From Wikipedia, the free encyclopedia
Հեպատիտ C[2], հեպատիտ C-ի վիրուսով (HCV) առաջացած վարակիչ հիվանդություն, որը հիմնականում ազդում է լյարդի վրա[3]։ Վարակի նախնական փուլը մարդկանց մոտ լինում է հաճախ մեղմ կամ անախտանիշ։ Երբեմն լինում է ջերմություն, մուգ գույնի մեզ, որովայնի ցավ և մաշկի դեղնություն։ Վիրուսը շարունակում է մնալ լյարդում վարակվածների մոտավորապես 75-85%-ի մոտ։ Քրոնիկական վարակի նախնական շրջանում սովորաբար ախտանիշներ չեն դրսևորվում։ Տարիների ընթացքում այն հաճախ հանգեցնում է լյարդի հիվանդության և երբեմն՝ ցիռոզի։ Որոշ դեպքերում, ցիռոզով հիվանդների մոտ զարգանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ լյարդային անբավարարությունը, լյարդի քաղցկեղը, կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումները։
Հեպատիտ C | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Հեպատիտ C վիրուս |
Հիվանդության ախտանշաններ | սրտխառնոց[1], Դեղնախտ, փսխում[1], հոգնածություն, որովայնային ցավ, Հոդացավ, անորեքսիա, Ջրգողություն, Լյարդի ցիռոզ, չարորակ ուռուցք, հեպատիտ[1], Պորտալ հիպերտենզիա և Caput medusae? |
Վնասում է | լյարդ |
Բուժաքննություն | արյան բիոքիմիական հետազոտություն, բիոպսիա, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և ELISEA? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Բուժում | Հակավիրուսային դեղեր և liver transplantation? |
Hepatitis C Վիքիպահեստում |
Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է հեպատիտ C-ով։ Հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը (նախապես անվանվել է «ոչ-Ա ոչ-Բ հեպատիտ») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989 թվականին[4]։ Հեպատիտ C-ն հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ[5]։
Մշտակայող վարակը կարող է բուժվել դեղերի միջոցով։ Ստանդարտ բուժումն իրենից ներկայացնում է պեգինտերֆերոնի և ռիբավիրինի համակցությունը, որոշ դեպքերում՝ բոկոպրևիրի կամ տելապրևվիրի հետ միասին։ Բուժում ստացածների 50-80%-ը բուժվում է։ Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն և հեպատիտ C-ն լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է առաջին տեղը, սակայն փոխպատվաստումից հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է[6]։ Ներկայումս հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։
Հեպատիտ C-ն միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում[7]։ Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը[8]։ Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չի ուղեկցվում դեղնուկով[9]։ 10-50%-ի դեպքում վարակն անցնում է առանց բուժման, ինչն ավելի հաճախ դիտվում է երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների մոտ[9]։
