From Wikipedia, the free encyclopedia
Քաղցկեղ, ժառանգական փոփոխություններով պայմանավորված հիվանդություն, որը բերում է բջիջների չկանոնակարգված կիսմանը և ուռուցքի ձևավորմանը։ Սպորադիկ (ոչ ընտանեկան) քաղցկեղի հիմնական պատճառը ԴՆԹ-ի վնասումն ու գենոմի անկայունությունն է[1]։ Քաղցկեղների փոքր մասը պայմանավորված է ժառանգական գենետիկական մուտացիաներով[2]։ Հիվանդությունը, դեպքերի մեծամասնությունում, կապված է շրջակա միջավայրի, ապրելակերպի և վարքի հետ[3]։ Քաղցկեղը, ընդհանուր առմամբ, վարակիչ չէ, չնայած այն հանգամանքին, որ հիվանդության առաջացման պատճառներից կարող են լինել օնկովիրուսները և քաղցկեղածին բակտերիաները։ «Շրջակա միջավայրային» տերմինը, ինչպես ասում են հետազոտողները, վերաբերվում է արտաքին միջավայում գտնվող ամեն ինչին, ինչը փոխազդեցության մեջ է գտնվում մարդու հետ[4]։ Շրջակա միջավայրը չի սահմանափակվում միայն կենսաֆիզիկական գործոններով (օրինակ՝ օդի աղտոտվածություն կամ արև), այլ նաև ներառում է ապրելակերպը և վարքային գործոնները[5]։
Ամբողջ աշխարհում քաղցկեղից մահացությունների մեկ երրորդից ավելը (իսկ ԱՄՆ-ում մոտ 75-80%) պոտենցիալ խուսափելի են, եթե վերացվի հայտնի գործոնների ազդեցությունը[6][7]։ Շրջակա միջավայրի ընդհանուր գործոնները, որոնք նպաստում են քաղցկեղից մահացությունների առաջացմանը, ընդգրկում են տարբեր քիմիական և ֆիզիկական գործոններ (ծխախոտը պայմանավորում է քաղցկեղային մահերի 25–30%), շրջակա միջավայրի աղտոտող գործոնները, դիետան և ճարպակալումը (30–35%), վարակները (15–20%) և ճառագայթումը (իոնիզացնող և ոչ իոնիզացնող, մինչև 10%)[8]։ Այս գործոնները, թեկուզ մասնակի, ազդում են՝ փոխելով գեների ֆունկցիաները բջիջների ներսում[9]։ Որպես կանոն, մինչև քաղցկեղի զարգացումը, պետք է տեղի ունենան շատ նմանատիպ գենետիկ փոփոխություններ[9]։ Ծերացումը բազմիցս դիտարկվել է որպես կարևոր ասպեկտ, որն անհրաժեշտ է հաշվի առնել քաղցկեղի որոշ կոնկրետ տեսակների զարգացման ռիսկի գործոնների գնահատման համար։ Քաղցկեղի զարգացման հետ կապված շատ մոլեկուլյար և բջջային փոփոխություններ կուտակվում են տարիքի հետ և, վերջին հաշվով, արտահայտվում են քաղցկեղի տեսքով[10]։
Չնայած գոյություն ունեն քաղցկեղի 50-ից ավել նույնականացվող ժառանգական դեպքեր, բնակչության 0.3%-ից քիչ մասը համարվում են քաղցկեղի առաջացման հետ առնչվող մուտացիաների կրող, և նրանք կազմում են քաղցկեղի բոլոր դեպքերի 3-10%-ից քիչ մասը[2]։ Քաղցկեղների մեծ մասը ունեն ոչ ժառանգական բնույթ («սպորադիկ քաղցկեղ»)։ Քաղցկեղի ժառանգական ձևերը, առաջին հերթին, պայմանավորված են ժառանգական գենետիկ գործոններով։ Քաղցկեղային համախտանիշը կամ ընտանեկան քաղցկեղային համախտանիշը ժառանգական հիվանդություն է, որի դեպքում մեկ կամ մի քանի գեների գենետիկ մուտացիաները տուժած անհատների շրջանում մեծացնում են քաղցկեղի զարգացման նախատրամադրվածությունը, ինչպես նաև կարող են այդ քաղցկեղային հիվանդությունների վաղաժամ առաջացման պատճառ դառնալ։ Չնայած քաղցկեղի ախտանշաններն արտահայտում են քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ, այնուամենայնիվ վերջինս տատանվում է։ Այս հիվանդություններից որոշների համար քաղցկեղը հիմնական առանձնահատկությունը չէ և համարվում է հազվադեպ հանդիպող հետևանք։
