From Wikipedia, the free encyclopedia
«Գահերի խաղ» (անգլ.՝ Game of Thrones), ամերիկյան ֆենտեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալ՝ ստեղծված գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։ 2011 թվականի ապրիլի 19-ին՝ առաջին եթերաշրջանի ցուցադրումից հետո, արդեն իսկ հաստատվել է երկրորդ եթերաշրջանի նկարահանումը[5]։ 2012 թվականի ապրիլի 1-ին տեղի է ունեցել երկրորդ եթերաշրջանի պրեմիերան։ Երրորդ եթերաշրջանը հեռուստատեսային էկրաններին է բարձրանում 2013 թվականի մարտի 31-ին, իսկ 2014 թվականի ապրիլի 6-ին ցուցադրվեց չորրորդ եթերաշրջանի անդրանիկ սերիան։ Պրեմիերայից երկու օր անց «HBO»-ն հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանները[6]։ Հինգերորդ եթերաշրջանի վերջին սերիան հեռարձակվեց 2015 թվականի հունիսի 14-ին, որից հետո հայտարարվեց վեցերորդի նկարահանումների մասին[7]։
Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։
Հեռուստասերիալը համընդհանուր ուշադրության է արժանացել և ունի միջազգային երկրպագուների խոշոր բանակ։ Քննադատների շրջանում այն մեծ մասամբ դրական արձագանքների է արժանացել, թեև առանձնակի քննադատության են արժանացել հեռուստասերիալում առկա մերկության և բռնության (այդ թվում՝ սեռական ոտնձգության) բավականին արտահայտիչ տեսարանները։
Արժանացել է ռեկորդային 38 պրայմթայմ Էմմի մրցանակի (այդ թվում երկու տարի անընդմեջ՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում)։ Արժանացել է նաև Հյուգոյի երեք մրցանակի՝ «լավագույն դրամատիկական ներկայացում» (2012-2014) անվանակարգում, Փիբոդիի մրցանակի (2011), ինչպես նաև չորս անգամ առաջադրվել Ոսկե գլոբուսի՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում (2012, 2015, 2016, 2017)։ Անհատական մրցանակների են արժանացել բազմաթիվ դերասաններ։ Թիրիոն Լանիստերին մարմնավորելու համար, Փիթեր Դինքլեյջը 2011 և 2015 թվականներին արժանացել է պրայմթայմ Էմմի մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան հեռուստադրամայում», իսկ 2012 թվականին՝ Ոսկե գլոբուսի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգերում։ Պրայմթայմ Էմմի մրցանակի են առաջադրվել նաև Լինա Հիդին, Քիթ Հարինգթոնը, Մեյզի Ուիլյամսը, Դայանա Ռիգը և Մաքս ֆոն Սյուդովը։
Գահերի խաղի սյուժեն բավական ճշգրտորեն ներկայացնում է «Սառույցի և Հրո Երգ» սագայի դեպքերը[8]։ Դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս մայրցամաքներում, որտեղ ազնվական ընտանիքները պայքար են մղում հանուն Երկաթե գահի։ Իրադարձությունները մեկ տանում են դեպի սառուցյալ Հյուսիս, մեկ՝ արևելյան շոգ մայրցամաք Էսսոս[9]։ Առաջին սեզոնը հեպտոլոգիայի առաջին վեպի հավատարիմ ադապտացիան է։ Հաջորդ սեզոնները, սակայն, սկսում են նշանակալիորեն տարբերվել գրքերի իրադարձություններից։ Համաձայն Դեյվիդ Բենիոֆի՝ «Հեռուստասերիալը ադապտացնում է սերիաները որպես մի ամբողջություն և հետևելով քարտեզին, որ Մարթինը տրամադրել է մեզ, ինչպես նաև հիմնաքարերի վրա հենվելով, սակայն բնավ պարտադիր չէ ճանապարհին յուրաքանչյուր կանգառը ճշտգրիտ ադապտացնել»[10]։
