Տիգրան Սարգսյան
հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Սուրենի Սարգսյան (հունվարի 29, 1960(1960-01-29), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Եվրասիական տնտեսական բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։ Նախկինում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի վարչապետ ու Կենտրոնական բանկի նախագահ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
1998 - 2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, որի ընթացքում պարտադիր է դարձրել միջազգային հաշվապահական հաշվետվության չափանիշների կիրառումը, հիմնադրել է վճարման միջբանկային համակարգը, ազգային վճարահաշվարկային համակարգը, ֆինանսական համակարգի մեգակառավարիչը, ավանդների հատուցման համակարգը։ Վարել է գնաճի նպատակադրման ռազմավարություն։ Իր ղեկավարման տարիներին մինչև 2000-ականների կեսը բազմաթիվ հետաքննությունների ու քրեական գործերի արդյունքում ֆինանսական համակարգից դուրս են մղվել մի շարք քրեական տարրեր ու դադարեցվել է գումարների անօրինական շարժը։
2008 - 2014 թվականներին Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու Հայաստանում քաղաքական խորը ճգնաժամի օրերին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Վարել է հակաճգնաժամային քաղաքականություն տնտեսության իրական հատվածի աջակցման, ենթակառուցվածքների ստեղծման ու հասարակական ոլորտի աջակցության միջոցով։ Վարել է տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, ստեղծել է էլեկտրոնային կառավարություն, իրականացրել է մի շարք կարևոր բարելավումներ կառավարման համակարգում։ Գործարկել է պարտադիր ավտոապահովագրություն համակարգը։ Իր կառավարման օրերին վերացվել է հեռահաղորդակցության ու օդային հաղորդակցության ոլորտների մենաշնորհային իրավիճակը։ Վարել է եվրոպական կառույցների հետ[1] ու զուգահեռաբար Եվրասիական տնտեսական միության հետ[2] մերձեցման քաղաքականություն։
2014 - 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ 2016-2020 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ 2020 թվականից դարձել է Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։
Համարվում է Հայաստանի բանկային համակարգի հիմնադիրների մեկը[3]։ Հանդիսացել է 1993 թվականին Հայկական դրամի հիմնադիրներից, ինչպես նաև 1995 թվականին Հայաստանի բանկերի միության հիմնադրիներից մեկը։