Այս քաղցկեղային ախտանշանների դեպքերից շատերը պայմանավորված են բջիջների աճը կարգավորող ուռուցքային սուպրեսոր գեների մուտացիաներով։ Այլ տարածված մուտացիաները ազդում են ԴՆԹ-ի ռեպարատիվ գեների, օնկոգենների, ինչպես նաև արյունատար անոթների առաջացմանը մասնակցող գեների վրա[11]։ BRCA1 և BRCA2 գեների որոշ ժառանգական մուտացիաներ ունեն 75%-ից ավել չափով կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի առաջացման ռիսկ[2]։ Հաստ աղիք-ուղիղ աղիքային քաղցկեղի հնարավոր պատճառ հանդիսացող գենետիկ ժառանգական ախտահարումներից են ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը և հաստ աղիքի ժառանգական ոչ պոլիպոզ քաղցկեղը; սակայն սրանք ներկայացնում են աղիքի քաղցկեղի դեպքերի 5%-ից քիչ մասը[12]։ Շատ դեպքերում գենետիկական հետազոտությունները կարող են կիրառվել մուտացիայի ենթարկված գեների կամ քրոմոսոմների հայտնաբերման համար, որոնք փոխանցվում են հաջորդ սերունդներին։
Գենի մուտացիաները դասակարգվում են որպես գոնոցիտար կամ սոմատիկ, կախված այն բջջի տեսակից, որտեղ նրանք հանդիպում են (գոնոցիտների կազմում են ձվաբջիջը և սերմնաբջիջը, իսկ սոմատիկ բջիջները կազմում են մարդու մարմինը)։ Գոնոցիտար մուտացիաները փոխանցվում սերնդեսերունդ և մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը։
Որոշ նյութեր, հայտնի որպես կարցինոգեններ, կապվում են քաղցկեղի կոնկրետ ձևերի առաջացման հետ։ Ոչ ճառագայթային կարցինոգենների տիպիկ օրինակներ են ներշնչվող ասբեստը, որոշ դիօքսիններ և ծխախոտի ծուխը։ Չնայած այն հանգամանքին, որ հասարակությունը սովորաբար քաղցկեղածնությունը կապում է սինթետիկ քիմիական նյութերի հետ, այնուամենայնիվ այն հավասարապես հավանական է թե բնական, թե սինթետիկ նյութերի պարագայում[13]։ Սահմանված է, որ ԱՄՆ-ում տարեկան քաղցկեղային մահերից մոտավորապես 20,000 և քաղցկեղի նոր դեպքերից 40,000 կապված են զբաղվածության տեսակի հետ[14]։ Ամեն տարի, իրենց աշխատավայրի հետ կապված, աշխարհում մոտ 200,000 մարդ է մահանում[15]։ Միլլիոնավոր աշխատողների սպառնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, օրինակ՝ ասբեստի ներշնչումից և ծխախոտի ծխից առաջացած թոքերի քաղցկեղը կամ մեզոթելիոման, կամ աշխատավայրում բենզոլի ազդեցությունից առաջացած լեյկեմիան[15]։ Հիմնական զբաղվածության հետ կապված քաղցկեղի զարգացման դեպքերը կազմում են ամբողջի 2–20%-ը[16]։ Աշխատանքային պայմաններով պայմանավորված քաղցկեղային մահերի մեծ մասը հանդիպում են զարգացած երկրներում[15]։ Աշխատավայրի սթրեսը, համենայն դեպս, նշանակալի դեր չունի թոքերի, հաստ աղիք-ուղիղ աղիքային, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման գործում[17]։
Ծխախոտ ծխելը ասոցացվում է քաղցկեղի տարբեր ձևերի հետ[18] և համարվում է թոքի քաղցկեղի 80% դեպքերի պատճառ[19]։ Տասնամյակների ընթացքում հետազոտությունները ցույց են տվել կապը ծխախոտի օգտագործման և թոքերի, կոկորդի, գլխի, պարանոցի, ստամոքսի, միզապարկի, երիկամների, կերակրափողի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման միջև[20]։ Կան որոշ ապացույցներ, որոնք վկայում են միելոիդ լեյկեմիայի, քթի և հարակից խոռոչների տափակ բջջային քաղցկեղի, լյարդի, հաստ աղիք-ուղիղ աղիքային քաղցկեղի, լեղապարկի, մակերիկամների, բարակ աղիքի և բազմաթիվ մանկական քաղցկեղների զարգացման ռիսկի որոշակի չափով բարձրացման մասին[20]։ Ծխախոտի ծուխը պարունակում է 50-ից ավել հայտնի քաղցկեղածիններ, այդ թվում՝ նիտրոզամիններ և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ[21]։ Զարգացած երկրներում քաղցկեղային մահացությունների մեկ երրորդ մասի համար պատասխանատու է ծխախոտը[18], իսկ ամբողջ աշխարհի մասշտաբով՝ մոտավորապես մեկ հինգերորդի[21]։ ԱՄՆ-ում թոքի քաղցկեղից մահացությունների մակարդակը արտացոլում է ծխելու բնույթը, ծխելու աճը ուղեկցվում է թոքի քաղցկեղից մահացության ցուցանիշի կտրուկ աճով, վերջին ժամանակներում՝ 1950-ականներից ի վեր, դիտվում է ծխելու մակարդակի նվազում, որին հաջորդում է մահացության ցուցանիշների նվազումը տղամարդկանց մոտ 1990 թվականից ի վեր[22][23]։ Սակայն ամբողջ աշխարհում ծխողների թիվը շարունակում է աճել, ինչը հանգեցնում է, ինչպես շատ կազմակերպություններ են անվանում, ծխախոտի համաճարակի[24]։