Վեպերն ու դրանց ադապտացիան իրենց կերպարների, վայրերի և իրադարձությունների ներշնչանքն են գտել եվրոպական պատմության մեջ[11]։ Վեպերի գլխավոր հիմքը անգլիական Վարդերի պատերազմն է[12] Լանքաստերների և Յորքերի միջև, որոնք ազդեցություն են թողել Մարթինի Լանիստերների և Սթարքների վրա։ Վեսթերոսի մեծ մասը՝ իր դղյակներով և ասպետական մրցություններով, հիշեցնում է ուշ միջնադարյան Եվրոպան։ Սերսիի կերպարն իր հիմքում ունի Իզաբելլային՝ «Ֆրանսիայի գայլուհուն»[11]։
Սեզոն | Սերիաներ | Պրեմիերա | Սեզոնի ավարտ |
---|---|---|---|
1 | 10 | Ապրիլի 17, 2011 | Հունիսի 19, 2011 |
2 | 10 | Ապրիլի 1, 2012 | Հունիսի 3, 2012 |
3 | 10 | Մարտի 31, 2013 | Հունիսի 9, 2013 |
4 | 10 | Ապրիլի 6, 2014 | Հունիսի 15, 2014 |
5 | 10 | Ապրիլի 12, 2015 | Հունիսի 14, 2015 |
6 | 10 | Ապրիլի 24,2016[13] | Հունիսի 26, 2016 |
7 | 7[14] | Գարուն, 2017[15] | 2017 |
8[16] | 6[17] | 2019 | 2019 |
Ինչպես վիպաշարում, այնպես էլ հեռուստասերիալում առկա են աննկարագրելի մեծ քանակությամբ կերպարներ, որոնք վիճելիորեն ամենաշատն են ողջ հեռուստատեսության պատմության մեջ[18]։ Միայն երրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ հիմնական դերասանական կազմը բաղկացած է եղել257 հոգուց[19]։ Ստորև ներկայացված են կենտրոնական կերպարները և նրանց մարմնավորող դերասանները[20]։
Լորդ Էդդարդ (Նեդ) Սթարքը, ում դերը խաղում է Շոն Բինը, Սթարքների ընտանիքի հայրն է և Հյուսիսի պահապանը։ Սթարքերի ընտանիքի գրեթե բոլոր անդամները սերիալի ողջ տևողության ընթացքում կենտրոնական կերպարներ են։ Էդդարդն ու նրա կին Քեթլինը, ում դերը խաղում է Միշել Ֆեյրլին, ունեն հինգ զավակ՝ ավագ որդի Ռոբը (Ռիչարդ Մեդլեն), նրբագեղ Սանսան (Սոֆի Թըրներ), տղայական վարքագծով Արյան (Մեյզի Ուիլյամս), արկածասեր Բրանը (Այզեք Հեմփսթիդ-Ռայթ) և կրտսեր որդին՝ Ռիքոնը (Արթ Փարքինսոն)։ Էդդարդի ապօրինի որդի Ջոն Սնոուն (Քիթ Հարինգթոն) և նրա ընկեր Սամվել Թարլին (Ջոն Բրեդլի) ծառայում են Գիշերային հենակետում՝ լորդ կառավարիչ Ջեոր Մորմոնթի (Ջեյմս Քոսմո) ղեկավարության ներքո։ Խարտիշահեր Իգրիթը (Ռոուզ Լեսլի), որ Մեծ պատնեշի հակառակ կողմում բնակվող վայրենիներից է, Ջոն Սնոուի ռոմանտիկ հետաքրքրության առարկան է, մինչ Սեմը սիրահարվում է Գիլիին (Հաննա Մյուրեյ) մասին[21]։
Սթարքների հետ կապ ունեցող կերպարներից են Թեոն Գրեյջոյը (Ալֆի Ալլեն), ինչպես նաև Էդդարդի վասսալ Ռուս Բոլթոնը (Մայքլ ՄաքԷլհաթթոն) և նրա սադիստիկ ընկեցիկ Ռամզի Բոլթոնը/Սնոուն (Իվան Ռեոն)։ Ռոբը խռովության ժամանակ սիրահարվում է բուժքույր Թալիսա Մեյգիրին (Ունա Չապլին), իսկ Արյան ընկերանում է Գենդրիի (Ջոու Դեմփսի) և մարդասպան Ժաքեն Հ՛գարի (Թոմ Վլասչիլա) հետ։ Քեթլինը ծանոթանում է կին թիկնապահ Բրիեն Թարթի հետ (Գվենդոլին Քրիսթի)[21]։
