Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություն:
Հապավում | ՀՊՏՀ |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1975[2] |
Տիպ | հասարակական |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, Երևան, 0025, Նալբանդյան 128 |
Կայք | asue.am |
Armenian State University of Economics Վիքիպահեստում |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից, կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից։ Այդ տարիներից սկսած` հայ տնտեսագիտական մտքի, ինչպես նաև Հայաստանում տնտեսագիտական կրթության ձևավորման ու զարգացման երախտավորներ են եղել անվանի գիտնական մանկավարժներ, պրոֆեսորներ Ղևոնդ Շաքարյանը, Հովհաննես Թումանյանը, Կարպիս Կարագյանը, Վռամ Կոստանյանը, Սուրեն Միքայելյանը, այլք։
Հետագայում բուհն անցել է կազմավորման փուլեր։ Հաջորդը ԵՊՀ-ի կազմում ավելի քան չորս տասնամյակ տևողությամբ գոյությունն էր` որպես տնտեսագիտական ֆակուլտետ, որի ընթացքում շնորհիվ Երևանի պետական համալսարանում ստեղծված բարենպաստ պայմանների և ֆակուլտետի անձնակազմի քրտնաջան աշխատանքի, հսկայական առաջընթաց էր ապրել գիտամանկավարժական գործունեության բոլոր ոլորտներում։
Հայաստանում տնտեսագիտական ինքնուրույն բուհի երկրորդ ծնունդը կամ նորագույն պատմությունն սկիզբ է առել 1975 թվականի օգոստոսի 6-ից, երբ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ ԵՊՀ տնտեսագիտական, ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի, ղեկավար աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետների բազայի վրա կազմավորվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
Բավական է ասել, որ ԵրԺՏԻ կազմավորման նախօրյակին (1974 թվական) տնտեսագետ ուսանողների թվաքանակը 1934 թվականի համեմատությամբ տասնապատկվել էր` 305-ից հասնելով շուրջ 3 հազարի, իսկ մասնագիտությունների թիվը` 4-ից 11-ի։ Սակայն բարձրագույն կրթությամբ տնտեսագետների նկատմամբ պահանջարկն աճում էր առաջանցիկ տեմպերով, ինչով էլ պայմանավորված էր տնտեսագիտական ինքնուրույն բուհի կազմավորման անհրաժեշտությունը 70-ական թվականներին։ ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում էին աշխատում, ապա ժողովրդական տնտեսության ինստիտուտ տեղափոխվեցին անվանի տնտեսագետներ Անուշավան Կիրակոսյանը, Ավագ Ավանեսյանը, Ռայա Քալանթարյանը, Վարազդատ Խլղաթյանը, Լիպարիտ Թամազյանը, Սերգեյ Մելիքյանը, Հովհաննես Ֆահրադյանը, Շավարշ Մանուկյանը և այլք։
Հայաստանի Կառավարության 1999 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ բուհը վերանվանվեց Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, իսկ 2006 թվականի հունիսի 6-ին ստացավ համալսարանի կարգավիճակ և կոչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Իր նորագույն պատմության ընթացքում ՀՊՏՀ պրոֆեսորդասախոսական կազմն ու աշխատակիցներն ակնառու հաջողությունների են հասել ինչպես ուսումնամեթոդական, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների բնագավառում։
1995 թվականի սեպտեմբերից Հայաստանի Կառավարության որոշմամբ նոր ուսումնական տարին բուհը մեկնարկեց նոր մասնաշենքում` Նալբանդյան 128 հասցեում, և բուհի ֆակուլտետները միավորվեցին մեկ հարկի տակ։ Միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահպանվեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքը։ ՀՊՏՀ-ն մասնաճյուղեր ունի Գյումրիում և Եղեգնաձորում։
Բուհն իր գոյության ընթացքում տվել է ավելի քան 40.000 շրջանավարտ։
Այսօր համալսարանի 6 ֆակուլտետներում ընդգրկված մասնագիտական և ոչ մասնագիտական ամբիոններում դասախոսում են տասնյակ գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածու, դոցենտներ, ասիստենտներ։ Բուհում դասավանդում են նաև համատեղությամբ աշխատող վեց տասնյակից ավելի բարձրակարգ մասնագետներ։
ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր։ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Այսօր տնտեսագիտական մայր համալսարանում բարեփոխումների շրջան է. կրթական նոր ծրագրեր, բուհ-գործատու կապի ամրապնդում, նոր ժամանակների պահանջով բացված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտություններ, ուսումնական գործընթացում տեսական գիտելիքի ամրապնդում փորձով և փորձառության արդյունավետ կազմակերպմանը միտված գործընթացներ, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում, նյութատեխնիկական բազայի վերազինում, վերակառուցում։
ՀՊՏՀ-ն Դիլիջանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Բլդան գետի ափին, ունի մարզաառողջարան, որտեղ հուլիս-օգոստոս ամիսներին վճարովի տարբերակով հանգստանում են ուսանողները։
ՀՊՏՀ-ն ունի նաև իր կերպարի մատուցման արտաքին բաղադրիչները՝ դրոշը, տարբերանշանը, կարգախոսը[3], որոնք տեղեկություն են հաղորդում բուհի մասին[4]։