Էլեկտրոնային ծխախոտները կամ է-ծխախոտները ձեռքի էլեկտրոնային սարքեր են, որոնք սիմուլացնում են ծխախոտ ծխելու զգացողությանը։ Բարձր լարվածության (5.0 V) էլեկտրոնային ծխախոտների երկարատև կիրառումը օրվա ընթացքում կարող է բերել ավելի մեծ մակարդակով մրջնալդեհիդ առաջացնող քիմիական նյութերի սինթեզին, քան ծխելը, իսկ դա, ըստ ապացույցների, կյանքի ընթացքում 5-15 անգամ ավելի հաճախ է առաջացնում քաղցկեղ, քան ծխախոտը[25]։ Սակայն, էլեկտրոնային ծխախոտի օտագործելուց առաջացող երկարատև հետևանքներն ու ազդեցությունն օրգանիզմի ընդհանուր անվտանգության վրա մնում են անորոշ[26]։
Որոշ նյութեր առաջացնում են քաղցկեղ հիմնականում բջիջների վրա իրենց ցուցաբերած ֆիզիկական, և ոչ թե քիմիական ազդեցությամբ[27]։ Դրա վառ ապացույցը ասբեստի, բնական հանքային մանրաթելերի երկարատև ազդեցությունն է, վերջիններս մեզոթելիոմայի՝ շճային թաղանթների քաղցկեղի, զարգացման հիմնական պատճառներն են, իսկ շճային թաղանթը շրջապատում է թոքերին[27]։ Այս տիպի այլ նյութերից են բնական և սինթետիկ ասբեստանման մանրաթելերը, օրինակ՝ վոլաստոնիտը, պալիգորսկիտը, ապակե բամբակը և միներալային բամբակը, որոնք ունեն նմանատիպ ազդեցություններ[27]։ Քաղցկեղ առաջացնող ոչ մանրաթելային մասնիկներից են փոշենման մետաղական կոբալտն ու նիկելը և սիլիցիումի երկօքսիդը (քվարցը, կրիստոբալիտը և տրիդիմիտը)[27]։ Սովորաբար, ֆիզիկական քաղցկեղածինները պետք է թափանցեն օրգանիզմ (օրինակ՝ փոքր մասնիկների ներշնչման ուղիով),և պահանջում է նրանց երկար տարիների ազդեցություն՝ քաղցկեղի զարգացման համար[27]։ Ընդհանուր մասնագիտական քաղցկեղածիններից են[28]՝
Ապրելակերպի շատ տարբեր գործոններ նպաստում են քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացմանը։ Դիետան և ճարպակալումը միասին կապված են քաղցկեղածին մահացությունների մոտ 30–35% հետ[8][29]։ Քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սննդակարգը, սովորաբար, ներառում է մրգեր, բանջարեղեն, հացահատիկներ, ձկնեղեն, խորհուրդ է տրվում հրաժարվել վերամշակված մսից, կարմիր մսից, կենդանական ճարպերից և ռաֆինացված ածխաջրերից[30]։ Այս սննդակարգային փոփոխությունների հաստատմանն ուղղված ապացույցները վերջնական չեն[31]։
Ալկոհոլը քիմիական քաղցկեղածնի օրինակ է։ ԱՀԿ-ն դասում է ալկոհոլը առաջին խմբի քաղցկեղածինների շարքին[32]։ Արևմտյան Եվրոպայում տղամարդկանց շրջանում հանդիպող քաղցկեղների 10%, իսկ կանանց դեպքում՝ 3%, վերագրվում են ալկոհոլին[33]։ Ամբողջ աշխարհում քաղցկեղի բոլոր դեպքերի 3.6% և քաղցկեղից մահացությունների 3.5% վերագրվում են ալկոհոլին[34]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլ օգտագործելը, մասնավորապես, բերում է բերանի խոռոչի, կերակրափողի, ըմպանի, կոկորդի, ստամոքսի, լյարդի, ձվարանների, և հաստ աղիքի քաղցկեղի առաջացմանը[35]։ Քաղցկեղի զարգացման գլխավոր մեխանիզմներից է ացետալդեհիդի և էթանոլի արգասիքների քաղցկեղածին և քայքայիչ առավել արտահայտված ազդեցությունը[36]։ Առաջարկվել են նաև այլ մեխանիզմներ, այդ թվում՝ ալկոհոլի հետ համակցված սնուցողական խանգարումները, ԴՆԹ-ի մեթիլացման խանգարումները և օքսիդատիվ սթրեսի ազդեցությունը հյուսվածքների վրա[37]։
