From Wikipedia, the free encyclopedia
Մանրէները տարբեր դերեր ունեն մարդկային մշակույթի բազմաթիվ կիրառական բնագավառներում, գրականության, երաժշտության, կինոյի և նկարչության մեջ։
Կիրառական տեսանկյունից, մանրէներն օգտագործվել են կենսաբանական զենքի պատրաստումից մինչև սննդի ֆերմենտային մշակման համար․ խմորասնկերի միջոցով քաղաքակրթության զարգացման ամենասկզբից, ինչպես օրինակ՝ Հին Եգիպտոսում, մարդիկ պատրաստել են հաց, գարեջուր և գինի։ Բակտերիաները և վիրուսները կարող են լինել ախտածիններ՝ պատճառ դառնալով մարդու, մշակաբույսերի և ընտանի կենդանիների բազմաթիվ հիվանդությունների։ Խմորումը (ֆերմենտացիան) քիմիական նյութերի կարևոր աղբյուր է, քանի որ քիմիական արտադրության մեջ դրա միջոցով ստեղծվում են ֆերմենտների և կենսաբանական այլ ակտիվ նյութերի՝ հորմոնների և ինհիբիտորների սինթեզման ճանապարհներ։ Խմորումը կիրառվում է նաև վառելիքի որոշ տեսակների՝ էթանոլի և մեթանի արտադրության մեջ․ վառելիքի որոշ տեսակներ կարող են արտադրվել նաև ջրիմուռների կողմից։ Անաէրոբ միկրօրգանիզմները կարևոր են կեղտաջրերի մաքրման համար։ Գիտական հետազոտություններում, հատկապես գենետիկական և առնչվող հետազոտություններում, խմորասնկերը ծառայում են որպես մոդել օրգանիզմներ։
Արվեստում խմորմանը վերաբերող ամենահին ստեղծագործությունը մ․թ․ա․ 1800 թվականով վերագրվող շումերական «Նինկասիի հիմն»-ն է։ Միջին դարերում Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոնը» և Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքները» պատմում են վարակի հանդեպ մարդկանց վախի և այն արդյունքների մասին, որոնք կարող է բերել վարակի գոյության մերժումը։ Արձակագիրները բազմիցս գրել են համավարակի ապոկալիպտիկ հնարավորությունների մասին․ դրա օրինակներից են՝ Մերի Շելլիի «Վերջին մարդ»-ը (1826), Ջեկ Լոնդոնի «Նոսֆերատու»-ն (1922)։ 1971 թվականին Մայքլ Քրայթոնի «Անդրոմեդա շտամմ» վեպը պատմում է տիեզերական մի միկրօրգանիզմի մասին, որը վտանգում էր Երկրի վրա կյանքի գոյությունը։
Միկրոկենսաբանները Ալեքսանդր Ֆլեմինգից սկսած մանրակերտերի ստեղծման համար օգտագործել են ներկված և լուսարձակող բակտերիաների գաղութներ։
Քանի որ մինչև նոր դարերը միկրոօրգանիզմներն ուղղակիորեն հայտնի չէին, գրականության մեջ և արվեստում նրանք հայտնվում էին անուղղակի՝ հացի թխման և խմորման ձևով։ 1665 թվականին Ռոբերտ Հուկի մանրադիտակի հայտնաբերումից հետո գրեց իր «Միկրոգրաֆիա» ստեղծագործությունը[1], իսկ Անտոն վան Լևենհուկը 1670-ին[2] առաջարկեց հիվանդությունների ծագման մանրէային տեսությունը` այս երկու հետազոտությունները նպաստեցին 19-րդ դարում միկրոբիոլոգիայի զարգացմանը, որը թույլ տվեց միկրօրգանիզմները ուսումնասիրել ուղղակիորեն, բացահայտել նրանց կենդանի բնույթը և նրանց կիրառությունը բերել գիտական ոլորտ[3]։ Նույն պատճառով, այդ ժամանակից սկսած, միկրոօրգանիզմները գրականության մեջ և արվեստում սկսեցին կիրառվել և պատկերվել ուղղակիորեն[4]։