Այս վիրուսով վարակվողների 80%-ի մոտ խրոնիկական վարակ է առաջանում[10]։ Վարակման առաջին 10 տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում[11], չնայած քրոնիկական հեպատիտ C-ն կարող է հոգնածության զգացում առաջացնել[12]։ Հեպատիտ C-ն լյարդի ցիռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ[6]։ Շուրջ 10-30% դեպքերում ցիռոզը զարգանում է 30 և ավելի տարի անց[6][8]։ Ցիրոզն ավելի հաճախ է դիտվում միաժամանակ նաև հեպատիտ Բ-ով կամ ՄԻԱՎ-ով վարակվածների, ալկոհոլամոլների և արական սեռի ներկայացուցիչների մոտ[8]։ Լյարդի ցիռոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը 20 անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3%[6][8]։ Ալկոհոլը չարաշահողների համար այդ վտանգը 100 անգամ մեծ է[13]։ Լյարդի ցիռոզի դեպքերի 27%-ը և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը հեպատիտ C-ի հետևանք է[14]։
Լյարդի ցիռոզի հետևանքով կարող է բարձրանալ արյան ճնշումը դռներակային համակարգում, առաջանալ ասցիտ (հեղուկի կուտակում որովայնի խոռոչում), կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, դեղնուկ և լյարդային էնցեֆալոպաթիա[15]։
Հեպատիտ C-ն հազվադեպ առնչվում է նաև Շեգրենի հիվանդության (աուտոիմուն հիվանդություն), արյան մեջ թրոմբոցիտների քանակի կրճատման (թրոմբոցիտոպենիայի), տափակ որքինի, շաքարային դիաբետի և B բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների հետ[16]։ Թրոմբոցիտոպենիա ի հայտ է գալիս քրոնիկական հեպատիտ C-ի 0,16-45,4% դեպքերում[17]։ Հեպատիտ C-ն նաև կապվում է խառը կրիոգլոբուլինեմիա կոչվող վիճակի հետ, որն իրենից ներկայացնում է փոքր և միջին չափսերի արյունատար անոթների բորբոքում. այն զարգանում է կրիոգլոբուլինների մասնակցությամբ ձևավորված իմուն համալիրների նստեցման հետևանքով[18]։
Հեպատիտ C-ի վիրուսը փոքր, պատիճավոր, միաշղթա, դրական բևեռացում ունեցող ՌՆԹ վիրուս է[6]։ Այն Flaviviridae ընտանիքի Hepacivirus խմբի անդամ է[12]։ HCV-ի 7 խոշոր գենոտիպ գոյություն ունի[19]։ Միացյալ Նահանգներում դեպքերի 70%-ը հարուցվում է 1-ին գենոտիպով վիրուսով, 20%-ը՝ 2-րդ գենոտիպով, իսկ մյուս գենոտիպերով վիրուսները հարուցում են դեպքերի 1-ական %-ը[8]։ Առաջին գենոտիպն ամենատարածվածն է նաև Հարավային Ամերիկայում և Եվրոպայում[6]։
Զարգացած երկրներում վիրուսի փոխանցման գլխավոր ճանապարհը թմրանյութերի ներերակային ներարկումն (ԹՆՆ) է։ Զարգացող երկրներում գլխավոր ճանապարհը արյան փոխներարկումն է և անապահով բժշկական միջամտությունները[20]։ Դեպքերի 20%-ում վարակման պատճառն անհայտ է մնում[21], բայց դրանց մեծ մասը հավանաբար ԹՆՆ-ի հետևանք է[9]։
Աշխարհի տարբեր երկրներում ԹՆՆ-ն հեպատիտ C-ի առաջացման տարածված գործոն է[22]։ Այս առումով ուսումնասիրվել է 77 երկիր, որի արդյունքում պարզվել է, որ դրանցից 25-ում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, հեպատիտ C-ի առաջացման դեպքերի 60-80%-ը թմրանյութերի ներերակային ներարկումով է պայմանավորված[10]։ 12 երկրում այդ տոկոսը 80-ից բարձր է եղել[10]։ Ներերակային ներարկումով թմրանյութեր ընդունող 10 միլիոն մարդ վարակված է հեպատիտ C-ով. ամենամեծ թվով վարակվածները գտնվում են Չինաստանում (1,6 միլիոն), Միացյալ Նահանգներում (1,5 միլիոն) և Ռուսաստանում (1,3 միլիոն)[10]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգներում ազատազրկվածների մեջ հեպատիտ C-ով վարակվածների թիվը 10-20 անգամ ավելին է, քան ընդհանուր բնակչության շրջանում, որին վերագրվում է բարձր ռիսկային վարքագիծ, ինչպիսիք են՝ նույն ներարկիչներով թմրանյութեր ընդունելը և չախտահանված գործիքներով դաջվածքներ անելը[23][24]։
