From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրոլիտային անհավասարակշռություն կամ ջրա-աղային անհավասարակշռություն, օրգանիզմում էլեկտրոլիտների կոնցենտրացիայի նորմայից շեղում։ Օրգանիզմում հոմեոստազի պահպանման գործում էլեկտրոլիտներն ունեն կենսական կարևոր նշանակություն։ Նրանք օգնում են կարգավորել սրտի և նյարդային համակարգի ֆունկցիաները, հեղուկների հավասարակշռությունը, թթվածնի մատակարարաումը, թթվա-հիմնային հավասարակշռությունը։ Ջրա-աղային անհավասարակշռություն կարող է առաջանալ ինչպես էլեկտրոլիտների չափից շատ կամ քիչ կիրառման, այնպես էլ օրգանիզմից դուրսբերման խանգարումների դեպքում։
Էլեկտրոլիտային խանգարումներ դիտվում են մի շարք հիվանդությունների դեպքում և բժշկության մեջ համարվում են հիվանդների բուժման կարևոր մաս[1]։ Այս խանգարումների պատճառները, ծանրության աստիճանը, բուժումը և ելքերը կարող են լայնորեն տարբերվել՝ կախված էլեկտրոլիտի տեսակից[2]։ Ամենալուրջ էլեկրոլիտային խանգարումները դիտվում են նատրիումի, կալիում և կալցիումի մակարդակների փոփոփությունների դեպքում։ Այլ Էլեկտրոլիտային շեղումներ դիտվում են ոչ այքան հաճախ և սովորաբար զուգակցված են լինում հիմնական Էլեկտրոլիտային փոփոխությունների հետ։ Երիկամները համարվում են ջրա-աղային հավասարակշռությունը կարգավորող աամենակարևոր օրգանները, սակայն այլ գործոններ նույնպես խաղում են կարևոր դեր, օրինակ՝ հորմոնալ փոփոխությունները կամ ֆիզիոլոգիական սթրեսը[1]։ Լուծողականների քրոնիկակական չարաշահումը, ծանր դիարեան (փորլուծություն) և փսխումը կարող են հանգեցնել ջրազրկամն և նրա հետ զուգակցված էլեկտրոլիտային անհավասարակշռության։ Էլեկտրոլիտային խանգարումների ռիսկի խումբ են կազմում բուլեմիայով և անորեքսիայիով հիվանդ անձինք։ Էլեկտրոլիտային անհավասարակշռությունը արագ և պատշաճ կերպով չշտկելու դեպքում կարող է հանգեցնել սրտային անբավարարությամբ պայմանավորված մահվան[3][4][5]։
Էլեկտրոլիտները շատ կարևոր դեր ունեն մարդու օրգանիզմում, քանի որ նրանց միջոցով բջիջները (հատկապես՝ նյարդային, սրտի, մկանային բջիջները) ապահովում են բջջաթաղանթի վոլտաժը, ինչպես նաև նրանց միջոցով իրականացվում է էլեկտրական իմպուլսի (նյարդային իմոպուլսներ, մկանային կծկումներ) հաղորդումը մի բջջից մյուսը։ Երիկամների շնորհիվ արյան մեջ կայուն են պահվում էլեկտրոլիտների կոնցենտրացիաները՝ անկախ օրգանիզմում դրանց փոփոխություններից[3][5]։ Օրինակ՝ ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում դիտվում է էլեկտրոլիտների՝ մասնավորապես նատրիումի և կալիումի կորուստ քրտինքի միջոցով[5]։ Նատրիումի մակարդակը պահելու համար երիկամնեը նոսրացնում են մեզը[5]։ Հիպոնատրեմիան էլեկտրոլիտային անհավասաևակշռության ամենահաճախ հանդիպող տեսակն է[6][7]։
