From Wikipedia, the free encyclopedia
Սլովենիա (սլովեն.՝ Slovenija), պաշտոնական անվանումը՝ Սլովենիայի Հանրապետություն (սլովեն.՝ Republika Slovenija) պետություն Հարավային Եվրոպայում։ Տարածքը 20,236 կմ² է, բնակչությունը՝ 2,089,310 մարդ (հուլիս, 2019)։
Սլովենիայի Հանրապետություն Republika Slovenija |
||||
---|---|---|---|---|
|
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Լյուբլյանա | |||
Պետական լեզուներ | սլովեներեն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 20,273 կմ² | ||
- | Ջրային (%) | 0.6 | ||
Բնակչություն | ||||
- | 2007 նախահաշիվը | 2,009,245 | ||
- | 2002 մարդահամարը | 1,964,036 | ||
- | Խտություն | 99 /կմ² 251 /մղոն² |
||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .si | |||
Հեռախոսային կոդ | +386 |
Մայրաքաղաքն է Լյուբլյանան, պետական լեզուն սլովեներենն է։ Ունիտար, հանրապետական պետություն է։ Վարչականորեն բաժանված է 210 համայնքների, այդ թվում՝ 11 քաղաքների։ Սլովենիայի խոշոր քաղաքներից են Լյուբլյանան, Մարիբորը, Ցելյենը։ Բնակչության 83%-ը սլովենացիներ են, մնացածը սերբեր, խորվաթներ, հունգարներ և այլ ազգի ներկայացուցիչներ։
Գտնվում է Բալկանյան թերակղզու մերձալպյան հատվածում, ողողվում է Ադրիատիկ ծովի ջրերով։ Արևմուտքում սահմանակցում է Իտալիայի, հյուսիսում՝ Ավստրիայի, արևելքում՝ Հունգարիայի, արևելքում ու հարավում՝ Խորվաթիայի հետ։
Արդյունաբերական երկիր է՝ դինամիկ զարգացող տնտեսությամբ։ 2011 թվականին ՀՆԱ-ն կազմել է 58,979 միլիարդ դոլար (բնակչության մեկ շնչին՝ մոտ 29,179 դոլար)։ Դրամական միավորը եվրոն է։
Երկիրն անկախություն է ձեռք բերել 1991 թվականի հունիսի 25-ին։ 2004 թվականի մարտին Սլովենիան մտել է ՆԱՏՕ-ի կազմի մեջ, իսկ 2004 թվականի մայիսի 1-ին՝ Եվրամիության մեջ։
Սլովենիա անունը ծագում է սլովենե (սլովենացիներ) բառից, որը սլավոններ բառի տարբերակն է․ բառացի նշանոկում է սլովենների երկիր։ Սլավոնների բառի ծագումը լեզվաբանների կողմից մնում է չբացահայտված, չնայած կան դրա բացատրության մի քանի վարկածներ[1]։
Ժամանակակից Սլովենիայի անունը ծագում է Ազգային ազատագրության սլովենական կոմիտեի (սլովեն.՝ Slovenski narodnoosvobodilni svet) որոշումից, որը ստեղծվել է 1944 թվականին, երբ Հարավսլավիայում ձևավորվել էր ազատագրական շարժում ՝ ընդդեմ գերմանական օկուպացիայի։ Պետության պաշտոնական անվանումը 1945-1946 թվականներին եղել է Դաշնային Սլովենիա (սլովեն.՝ Federalna Slovenija), որն այն ժամանակ Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետության մաս էր կազմում։ 1946 թվականի փետրվարի 20-ին Դաշնային Սլովենիան անվանափոխվել է Սլովենիայի ժողովրդական հանրապետություն (սլովեն.՝ Ljudska republika Slovenija), որն իր հերթին 1963 թվականի ապրիլի 9-ին վերանվանվել է Սլովենիայի սոցիալիստական հանրապետություն (սլովեն.՝ )Socialistična republika[2]։ 1990 թվականի մարտի 8-ին Սլովենիան հեռացրել է սոցիալիստական բառը՝ դառնալով Սլովենիայի Հանրապետություն, իսկ 1991 թվականի հունիսի 25-ին ձեռք է բերել անկախություն։