Առանց հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը ստուգելու արյան կամ նրա բաղադրիչների փոխներարկումը և օրգանների փոխպատվաստումը վարակման զգալի վտանգ են ներկայացնում[8]։ 1992 թվականին Միացյալ Նահանգներում դրանց համընդհանուր ստուգումը պարտադիր դարձավ։ Դրանից հետո վարակումների տոկոսն ընկել է արյան մեկ միավորի հաշվարկով 1:200-ից[25] մինչև արյան մեկ միավորի հաշվարկով 1:10 000-1:10 000 000 դեպքի[9][21]։ Բայց այնուամենայնիվ, այս փոքր վտանգը մնում է, քանի որ, եթե արյան դոնորը հեպատիտ C-ով վարակված լինի, ստուգումը վարակումից միայն 11-70 օր անց դրական արդյունք ցույց կտա[21]։ Ստուգման բարձր գնի պատճառով որոշ երկրներում արյան մեջ հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը դեռ չի ստուգվում[14]։
Հեպատիտ C-ի վիրուսով (HCV) վարակված անձի կողմից օգտագործված ասեղից վնասվածք ստացած անձի համար վարակվելու հավանականությունը 1,8% է[8]։ Վտանգն ավելի մեծ է, եթե օգտագործված ասեղը դատարկ է և դրանից ստացած վերքը խորն է[14]։ Վարակման վտանգ կա նաև եթե վարակված անձի արյունը շփվում է մեկ այլ անձի լորձաթաղանթի հետ, բայց այս դեպքում այն շատ փոքր է, իսկ եթե արյունը չվնասված մաշկի հետ է շփվում, վտանգ ընդհանրապես չկա[14]։
Հեպատիտ C-ն կարող է տարածվել նաև հիվանդանոցային սարքավորումների, օրինակ՝ մեկից ավելի անգամ օգտագործվող ասեղների և ներարկիչների, դեղերի բազմակի օգտագործման սրվակների, ներարկման տոպրակների և ոչ բավարար ախտահանված վիրաբուժական գործիքների միջոցով[14]։ Բժշկական, այդ թվում նաև՝ ստոմատոլոգիական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (ԲՕևՍԻԿ) գործող վատ հիգիենիկ և սանիտարահիգիենիկ վիճակը HCV-ի տարածման հիմնական պատճառն է աշխարհում վարակման ամենաբարձր տոկոսն ունեցող Եգիպտոսում[26]։
Հայտնի չէ, թե արդյոք հեպատիտ C-ն կարող է փոխանցվել սեռական հարաբերությունների միջոցով[27]։ Չնայած որոշակի կապ է նկատվել բարձր ռիսկային սեռական հարաբերությունների և հեպատիտ C-ի միջև, պարզ չէ, թե արդյոք հիվանդության փոխանցումը թմրանյութերի գաղտնի օգտագործման հետևանքով է եղել, թե՞ սեռական հարաբերություններ ունենալու[8]։ Փորձը ցույց է տալիս, որ վարակման վտանգ չկա այն հետերոսեքսուալ զույգերի համար, ովքեր սեռական հարաբերություններ չեն ունենում այլ անձանց հետ[27]։ Այնպիսի սեռական հարաբերությունները, որոնք կարող են վնասել հետանցքի լորձաթաղանթը, կամ երբ առկա է նաև սեռավարակ, ինչպես՝ ՄԻԱՎ կամ սեռական օրգանների խոցոտումներ, իրենց մեջ վտանգ պարունակում են[27]։ Միացյալ Նահանգների կառավարությունը հեպատիտ C-ով վարակումը կանխելու համար մեկից ավելի զուգընկեր ունեցող անձանց խորհուրդ է տալիս պահպանակ օգտագործել[28]։
Դաջվածք կատարելիս հեպատիտ C-ով վարակվելու հավանականությունը 2-3 անգամ մեծանում է[29]։ Պատճառը կարող է լինել ոչ լավ ախտահանված սարքավորումը կամ վարակված ներկերը[29]։ Դաջվածքները կամ պիրսինգը, որոնք կատարվում են մինչև 80-ականները կիրառվող եղանակով կամ ոչ-պրոֆեսիոնալ անձանց կողմից, հատկապես վտանգավոր են, քանի որ, նման դեպքերում սարքավորումները կարող են վատ ախտահանված լինել։ Բացի այդ, վտանգը մեծ է խոշոր դաջվածքների դեպքում[29]։ Բանտարկյալների մոտ կեսը դաջվածքներ կատարելիս օգտվում է նույն, չախտահանված սարքավորումներից[29]։ Հավատարմագրված հաստատություններում HCV-ի վարակում ստանալու հավանականությունը շատ փոքր է[30]։