Սննդի որոշ սպեցիֆիկ տեսակներ կապված են քաղցկեղի որոշ ձևերի առաջացման հետ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն անհատները, ովքեր ուտում են կարմիր կամ վերամշակված միս ունեն կրծքագեղձի, շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ[38]։ Սա մասամբ կարող է բացատրվել բարձր ջերմաստիճանի տակ եփված սննդի մեջ քացկեղածինների պարունակությամբ[39]։ Հաստ աղիք-ուղիղ աղիքային քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններից են ճարպերի, ալկոհոլի, կարմիր և վերամշակված մսի շատ ընդունումը, ճարպակալումը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը[40]։ Աղի բարձր պարունակությամբ սննդամթերքը բերում է ստամոքսի քաղցկեղի առաջացմանը։ Սննդի աղտոտման հաճախակի հանդիպող գործոններից մեկը՝ աֆլատոքսին B1, կապված է լյարդի քաղցկեղի զարգացման հետ։ Արեկա ընկույզ ծամելը դիտարկվում է որպես բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման պատճառ[41]։
Կապը սննդակարգի և որոշ տեսակների քաղցկեղների զարգացման միջև մասնակիորեն կարող է բացատրություն տալ տարբեր երկրներում քաղցկեղով հիվանդացության տարբերությունները։ Օրինակ, ստամոքսի քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում է Ճապոնիայում աղի բարձր պարունակությամբ սննդամթերքի օգտագործման բարձր հաճախականության պատճառով, իսկ հաստ աղիքի քաղցկեղի ավելի հաճախակի դեպքեր հանդիպում են ԱՄՆ-ում՝ կարմիր և վերամշակված մսի շատ օգտագործման պատճառով[42]։ Ներգաղթած համայնքները, որպես կանոն, իրենց նոր երկրում ձևավորում են քաղցկեղի զարգացման ռիսկի պրոֆիլ, հաճախ մեկ կամ երկու սերունդների սահմաններում, այդպիսով էական կապ առաջարկելով սննդակարգի և քաղցկեղի միջև[43][44]։
ԱՄՆ-ում մարմնի զանգվածի ավելցուկը կապված է քաղցկեղի շատ ձևերի զարգացման հետ և բոլոր քաղցկեղային մահացություններից 14–20% դեպքերի ռիսկի գործոն է[29]։ Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում քաղցկեղի մոտ 85,000 նոր ախտորոշում է դրվում՝ կապված ճարպակալման հետ[45]։ Այն անհատների մոտ, որոնք մարմնի զանգվածի նվազմանն ուղղված բարիատրիկ վիրահատություն են տարել, նվազել է քաղցկեղով հիվանդացության և մահացության դեպքերը[45]։
Արական | Իգական |
---|---|
Հաստ աղիքի քաղցկեղ | Հաստ աղիք-ուղիղ աղիքային քաղցկեղ |
Կերակրափողի ադենոկարցինոմա | Էնդոմետրիալ քաղցկեղ |
Երիկամների քաղցկեղ | Կերակրափողի ադենոկարցինոմա |
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ | Լեղապարկի քաղցկեղ |
Վահանաձև գեղձի քաղցկեղ | Երիկամների քաղցկեղ |
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ | |
Հետմենոպաուզալ կրծքագեղձի քաղցկեղ |
Գոյություն ունի կապ ճարպակալման և հաստ աղիքի, հետմենոպաուզային կրծքագեղձի քաղցկեղի, էնդոմետրիումի, երիկամների և կերակրափողի քաղցկեղի առաջացման միջև[45]։ Ճարպակալումը կապվում է նաև լյարդի քաղցկեղի զարգացման հետ[46]։ Ճարպակալման դեպքում քաղցկեղի առաջացման մեխանիզմների ժամանակակից հասկացությունները վերաբերվում են սպիտակուցների (այդ թվում՝ ինսուլինանման աճի գործոնների) և սեռական հորմոնների (էստրոգեններ, անդրոգեններ և պրոգեստագեններ) նյութափոխանակության անոմալ մակարդակներին[45]։ Ճարպային հյուսվածքը նաև ստեղծում է բորբոքային միջավայր, որը կարող է դեր ունենալ քաղցկեղի զարգացման հարցում[47]։
Ֆիզիկական ակտիվության բացակայությունը նպաստում է քաղցկեղի ռիսկի բարձրացմանը ոչ միայն ազդելով մարմնի զանգվածի վրա, այլ նաև բացասական ազդեցություն ցուցաբերելով իմունային և ներզատիչ համակարգերի վրա[29]։ Սննդակարգից առաջացած ազդեցությունների կեսից ավելը պայմանավորված է գերսնուցմամբ, և ոչ թե առողջ աննդի քիչ քանակության օգտագործումով[45]։
Որոշ հորմոններ, խթանելով բջիջների պրոլիֆերացիան, մեծ դեր են խաղում քաղցկեղի զարգացման հարցում[48]։ Ինսուլինանման աճի գործոնները և նրանց հետ կապված սպիտակուցները կարևոր դեր ունեն քաղցկեղային բջիջների աճի, տարբերակման և ապոպտոզի համար՝ ենթադրելով հնարավոր մասնակցություն քաղցկեղածնության մեջ[49]։
