտանիքի հետ, Անտոնիից վարակվելով նկարչության և երաժշտության հանդեպ հետաքրքրությամբ։ Ավելի ուշ գրողը նրան է ձոնել «Պոլեսիայի, Վոլինի և Լիտվայի մասին հիշողությունների» երկու թողարկում[17]։
Անտոնին և նրա կինը՝ Էլժբետան երեխաներ չեն ունեցել և այդ պատճառով էլ վերցրել են Վորոնիչի ընտանիքի երեք զարմուհիներին և զբաղվել նրանց դաստիարակությամբ։ Այսպիսով, 1835 թվականին Յուզեֆ Կրաշևսկին ծանոթացել է ազնվականության առաջնորդ Վոյցեխ Վորոնիչի դստեր՝ Սոֆիայի հետ և մայիսի 9-ին ծնողներին հայտնել է աղջկա հետ ամուսնանալու իր որոշման մասին։ Եվ չնայած հայրը դեմ էր ամուսնությանը, քանի դեռ որդին ի վիճակի չէր ինքնուրույն ապահովել ընտանիքը, վերջինիս որոշումը պաշտպանել են Ուրբանովսկիները[17]։ Շնորհիվ նրանց բարեխոսության՝ 1838 թվականի հունիսի 22-ին Յուզեֆ Իգնացին ամուսնացել է Սոֆյա Վորոնիչի հետ և տեղափոխվել Վոլին։
Առաջին ձմեռը նորապսակներն ապրել են Ուրբանովսկիների տանը, իսկ հետո ՝ Օմելցո գյուղում (Կիվերցիի շրջան)։ 1839 թվականի ապրիլի սկզբին ծնվել է դուստրը՝ Սոֆյա Կոնստանցիան։ 1840 թվականին Կրաշևսկիները ձեռք են բերում Լուցկ շրջանի մոտ գտնվող Գորոդոկ գյուղը, որտեղ էլ ունեցել են երկու՝ Յան (1841 թվականի մարտի 1) և Ֆրանտիշեկ (1843 թվականի ապրիլի 11) որդիներին։ Հետաքրքիր է այն փաստը, որ Սոֆյա Կրաշևսկայան երեխաներին ծննդաբերելու համար մեկնել է Գորոդեց, Էլժբեթ Ուրբանովսկու մոտ[18]։
10 տարի Յուզեֆ Իգնացին խմբագրել է վիլենյան «Աթենեում» ամսագիրը (1841-1851թվականներ), 1851 թվականից համագործակցել է «Վարշավայի Թերթ»-ի («Gazetaj Warszawskaj») հետ։ Իրականացրել է մի քանի ուղևորություններ դեպի Կիև և Օդեսա, որոնց մասին հետագայում նկարագրվել է «Օդեսայի, Եդիսանի և Բուդճակի հիշողություններ»-ի մեջ (1845-1846)։ Մտադիր էր գլխավորել Կիևի համալսարանի լեհական գրականության ամբիոնը։ Մրցույթի համար գրված աշխատանքը յոթ ուղարկվածներից լավագույնն է ճանաչվել, սակայն թագավորական կառավարությունը թույլ չի տվել ամբիոն ստեղծել։
1848 թվականին Կրաշևսկին վաճառել է Գորոդոկը և հերթական անգամ տեղափոխվել է, 165 000 զլոտիով ձեռք բերելով Լուցկ շրջանում Գուբին գյուղը[19]։ 1853 թվականին տնտեսական խնդիրների պատճառով, ինչպես նաև չորս երեխաների ուսուցման անհրաժեշտությունից ելնելով (Կոնստանցիա, Յան, Ֆրանտիշեկ և Ավգուստա), տեղափոխվել է Ժիտոմիր։ Տեղափոխությունից հետո մենակության առաջին ամիսները հաղթահարելուն շատ է օգնել Էլժբետա Ուրբանովսկայան, որը վաճառելով Գորոդեցը, հանուն նրանց որոշել է ձմեռն անցկացնել Ժիտոմիրում։ Սակայն 1854 թվականի հունվարին Էլժբետան մահացել է, Կրաշևսկիներին թողնելով Կիսելի գյուղը, որը գտնվում էր Գորին գետի մոտ[17]։
Կրաշևսկին աշխատել է նահանգային վարժարանի կուրատոր, ազնվականական ակումբի տնօրեն, ղեկավարել է Բարեգործական ընկերությունը։ Եղել է Վիլենի հնագիտական հանձնաժողովի լիիրավ անդամ։
1856 թվականին դարձել է Ժիտոմիրի թատրոնի տնօրեն։ Նա հոգ էր տանում, որ իր բեմի վրա լեհերենով բեմադրություններ իրականացվեին, քանի որ լավ գիտակցում էր, որ, առանց լեհական ազնվականության ֆինանսական աջակցության, լեհական արվեստն ամբողջությամբ բեմից դուրս կմղվի։ Յուզեֆը գործնականում թատրոնում ամեն ինչով զբաղվել է՝ կազմակերպչական բնույթի խնդիրմերից, դերասանական հանդերձանքի հարցերից մինչև ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների լուծում։ Նրա երազանքը թատրոնը եվրոպական մակարդակի հասցնելն էր։