Անձնական հիգիենայի պարագաները, օրինակ՝ ածելիները, ատամի խոզանակները և ոտքի կամ ձեռքի եղունգները մշակելու սարքերը կարող են արյան հետ շփվել։ Նման առարկաների միջոցով կարող է փոխանցվել հեպատիտ C-ի վիրուսը (HCV)[31][32]։ Հարկավոր է զգույշ լինել կտրվածքների, վերքերի և արյունահոսող այլ վնասվածքների հետ[32]։ HCV-ն չի փոխանցվում առօրյա շփման, օրինակ՝ գրկախառնվելու, համբուրվելու կամ նույն սնունդը և սպասքը օգտագործելու միջոցով[32]։
Հղիության ժամանակ վարակված մորից հեպատիտ C-ի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում[33]։ Այդ վտանգը նվազեցնելու միջոցներ գոյություն չունեն[33]։ Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ[21]։ Երկարատև ծննդաբերության ժամանակ վարակման վտանգն ավելի մեծ է[14]։ Կրծքով կերակրման միջոցով HCV-ի փոխանցման դեպքեր չեն նկատվել, բայց վարակված մայրերը չպետք է կրծքով կերակրեն իրենց նորածին երեխաներին, եթե պտուկները ճաքճքված են և արյունահոսում են[34], կամ եթե բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեն[21]։
Հեպատիտ C-ի ախտորոշման նպատակով կատարվող հետազոտություններն են՝ HCV-ի հանդեպ հակամարմինների որոշումը իմունոֆերմենտային վերլուծության միջոցով (ELISA)-ն, ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը և քանակական HCV-ի ՌՆԹ պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ)[8]։ Պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) կարող է հայտնաբերել HCV-ի ՌՆԹ-ն վարակումից 1-2 շաբաթ անց, իսկ հակամարմինների հայտնաբերման համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել[15]։
Հեպատիտ C-ի քրոնիկական ձև համարվում է հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը արյան մեջ 6 ամսից ավելի, որը հաստատված է ՌՆԹ-ի որոշման միջոցով[11]։ Քանի որ քրոնիկական ձևը տասնամյակներ շարունակ ախտանշաններ չի ունենում[11], սովորաբար բժիշկները հայտնաբերում են այն լյարդային ֆերմենտների բարձր ցուցանիշների դեպքում մանրակրկիտ ուսումնասիրության կամ բարձր ռիսկի խմբի անձանց ընթացիկ ստուգումների միջոցով։ Ստուգումը ցույց չի տալիս տարբերությունը սուր և քրոնիկական վարակման միջև[14]։
Հեպատիտ C-ի դեպքում սովորաբար սկսում են արյան հետազոտությունից՝ իմունոֆերմենտային վերլուծության միջոցով HCV-ի հանդեպ հակամարմիններ հայտնաբերելու նպատակով[8]։ Եթե այս հետազոտության արդյունքները դրական են, ապա կատարվում է երկրորդ հետազոտությունը՝ իմունոֆերմենտային վերլուծության արդյունքները հաստատելու և բարդության աստիճանը գնահատելու նպատակով[8]։ Ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը ճշգրտում է իմունոֆերմենտային հետազոտությունը, իսկ HCV-ի ՌՆԹ պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) որոշակիացնում է բարդության աստիճանը[8] ՌՆԹ-ի բացասական, իսկ իմունոբլոտ հետազոտության դրական արդյունքները նշանակում են, որ հետազոտվողը ունեցել է վարակ, սակայն բուժման կամ ինքնաապաքինման արդյունքում տվյալ պահին այն բացակայում է։ Եթե իմունոբլոտ հետազոտությունը տալիս է բացասական արդյունք, ապա իմունոֆերմենտային հետազոտության արդյունքը եղել է կեղծ[8]։ Իմունոֆերմենտային հետազոտությունը վարակվելուց միայն 6-8 շաբաթ անց է տալիս դրական արդյունք[12]։