Ժամանակակից սլովենների սլավոնացի նախնիները երկրի տարածքում հաստատվել են 6-րդ դարում։ 7-րդ դարում նրանք ձևավորել են Կարանտանիան, որը եղել է սլավոնական առաջին պետություններից։ 745 թվականին Կարանտանիան ռազմական օգնության դիմաց ճանաչել է ֆրանկների գերիշխանությունը՝ պահպանելով, սակայն, իր ձևական անկախությունը մինչև նրա ընկնելը 1180 թվականին։ Ֆրանկների ազդեցությունը նպաստել է սլովենացիների քրիստոնեացմանը։
Մոտ 1,000 թվականին է վերագրվում Brižinski spomeniki փաստաթուղթը, որը սլովեներենով առաջին գրավոր վկայությունն է։ 14-րդ դարում ժամանակակից Սլովենիան հայտնվել է Հաբսբուրգների իշխանության ներքո և հետագայում մտել Ավստրո-Հունգարիայի մեջ[3]։ Սլովենիան բաժանված է եղել երեք նահանգի՝ Կրանսկա, Գորիշկա և Շտաերսկա։
Առևտրական ճանապարհների խաչաձևումը և Երեսնամյա պատերազմը 17-րդ դարում պատճառ են դարձել Սլովենիայի տնտեսական անկման, սակայն 18-րդ դարում կրկին տնտեսությունը սկսել է զարգանալ․ մեծացել է տարբեր տեսակի ապրանքների արտադրությունը, իսկ գյուղատնտեսական մթերքներն ավելացել են մոտ 60 %-ով։ Սկսվել է ազգային-լուսավորչական շարժում։ Այս շրջանը կոչվում է Սլովենական վերածնունդ։
1809-18013 թվականներին Սլովենիայի մեծ մասը մտել է Իլիրիայի նահանգի մեջ։ 19-րդ դարում սկսվել է սլովենական ազգային շարժումը, որի կենտրոնը եղել է Կրայնան։
1918 թվականին Ավստրո-Հունգարիան կազմալուծվել է։ Իտալիան Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում գրավել է Սլավոնական Պրիմորիեն՝ այն ներառելով Վենետիկ-Ջուլիա շրջանի մեջ[4], իսկ սլովենական հողերի մյուս մասն ընդգրկվել է Սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորության մեջ, որը 1929 թվականին վերանվանվել է Հարավսլավիա[5][6]։
1941 թվականին, երբ առանցքի ուժերը հարձակվել են Հարավսլավիայի վրա, Իտալիան բռնակցել է տարածքը մինչև Լյուբլյանա, իսկ Գերմանիան՝ մնացած տարածքը՝ մինչև Մարիբոր[7][8][9]։
Հարավսլավիայի թագավորությունը փլուզվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, իսկ Սլովենիան մտել է Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետության մեջ՝ Սլովենիայի սոցիալիստական հանրապետություն անվանումով․ վերջինս հռչակվել է 1945 թվականի նոյեմբերի 29-ին[10][11]։ Իտալիայից մինչև Սլովենիա տարածքներն ընդգրկվել են Օբալնա Կրաշկա և Գորիշկա մարզերում։
1990 թվականի դեկտեմբերի դեկտեմբերի 23-ի հանրաքվեով սլովենացիների 88,4 %-ն արտահայտվել է Սլովենիայի անկախության օգտին։