Չնայած ազնվական դասին պատկանելուն՝ Կրաշևսկին հասկանում էր ընդհանուր խնդիրները և դեմ էր արտահայտվում ճորտ գյուղացու իրավունքին ու կոռին։ Կարծում էր, որ գյուղացիներին պետք չէ իրավունք տալ միանգամից, որպեսզի նրանց չզրկեն ազնվական խնամակալությունից։ Նրա կարծիքով ՝ գյուղացին չի գնահատի իր սեփականությունը, այդ պատճառով նրան պետք է միայն գյուղացիական տնամերձ տալ, ցանկալի է օգտագործել աշխատողների հարկադրական վարձում և այլն։ Սակայն, անգամ նման համեստ առաջարկների հարցում, չի ստացել վոլինյան ազնվականության՝ շլյախտայի աջակցությունը։
1859 թվականից խմբագրել է «Gazeta Codzienna», որը 1861 թվականին վերանվանվել է «Լեհական թերթ» («Gazeta Polska»):
1860 թվականին Յուզեֆ Իգնացին վերջնականապես վիճվելով տեղի ազնվականության հետ, մեկնել է Վարշավա։ Իրականացրել է մի շարք ուղևորություններ դեպի Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, որտեղ միացել է քաղաքական արտագաղթի գործունեությանը և վերլուծել ապստամբության պայթյունի հավանականությունը․ Փարիզում 1861 թվականին հրապարակել է «Լեհական գործ» («Sprawa polska») բրոշյուրը։ 1862 թվականին հրաժարվել է Ռուսաստանի հպատակությունից։
Երիտասարդության տարիներին ձեռք բերած հայացքների համաձայն՝ ապստամբության կողմնակից չի եղել, մտադիր էր «Gazecie Polskiej» թերթում իր հրապարակումներով խաղաղեցնել հասարակության արմատական տրամադրվածությունը։ Այնուամենայնիվ, որպես կառավարության քաղաքականության մոլի քննադատ, 1863 թվականին կառավարության հրամանով պետք է հեռանար։
Յոզեֆ Իգնացին տեղափոխվել է Դրեզդեն, որն այդ ժամանակ լեհական արտագաղթի կենտրոններից մեկն էր։ Ապրել է Նորդշտրասե փողոցի 27 հասցեում գտնվող տանը (այժմ ՝ № 28)[20]: Նա առաջին հերթին սկսել է օգնել ապստամբության այն մասնակիցներին, ովքեր ապաստան էին փնտրում արտերկրում։ Յուզեֆ Կրաշևսկին գրել է ապստամբության մասին մի քանի հրապարակախոսական ստեղծագործություններ, որոնք նրա Լեհաստան վերադարձը դարձրել են անհնարին։
1865 թվականին ձեռնամուխ է եղել խմբագրել Լվովում ստեղծված «Գաղտնաբառ» («Hasło») ամսագիրը։ Սակայն Լվովում ապրելու թույլտվություն չի ստացել և ստիպված է եղել աշխատել հեռվից՝ հնարավորություն չունենալով արտահայտել իր տեսակետները։ Ի վերջո «Hasło» ամսագիրը կես տարի անց փակվել է։
Անտեսելով Լվովում ունեցած ձախողումը՝ գրողը նախատեսել էր հաստատվել Գալիցիայում։ 1866 թվականին հաստատվել է Կրակովում, այնուհետև տեղափոխվել է Ավստրիա։ Նա հրատարակել է «Հաշիվ» («Rachunki»,1866-1870 թվականներ) հրապարակախոսական տարեգիրքը և ամսագրեր։
Յագելոնյան համալսարանի գրականության ամբիոնը ստանձնելու անհաջող փորձից և կրակովյան «Ժամանակ» («Czas») թերթը ձեռք բերելու ծրագրերի անհաջողությունից հետո, Կրաշևսկին Դրեզդենում (1868 թվական) հիմնել է սեփական տպարանը։ Սակայն արդեն 1871 թվականին ստիպված է եղել այն վաճառել՝ մեծ ֆինանսական կորուստներով։ Մասնակցություն է ցուցաբերել Ռապերսվիլի (Շվեյցարիա) Լեհական ազգային թանգարանի ստեղծմանը[9]։ 1873 թվականից նվիրվել է գրական գործին, կապ է հաստատել ֆրանսիական հետախուզական գործակալության հետ[15]։
