Remove ads
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժան Պոլ Սարտր (ֆր.՝ Jean-Paul Sartre, հունիսի 21, 1905[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - ապրիլի 15, 1980[1][3][5][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա), Ֆրանսիացի էքզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964, մրցանակից հրաժարվել է)։ Սարտրի թատերգությունները թարգմանվել են հայերեն[13]։
Ժան Պոլ Էյմար Սարտրը ծնվել է 1905 թվականի հունիսի 21-ին Փարիզում։ Երբ նա երկու տարեկան էր, մահանում է նրա հայրը՝ Ֆրանսիական ռազմածովային ուժերի սպան, որից հետո մայրը՝ Անն-Մարի Շվեյցերը, վերցնելով որդուն, տեղափոխվում է իր ծնողների մոտ՝ Փարիզի արվարձանում գտնվող Մյոդոն ավան։ Նա մոր և տատիկի կողմից կդաստիարակվի որպես կաթոլիկ։ 1909 թվականին աջ աչքը հիվանդանում է լեյկոմիայով, որից հետո, ինչպես ինքը հետագայում կնշի, մնում է «կես կույր և շեղակն»։ 1916 թվականին մայրը նորից է ամուսնանում և ընտանիքը տեղափոխվում է Լա Ռոշել։ 1917-1919 թվականներին սովորում է Լա Ռոշելի լիցեյում։ 1920 թվականին տեղափոխվում է Փարիզ, որտեղ հանձնում է լիցեյի ավարտական քննության առաջին մասը, 1922 թվականին՝ երկրորդ մասը, իսկ 1924-1928 թվականներին սովորում է Փարիզի Բարձրագույն Նորմալ Դպրոցում (École Normale Supérieure)։ 1927 թվականին գրում է թեզիսը, բայց ձախողում է ավարտական քննությունը։ 1929 թվականին վերահանձնելով քննությունը՝ հավաքում է ամենաբարձր միավորները՝ ստանում Փիլիսոփայության որակավորում։ Միևնույն ժամանակ ծանոթանում է Սիմոնա դը Բովուարի հետ, որը նույն քննությանը հավաքել էր երկրորդ ամենաբարձր միավորները։ 1931-1939 թվականներին տարբեր քաղաքների (Հավր, Լան և այլն) լիցեյներում դասավանդում է փիլիսոփայություն, լինում Բեռլինում, որտեղ ուսումնասիրում է Էդմունդ Հուսերլի և Մարտին Հայդեգգերի աշխատությունները, տպագրում առաջին երկերը։ 1939 թվականին զինվորագրվում է բանակ, նույն թվականին Ալբեր Քամյուի հետ հիմնադրում են «Պայքար» (Combat) լրագիրը։ 1940 թվականին գերմանացիներ ներխուժում են Ֆրանսիա, հունիսի 21-ին Սարտրը գերեվարվում է։ Նա ազատվում է գերությունից միայն 1941 թվականի մարտին։ Վերադառնում է Փարիզ, որտեղ համախոհների հետ հիմնում է «Սոցիալիզմ և Ազատություն» դիմադրության խմբակը, որը, սակայն, գոյատևում է մինչ նույն տարվա հոկտեմբեր։ 1941-1944 թվականներին դասավանդում է փիլիսոփայություն Կոնդորսե լիցեյում։ 1943 թվականին Ալբեր Քամյուի հետ հիմնադրում են նոր փիլիսոփայություն՝ էքզիստենցիալիզմ։ 1944 թվականին դադարեցնում է դասավանդումները՝ իր ամբողջ ժամանակահատվածը ստեղծագործելուն տրամադրելու։ Սարտրը մահանում է 1980 թ. ապրիլի 15-ին՝ Փարիզում[14]։