Հորմոնները սեռի հետ փոխկապակցված քաղցկեղների՝ կրծքագեղձի, էնդոմետրիումի, շագանակագեղձի, ձվարանների և ամորձիների, ինչպես նաև վահանաձև գեղձի և ոսկրերի քաղցկեղի կարևոր գործոններ են[48]։ Օրինակ, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց աղջիկները, ի համեմատ չունեցողների, ունեն էստրոգենի և պրոգեստերոնի նշանակալի բարձր մակարդակ։ Հորմոնների այսպիսի բարձր մակարդակը կարող է բացատրել, թե ինչու են այդ կանայք գտնվում կրծքագեղձի քաղցկեղի ավելի բարձր ռիսկի խմբում, նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղի համար պատասխանատու գենի բացակայության դեպքում[48]։ Նույն կերպ, Աֆրիկյան ծագում ունեցող տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նշանակալի բարձր է, համեմատած եվրոպական ծագում ունեցողների, և, համապատասխանաբար, ավելի բարձր է նաև շագանակագեղձի քաղցկեղի մակարդակը[48]։ Տեստոստերոնն ակտիվացնող անդրոստանդիոլ գլյուկուրոնիդի ամենացածր մակարդակ ունեցող, Ասիական ծագումով տղամարդկանց շրջանում դիտվում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ամենացածր մակարդակը[48]։
Պակաս կարևոր չեն նաև մյուս գործոնները․ ճարպակալում ունեցող մարդկանց շրջանում դիտվում է ինչպես քաղցկեղի հետ կապ ունեցող որոշ հորմոնների, այնպես էլ այդ համապատասխան հիվանդությունների շատ բարձր մակարդակ[48]։ Հորմոն փոխարինող թերապիա ստացող կանայք ունեն այդ հորմոննորի հետ կապված քաղցկեղների զարգացման բարձր ռիսկ[48]։ Մյուս կողմից, այն մարդիկ, ովքեր մարզվում են միջինից բարձր չափով, ունեն այդ հորմոնների ավելի ցածր պարունակություն և քաղցկեղի զարգացման ավելի ցածր ռիսկ[48]։ Օստեոսարկոմայի զարգացումը կարող է խթանվել աճի հորմոններով[48]։
Այս պատճառագիտական գործոնը կիրառվում է բուժիչ և կանխարգելիչ որոշ մոտեցումներում, արհեստականորեն իջեցվում է հորմոնների մակարդակը և այդ կերպ խոչընդոտում են այդ հորմոնների նկատմամբ զգայուն քաղցկեղների զարգացմանը։ Քանի որ ստերոիդ հորմոնները որոշ քաղցկեղային բջիջներում համարվում են գեների էքսպրեսիայի հզոր գործոն, ապա այդ հորմոնների քանակի կամ ակտիվության փոփոխությունը կարող է հանգեցնել քաղցկեղի որոշ տեսակների բջիջների աճի կանգին կամ, ընդհանրապես, ոչնչացմանը[48]։ Հնարավոր է, որ ուռուցքաբանության մեջ հորմոնային թերապիայի ամենահայտնի օրինակը կրծքագեղձի քաղցկեղի բուժման նպատակով կիրառվող էստրոգենային ընկալիչների ընտրողական խթանիչ՝ տամօքսիֆենն է։ Հորմոնային գործոնների մյուս խումբը՝ արոմատազայի ինհիբիտորները, ներկայումս մեծ դեր ունեն կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում։
Ամբողջ աշխարհում քաղցկեղի դեպքերի մոտ 18% կապված են վարակիչ հիվանդությունների հետ[8][50]։ Այս համաչափությունը տարբեր է աշխարհի տարբեր տարածաշրջաններում․ մինչև 25%՝ Աֆրիկայում, 10%-ից ցածր՝ զարգացած երկրներում[8]։ Վիրուսները քաղցկեղի պատճառ հանդիսացող մշտական վարակային գործոններ են, սակայն մեծ է նաև բակտերիաների և մակաբույծների դերը։ Քաղցկեղի առաջացման ռիսկը բարձրացնող վարակները հաճախ համարվում են ԴՆԹ-ի վնասման կամ գենոմի անկայունացման աղբյուր։
Վիրուսային վարակները արգանդի վզիկի և լյարդի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոններն են[51]։ Քաղցկեղածին վիրուսները կոչվում են օնկովիրուսներ։ Այդ խմբին պատկանում են մարդու պապիլոմա վիրուսը (արգանդի վզիկի քաղցկեղ), Էպշտեյն-Բարրի վիրուսը (B բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն կամ քթըմպանային կարցինոմա), Կապոշիի սարկոմայի հերպես վիրուսը (Կապոշիի սարկոմա կամ առաջնային էֆուզիոն լիմֆոմա ), հեպատիտ B և C վիրուսներ (լյարդաբջջային կարցինոմա) և մարդու T բջջային լեյկեմիայի վիրուս-1 (Т-բջջային լեյկեմիաներ)։