Սլովենիայի պատերազմը (այն Հարավսլավիայի կազմալուծման առիթով ռազմական կոնֆլիկտներից մեկն է) տևել է տասը օր։ Ռազմական 72 բախումների հետևանքով հարավսլավական բանակի կորուստները կազմել են 45 մարդ, 146 վիրավոր, գերվել են 4,693 զինվորական ու դաշնային ծառայությունների 252 աշխատակից։ Սլովենական կողմի կորուստենրն են եղել 19 սպանված (9 կոմբատանտներ, մնացածը քաղաքացիական), 182 վիրավոր։ Զոհվել են նաև օտարերկրացի 12 քաղաքացի, որոնք հիմնականում եղել են միջազգային կազմակերպությունների վարորդներ։
1991 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է Սլովենիայի Հանրապետության Սահմանադրությունը։ 2004 թվականին այն մտել է Եվրամիության մեջ։
Սլովենիան գտնվում է Կենտրոնական Եվրոպայի Ալպեր-Դանուբյան շրջանում, երկրի մակերևույթը լեռնային է, հյուսիս-արևմուտքում և հյուսիսում ձգվում են Արևելյան Ալպերի (առավելագույն բարձրությունը՝ 2864 մ, Տրիգլավ լեռ), հարավում՝ Դինարյան լեռների ճյուղավորությունները[12]։ Խոշոր գետերն են Սավան (221 կմ) ու Դրավան, որոնք Դանուբի աջ վտակներն են։ Լեռնային լճերից են Բլեյսկոն, Բոհինսկոն, կարստային լիճ է Ցերկնիցան։
Առանձնացվում են աշխարհագրական չորս հիմնական շրջաններ՝ հյուսիս-արևմուտքում՝ Ալպեր (Յուլյան Ալպեր, հյուսիս-արևելքում՝ Կարավանկե լեռ ու Պոհորիե․ զբաղեցնում է տարածքի 42 %-ը), հյուսիս-արևելքում՝ Միջինդանուբյան դաշտավայր (28 %), հարավում՝ Դինարյան բարձրավանդակ (21 %), արևմուտքում՝ Միջերկրածովյան ափամերձ հատված (Ադրիատիկ ծով, 9 %)։ Կան մոտ 1,000 կարստային քարանձավներ (Պոստոյնսկա Յամա, Շկոցյանսկե Յամե), բազմաթիվ ջրվեժներ, որոնցից է Չեդցան (130 մ)։
Մակերեսը 20,273 կմ² է․ ցամաքային մակերեսը՝ 20,151 կմ²։ Ջրային տարածքի մակերեսը 122 կմ² է։
Ընդերքում կան գորշ ածխի, ծարիրի, սնդիկի, բոքսիտների պաշարներ։
Կլիման բարեխառն է, ծովափին՝ մերձարևադարձային միջերկրածովային։ Տարածքի 40 %-ն զբաղեցնում են սաղարթավոր ու ասեղնատերև անտառները։
Երկրի ներքին շրջանները՝ մինչև 700–800 մ բարձրությունները, ծածկված են տափաստանային բուսականությամբ, 800–2000 մ բարձրությունները՝ լայնատերև ու ասեղնատերև անտառներով, ավելի բարձր շրջանները՝ մարգագետիններով։
Կենդանիներից կան եղջերու, քարայծ, վարազ, վայրի կատու, կզաքիս։ Կլիմայավարժեցվել է արջը։ Շատ են թռչուններն ու սողունները։
Գետերն ու լճերը հարուստ են ձկներով (ծածան, գայլաձուկ, պերկես)։
Երկիրը բաժանված է 210 համայնքների,որոնցից 11-ն ունեն քաղաքի կարգավիճակ։ Մայրաքաղաքը բաժանված շրջանային համայնքների (Četrtna skupnost)։
Քաղաքի ներկայացուցչական մարմինը քաղաքային խորհուրդն է (mestni svet), որն ընտրվում է բնակչության կողմից, իսկ կատարողական մարմինը՝ ժուպանը (Župan)։
Համայնքի ներկայացուցչական մարմինը համայնքային խորհուրդն է (občinski svet), որն ընտրվում է բնակչության կողմից, իսկ կատարողական մարմինը՝ ժուպանը (Župan)։