2004 թվականից բուհն անցում է կատարել երկաստիճան՝ բակալավրիատ և մագիստրատուրա կրթական համակարգին։ Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից՝ նաև հեռակա), 2004 թվականից մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև՝ հեռակա) ուսուցում։ Բակալավրիատի առկա ու հեռակա և մագիստրատուրայի առկա ուսուցումը իրականացվում է կրեդիտային համակարգով։ Ասպիրանտուրայում կրթությունը և՛ առկա, և՛ հեռակա ուսուցմամբ է։ 2010-2011 թվականներին ուսումնական տարվանից ասպիրանտուրայում նույնպես անցում է կատարվել կրեդիտային համակարգին։ Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում՝ 2, հեռակա բակալավրիատում՝ 5, հեռակա մագիստրատուրայում՝ 2,5 տարի։ 2006-2007 ուստարում բակալավրիատի առաջին կուրսերում ներդրվել է ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը, գործում է փոխատեղման կարգ։ Համալսարանում գործում է նաև գիտական գրադարան՝ համալրված հարուստ մասնագիտական գրականությամբ, ինչպես նաև առկա են գիտական և ուսանողական ընթերցասրահները։ Բուհի գիտական կյանքը լուսաբանվում է «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսում[5] (հրատարակվում է 2004 թվականից) և «Տնտեսագետ» ամսագրում (հրատարակվում է 1977 թվականից)։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը ձևավորվել է 1979 թվականին՝ ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի հենքի վրա։ Այն սկզբնապես անվանվել է աշխատանքի տնտեսագիտության և կազմակերպման ֆակուլտետ, իսկ Կառավարում անվանումը ստացել է, երբ Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունը տեղափոխվել է Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմ։ Ֆակուլտետի դեկանն է Մանուկ Մովսիսյանը։
Կառավարման ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով։ Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում՝ 2, հեռակա բակալավրիատում՝ 5, հեռակա մագիստրատուրայում՝ 2,5 տարի։
Կառավարման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը գործում է համալսարանի հիմնադրման տարվանից՝ 1975 թվականից։ Ֆակուլտետի դեկանն է Գրիգոր Նազարյանը։
Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով։ Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, հեռակա բակալավրիատում` 5 տարի, առկա մագիստրատուրայում՝ 2 տարի, հեռակա մագիստրատուրայում՝ 2.5 տարի։
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են․
Համալսարանի ստեղծման առաջին իսկ օրվանից հիմնադրվել է ֆինանսահաշվային ֆակուլտետը, որն այսօր վերակազմավորվել է ֆինանսական ֆակուլտետի։ Ֆակուլտետի դեկանն է Վահե Միքայելյանը։ Ֆակուլտետում պատրաստվում են ֆինանսիստներ, բանկային գործի մասնագետներ։
Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի, Փարիզ-12 և Իսպանիայի Սարագոսայի համալսարանների հետ։
Ֆինանսական ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՀՊՏՀ ամենահին կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը ձևավորվել է 1975 թվականին Երևանի պետական համալսարանում դեռևս 1964 թվականին գործող ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետի բազայի վրա։ Ֆակուլտետի դեկանն է Նարեկ Կեսոյանը։
Ֆակուլտետում պատրաստվում են կադրեր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման մասնագիտություններով, որոնք ունեն նաև առանձին նեղ մասնագիտացումներ։ Ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ուսուցման համակարգերում՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան։ Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում՝ 2, հեռակա բակալավրիատում՝ 5, հեռակա մագիստրատուրայում՝ 2,5 տարի։
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
Վիճակագրության և ինֆորմացիայի մշակման ֆակուլտետը ստեղծվել է 1975 թվականին՝ ԵրԺՏԻ-ի կազմում։ 1991 թվականին վերանվանվել է Ինժեներատնտեսագիտական ֆակուլտետ, 2004 թվականից՝ Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ, իսկ 2007 թվականից վերանվանվել է Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ։ Ֆակուլտետի դեկանն է Սոս Խաչիկյանը։
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին՝ Ֆինանսական ֆակուլտետի վերակազմավորման արդյունքում։ Առաջիկա տարիներին նախատեսվում է մասնագիտացման նոր ուղղություն՝ տնտեսական վերլուծություն։ Ֆակուլտետի դեկանն է Մերի Բադալյանը։
Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով։ Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում՝ 2, հեռակա բակալավրիատում՝ 5, հեռակա մագիստրատուրայում՝ 2,5 տարի։
Ֆակուլտետը սերտ կապեր ունի Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի, «Հայկական ծրագրեր» ընկերության և մի շարք աուդիտորական կազմակերպությունների հետ։