Արևմտյան զարգացած երկրներում մարդու պապիլոմա վիրուսը (HPV), հեպատիտ B (HBV) և C վիրուսները (HCV) ավելի հաճախ հանդիպող օնկովիրուսներն են[52]։ ԱՄՆ-ում HPV-ն արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական պատճառն է համարվում, ինչպես նաև հեշտոցի, առնանդամի, ամոթույքի, հետանցքի, ուղիղ աղիքի, կոկորդի, լեզվի և նշիկների քաղցկեղի որոշ տեսակների[53]։ Բարձր քաղցկեղածին ռիսկով վիրուսների շարքում օնկոպրոտեիններ HPV E6 և E7, վարակելով բջջին, ապաակտիվացնում են ուռուցքների սուպրեսոր գեներին։ Բացի այդ, օնկոպրոտեինները մարդու նորմալ բջիջներում ինքնուրույն կերպով հարուցում են գենոմային անկայունություն՝ բերելով քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի[54]։ Հեպատիտ B վիրուսով հարուցված քրոնիկական ախտահարումներ ունեցող անհատները 200-ից ավել անգամ ավելի հաճախ են հիվանդանում լյարդի քաղցկեղով, քան չվարակվածները[55]։ Լյարդի ցիռոզը, առաջացած քրոնիկ վիրուսային հեպատիտից կամ ալկոհոլի չարաշահումից, ինքնուրույն կերպով կարող է առաջացնել լյարդի քաղցկեղ, իսկ ցիռոզի և վիրուսային հեպատիտի համակցումն ունի լյարդի քաղցկեղի զարգացման առավել բարձր ռիսկ[55]։
Որոշ բակտերիալ վարակներ նույնպես բարձրացնում են քաղցկեղի ռիսկը, վառ օրինակ է Հելիկոբակտեր պիլորիով հարուցված ստամոքսի կարցինոման[56]։ H. pylori -իով հարուցված քաղցկեղի զարգացման մեխանիզմներից կարող են լինել քրոնիկ բորբոքումը կամ բակտերիայի որոշ վիրուլենտ գործոնների ուղղակի ազդեցությունը[57]։ Մակաբույծները սերտ կապ ունեն քաղցկեղի զարգացման հետ, այդ թվում Schistosoma haematobium-ը (միզապարկի տափակ բջջային կարցինոմա) և լյարդի ծծանը, Opisthorchis viverrini և Clonorchis sinensis (խոլանգիոկարցինոմա)[58]։ Որդերի ձվերով խթանված բորբոքումը, ըստ երևույթին, նույնպես կարող է համարվել քաղցկեղի զարգացման մեխանիզմ։ Որոշ մակաբույծներ ունակ են նաև բարձրացնել ուռուցքածին միացությունների պարունակությունը օրգանիզմում, ինչը բերում է քաղցկեղի զարգացմանը[59]։ Տուբերկուլոզը, որի հարուցիչը M.tuberculosis միկոբակտերիան է, նույնպես կապ ունի թոքի քաղցկեղի զարգացման հետ[60]։
Կան ապացույցներ, որ բորբոքումը ինքնին կարևոր դեր ունի քաղցկեղի առաջացման և զարգացման գործում[61]։ Քրոնիկ բորբոքումը ժամանակի ընթացքում կարող է բերել ԴՆԹ-ի վնասման և քաղցկեղային բջիջներում՝ պատահական գենետիկ փոփոխությունների կուտակման[62]։ Բորբոքումը, ազդելով ուռուցքի միկրոմիջավայրի վրա, կարող է նպաստել քաղցկեղային բջիջների պրոլիֆերացիային, գոյատևմանը, անգիոգենեզին և միգրացիային[63]։ Ստամոքսի բորբոքային ախտահարումներ ունեցող անհատները հաստ աղիք-ուղիղ աղիքային քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի խմբում են[12]։
Ինվազիվ քաղցկեղների մինչև 10% կապված է ճառագայթային ազդեցության հետ, թե իոնիզացնող և թե ոչ իոնիզացնող[8]։ Ի տարբերություն քաղցկեղի քիմիական և ֆիզիկական խթանիչների՝ իոնացնող ճառագայթները պատահականորեն են հարվածում բջիջների ներսի մոլեկուլներին։ Եթե տեղի ունենա քրոմոսոմին ուղղված հարված, ապա վերջինս կարող է կոտրվել, իսկ որպես արդյունք, կդիտվի քրոմոսոմների անոմալ քանակություն, քրոմոսոմի հարվածի ենթարկված հատվածում մեկ կամ մի քանի գեների ապաակտիվացում, ԴՆԹ-ի հաջորդականության մեջ որոշ մասերի փոփոխություն, քրոմոսոմների տրանսլոկացիաների կամ այլ տիպի անոմալիաների առաջացում[64]։ Սովորաբար մեծ վնասը հանգեցնում է բջջի մահվան, իսկ ավելի փոքրը կարող է հանգեցնել նրան, որ կայուն, մասամբ ֆունկցիոնալ բջիջը կարող է պրոլիֆերացվել, և արդյունքում կզարգանա քաղցկեղ, նամանավանդ, եթե ուռուցքի սուպրեսոր գեները վնասվել են ճառագայթման հետևանքով[64]։ Իոնացնող ճառագայթման ազդեցությամբ քաղցկեղի առաջացումը, ըստ երևույթին, տեղի է ունենում են 3 իրարից անկախ փուլելով․ բջջի մորֆոլոգիական փոփոխություններ, կենսաբանական անմահություն (բջջի նորմալ, կյանքը սահմանափակող կարգավորիչ պրոցեսների կորուստ) և ուռուցքի ձևավորմանը նպաստող հարմարվածության առաջացում[64]։ Նույնիսկ երբ ճառագայթող մասնիկը ուղղակիորեն չի հարվածում ԴՆԹ-ին, այն առաջացնում են բջջային ռեակցիաներ, որոնք անուղղակի կերպով բարձրացնում են մուտացիաների հավանականությունը[64]։