Մանրէների ուղղորդված խմորումն օգտագործվում է գարեջրագործության, գինեգործության, հացագործություն, մարինացման և կաթնամթերքի, օրինակ՝ մածունի, պանիրի արտադրության մեջ։ Մանրէների միջոցով սննդի բաղադրիչները ենթարկվում են ուղղորդված քիմիական փոփոխության, որի միջոցով ստանում են ցանկալի հատկանիշներով սնունդ։ Այս գործընթացում ներառված հիմնական միկրոօրգանիզմներն են խմորասնկերը՝ գինու, գարեջրի և հացագործության դեպքում և բակտերիաները՝ անաէրոբ ֆերմենտացված բանջարեղենի, կաթնամթերքի և թթխմորով ստացված հացեղենի դեպքում։ Տարբեր մշակույթներ ժամանակի ընթացքում միկրոօրգանիզմներն օգտագործել են համի և հոտի հաղորդման, ախտածինների ճնշման, մարսողության և ախորժակի բարձրացման, տարբեր արժեքավոր սննդային բաղադրիչների՝ ալկոհոլի, օրգանական թթուներ, վիտամիններ, ամինաթթուներ և ածխաթթու գազ[5][6][7]։
Կեղտաջրերի թթվածնային մաքրման գործընթացը հիմնված է միկրոօրգանիզմների՝ օրգանական միացությունների օքսիդացման ընդունակության վրա։ Անաէրոբ մանրէները նվազեցնում են ջրի տղմային բաղադրիչները՝ արտադրելով մեթան և բյուրեղային նստվածք։ Խմելու ջրի մաքրման մեթոդներից մեկը՝ ավազային դանդաղ ֆիլտրումը, ունի գելային շերտ՝ կազմված միկրորգանիզմների տարբեր տեսակներից, որը ջրից մարքում է լուծված և անլուծելի մասնիկները[8]։
Միկրոօրգանիզմները կիրառվում են էթանոլի[9] և կենսագազերով աշխատող շարժիչներում մեթանի ստացման համար արտադրության մեջ[10]։ Գիտնականները հետազոտում են ջրիմուռներից ստացված հեղուկ վառելիքի կիրառությունը[11], ինչպես նաև բակտերիաներին՝ գյուղատնտեսական և քաղաքային թափոններից վառելիքի ստացման համար[12]։
Միկրոօրգանիզմներն օգտագործվում են շատ առևտրային և արտադրական նպատակների համար՝ քիմիական միացությունների, ֆերմենտների և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների արտադրության մեջ, հաճախ՝ սպիտակուցների ինժեներիայում։ Օրինակ՝ քացախաթթուն ստացվում է Acetobacter aceti բակտերիայից, կիտրոնաթթուն՝ Aspergillus niger սնկից և այլն։ Միկրոօրգանիզմները կիրառվում են տարբեր կենսաբանորեն ակտիվ մոլեկուլների և ֆերմենտների պատրաստման մեջ։ Օրինակ՝ ստրեպտոկինազը սինթեզում է Streptococcus-ը։ Ցիկլոսպորին A-ն իմունոսուպրեսոր է օրգանների փոխպատվաստման ժամանակ, իսկ ստատինները ծառայում են արյան խոլեստերոլի նվազեցման մեջ, այն արտադրում է խմորասունկ Monascus purpureus-ը[13]։
Միկրոօրգանիզմները միկրոկենսաբանության, կենսաքիմիայի, գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության կարևոր գործիքներից են։ Խմորասնկեր՝ Saccharomyces cerevisiae և Schizosaccharomyces pombe-ը գիտության մեջ կարևոր մոդելային օրգանիզմներ են, քանի որ նրանք պարզ էուկարիոտներ են, կարող են արագ աճել և հեշտությամբ հարմարվում են փոփոխություններին[14]։ Այս օրգանիզմները առավել կարևոր են գենետիկայի, գենոմիկայի և պրոտեոմիկայի համար, օրինակ՝ սպիտակուցների արտադրության մեջ[15][16][17][18]։
Ախտածին միկրոօրգանիզմները և նրանց արտադրած թունավոր նյութերը դիտարկվել են որպես զենքի հնարավոր տեսակներ[19]։ Կենսաբանական զենքի սկզբնական ձևերը օգտագործվել են դեռ անտիկ ժամանակներում[20]։ Մ․թ․ա․ 6-րդ դարում ասորիները սնկով թունավորել են թշնամու ջրհորները։ 1346 թվականին ժանտախտից մահացած Ոսկե Հորդայի մոնղոլ ռազմիկների մարմինները շպրտում էին Կաֆֆայի պարիսպների վրայով՝ ենթադրաբար նպաստելով Սև մահի տարածմանը Եվրոպայում[21][22][23][24]։ Բակտերիոլոգիայի 20-րդ դարի զարգացումը բերեց պատերազմում կենսաբանական զենքի կիրառման հետաքրքրությանը։ Կայսերական Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կազմակերպել է սիբիրախտի և խլախտի կենսաբանական դիվերսիա[25]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Բրիտանիան զենքի վերածեց տուլարեմիան, սիբիրախտը, բրուցելոզը և բոտուլիզմը, բայց երբեք չօգտագործեց դրանք[26]։ ԱՄՆ-ն նույնպես մշակեց կենսաբանական զենքի բաղադրիչներ[27]՝ ստեղծելով սիբիրախտի սպորներ, բրուցելոզի և բոտուլիզմի թույներ, հնարավոր ռազմական նպատակների համար[28]։ Ճապոնիան կենսաբանական զենքի պատրաստման համար փորձեր է կատարում բանտարկյալների վրա և ցանկանում էր զենքն օգտագործեր, բայց պատերազմն ավարտվեց[29][30][31][32][33]։