Էլեկտրոլիտային անհավասարակշռության բուժումը կախված է այն բանից, թե կոկնրետ որ էլեկտրոլիտի մակարդակն է շեղվել և նրա մակարդակը նորմայից ցածր է, թե բարձր[2]։ Խանգարման ծանրության աստիճանից կախված կարող են փոխվել բուժման մեթոդները և ագրեսիվությունը[2]։ Եթե էլեկտրոլիտի մակաևդակը շատ ցածր է, անհավասարակշռությունը կարելի է շտկել՝ նշանակելով էլեկտրոլիտային հավելում։ Եթե ներգրավված էլեկտրոլիտը նատրիումն է, ամենայն հավանականությամբ խնդիրը ոչ թե նրա անբավարության մեջ է, այլ՝ հեղուկի ավելցուկի, ինչն էլ հանգեցնում է անհավասարակշռության։ Այս դեպքում էլեկտրոլիտային հավելումը կշտկի անհավասարակշռությունը, սակայն դա կլինի ծավալային գերբեռնման հաշվին, որը կարող է շատ վտանգավոր լինել, հատկապես նեոնատալ տարիքում[3]։ Քանի որ յուրաքանչյուր էլեկտրոլիտ տարբեր կերպ է ազդում օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա, պետք է առանձին դիտարկել նրանցից յուրաքանչյուրի շեղման պատճառները, բուժումները և բարդությունները։
Նատրիումը և նրա հոմեոստազը մեծապես կախված են օրգանիզմում հեղուկի մակարդակից։ Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 60% հեղուկից, այս տոկոսը հայտնի է նաև որպես օգանիզմի ընդհանուր հեղուկ, որը բաժանվում է 2 մասի՝ ներբջջային հեղուկ և արտաբբջջային հեղուկ։ Օրգանիզմի նատրիումի մեծ մասը գտնվում է արտաբջջային հեղուկում[8]։ Արտաբջջային հեղուկը կազմում են բջիջները շրջապատող և արյունատար անոթներում գտնվող հեղուկը։ Արտաբջջային հեղուկում նատրիումի ընդհանուր կենցենտրացիան կազմում է մոտավորապես 140 mEq/L[8]։ Քանի որ բջջաթաղանթները թափանցելի են ջրի համար, բայց ոչ՝ նատրիումի, բջջաթաղանթների միջով ջրի տեղաշարժը ազդում է արյան մեջ նատրիումի մակարդակի վրա։ Նատրիումը գործում է որպես «քաշող » ուժ, որը ստիպում է ջրին տեղաշարժվել նատրիումի ցածր կոնցենտրացիայի վայրից դեպի բարձր կոնցենտրացիայի վայր։ Սա իրականացվում է օսմոս կոչվող պրոցեսի միջոցով[8]։ Երբ գնահատում ենք նատրիումի անհավասարակշռությունը, պետք է դիտարկել և′ օրգանիզմի ընդհանուր հեղուկը, և′ նատրիումի ընդհանուր կոնցենտրացիան[2]։
Հիպերնատրեմիան արյան մեջ նատրումի կոնցենտրացիայի բարձրացումն է։ Նատրիումի 145 mEq/L-ից բարձր մակարդակը համարվում է հիպերնատրեմիա։ Հիպերնատրեմիան բնորոշ չէ այն անձանց, ովքեր չունեն որևէ այլ առողջական խնդիր[2]։ Այս խանգարմամբ հիվանդների մեծ մասը ունենում է դիարեայի պատճառով հեղուկի կորուստ, ծարավի զգացողության փոփոխություն, մեզի խտացման հետ կապված երիկամային խնդիրներ կամ կերակրի աղի չարաշահում[2][8]։
Տարբերում ենք հիպերնատրեմիայի 3 տեսակ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում պատճառները տարբեր են[2]։ Առաջին դեպքում դիտվում է ջրազրկում՝ զուգակցված օրգանիզմի ընդհանուր նատրիումի ցածր մակարդակի հետ։ Այն ամենից հաճախ առաջանում է ջերմային հարվածից, այրվածքներց, առատ քրտնարտադրությունից, փսխումից և դիարեայից[2]։ Երկրորդ տեսակին բնորոշ է օրգանիզմի ընդհանուր հեղուկի ցածր քանակություն, իսկ նատրիումի նորմալ քանակություն։ Այն կարող է առաջանալ ոչ շաքարային դիաբետի, երիակամային հիվանդությունների, հիպոթալամիկ դիսֆունկցիայի, մանգաղաբջջային սակավարյունության և որոշակի դեղորայքների կիրառման դեպքում[2]։ Երրորդ տեսակի դեպքում դիտվում է նատրիումի կոնցենտրացիայի բարձրացում ներծծման ավելացման, Կոնի համախտանիշի կամ Կուշինգի համախտանիշի հետևանքով[2]։
