Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[10] (գերմ.՝ Georg Wilhelm Friedrich Hegel, օգոստոսի 27, 1770[1][2][3][…], Շտուտգարտ, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - նոյեմբերի 14, 1831[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]), գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը։
Հեգելի մահվանից հետո բարեկամների ջանքերով լույս են տեսել նրա «Պատմության փիլիսոփայություն», «Դասախոսություններ փիլիսոփայության պատմության մասին», «Դասախոսություններ գեղագիտության մասին» և այլ աշխատություններ[11]։
Հեգելի փիլիսոփայական համակարգը բաժանվում է 3 մասի՝ տրամաբանության փիլիսոփայություն, բնափիլիսոփայություն և ոգու փիլիսոփայություն։ Ըստ Հեգելի՝ տրամաբանության առարկան բացարձակ գաղափարն է՝ որպես ինքնազարգացող հասկացությունների համակարգ։ Այն գիտություն է մտածողության, հասկացությունների և օրենքների մասին։
Հեգելը տրամաբանությունը բաժանում է 3 մասի՝ ուսմունք կեցության մասին, ուսմունք էության մասին, ուսմունք հասկացության մասին։ Կեցության մասին ուսմունքում նա ցույց է տալիս, որ հասկացություններն անընդհատ շարժման ու զարգացման մեջ են, ընդ որում՝ այդ զարգացումը տեղի է ունենում թեզ–հակաթեզ–սինթեզ հաջորդականությամբ։ Այստեղ նա ձևակերպում է դիալեկտիկական մտածողության հիմնական օրենքներից մեկը՝ քանակական փոփոխություններից որակականի անցման օրենքը, ըստ որի՝ շարժումն ու զարգացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ թռիչքաձև։ Էության մասին ուսմունքում Հեգելը դիտարկում է զարգացման ներքին աղբյուրի՝ հակասության խնդիրը և դրա հետ կապված հասկացությունները՝ նույնություն և տարբերություն, բովանդակություն և ձև, ամբողջ և մաս, ներքին և արտաքին, պատճառ և հետևանք և այլն[11]։
Հասկացության մասին ուսմունքում Հեգելը քննարկում է մտածողության սուբյեկտիվ ձևերը (հասկացություն, դատողություն, մտահանգում), օբյեկտի տեսակները (մեխանիզմ, քիմիզմ, նպատակաբանություն), ճանաչողության և գործունեության, տեսական և գործնական ոլորտների փոխհարաբերությանն առնչվող հարցեր, բնութագրում բացարձակ գաղափարը։
Բացարձակ գաղափարը բնության մեջ իր «դեգերումներից» հետո վերադառնում է ինքն իրեն՝ որպես ոգի, որը ժամանակի ընթացքում դրսևորվում է իբրև սուբյեկտիվ ոգի, օբյեկտիվ ոգի և բացարձակ ոգի։ Ըստ Հեգելի՝ սուբյեկտիվ ոգու փիլիսոփայությունը (մարդաբանություն, ֆենոմենոլոգիա, հոգեբանություն) ուսումնասիրում է անհատական գիտակցության ոլորտը, օբյեկտիվ ոգու փիլիսոփայությունը (իրավունք, բարոյակամություն և բարոյականություն)՝ հասարակական կեցության բնագավառը, իսկ բացարձակ ոգու փիլիսոփայությունը՝ գիտակցության հիմնական ձևերը՝ արվեստը, կրոնը և փիլիսոփայությունը։ Արվեստը գործ ունի զգայական կերպարների, կրոնը՝ զգայական պատկերացումների, փիլիսոփայությունը՝ հասկացությունների հետ։ Գիտելիքի այս 3 ձևերի առարկան նույնն է՝ բացարձակը՝ Աստված, սակայն բացարձակն ավարտուն և լիակատար գիտակցվում է միայն փիլիսոփայության մեջ։ Ուշագրավ են Հեգելի պատմափիլիսոփայական հայացքները, որոնք շարադրված են «Պատմության փիլիսոփայություն» աշխատության մեջ. պատմությունը նա դիտում է որպես ժամանակի մեջ բացարձակ ոգու աստիճանական զարգացում, որը շարժվում է դեպի որոշակի նպատակ՝ ազատություն։ Ազատությունը տևական պայքարի արդյունք է։ Այն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դրա համար ստեղծվում են անհրաժեշտ օբյեկտիվ պայմաններ՝ քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն և այլն[11]։
Հեգելը զարգացնում է «բանականության խորամանկության» մասին մի տեսություն, ըստ որի՝ համաշխարհային ոգին իր նպատակներին հասնելու համար օգտագործում է առանձին ժողովուրդների և անհատների, որոնց միջոցով դրսևորում է իր ակտիվ էությունը։ Հեգելը մարդկանց դասակարգում է 2 խմբի՝ «վերարտադրողների»՝ հասարակ ժողովրդի, և «պատմական անձնավորությունների»՝ պատմության մեջ առանձնահատուկ դեր կատարողների։ Պատմական անհրաժեշտությունը դարձնելով անձնական նպատակ՝ իրենց գործունեությամբ «պատմական անձնավորությունները», ըստ էության, իրականացնում են համաշխարհային ոգու առաջադրանքը։ Ընդ որում, առանց «վերարտադրողների» աջակցության, ականավոր մարդիկ չեն կարող իրագործել իրենց պատմական առաքելությունը։ Ինչպես ժողովուրդները, որոնց վիճակված է գլխավորել պատմության շարժումը, այնպես էլ համաշխարհային պատմական հերոսները, կատարելով իրենց դերը, հեռանում են պատմական ասպարեզից[12]։
Հիմնական ստեղծագործությունները կարելի է նշել և դասակարգել այնպես, ինչպես դա արված էր «Энциклопедия философских наук» հավաքածուի մեջ[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.