Էլեկտրամագնիսական ճառագայթման ոչ բոլոր ձևերն են քաղցկեղածին։ Կա կարծիք, որ էլեկտրամագնիսական սպեկտրի ցածր էներգիայով ալիքները՝ ռադիոալիքները, միկլոալիքները, ինֆրակարմիր ճառագայթները և տեսանելի լույսը չեն համարվում քաղցկեղածին, քանի չունեն բավարար էներգիա քիմիական կապերը քանդելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության կողմից բջջային հեռախոսներից ոչ իոնացնող ռադիոհաճախականության ճառագայթումը, էլեկտրական էներգիայի հաղորդումը և նման այլ աղբյուրներ նկարագրրվել են որպես հնարավոր քաղցկեղածիններ[65][66]։ Սակայն հետազոտությունները չեն հայտնաբերել հաստատուն կապ բջջային հեռախոսների ճառագայթման և քաղցկեղի ռիսկի միջև[67]։
Ավելի բարձր էներգիայով ճառագայթումը, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն (արևի լույսի կազմում), ռենտգենյան և գամմա ճառագայթները, որպես կանոն, քաղցկեղածին են, եթե ազդեն բավարար քանակներով։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունը կարող է առաջացնել մելանոմա և այլ մաշկային չարորակ գոյացություններ[68]։ Ոչ իոնացնող ուլտրամանուշակագույն ճառագայթումից առաջացած ոչ ինվազիվ քաղցկեղի ճնշող մեծամասնությունը ոչ մելանոմատիկ մաշկային ախտահարումներ են։ Կան հստակ ապացույցներ, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, մասնավորապես ոչ իոնացնող միջին ալիքային ՈՒՄՃ, ոչ մելանոմատիկ մաշկային քաղցկեղների մեծ մասի առաջացման պատճառն են, վերջիններս համարվում են աշխարհում քաղցկեղի ամենատարածված ձևերը[68]։
Իոնացնող ճառագայթման աղբյուրներից են բժշկական վիզուալիզացիան և ռադոն գազը։ Իոնացնող ճառագայթումը առանձնապես ուժեղ մուտագեն չէ[64]։ Իոնացնող ճառագայթումը կարող էկիրառվել այլ քաղցկեղների բուժման համար, սակայն այն որոշ դեպքերում կարող է խթանել երկրորդային քաղցկեղի զարգացումը[64]։ Ճառագայթումը կարող է առաջացնել քաղցկեղ բոլոր կենդանիների շրջանում, յուրաքանչյուր տարիքում, մարմնի տարբեր հատվածներում, չնայած ճառագայթումով մակածված սոլիդ ուռուցքների զարգացման համար անհրաժեշտ է 10–15 տարի, իսկ կլինիկական արտահայտման համար կարող է պահանջվել մինչև 40 տարի, իսկ ճառագայթումով մակածված լեյկեմիաների արտահայտման համար պահանջվում է 2–10 տարի[64]։ Ճառագայթումով մակածված մենինգիոմաները գանգի ճառագայթման դեպքում հազվադեպ հանդիպող բարդություն են[69]։ Որոշ պացիենտներ, օրինակ նևոիդ բազալ բջջային կարցինոմատոզ համախտանիշով կամ ռետինոբլաստոմայով տառապող, ավելի շատ են ենթակա ճառագայթումից քաղցկեղի զարգացմանը[64]։ Երեխաների և պատանիների ճառագայթումով մակածված լեյկեմիայի հավանականությունը 2 անգամ ավելի մեծ է, քան մեծահասակների շրջանում; մինչև երեխայի ծնունդը ճառագայթային ազդեցությունը տասնապատիկ ուժեզ ազդեցություն ունի[64]։