Հիպերնատրեմիայի ախտանիշները կարող են տարբեր լինել անհավասարակշռության տեսակից և առաջացման արագությունից կախված[8]։ Ընդհանուր նշաններն են ջրազրկումը, սրտխառնոցը, փսխումը, հոգնածությունը, թուլությունը, ծարավի ուժեղացումը, միզարձակման ավելացումը։ Որոշ հիվանդների դեպքում անհավասարակշռությունը կարող է պայմանավորված լինել որոշ դեղորայքների, օրինակ ՝ միզամուղների կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կիրառմամբ[8]։ Որոշ հիվանդներ կարող են ակնհայտ ախտանիշներ ընդհանրապես չունենալ[8]։
Շատ կարևոր է նախ գնահատել հիվանդի կայունությունը։ Շոկի նշանների առկայության դեպքում, օրինակ՝ հաճախասրտություն կամ հիպոտենզիա, անհրաժեշտ է անմիջապես ներերակային լուծույթներ ներարկել[2][8]։ Հիվանդի վիճակի կայունացումից հետո անհրաժեշտ է որոշել հիպերնատրեմիայի պատճառը, քանի որ այն կարող է ազդել բուժման պլանի վրա[2][8]։ Բուժման կարևոր քայլ է համարվում հիվանդի մոտ օրգանիզմի ընդհանուր հեղուկների դեֆիցիտը հաշվարկումը և վերականգնումը այն ներերակային և խմելու հեղուկների միջոցով[2][8]։ Հեղուկների լրացման արագությունը կախված է այն բանից, թե ինչքան ժամանակ է հիվանդը եղել հիպերնատրեմիկ։ Նատրիումի մակարդակի շատ արագ նվազեցումը կարող է բերել ուղեղի այտուցի[8]։
Հիպոնատրեմիան արյան մեջ նատրիումի կոնցենտրացիայի նվազումն է։ Նատրիումի 135 mEq/L-ից ցածր մակարդակը համարվում է հիպոնատրեմիա[9]։ Այս համեմատաբար հաճախ հանդիպող էլեկտրոլիտային խանգարումը կարող է հիվանդության նշան լինել, սակայն ավելի հաճախ դիտվում է հիվանդանոցում հիպոտոնիկ լուծույթների կիրառման դեպքում[9][10]։ Հիվանդների մեծամասնության մոտ դիտվում է թեթև արտահայտված հիպոնատրեմիա, երբ նատրիումի մակարդակը բարձր է լինում 130 mEq/L-ից, միայն հիվանդների 1-4%-ի դեպքում է նատրիումի կոնցենտրացիան 130 mEq/L-ից ցածր լինում[10]։
Հիպոնատրեմիան ունի մի շարք պատճառներ, ներառյալ՝ սրտային անբավարարությունը, խրոնիկական երիկամային հիվանդությունը, լյարդի հիվանդությունները, թիազիդային միզամուղներով բուժումը, փսիխոգեն (հոգեծին) պոլիդիպսիան (ծարավի պաթոլոգիկ ուժող զգացողություն), անտիդիուրետիկ (հակամիզամուղ) հորմոնի ոչ պատշաճ արտազատման համախտանիշ[9]։ Այն կարող է նկատվել նաև հետվիրահատական շրջանում, ինչպես նաև ջրային ինտոքսիկացիայի դեպքում, որը կարող է դիտվել ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում[9]։ Երեխաների մոտ հիպոնատրեմիայի պատճառ կարող են լինել փորլուծությունը, հաճախակի կերակրումները նոսր կերակուրով, ջրային ինտոքսիկացիան (թունավորում) ջրի չափից շատ կիրառմամբ պայմանավորված, հոգնաները[9]։ Կեղծ հիպոնատրեմիան (փսևդոհիպոնատրեմիա) նատրիումի կեղծ ցածր ցուցանիշն է՝ պայմանավորված արյան մեջ ճարպերի և սպիտակուցների բարձր պարունակությամբ[9][10]։ Նոսրացման հիպոնատրեմիա դիտվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, երբ գլյուկոզայի բարձր մակարդակը «քաշում է» ջուր դեպի արյան հուն, ինչի հետևանքեվ նվազում է նատրիումի կոնցենտրացիան[9][10]։ Հիպոնատրեմիայի պատճառի հայտնաբերումը հիմնված է 3 ցուցանիշների հիման վրա․ օրգանիզմում ընդհանուր հեղուկի ծավալ, պլազմայի օսմոլյարություն, մեզի օսմոլյարություն[9][10]
Թույլ արտահայտված հիպոնատրեմիայի դեպքում կարող են ախտանիշներ չդիտվել։ Ախտանիշների դրսևորումը ուղիղ կապի մեջ է հիպոնատրեմիայի աստիճանի և զարգացման արագության հետ[9]։ Բնորոշ ախտանիշներն են ախորժակի կորուստը, սրտխառնոցը, փսխումը, շփոթվածությունը, գրգռվածությունը և թուլությունը[9][10]։ Ավելի ծանր ախտանիշներ դիտվում են նյարդային համակարգի ախտահարման դեպքում․ կարող են դիտվել ցնցումներ, կոմա և ուղեղաբնի ճողվածքով պայմանավորված մահ[9][10]։ Այս ամենը հնարավոր է, երբ նատրիումի մակարդակը նվազում է 120 mEq/L-ից[9]։
Ախտանիշների ծանրությունը, սկսման վաղեմությունը, նատրիումի կոնցենտրացիան և օրգանիզմի հեղուկների ծավալը թելադրում են բուժման մոտեցումները[10]։ Երբ նատրիումի մակարդակը ցածր է 120mEq/L-ից, առկա են նյարդաբանական ծանր ախտանիշներ կամ հիվանդության սկիզբը եղել է արագ, անմիջապես նշանակվում է հիպերտոնիկ աղային լուծույթ[10]։ Ոչ հրատապ իրավիճակներում շտկումն անհրաժեշտ է իրականացնել դանդաղ՝ օսմոտիկ դեմիելինիզացնող համախտանիշից խուսափելու համար[9][10]։ Շտկման մեթոդի ընտրությունը կախված է անհավասարակշռության պատճառից։ Եթե հիվանդի մոտ առկա է օրգանիզմի ընդհանուր հեղուկի և նատրիումի ցածր մակարդակ, նշանակվում է ներերակային ֆիզիոլոգիական լուծույթ[9]։ Եթե հիվանդի մոտ առկա է հեղուկի ավելցուկ սրտային կամ երիկամային անբավարարությամբ պայմանավորված, կարելի է սահմանափակել ընդունվող հեղուկների քանակը կամ նշանակել կանթային միզամուղներ[9]։ Եթե հիվանդն ունի օրգանիզմի ընդհանուր հեղուկի նորմալ ծավալ, անհրաժեշտ է ընդունվող հեղուկների քանակի սահմանափակում[9]։
Կալիումը գլխավորապես ներբջջային էլեկտրոլիտ է, դրանով պայմանավորված նրա կոնցենտրացիան արյան մեջ տատանվում է 3․5-5 mEq/L-ի սահմաններում[10]։ Երիկամները պատասխանատու են նրա ավելցուկը օրգանիզմից հեռացնելու համար[10]։ Դա նշանակում է, որ երիկամներն ունեն վճռական դեր կալիումի հոմեոստազի պահպանման գործում։
Հիպերկալեմիան արյան մեջ կալիումի մակարդակի բարձրացումն է։ Կալիումի մակարդակի 5 mEq/L-ից բարձրացումը համարվում է հիպերկալեմիա[9][10]։ Այն կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների և նույնիսկ մահվան[9]։ Որպես այդպիսին, հիպերկալեմիան համարվում է ամենավտանգավոր էլեկտրոլիտային խանգարումը[9]։