Լյարդային ֆերմենտների պարունակությունը տատանվում է վարակի սկզբնական շրջանում[11]․ միջինում նրանց պարունակությունը սկսում է բարձրանալ վարակվելուց հետո 7 շաբաթների ընթացքում[12]։ Լյարդային ֆերմենտների պարունակությունը քիչ չափով է արտահայտում հիվանդության ընթացքի ծանրությունը[12]։
Լյարդի բիոպսիան կատարվում է լյարդի վնասման աստիճանը որոշելու նպատակով, սակայն այս միջամտությունը վտանգավոր է[6]։ Լյարդի հյուսվածքում՝ լիմֆոցիտների, դրունքային եռյակներում՝ ավշային բշտիկների առկայությունը և փոփոխությունները լեղածորաններում հանդիսանում են բիոպսիայի ժամանակ հայտնաբերվող բնորոշ փոփոխություններ[6]։ Կան արյան վերլուծության տարբեր եղանակներ, որոնք որոշակիացնում են լյարդի վնասման աստիճանը և փոքրացնում բիոպսիայի անհրաժեշտությունը[6]։
Միացյալ Նահանգներում և Կանադայում վարակվածների 5–50%-ը գիտի իր վիճակի մասին[29]։ Բարձր ռիսկային խմբերի անձանց, որոնց թվում են նաև դաջվածքներ ունեցող մարդիկ, խորհուրդ է տրվում հետազոտվել[29]։ Լյարդային ֆերմենտների բարձր պարունակությամբ անձանց ևս խորհուրդ է տրվում հետազոտվել, քանի որ շատ հաճախ սա քրոնիկական հեպատիտ C-ի միակ նշանն է լինում[35]։ Միացյալ Նահանգներում ծրագրավորված համատարած սկրինինգի կատարումը հիմնավորված չի համարվում[8]։
2011 թ.-ի դրությամբ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութ դեռևս մշակված չէ։ Պատվաստանյութերի մշակումն ընթացքի մեջ է և դրանցից մի քանիսը ցույց են տվել հուսադրող արդյունքներ[36]։ Կանխարգելիչ տարբեր միջոցառումների համատեղ իրականացումը, ինչպիսիք են՝ ասեղների միանգամյա օգտագործումը կարևորող ծրագրերը և թմրանյութերից կախվածության բուժումը, ներերակային թմրանյութեր օգտագործողների մոտ իջեցնում են Հեպատիտ C-ով վարակվելու վտանգը 75%-ով[37]։ Արյան դոնորների սկրինինգը կարևոր է ամբողջ բնակչության մակարդակով՝ որպես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (ԲՕևՍԻԿ) համընդհանուր կանխարգելիչ միջոցառումների կատարում[12]։ Այն երկրներում, որտեղ մանրէազերծ ներարկիչների քանակը բավարար չէ, առողջապահության մասնագետները պետք է գերադասեն դեղամիջոցները նշանակել բերանային և ոչ թե ներարկման եղանակով[14]։
Վարակվածների 50–80% մոտ ընթացքը լինում է քրոնիկական։ Այս դեպքերի 40-80%-ը ապաքինվում է բուժման արդյունքում[38][39]։ Ավելի հազվադեպ ապաքինումը տեղի է ունենում առանց բուժման[9]։ Հեպատիտ C-ի քրոնիկական ձևի դեպքում հիվանդը պետք է խուսափի ալկոհոլ և լյարդի վրա թունավոր ազդեցություն ունեցող դեղամիջոցներ օգտագործելուց[8] և պետք է պատվաստվի հեպատիտ Ա-ի և հեպատիտ Բ-ի դեմ[8]։ Ցիրոզի առկայության դեպքում պետք է կատարվի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)՝ լյարդի քաղցկեղի հայտնաբերման նպատակով[8]։