Շրջանային համայնքի ներկայացուցչական մարմինը շրջանային համայնքի խորհուրդն է (Svet Četrtne skupnosti), որն ընտրվում է բնակչության կողմից, իսկ կատարողական մարմինը՝ շրջանային համայնքի խորհդի նախագահը (predsednik sveta)։
Սլովենիան ղեկավարում է Սլովենիայի նախագահը, որն ընտրվում է հինգ տարին մեկ։
Գործադիր իշխանությունը ներկայացնում են նախագահն ու խորհրդարանը։ Վերջինս նշանակվում է խորհրդարանի կողմից։
Սլովենիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատներից՝ ազագային ասամբլեա (državni zbor) և պետական խորհուրդ (državni svet)։ Խորհրդարան անցնում են 90 պատգամավոր, որոնցից 88-ը՝ համամասանական, իսկ 2-ը, որոնք ներակայացնում են իտալական ու հունգարական փոքրամասնությունները՝ մեծամասնական սկզբունքով։ Պետական խորհուրդը կատարում է վերին պալատի գործառույթը։ Այն ունի 40 պատգամավոր, որոնք ընտրվում են հնգամյա ժամկետով և ներկայացնում են հասարակության տնտեսական, կառուցվածքային ազգային կարևոր խմբավորումները։ Խորհրդարանն ընտրվում է հինգ տարին մեկ։ Խորհրդարանի հիմնական կուսակցություններն են «Սլովենիայի դեմոկրատական կուսակցությունը» և «Սլովենիայի լիբերալ դեմոկրատիան»։
Բնակչության տարեկան աճը 2012 թվականի դրությամբ + 0,16 % է, ծնելիության մակարդակը՝ 10,66 %, մահացությունը՝ 9,35 %, արտագաղթի սալդոն՝ (+0,31)։ Կյանքի տևողությունը 78,4 տարի է տղամարդկանց, և 83,9 կանանց համար (2018)։
Էթնիկական կազմը 2002 թվականի մարդահամարի տվյալներով հետևյալ պատկերն ունի․
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սլովենիայում գրանցված է եղել 2,058,821 մարդ։ Սլովենիան բնակչության թվաքանակով աշխարհում գրավում է 145-րդ տեղը։ Բնակչության միջին տարիքը 41,7 է (տղամարդիկ՝ 40, կանայք՝ 43)։
Բնակչության միջին խտությունը 101,66 մարդ է մեկ քառակուսի կիլոմետրի համար։ բնակչության մոտավորապես կեսն ապրում է քաղաքներում։
Պաշտոնական լեզուն սլովեներենն է։ Իտալերենը Իզոլա, Կոպեր և Պիրան համայնքների որոշ բնակավայրերում, ինչպես նաև Պրեկմուրյայի հունգարական հինգ բնակավայրում ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ[13]։ Պետական, սակայն ավելի ցածր կարգավիճակ ունի նաև գնչուերենը[14]։
Սլովենիան ունի զարգացած տնտեսություն։ Սլավոնական և պլանային տնտեսության կոմունիստական բոլոր երկրներից Սլովենիան ուներ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող անվանական ամենաբարձր ՀՆԱ-ն և Չեխիայից հետո երկրորդը մեկ շնչի բաժին ընկնող ՀՆԱ-ով։ Աշխատանքի վարձատրման միջին ցուցանիշը 2019 թվականին կազմել է 1897,90 եվրո (բրուտտո) և 123,75 եվրո (նետտո)[15][16][17][18][19][20][21][22][23]։
Տնտեսության ուժեղ կողմերն են կայունությունը, ուժեղ արտահանումը, առևտրի աճը՝ ԵՄ անդամ լինելու շնորհիվ։ Unior d.d.-ն խոշորագույն ու կարևոր արտահանողներից է, այդ թվում՝ գերմանական ավտոարտադրության։ Վերամշակող արտադրությունը մրցունակ է, մրցունակ է Կոպերի նավահանգիստը։