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ստեղծվել է 2013 թվականին։ «Ամբերդը» Հայաստանի առաջատար ուղեղային կենտրոններից է, որն իրականացնում է հանրային քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հետազոտություններ, վերլուծություններ և մշակումներ։ Մեր առաքելությունն է արդի բազմամակարդակ մարտահրավերների պայմաններում նորարարական գաղափարների մշակման, հետազոտությունների, վերլուծությունների, կրթական ծրագրերի իրականացման, պետական և մասնավոր հատվածի շահառուների համար քաղաքականության երաշխավորությունների պատրաստման և հանրային քաղաքականության ոլորտում օրենսդիր, գործադիր իշխանության մարմինների, ակադեմիական հանրության, գործարար հատվածի և հասարակության միջև հաղորդակցային դերակատարության միջոցով նպաստել Հայաստանի հասարակության և պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը և բնականոն զարգացման ապահովմանը[6]։ 2019 թվականից հրապարակվում է «Ամբերդ» գիտահանրամատչելի տեղեկագիրը[7]։
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ստեղծվել է 1994 թվականին։ Կառույցի նպատակն ու գերխնդիրն է ներկայացնել ու պաշտպանել ուսանողների շահերը[8]։
Մասնաճյուղը հիմնադրվել է 2007 թվականին Հայաստանի Կառավարության որոշմամբ։ Առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2008 թվականին երեք մասնագիտությունների գծով՝ ֆինանսներ, միջազգային տնտեսական հարաբերություններ և կառավարում։ 2011-2012 ուս. տարվա դրությամբ մասնաճյուղում սովորում է շուրջ 100 ուսանող։ Մասնաճյուղն ունի ինչպես անվճար՝ տարկետման իրավունքով, այնպես էլ վճարովի համակարգի ուսուցման տեղեր։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասը ժամանում է մայրաքաղաքից։ Գիտաուսումնական ամբողջ գործընթացը մասնաճյուղում իրականացվում է մայր ԲՈՒՀ-ի համապատասխան ամբիոնների կողմից կազմված ծրագրերով, մեթոդաբանությամբ և ուսումնական նյութերով։ Մասնաճյուղն ունի գրադարան, կազմավորման փուլում է գտնվում համակարգչային լսարանը։ Մասնաճյուղում բավական ակտիվ գործում է ուսանողական խորհուրդ, որի անդամները, ինչպես նաև մյուս ուսանողները պարբերաբար ներգրավվում են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող կամավորական ու վճարովի աշխատանքների մեջ։ Ուսանողների ու անձնակազմի շնորհիվ և տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մասնաճյուղում ստեղծվել և գործում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որի ակտիվիստներ են ոչ միայն ուսանողները, այլև Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների երիտասարդները։ Մասնաճյուղի համագործակցությունը բավականին մեծ է նաև տեղական ու միջազգային մի շարք կառույցների հետ։ «Կայուն զարգացման հիմնադրամի», գերմանական GIZ-ի և ԱՄՆ դեսպանատան հետ իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում տեխնիկական վերազինման մակարդակը բարձրացել է, գործում են տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ։ Մասնաճյուղում ուսման առաջադիմությունը բավական բարձր է, ինչի շնորհիվ վճարովի համակարգում սովորող ուսանողների մոտ 35-40%-ին յուրաքանչյուր տարի մրցութային կարգով շնորհվում են տարբեր տիպի կրթաթոշակներ։
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թ. մայիսի 30-ին։ Երկաստիճան կրթական համակարգը մասնաճյուղում ներդրվել է 2004-2005 ուստարվանից։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի չափորոշիչներին համապատասխան՝ երկաստիճան կրթական համակարգի գիտելիքների գնահատման կրեդիտային եղանակով։ Բուհական կրթության արդիականացման նպատակով բացվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրված լսարաններ։ 2016 թվականից պայմանագրեր են կնքվել եվրոպական մի շարք համալսարանների հետ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից ուսանողների կրթական ծրագիրը այդ համալսարաններում շարունակելու և դասախոսների փորձի փոխանակման համար։ Երկու տարում ծրագրի շրջանակներում փոխանակման ծրագրին մասնակցել են շուրջ մեկ տասնյակից ավելի ուսանողներ։ Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է մի շարք ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, մասնակցել միջազգային գիտաժողովների աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում։ Բուհում իրականացվում են զարգացման տարբեր ծրագրեր։ Բուհի երեք խոշոր ծրագրերն են՝ գրադարանի համալրումն ու ընթերցասրահի ստեղծումը, շարունակական ու ոչ ֆորմալ կրթության կենտրոնի բացումն ու բուհը գիտահետազոտական կենտրոն դարձնելուն ուղղված աշխատանքները։
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1999 թ.-ի ապրիլի 17-ին և մինչ օրս գործում է համաձայն ընդունված բոլոր սկզբունքների։ 2002 թ. ՀՊՏՀ ԳՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքային ուսանողական խորհուրդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.