Հաստատված HCV վարակի դեպքում անձը պետք է դիմի համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (ԲՕևՍԻԿ)՝ բուժում ստանալու նպատակով[8]։ Ներկայումս բուժումն իրենից ներկայացնում է պեգիլացված ինտերֆերոնի և ռաբիվիրին հակավիրուսային դեղամիջոցի համակցված օգտագործումը՝ 24 կամ 48 շաբաթվա ընթացքում՝ կախված HCV-ի տեսակից[8]։ Բուժում ստացածներից 50-60%-ը ունենում են բարելավված արդյունքներ[8]։ Բոցեպրեվիրի կամ տելապրեվիրի զուգակցումը ռիբավիրինի և ալֆա-պեգինտերֆերոնի հետ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում ուժգնացնում է հակավիրուսային ազդեցությունը[40][41][42]։ Բուժման ժամանակ կողմնակի ազդեցությունները բավականին շատ են. բուժում ստացածներից կեսի մոտ նկատվում են գրիպին բնորոշ ախտանիշեր, իսկ շուրջ 1/3-ն ունենում են հուզական խնդիրներ[8]։ Առաջին 6 ամիսների ընթացքում բուժումն ավելի արդյունավետ է, քան ավելի հետո իրականացված բուժումը, երբ Հեպատիտ C-ն վերածվում է քրոնիկական ձևի[15]։ Եթե վարակը նոր է և այն չի անցնում 8-12 շաբաթների ընթացքում, խորհուրդ է տրվում նշանակել պեգիլացված ինտերֆերոն՝ 24 շաբաթ տևողությամբ[15]։ Թալասեմիայով տառապող անձանց դեպքում ռաբիվիրին կարելի է օգտագործել, սակայն ավելանում է փոխներարկումներ կատարելու կարիքը[43]։
Բուժման այլընտրանքային եղանակների կողմնակիցների կողմից առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք, ըստ իրենց պնդման, արդյունավետ են Հեպատիտ C-ի դեպքում, մասնավորապես՝ կաթնափուշ, ժենշեն (կյանքի արմատ) և կոլլոիդային արծաթ[44]։ Սակայն այս միջոցների օգտագործման դեպքում հեպատիտ C-ի ելքի բարելավում չի նկատվել, նաև չկան ապացույցներ HCV վիրուսի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ[44][45][46]։
Բուժման արդյունքը՝ կախված գենոտիպից, լինում է տարբեր։ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում 48 շաբաթ տևողությամբ բուժումը տալիս է կայուն արդյունք մոտ 40-50% դեպքերում[6]։ 2-րդ և 3-րդ գենոտիպի դեպքում 24 շաբաթ տևողությամբ բուժումը կայուն արդյունք է տալիս 70-80% դեպքերում[6]։ 48 շաբաթյա բուժումը 65% կայուն արդյունք է տալիս 4-րդ գենոտիպով վարակված անձանց մոտ։ 6-րդ գենոտիպի դեպքում բուժման արդյունքի մասին վկայող ապացույցները շատ քիչ են, իսկ առկա տվյալներով՝ այն մոտ է 1-ին գենոտիպի արդյունքներին[47]։
130-170 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 3%-ը ապրում է քրոնիկական Հեպատիտ C-ով[48]։ Ամեն տարի 3–4 միլիոն մարդ է վարակվում HCV-ով և ավելի քան 350,000 մարդ մահանում է Հեպատիտ C-ի հետ կապված հիվանդություններից[48]։ Դեպքերի հաճախականությունը էականորեն ավելացավ 20-րդ դարի ընթացքում՝ ներարկման միջոցով թմրանյութերի և դեղորայքի, ինչպես նաև ոչ մանրէազերծված բժշկական սարքավորումների օգտագործման արդյունքում[14]։
Միացյալ Նահանգներում բնակչության շուրջ 2%-ի մոտ առկա է Հեպատիտ C[8]՝ տարեկան 35,000-185,000 նոր դեպքերով։ Նոր դեպքերի հաճախականությունը նվազել է 1990-ական թվականներից սկսած՝ նախքան փոխներարկումը արյան ավելի մանրակրկրիտ ստուգման արդյունքում[15]։ Միացյալ նահանգներում հեպատիտ C-ով պայմանավորված տարեկան մահացությունը կազմում է 8000-10 000[49]։