1879 թվականին գրականագետների և հրատարակիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել տոնակատարություններ Կրաշևսկու գրական գործունեությունը սկսելու 50-ամյակի կապակցությամբ։ Հիմնական միջոցառումներն անցկացվել են հոկտեմբերի 3-7-ը Կրակովում[21]։ Տոնակատարությունների կապակցությամբ ձուլվել է Ադամ Միցկևիչի և Յուզեֆ Կրաշևսկու սիլուետներով հոբելյանական մեդալ, իսկ քանդակագործ Հելենա Սկիրմունտը պատրաստել է հոբելյարի դիմանկարով մեդալիոն[9]։
1882 թվականին Լվովում Կրաշևսկին հիմնադրել է «Մայր հայրենիք Լեհաստան» («Macierz Polska») լուսավորչական ընկերությունը։
1883 թվականի հունիսին Յուզեֆը ձերբակալվել է Բեռլինում՝ ի օգուտ Ֆրանսիայի Պրուսիայի դեմ լրտեսական գործունեության համար (ֆրանսիական կառավարության համար ամրոցների պլանների ձեռքբերում), իսկ 1884 թվականի մայիսին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման։ Մեկ ու կես տարի անցկացնելով Մագդեբուրգի բանտում՝ 1885 թվականին թոքերի հիվանդության պատճառով գրավի դիմաց ազատ է արձակվել։ Բուժվել է Ժնևում (Շվեյցարիա), հետո Սան Ռեմոյում (Իտալիա)։ 1887թվականի երկրաշարժերից հետո վերադարձել է Շվեյցարիա արդեն որպես թոքերի բորբոքմամբ ծանր հիվանդ։ Մահացել է 1887 թվականի մարտի 19-ին Ժնևի հյուրանոցում։ Հայտնի գրողին հուղարկավորել են Կրակովի Պանթեոնում։
Գրողի մատենագրությունը կազմել է ստեղծագործությունների ավելի քան 600 հատոր՝ 232 վեպեր, 150 փոքր արձակ ստեղծագործություններ (վիպակներ, նովելներ), 25 դրամատիկական ստեղծագործություններ, ավելի քան 20 հատոր գիտական աշխատություններ Լիտվայի և Լեհաստանի գրականության և մշակույթի պատմության, լեզվաբանության և ազգագրության վերաբերյալ, մոտ 20 բանաստեղծական հատորյակներ, այդ թվում ՝ Լիտվայի պատմության «Անաֆելյաս» էպոսի 3 ծավալուն հատորները, 21 թարգմանական միավոր 5 լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, գերմաներեն, իտալերեն), 42 խմբագրված և խմբագրական աշխատանքներ, որոնցից «Աթենեում» գիտական-գրական ամսագիրը (1841-1851 թվականներ, 66 հատորյակ), «Gazeta Codzienna» ինֆորմացիոն-քաղաքական շաբաթաթերթը (1859-1863 թվականներ, 1862 թվականից «Gazeta Polska» անվամբ), Դրեզդենի «Tydzień» (1870-1871 թվականներ) ամսագրերը, մոտ 30 հազար նամակներ[22]։ 1966 թվականի հրատարակած նրա մատենագրությունն ինքնին կազմել է 277 էջ[9]։
Այդ նվաճումների համար Կրաշևսկին «Գինեսի ռեկորդների գրքում» նշվել է որպես «Սագի փետուրե գրչի դարաշրջանի չեմպիոն»[10]։ Ոչ ոք չի կարողացել գերազանցել նրա այս նվաճումը Մինչև Բարբարա Կարտլենդի հայտնվելը, որը սակայն օգտվել է ավելի ժամանակակից աշխատանքային գործիքներից[23]։
Կրաշևսկու գեղարվեստական ստեղծագործությունները ժանրային և թեմատիկ առումով բազմազան են եղել. գրել է գյուղացիական և գյուղական կյանքի մասին պատմվածքներ, պատմական տարբեր տեսակի վեպեր (հիմնականում Լեհաստանի, Լիտվայի և Ռեչ Պոսպոլիտայի անցյալի մասին), սոցիալ-քաղաքական հրատապ խնդիրների մասին վեպեր։ Հանդիսանում է գրականության տեսական աշխատանքների հեղինակ՝ «Գրական շտուդիաներ» («Studja literackie», 1842), «Նոր գրական շտուդիաներ» («Nowe studja literackie», 1843), «Զրույցներ գրականության և արվեստի մասին» («Gawędy o literaturze i sztuce»):
