Բանկ
From Wikipedia, the free encyclopedia
Բանկ, դրամատուն ( իտալ.՝ Banco բառից, թարգմանաբար՝ սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները), ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։ Բանկերը կարող են հիմնադրվել Բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և կոոպերատիվների տեսքով։
Բանկն իրենից ներկայացնում է տնտեսության մի մասնիկը` տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից ապրանքադրամական տնտեսությունը։ Բանկային համակարգի զարգացումը ուղղակիորեն պայմանավորված է տնտեսության մեջ ապրանքադրամական հարաբերությունների զարգացման մակարդակով։ Բանկերը ներգրավում են ազատ միջոցներ, տրամադրում վարկեր, իրականացնում վճարահաշվարկային ծառայություններ, թողարկում դրամական միջոցներ, հանդիսանում արժեթղթերի շուկայի դիլերներ, իրականացնում են այլ ֆինանսական գործառնություններ։
Բանկային գործը ծագել և զարգացել է միջոցների փոխանակման ու փոխատվական գործունեության շնորհիվ։ Այս հարաբերությունների զարգացումը բանկային գործի հիմքը դրեց։
Առաջին վարկային գործառնությունների մասին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա. VI դարին։ Հին Բաբելոնում կիրառվում էր ավանդային գործառնությունը` ավանդների ընդունումը և դրանց դիմաց տոկոսների վճարումը։ Այդ գործառնությունները մ.թ.ա. IV դարում իրականցվում էին նաև Հունաստանում, որտեղ գոյություն ուներ բավականին զարգացած բանկային գործունեություն։ Նրանք իրականացնում էին տարբեր գործառնություններ` սկսած գնման, վաճառքի և հաճախորդների հաշվին վճարումների կատարումից մինչև վարկերի տրամադրումը և տարբեր գործարքներում որպես երաշխավոր կամ վստահված անձ հանդես գալը։
Առաջին բանկը, ժամանակակից ըմբռնմամբ, առաջացել է Իտալիայում 1407թ. (Banca di SanGiorgio), սակայն դա չի նշանակում, թե բանկերն առաջին անգամ առաջացել են միջնադարյան Իտալիայում։ «
Բանկ» հասկացությունը կարելի է հավասարապես նույնացնել նաև Հին Հունաստանում փոխանակողների և նրանց սեղանների հետ, որտեղ բանկիրներին անվանում էին տրապեզիդներ (հունարեն «տրապեզա» բառից, որը նշանակում է «սեղան»), կամ Հին Հռոմում փոխանակող-մենսարների հետ (լատ. “mensa” բառից, որը նշ. է «սեղան»), ովքեր զբաղվում էին արժույթի փոխանակմամբ, ինչպես նաև այլ գործառնություններով։
Առաջին բանկերի ծագման ժամանակաշրջանի վերաբերյալ հարցը, դատելով ըստ ոչ մեծ թվով աշխատությունների, չի ստացել հստակ պատասխան։ Ժամանակի տատանումը կազմում է մոտ 2 հազ. տարի։ Գիտնականների մի մասի կարծիքով, առաջին բանկերն առաջացել են Իտալիայում (Վենետիկ, Ջենովա) XIV –XV դդ.: Մյուս գիտնականները գտնում են, որ բանկը, որպես ապրանքային տնտեսության հատուկ ինստիտուտ, ծագել է միայն ապրանքադրամական հարաբերությունների զարգացման այնպիսի փուլում, երբ ի հայտ է եկել դրամաշրջանառության կարգավորման և վարկային գործառնությունների իրականացման անհրաժշտությունը։ Կան նաև այլ տեսակետներ, սակայն, կարևորը ոչ այնքան բանկերի առաջացման ժամանակաշրջանի ճշտումն է, որքան այն, թե ինչ է իրենից ներկայացնում բանկը և որոնք են բանկային գործի ծագման հիմնապատճառները։
Բանկը կարելի է դիտարկել որպես ֆինանսական շուկայի մասնագիտացված կառույց, որին բնորոշ է տնտեսության մեջ ձևավորված ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքագրումն ու դրանց հետագա տեղաբաշխումը վարկերում, արժեթղթերում և այլն։ Այլ կերպ ասած՝ բանկերը կատարում են ֆինանսական միջնորդի դեր դրամական միջոցների ժամանակավորապես ավելցուկ և դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջ ունեցող անձանց միջև։ Դրանով նրանք նպաստում են դրամաշրջանառության գործընթացի կազմակերպմանը, տնտեսության տարբեր ճյուղերին և ոլորտներին վարկային ռեսուրսներով ապահովմանը, որն էլ անդրադառնում է տնտեսության արդյունավետության, և բնակչության կենսամակարդակի վրա։ Առանձնահատուկ միջնորդ լինելու պարագայում բանկն իր հաճախորդների համար կարող է հանդես գալ նաև որպես գործակալ. կատարել վճարումներ երրորդ անձանց համար, ընդունել և վճարել չեկեր, գնել, վաճառել և փոխանակել արտարժույթ, հսկել դրամական միջոցների շարժը, դրամի և արժեթղթերի շրջանառությունը, իրականացնել անկանխիկ հաշվարկներ, մատուցել վճարահաշվարկային ծառայություններ։
Բանկն իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված դրամական միջոցները տեղաբաշխում է իր անունից իր ռիսկով` վերադարձելիության, վճարելիության և ժամկետայնության պայմաններով։
Բանկերը մատուցում են բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց (օրինակ, ֆինանսական խորհրդատվություն, երաշխիքների տրամադրում, ակրեդիտիվների բացում, սպասարկում և այլն)։ Առևտրային բանկերի միջև մրցակցության անընդհատ խորացումը, ոչ բանկային ֆինանսական կառույցների աստիճանական ձևավորումն ու զարգացումը, ստիպում են բանկերին անընդհատ մշակել և ներդնել նոր` ժամանակակից ֆինանսական ծառայություններ։
Բանկն, ի տարբերության ձեռնարկության, աշխատում է հիմնականում «ուրիշների փողերով», որոնք կուտակվել են վերադարձելիության սկզբունքով, ոչ միայն թողարկում է արժեթղթեր, այլ նաև կատարում է արժեթղթերի հաշվառման և պահպանման գործառնություններ, թողարկում հատուկ ապրանք` փող վճարային գործիքների (միջոցների) տեսքով։ Առկա տարբերություն են նաև ակտիվների ու պասիվների կազմը և կառուցվածքը։
Բանկերի կարևորագույն առանձնահատկություններից է նաև այն, որ դրանք գործում են կարգավորման և վերահսկողության խիստ դաշտում, որը հիմնականում պայմանավորված է բանկային ավանդների ներգրավման իրավունքից առաջացող ռիսկերի զսպմամբ։
Բանկերի հիմնական նպատակը առավելագույն շահույթի ստացումն է, որը հաճախ հակասության մեջ է մտնում իրացվելիության ապահովման հետ, քանի որ բարձր իրացվելի ակտիվները եկամտաբեր չեն կամ ունեն ցածր եկամտաբերություն։