Սովորաբար հիպերկալեմիայի պատճառ են հանդիսանում երիկամների արտազատական ֆունկցիայի նվազումը, կալիումը տեղաշարժը դեպի արտաբջջային տարածություն, կալիումով հարուստ սնունդը՝ երիկամային անբավարարության դեպքում[9]։ Հիպերկալեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառը լաբորատոր սխալն է՝ արյան փորձանմուշի բջիջների քայքայման և կալիումի ատազատման հետևանքով[10]։ Այլ հաճախ հանդիպող պատճառներից են երիկամի հիվանդությունները, բջիջների մահը, ացիդոզը և երիկամներն ախտահարող դեղամիջոցները[9]։
Հիպերկալեմիայի վտանգավորության պատճառներից մեկը այն է, որ հաճախ այն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում է միայն հիվանդի առաջնային զննման ժամանակ նշանակվող լաբորատոր հետազոտության ժամանակ[9]։ Կալիումի մակարդակի բարձրացման հետ կարող են դիտվել սրտխառնոց, փսխում, դիարեա[9]։ Արտահայտված հիպերկալեմիայի դեպքում (>7 mEq/L) կարող են դիտվել մկանային ջղաձգումներ, թմրածություն, ծակծկոցներ, ռեֆլեքսների բացակայություն և պարալիզ (լուծանք)[9][10]։ Բնորոշ են նաև առիթմիաները, որոնք կարող են հանգեցնել մահվան[9][10]։
Գոյություն ունի հիպերկալեմիայի բուժման 3 հիմնական ուղղություն․ Սրտի բջիջների կայունացում, կալիումի տեղափոխում ներբջջային տարածություն, օրգանիզմից կալիումի հեռացում[9][10]։ Սրտի բջիջների կայունացումն իրականացվում է ներերակային կալցիումի միջոցով[9]։ Կալիումի տեղափոխումը ներբջջային տարածություն իրականացվում է ինսուլինի և ալբուտերոլի ինհալյացիայի միջոցով[9]։ Օրգանիզմից կալիումի հեռացումն իրականացվում է հեմոդիալիզի, կանթային միզամուղների կամ խեժի միջոցով, որը նպաստում է կալիումի հեռացմանը կղանքի միջոցով[9]։
Հիպոկալեմիան արյան մեջ կալիումի մակարդակի նվազումն է։ Կալիումի մակարդակի 3.5 mEq/L-նվազումը համարվում է հիպոկալեմիա[9]։ Այն հաճախ դիտվում է մագնեզիումի ցածր մակարդակի հետ զուգակցված[9]։
ՀԻպոկալեմիայի պատճառ կարող են հանդիսանալ օրգանիզմից կալիումի էքսկրեցիայի (հեռացման, արտազատման) ուժեղացումը, կալիումով հարուստ սննդամթերքի քիչ կիրառումը, կալիումի տեղաշարժը դեպի բջջի ներս և որոշ էնդոկրին հիվանդություններ[9]։ Կալիումի էքսկրեցիայի ուժեղացումը հիպոկալեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառն է և կարող է պայմանավորված լինել միզամուղներով, մետաբոլիկ ացիդոզով, դիաբետիկ կետոացիդոզով, հիպերալդոստերոնիզմով կամ երիակամային խողովակային ացիդոզով[9]։ Կալիումի կորուստ կարող է դիտվել փսխման և դիարեայի հետևանքով[10]։
Հիպոկալեմիան հաճախ ընթանում է անախտանիշ։ Ախտանիշներ կարող են դիտվել, երբ կալիումի մակարդակը նվազում է <2.5 mEq/L-ից[10]։ Բնորոշ նշաններն են մկանային թուլությունը և ջղաձգումները։ Կալիումի մկարդակի նվազումը կարող է հանգեցնել նաև սրտային առիթմիաների[9][10]։