Սարտրն այն մարդկանցից էր, որոնց համար հստակ փիլիսոփայական դիրքորոշումն իրենց ստեղծագործական էության առանցքն է։ Թեև սնվելով տարբեր աղբյուրներից, օրինակ, Հուսերլի ազատ, լիովին կանխամտածված գիտակցության մտքից և Հայդեգգերի էքզիստենցիալիզմից, էքզիստենցիալիզմը, որը Սարտրը ձևակերպեց և ժողովրդականացրեց, խորապես ինքնատիպ էր։ Դրա և դրա հեղինակի ժողովրդականությունը, որն իր գագաթնակետին հասավ քառասունականներին, Սարտրի տեսական աշխատությունները, ինչպես նաև նրա նորավեպերն ու թատերախաղերը կազմում էին իր ժամանակակի գրականության առանցքային ներշնչանքի աղբյուրներից մեկը։ Նրա փիլիսոփայությական աշխարհայացքում աթեիզմը համարվում է ինքնըստինքյան ակնհայտ՝ «Աստծո կորուստը» չի սգվում։ Մարդը դատապարտված է ազատության, ազատության ցանկացած հեղինակությունից, նա կարող է փորձել խուսափել դրանից, աղավաղել և հերքել այն, բայց որի հետ նա ստիպված է առերեսվելու, եթե նա ուզում է դառնալ բարոյական էակ։ Մարդկային կյանքի իմաստը չի սահմանվել նրա գոյությունից առաջ։ Հենց որ սարսափելի ազատությունը գիտակցվել է, մարդն ինքը պետք է սահմանի իր իմաստը, պետք է նվիրի ինքն իրեն այս աշխարհի իր դերին, իրագործի իր ազատությունը։ Եվ որևէ մեկի այս փորձը զուր է առանց այլոց «համերաշխության»։
Եզրակացությունները, որոնց գրողը պետք է հանգի այս դիրքորոշումից ելնելով, սկսվում են «Ի՞նչ է գրականությունը» ("Qu'est-ce que la littérature?") աշխատությունում՝ 1948 թվական. գրականությունն այլևս անձնական զբաղմունք չէ, ոչ էլ մեծապես կերպարների և իրավիճակների նկարագրություն, այլ վերաբերում է մարդկային ազատությանը և նրա (նաև հեղինակի) պարտականություններին։ Գրականությունը կատարյալ է, գեղարվեստական ստեղծագործությունը բարոյական գործունեություն է։
Թեև նրա վաղ, մեծ մասամբ հոգեբանական, ստեղծագործությունները՝ «Երևակայություն» (L'Imagination-1936), «Ուրվագիծ հույզերի տեսության» (Esquisse d'une théorie des émotions-1939), «Երևակայականը՝ երևակայության ֆենոմենոլոգիական հոգեբանություն» (L'Imaginaire: psychologie phénoménologique de l'imagination-1940), հարաբերականորեն աննշմար մնացին, Սարտրի առաջին վեպը, «Սրտխառնոց» (La Nausée-1938), և «Պատը» (Le Mur-1938) պատմվածքների ժողովածուն, անմիջապես ճանաչում և հաջողություն բերեցին նրան։ Դրանք վառ արտահայտում էին Սարտրի՝ օտարման և նվիրվածության, նաև արվեստի միջոցով փրկվելու վաղ էքզիստենցիալական թեմաները։
Սարտրի գլխավոր փիլիսոփայական աշխատությունը՝ «Գոյը և չգոյը» (¨L'Etre et le néant¨-1943) իր՝ գոյության գաղափարի վիթարի կառուցվածքայնացումն է, որից ծագում է ժամանակակից էքզիստենցիալիզմի մեծ մասը։ Էքզիստենցիալիստական մարդասիրության գաղափարը, որը Սարտրը քարոզում էր իր հայտնի «Էքզիստենցիալիզմը մարդասիրություն է» (¨L'existentialisme est un humanisme¨-1946) ակնարկում, նշմարվում է նաև իր՝ «Ազատության ուղիները» (¨Les Chemins de la liberté¨-1945-1949) վիպաշարքում։
Սարտրը, հավանաբար, ավելի հայտնի է որպես թատերագիր։ «Ճանճերում» (¨Les Mouches¨-1943) երիտասարդ մարդասպանի իրագործած ազատությունը հակադրվում է անզոր Յուպիտերին, մինչդեռ «Ելք չկա» թատերախաղում դժոխքը հայտնվում է որպես մարդկանց միասնականություն։
Սարտրը լայնորեն ներգրավված էր գրաքննադատությունում և հրատարակել է ուսումնասիրություններ Շառլ Բոդլերի (Baudelaire-1947) և Ժան Ժենեի (Jean Genet-1952) մասին։ 1964 թվականին լույս է տեսել նրա պատանեկության կենսագրությունը՝ «Բառեր» (Les Mots)։ [15]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.