Իոնացնող ճառագայթումը նույնպես կիրառվում է բժշկական վիզուալիզացիայի որոշ ձևերի իրականացման համար։ Տնտեսապես զարգացած երկրներում, բժշկական վիզուալիզացիան բնակչությանը հաղորդում է գրեթե նույնպիսի ճառագայթման դոզա, ինչպես բնական ֆոնային ճառագայթումը։ Ռադիոնուկլիդային թերապիան իրականացվում է ռադիոակտիվ նյութերի ներարկումով անմիջապես դեպի արյան հուն։ Ռադիոթերապիան, որպես բուժման տարբերակ, ուռուցքներին և շրջակա հյուսվածքներին միտումնավոր կերպով հաղորդում է ճառագայթման բարձր դոզաներ։ Ըստ կատարված հաշվարկների 2007 թվականին ԱՄՆ-ի քաղցկեղների բոլոր դեպքերի 0,4% առաջացել են նախկինում կատարված համակարգչային շերտագրության պատճառով, և պարզվել է, որ այս թիվը կարող է աճել մինչև 1,5-2%, եթե այդ հետազոտության կրառման հաճախականությունն այդ ընթացքում բարձրանա[70]։
Բնակելի շրջաններում ռադոն գազի ազդեցությունն ունի քաղցկեղի զարգացման համար պասիվ ծխելուն համարժեք ռիսկեր[64]։ Կա կարծիք, որ ցածր դոզաների ազդեցությունը, օրինակ ատոմակայանի հարևանությամբ բնակվելու դեպքում, գրեթե չեն ազդում կամ շատ քիչ են ազդում քաղցկեղի զարգացման վրա[64]։ Ճառագայթումը դառնում է քաղցկեղի զարգացման ավելի հզոր աղբյուր, եթե այն զուգակցվում է այլ քաղցկեղածին գործոնների հետ, օրինակ՝ ռադոն գազի ազդեցությունը համակցված ծխախոտի հետ[64]։
Օրգանների փոխպատվաստման դեպքում դոնորական ուռուցքների առաջացումը շատ հազվադեպ է տեղի ունենում։ Օրգանների փոխպատվաստման հետ կապված ուռուցքների զարգացման հիմնական պատճառը չարորակ մելանոման է, որը չի հայտնաբերվել փոխպատվաստման ժամանակ[71]։ Տեղեկություններ կան նաև օրգանի փոխպատվաստումից հետո զարգացած Կապոշիի սարկոմայի մաիսն, որը պայմանավորված է վիրուսով ախտահարված դոնորական բջիջների քաղցկեղային աճով[72]։
Ֆիզիկական վնասվածքը, որը բերում է քաղցկեղի առաջացմանը, հանդիպում է համեմատաբար հազվադեպ[73]։ Օրինակ, այն պնդումը, որ ոսկրերի կոտրվածքը բերում է քաղցկեղի առաջացմանը, երբեք չի ապացուցվել[73]։ Նույն կերպ, ֆիզիկական վնասվածքը չի ընդունվում որպես արգանդի վզիկի, կրծքագեղձի և գլխուղեղի քաղցկեղի պատճառ[73]։ Ընդունված աղբյուրներից է տաք իրերի երկարատև և հաճախակի փոխհարաբերությունը մարմնի հետ։ Հնարավոր է, որ մարմնի միևնույն հատվածում կրկնակի այրվածքները, հարուցված, օրինակ, Kanger և Kairo տաքացուցիչներով (փայտածխային ձեռքի տաքացուցիչներ) կարող են առաջացնել մաշկի քաղցկեղ, նամանավանդ, եթե ազդում են նաև քաղցկեղածին քիմիական նյութեր[73]։
Տաք թեյի հաճախակի օգտագործումը կարող է նպաստել կերակրափողի քաղցկեղի առաջացմանը[73]։ Ընդհանուր առմամբ, կա կարծիք, որ քաղցկեղն առաջանում է, կամ նախկինում գոյություն ունեցող քաղցկեղը շարունակում է իր զարգացումը ոչ թե ուղղակիորեն վնասվածքից, այլև վնասվածքի վերականգնման ընթացքում[73]։ Սակայն, միևնույն հյուսվածքների կրկնվող վնասվածքները կարող են նպաստել բջիջների չափից ավել պրոլիֆերացիային, որը կարող է մեծացնել քաղցկեղային մուտացիաների առաջացման շանսերը։
ԱՄՆ-ում, տարեկան մոտավորապես թվով 3,500 հղի կանանց մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցքներ, և դիտվում է սուր լեյկեմիայի, լիմֆոմայի, մելանոմայի և կարցինոմայի տրանսպլացենտար փոխանցում մորից պտղին[74]։ Բացառությամբ հղիության ընթացքում փոխանցման հազվադեպ դիտվող որոշ դեպքերի, որոնք հանդիպում են օրգանների դոնորների շատ քիչ մասի մոտ, քաղցկեղը, որպես կանոն, չի փոխանցվում։ Դրա գլխավոր պատճառը հյուսվածքային տրանսպլանտատի մերժումն է, պայմանավորված հյուսվածքային անհամատեղելիությամբ[74]։ Մարդկանց և այլ ողնաշարավորների մոտ իմունային համակարգը օգտագործում է հիստոհամատեղելիության գլխավոր գործոնը՝ տարբերակելու համար «սեփական» և «օտար» բջիջները, քանի որ այդ անտիգենները մարդկանց մոտ տարբեր են։ Երբ օտար անտիգեններ են հանդիպում, իմունային համակարգը պայքարում է համապատասխան բջջի դեմ։ Այդպիսի ռեակցիաները ունակ են պաշտպանելու օրգանիզմը քաղցկեղային բջիջների գոյատևումից՝ շնորհիվ փոխպատվաստված բջիջների ոչնչացման։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.