Բուժումն իրականացվում է կալիումի լրացման միջոցով, որը կարելի անել ինչպես ներերակային այնպես էլ բերանացի եղանակով[9][10]։ Քանի որ հիպոկալեմիան սովորաբար զուգակցված է լինում մագնեզիումի ցածր մակարդակի հետ, հիվանդներին նշանակվում է նաև մագնեզիում[10]։
Կալցիումի օրգանիզմի ամենամեծ քանակությունն ունեցող էլեկտրոլիտն է, սակայն այն մեծ մասամբ գտնվում է ոսկրային հյուսվածքում[10]։ Կալցիումը մեծ մասամբ կլանվում և հեռացվում է աղեստամոքսային համակարգի միջոցով[10]։ Կալցիումի մեծ մասն ունի արտաբջջային տեղակայում և վճռական նշանակություն նեյրոնների, մկաննների, ֆերմենտների ֆունկցիաների և արյան մակարդման հարցում[10]։
ՀԻպերկալցեմիան արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացումն է։ Կալցիումի մակարդակի 10.5 mEq/dL-ից բարձր լինելը համարվում է հիպերկալցեմիա[9]։ Արյան մեջ կալցիումի շատ բարձր մակարդակը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների[9]։
Հիպերկալցեմիայի ամենահաճախ դիտվող պատճառներն են քաղցկեղի որոշակի տեսակները, հիպերպարաթիրեոիդիզմը, ֆեոքրոմացիտոման, վիտամին D-ի չարաշահումը, սարկոիդոզը և տուբերկուլյոզը[9]։ Հիպերպարաթիրեոիդիզմը և չարորակ հիվանդությունները համարվում են գերակշռող պատճառներ[10]։ Հիպերկալցեմիա կարող է առաջանալ նաև բջիջների քայքայման, երկարատև անշարժ լինելու և ջրազրկման հետևանքով[9]։
Հիպերկալցեմիայի գերակշռող նշաններն են որովայնային ցավը, փորկապությունը, երիկամային քարերը, ծարավի և միզարձակման ավելացումը, սրտխառնոցը և փսխումը[9][10]։ Ծանր դեպքերում, երբ կալցիումի մակարդակը գերազանցում է 14 mEq/dL-ը կարող են դիտվել շփոթվածություն, հոգեկան վիճակի խանգարումներ, կոմա և ցնցումներ[9][10]։
Հիպերկալցեմիայի հիմնական բուժումը ներերակային հեղուկնեերն են[9]։ Եթե հիպերկալցեմիան է արտահայտված է և/կամ զուգակցվում է քաղցկեղի հետ, կարեղ են կիրառվել բիֆոսֆոնատներ[9][10]։ Խիստ արտահայտված հիպերկալցեմիայի դեպքում արյունից կալցիումի հեռացման համար կարելի է դիտարկել հեմոդիալիզի հարցը[9][10]։
Հիպոկալցեմիան արյան մեջ կալցիումի մակարդակի նվազումն է։
Հիպոկալցեամիայի ամենահաճախ դիտվող պատճառները հիպոպարաթիրեոիդիզմը և վիտամիn D-ի անբավարարությունն են[9]։ Այն կարող է դիտվել նաև թերսնուցման, արյան փոխներարկման, էթիլենգլիկոլով թունավորման և պանկրեատիտի դեպքում[9]։
Հիպոկալցեմիայի ամենահաճախ դիտվող դրսևորումները նյարդաբանական և սիրտանոթային ախտանիշներն են[9][10]։ Հիվանդները կարող են նշել մկանային ջղաձգումներ և ցնցումներ, բերանի և մատերի շրջանում թմրածություն։ Կարող են դիտվել նաև շնչարգելություն, արյան ցածր ճնշում և սրտային առիթմիաներ[9]։
ՀԻպոկալցեմիայի դեպքում բուժումն իրականացվում է ներերակային կամ բերանացի եղանակով կալցիումի ընդունմամբ[9]։ Ներերակային կալցիում նշանակվում է արտահայտված հիպոկալցեմիայի դեպքում[9][10]։ Անհրաժեշտ է նաև ստուգել մագնեզիումի մակարդակը և անհրաժեշտության դեպքում շտկել[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.