Կրաշևսկու ստեղծագործությունը բաժանվում է երեք շրջանի․
1830 թվականին գրված առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1831-1833 թվականներին։ Դրանք «Կոտլետներ» և «Սոկալյան երգեհոնի կենսագրությունը» փոքրիկ վեպերն են, որոնք կողմնորոշված են գրականության մեջ ռոմանտիկ ավանդույթների վարկաբեկմանը։
Կրաշևսկին լեհական հասարակության 19-րդ դարի կեսերի կենցաղը և բարքերը պատկերող էպիկական նկարագրության հեղինակ է` «Կախարդական լապտեր» վեպը (1843-1844 թվականներ), որն ըստ բազմաթիվ հետազոտողների (Ա. Բարա, Կ.Վ. Զավոդզինսկու, Է. Վաժենիցի և այլոց), գրվել է Ն. Վ. Գոգոլի «Մեռած հոգիներ» պոեմի տպավորության ներքո։
Լիտվայի անցյալի Մինդովգի և Վիտովտի ժամանակների (1840-1846 թվականներ) մասին «Անաֆելյաս» եռագրությունը 19-րդ դարի վերջին քառորդի լիտվական ազգային վերածննդի գործիչներն ընդունել են որպես ազգային էպոս։ Եռագրությունն անվանումը ստացել է լիտվական դիցաբանության հավերժության սարից։
Կրաշևսկին 1876-1887 թվականներին 76 հատորով 29 վեպ է գրել, որոնք ձևավորել են Լեհաստանի վիպագրական պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից («Հին ավանդություն», 1876 թվական)։ Պատմական խնդիրների նկատմամբ հետաքրքրությունը հատուկ է եղել նաև Կրաշևսկու ստեղծագործության վաղ շրջանին (1830-1840-ական թվականներ)։ Սակայն պատմական թեմայով առաջին ստեղծագործությունները («Սբ. Միխայիլի կոստյոլը Վիլնիում»,«Սիգիզմունդի ժամանակները») իր ժամանակաշրջանի գրողների կարծիքով թույլ էին, քանի որ ի սկզբանե գրողը հերքել էր վալտեր-սկոտովյան պատմության «տնական» ավանդույթը, ինչի պատճառով նրա վաղ պատմական արձակները հագեցած էին ավելորդ արձանագրություններով, մանրակրկիտությամբ և ավելորդ ճշգրտությամբ։ Պատմական թեմայով ստեղծագործություններից ժողովրդականությամբ և գեղարվեստական արժեքներով առանձնանում են «Գրաֆինյա Կոզել» (1874 թվական) և «Բրյուլ» (1875 թվական) սաքսոնական տեքստերով գրված ստեղծագործությունները։
Կրաշևսկու գեղարվեստական տեքստերից մի քանիսը ոգեշնչման աղբյուր են եղել ռուս գրողների համար։ Օրինակ, գիտնականների կարծիքով, «Ուլյանայի» ազդեցությամբ է գրվել է Ա.Ֆ. Պիսեմսկու «Դառը ճակատագիր» պիեսը։ Հայտնի է լեհ գրող Ն.Վ.Կուկոլնիկի հետ նամակագրության փաստը։ Վերջինս գնահատում էր Կրաշևսկու գեղարվեստական ճաշակը և գրախոսության համար նրան է ուղարկել իր ստեղծագործությունները։ 1879 թվականին Ի.Ս.Տուրգենևը Կրակով ողջույնի նամակ է հղել լեհ գրողի գրական գործունեության 50-ամյակի կապակցությամբ։
1841-1851 թվականներին խմբագրել է «Athenaeum» («Աթենեում») ալամանախը՝ գրական ամսագիրը, որը լույս է տեսել Վիլնիում։ 1844 թվականին ամսագրում, ի թիվս այլ բաների, հրապարակվել են Ն.Վ.Գոգոլի «Շինել», «Խելագարի նոթագրությունները» ստեղծագործությունների թարգմանությունները, «Մեռած հոգիներից» դրվագներ Շեպելևիչի (P. L. Szepielewicz) ոչ այնքան հաջող թարգմանությամբ ։ Ապրելով Վարշավայում ՝ խմբագրել է «Gazeta Polska» թերթը («Լեհական թերթ», 1859-1862 թվականներ), «Przegląd Europejski» ամսագիրը («Եվրոպական հանդես», 1862)։ Ավելի ուշ եղել է Լվովում և Դրեզդենում լույս տեսած պարբերականների խմբագիր։