Միկրոօրգանիզմները մարդու և կենդանիների շատ ախտածին հիվանդությունների ախտածիններ են։ Ախտածին բակտերիաները առաջացնում են օրինակ՝ ժանտախտ, տուբերկուլոզ և սիբիրախտ։ Նախակենդանիները առաջացնում են, օրինակ՝ մալարիա, քնախտ, դիզենտերիա և տոքսոպլազմոզ։ Մանրադիտակային սնկերը առաջացնում են, օրինակ՝ տրիխոֆիտիա, կանդիդոզ և հիստոպլազմոզ։ Ախտածին վիրուսները կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ գրիպը, դեղին տենդը և ՁԻԱՀ-ը[34][35]
Տարրական միկրոօրգանիզմների, հատկապես բակտերիաների կողմից վարակի առաջացումը և սննդի նեխումը կանխարգելելու համար մշակվել է հիգիենան[36]։
Մանրէները ավելի խոշոր օրգանիզմների հետ կարող են կազմել էնդոսիմբիոտիկ հարաբերություն։ Օրինակ՝ մարդու մարսողական համակարգում ապրող բակտերիաները նպաստում են մարսողությանը՝ մարսելով բարդ անմարսելի ածխաջրերը և սինթեզում վիտամիններ՝ ֆոլաթթու և բիոտին[37]։
Մանրէները, այդ թվում՝ բակտերիաները[38][39], սնկերը և վիրուսները տարածված բուսական ախտածիններ են, առաջացնում են մշակաբույսերի տարբեր հիվանդություններ։ Սնկերը առաջացնում են բույսերի լուրջ հիվանդություններ, օրինակ՝ եգիպտացորենի գորշ ժանգը, ցորենի ժանգը և կեղծ ալրացողը։ Վիրուսներով է պայմանավորված, օրինակ՝ տերևների խճանկարային հիվանդությունները[40][41]։ Օոմիցետ Phytophthora infestans-ը առաջացնում է կարտոֆիլի ֆիտոֆտորոզ, որը նպաստեց 1840-ականներին Իռլանդական մեծ սովի առաջացմանը[42]
Լինելով շատ փոքր և անհայտ մինչև մանրադիտակի հայտնաբերումը՝ միկրոօրգանիզմները ուղղակիորեն չէին արտահայտվում գրականության և արվեստի մեջ մինչև նոր դարերը, երբ Անտոն վան Լևենհուկը 1676 թվականին ուսումնասիրեց ջրի միկրոօրգանիզմները և որի արդյունքները հետագայում հաստատեց Ռոբերտ Կուկը[43]։ Մի շարք խոշոր հիվանդություններ, օրինակ՝ տուբերկուլոզը, բազմիցս հայտնվում է գրականության, կինոյի, օպերայի և երաժշտության մեջ[44]։
Գրականության մեջ համավարակին վերաբերող պոստապոկալիպտիկ պատմությունները վեպերում են հայտնվել Մերի Շելլիի 1826 թվականի «Վերջին մարդը» և Ջեկ Լոնդոնի 1912 թվականի «Ալ ժանտախտը» ստեղծագործություններից սկսած։ Ժանտախտին վերաբերվող միջնադարյան ստեղծագործություններից է Ջիովաննի Բոկաչչիոյի «Դեկամերոնը» և Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքները»․ երկուսն էլ վերաբերում են ժանտախտի հանդեպ մարդկանց ունեցած վախին և մերժմանը[45]։
Գարեջրագործությունը դեռ Հին Շումերից սկսած փառաբնվել և տոնվել է չափածոյում․ առաջին այդպիսի ստեղծագործությունը թվագրվում է մոտ մ․թ․ա․ 1800 թվականին, կոչվում է «Նինկասիի հիմն» և գրվել է կավե սալիկների վրա։ Նինկասին՝ գարեջրի պահապան աստվածությունը և Նինկին՝ գարեջրի ստեղծող Էնկիի, «ալ լճի թագուհին» այս հիմնում միասին պատրաստում են գարեջուր[46]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.