Նոր դեպքերի քանակն ավելի բարձր է Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներում[50]։ Այդպիսի երկրներից են Եգիպտոսը (22%), Պակիստանը (4.8%) և Չինաստանը (3.2%)[48]։ Եգիպտոսում հիվանդության բարձր տարածվածությունը պայմանավորված է շիստոսոմոզի դեմ կատարվող զանգվածային բուժական միջոցառումներով, որոնց ժամանակ օգտագործվում են ոչ բավարար ախտահանված ապակյա ներարկիչներ[14]։
1970-ականների կեսերին ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Հարվեյ Ջ. Ալթերը իր հետազոտական խմբով ցույց տվեց, որ արյան փոխներարկումներից հետո զարգացած հեպատիտների զգալի մասը պայմանավորված չէ հեպատիտ Ա-ի կամ հեպատիտ Բ-ի վիրուսներով։ Չնայած այս բացահայտմանը՝ միջազգային հետազոտությունները եղան անարդյունավետ և հաջորդ տասնամյակի ընթացքում նոր վիրուսի հայտնաբերման բոլոր փորձերը ձախողվեցին։ 1987 թ.-ին Մայքլ Հաութոնը, Քուի-Լիմ Չուն և Ջորջ Կուն՝ Չայրոն կազմակերպությունում (անգլ.՝ Chiron Corporation), համագործակցելով Դ. Բրեդլիի հետ, օգտագործեցին մոլեկուլների կլոնավորման նոր մոտեցումը՝ անհայտ մանրէի նույնացման և ախտորոշման եղանակի մշակման համար[52]։ 1988 թվականին Ալթերը հաստատեց վիրուսը՝ ստուգելով նրա առկայությունը «ոչ-Ա և ոչ-Բ հեպատիտի» նմուշում։ 1989 թ. ապրիլին HCV-ի հայտնաբերումը հրապարակվեց ''Science'' ամսագրի 2 հոդվածներում[53][54]։ Այս հայտնագործությունը կարևոր ճշգրտում մտցրեց ախտորոշման հարցում և բարելավեց հակավիրուսային բուժումը[52]։ 2000 թվականին Ալթերը և Հաութոնը պարգևատրվեցին կլինիկական բժշկության ոլորտում հետազոտությունների համար Լասկերի մրցանակով՝ «առաջատար հետազոտությունների համար, որոնց արդյունքը եղավ Հեպատիտ C-ի վիրուսի հայտնագործումը և հետազոտման եղանակների մշակումը, որոնք արյան փոխներարկմամբ պայմանավորված հեպատիտների հավանականությունը 1970 թ.-ի 30%-ից իջեցրեցին 2000 թ.-ին մինչև 0»[55]։
Չայրոնը ձեռք բերեց մի քանի արտոնագիր՝ վիրուսի ախտորոշման նկատմամբ[56]։
Հեպատիտի համաշխարհային դաշինքը ամեն տարվա հուլիսի 28-ին կազմակերպում է հեպատիտի միջազգային օրը[57]։ Հեպատիտ C-ի տնտեսական արժեքը զգալի է թե՛ անհատի, և թե՛ հասարակության համար։ Միացյալ Նահանգներում հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում հիվանդության միջին արժեքը կազմում է 33,407 ԱՄՆ դոլար՝ 2003 թվականի տվյալներով[58], իսկ լյարդի փոխպատվաստման արժեքը կազմում է շուրջ 200,000 ԱՄՆ դոլար՝ 2011 թվականի դրությամբ[59]։ Կանադայում հակավիրուսային բուժումը կազմում է շուրջ 30,000 կանադական դոլար՝ 2003 թվականի դրությամբ[60]։ Շատ երկրներում մարդիկ չեն կարող ստանալ հակավիրուսային բուժում՝ առողջության ապահովագրության բացակայության պատճառով, կամ նրանց ապահովագրությունը չի վճարում հակավիրուսային բուժման համար[61]։
2011 թվականի դրությամբ հեպատիտ C-ի շուրջ 100 դեղամիջոցներ են գտնվում մշակման փուլում[59]։ Դրանց մեջ մտնում են հեպատիտի դեմ պատվաստանյութերը, իմունոմոդուլյատորներն ու ցիկլոֆորինի արգելակիչներ (ինհիբիտորներ)[62]։ Բուժման այսպիսի հնարավոր նոր եղանակները ի հայտ եկան Հեպատիտ C-ի վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալուց հետո[63]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.