Վիլենի համալսարանում ուսանելու ժամանակ Կրաշևսկին Յան Ռուստեմի մոտ նկարչություն և գեղանկարչություն է սովորել, նաև հավանաբար, Վիկենտի Սմոկովսկու մոտ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կալանքի ընթացքում (1830-1832 թվականներ) գրիչով նկարել է 25 նկար, որոնք Ադամ Միցկևիչի «Ձյադով» պոեմի II և IV մասերի նկարազարդումներն են։ 1828 թվականին Վարշավայում նա նկարչության դասեր է վերցրել Բոնավենտուրա Դոմբրովսկու մոտ։ Կրաշևսկին կիրառական արվեստի իր գործերին վերաբերվել է որպես ժամանցի միջոց։ Միաժամանակ իր նկարներով ձգտել է գիտելիքներ տարածել ազգային մշակույթի և պատմության մասին, այդ պատճառով պատկերել է հնագույն տեսարժան շենքեր և ավերակներ, կրկնօրինակել է պատմական գործիչների պատկերները և հին հրատարակությունների նկարազարդումներն ու ժամանակագրությունները։ Այս և նմանատիպ նկարներով են նկարազարդված նրա «Վիլնոն իր հիմնադրումից մինչև 1750 թվականը» („Wilno od początku jego do roku 1750“) (Վիլնո, 1842 թվական), «Նկարներ կյանքից և ճանապարհորդություններից» („Obrazy z życia i podróży“) (Վիլնո, 1842 թվական ), «Հիշողություններ Պոլեսիեի, Վոլինի և Լիտվայի մասին» („Wspomnienia z Polesia, Wołynia i Litwy“) (Փարիզ, 1860 թվական), «Բնապատկերների ալբոմ, մաս 1-ին Պոլեսիե» („Album widoków: cz. 1: Podlasie“) (Վարշավա, 1861թվական)։ Նրա նկարներով նկարազարդվել է նաև Կոնստանտին Տիշկևիչի «Վիլիա գետը և նրա ափերը՝ հիդրոգրաֆիայի, պատմության, հնագիտության և ազգագրության տեսանկյունից» գիրքը („Wilija i jej brzegi: pod względem hydrograficznym, historycznym, archeologicznym i etnograficznym“) (Դրեզդեն, 1871 թվական)։ Իր լավագույն նկարը համարել է «1680 թվականին Միխայիլ Կազիմիր Ռադզիվիլի մուտքը Հռոմ» նկարը[24]։
Յոզեֆ Կրաշևսկին գրել է դաշնամուրային ստեղծագործություններ, որոնք ինքն է կատարել, գործի խորը իմացությամբ արտահայտվել է երաժշտական թեմատիկայով, հավաքել և հրատարակել է ժողովրդական երգեր[9][21]։
Կրաշևսկին թարգամնել է 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում առավել մեծ ժողովրդականություն վայելող լեհ գրողների ստեղծագործությունները։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն. ոմանք հրատարակվել են մի քանի տարբեր թարգմանություններով։ 1850-ական թվականներից թարգմանությունները սկսել են հայտնվել ամսագրերում (հիմնականում «Ընթերցանության գրադարանում»)։ Առանձին լույս են տեսել հետևյալ ստեղծագործությունները
2015 թվականին Ռուսաստանում առաջին անգամ լույս է տեսել «Հարյուր սատանաներ» վեպի թարգմանությունը։ 1915 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակվել է 52 գրքով շարադրությունների հավաքածուի ռուսերեն ամբողջական հրատարակությունը։ 1996 թվականին «Թերրա» հրատարակչությունը թողարկել է Կրաշևսկու ստեղծագործությունների հավաքածուն տասը հատորներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.