Մայրաքաղաք Քինգս Լանդինգում Էդդարդի հին ընկեր արքա Ռոբերթ Բարաթեոնը (Մարք Էդդի) իր անսեր ամուսնական կյանքն է անցկացնում Սերսի Լանիստերի (Լինա Հիդի) հետ, ով գաղտնի սիրային կապի մեջ է իր երկվորյակ եղբոր՝ արքայի թիկնազորային Ջեյմի Լանիստերի (Նիկոլայ Կոստեր-Վալդաու) հետ։ Նա ատում է իր կրտսեր եղբորը՝ գաճաճ Թիրիոն Լանիստերին (Փիթեր Դինքլեյջ), որն ամենուր իր սիրուհի Շեյի (Սիբել Քեքիլի) և թիկնապահ Բրոնի (Ջերոմ Ֆլին) ուղեկցությամբ է։ Լանիստերների եռյակի հայրը աննկարագրելիորեն հարուստ ու արյունարբու Թայվին Լանիստերն է (Չարլզ Դենս)։ Սերսին ու Ջեյմին ունեն երեք զավակ՝ սադիստիկ հակումներով ինքնահավան Ջոֆրին (Ջեք Գլիսոն), բարեսիրտ Թոմենը (Դին-Չարլզ Չեփմեն) և բարեկիրթ Մարսելան (Նել Թայգեր Ֆրի)։ Ջոֆրիի պահակազորի առավել նշանակալի անդամն է Սանդոր Քլիգեյնը՝ «շուն» մականվամբ (Ռորի ՄաքՔան)։
Արքայի Փոքր խորհրդի կազմում են Դրամների տիրակալ Պիտեր «Ճկույթ» Բեյլիշը (Էյդեն Գիլեն) և Շշուկների Տիրակալ, ներքինի լորդ Վարիսը (Քոնլեթ Հիլ)։ Ռոբերտի եղբայր Ստանիս Բարաթեոնը (Սթեֆեն Դիլլեյն) ընդունել էր Ռ՛հլորի կրոնն ու առաջնորդվում քրմուհի Մելիսանդրայի (Սերիս վան Հուտեն) և նախկին մաքսանենգ Դավոս Սիվարտի (Լայամ Քանինգհեմ) խորհուրդներով։ Թայրելների հարուստ ընտանիքը արքունիքում ներկայացված է նպատակասլաց Մարջերի Թայրելով (Նատալի Դորմեր) և նրա ասպետ եղբայր, նույնասեռական հակումներով Լորաս Թայրելով (Ֆին Ջոնս)։ Միևնույն ժամանակ Դորնում Էլարիա Սենդը (Ինդիրա Վարմա), ամուսնու՝ Օբերին Մարտելի սպանության համար, պլանավորում է վրեժ լուծել Լանիստերներից։
Էսսոսում Վիզերիս Թարգարիենը (Հարրի Լլոյդ) և նրա քույր Դեյեներիսը (Էմիլիա Քլարկ) փորձում են ողջ մնալ և զորք հավաքել՝ Երկաթե Գահը վերադարձնելու համար։ Դեյեներիսին եղբայրն ամուսնացնում է քոչվոր դոթրակիներիի առաջնորդ Խալ Դրոգոյի հետ (Ջեյսոն Մոմոա), իսկ նրան ուղեկցում են Սըր Ջորահ Մորմոնտը (Իեյն Գլեյն), թարգմանչուհի Միսսանդին (Նատալի Էմմանուել) և վարձու զինվոր Դարիո Նահարիսը (Միխիլ Հյույսման)։
Համաձայն Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեիսի՝ երկուսն էլ հանգել էին Մարթինի վիպաշարը էկրանավորելու մտքին 2006 թվականին, երբ Բենիոֆը կարդաց առաջին գիրքը։ Նա կիսվեց իր տպավորություններով Ուեիսի հետ, որն ավարտեց 1000 էջանոց գիրքը «երևի 36 ժամում»[22]։ Նրանք պիլոտային սյուժեն հեշտորեն ներկայացրին «HBO» հեռուստաալիքին և համոզեցին Մարթինին հինգժամանոց հանդիպման գալ «Սանտա Մոնիկա Բուլվար» ռեստորանում։ Բենիոֆն ասել է, որ նրանք կարողացան գրավել Մարթինին՝ նրա տված «Ո՞վ է Ջոն Սնոուի մայրը» հարցին իրենց տված պատասխանի շնորհիվ[22]։
Հեռուստասերիալի զարգացումը սկսվեց 2007 թվականի հունվարին[23]։ «HBO» հեռուստաալիքը վարձեց Բենիոֆին ու Ուեիսին՝ որպես սցենարիստներ և համապրոդյուսերներ, և հանձնարարեց նրանց մի ամբողջ գիրքը համապատասխանեցնել մեկ եթերաշրջանի[23]։ Ի սկզբանե պլանավորված էր, որ Բենիոֆն ու Ուեիսը գրելու էին բոլոր էպիզոդների սցենարը՝ բացի մեկից, որը պիտի գրեր ինքը՝ Մարթինը[23][24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.