Տնտեսության թույլ կողմերից են մասնակի ազատականացումը, որը հետ է պահում օտար ներդրողներին, սեփականաշնորհումը դանդաղ է ընթանում։
Զարգացած են արդյունաբերության արդյունահանող, մեքենաշինության, մետաղաձուլության, տեքստիլ, փայտամշակման, սննդի ճյուղերը։
Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի մոտ 50 %-ը։ Մշակում են ցորեն, եգիպտացորեն, վարսակ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ։
Պաշտոնական արժույթը Սլովենիայում եվրոն է (նախկինում ազգային արժույթը կոչվում էր տոլար)։
Սլովենիան 2004 թվականին ԵՄ-ին միացած առաջին երկրներից էր, որ ընդունեց համաեվրոպական արժույթը։ 2005 թվականին Սլովենիայի կառավարությունն ընդունել է Սլովենիայի զարգացման ռազմավարությունը, որը ներառում է հետևյալ կետերը․
Նավթային խոշորագույն Petrol ընկերությունը ամբողջովին պետական է և կառավարության հատուկ որոշումով չի կարող սեփականաշնորհվել։
Էներգետիկ համակարգում առանձնանում է «Կրշկո» աէկը։
Սլովենիայի բանկը էմիսիոն վերահսկող մարմին է։ Կա բանկերի միավորում, որն իր մեջ է ներառում Սլովենիայի մոտ 30 առևտրական բանկերը։
Սլովեներենը հարավսլավոնական լեզու է, որի գրությունը հիմնված է լատիներենի այբուբենի վրա։ Այն ընդհանրություններ ունի խորվաթերենի ու սերբերենի հետ, բայց և էականորեն տարբերվում է նրանցից։ Այս լեզվին բնորոշ են հատկանիշներ, որոնք մոտ են արևմտասլավոնական լեզուներին, ռուսերենի հյուսիսռուսական բարբառին։ Սլովեներենը սլավոնական այն քիչ լեզուներից է, որն ունի երկու առարկա նշանակող թիվ։ Ներկայումս պահպանվել են սլավոներենի 49 բարբառ։
Հարավսլավիայի թագավորությունում Սլովենիան առանձնացել է բնակչության գրագիտությամբ։ Այսպես, 1921 թվականի մարդահամարի ժամանակ սլովենական Դրավսկայա Բանովինայում անգրագետ է եղել բնակչության 8,9 %-ը միայն[24], մինչդեռ նույն թվականին Բելգրադում այդ մակարդակը կազմել է 1401 %, իսկ Հարավսլավիայում ընդհանրապես՝ 51,5 %[25]։
Սլովենիայի ամենահայտի գրողը Ֆրանցե Պրեշերնն է (1800-1849), որի քնարական պոեմները սլովենական գրականության նոր մակարդակ են մատնանշել և օգնել ազգային ինքնագիտակցությունը արթնացնելուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից սլովենական բանահյուսական շատ ավանդույթներ կորսվել են, սակայն ազգային մշակությը վերածնելու փորձեր են արվում։ Այսպես, «Տրուտամորա Սլովենիկա» տրիոն կատարում է սլովենական ժողովրդական երաժշտություն, 1990-ական թվականների սկզբին բայանահարների միջազգային մրցույթում հաղթել է Ալեսանդրա Մինաչան, որը կատարել է սլովենական մեղեդիներ։ 1970-ական թվականներին երկիր է ներթափանցել ինդաստրիալ ոճը, որը 1980-ական թվականներին գրավել էր ողջ Սլովենիան։ Դրա վառ ներկայացուցիչն էր Laibach խումբը Լյուբլյանայից։
Գեղանկարչության ու քանդակագործության մեջ պոստմոդեռնիզմը ձևավորվել է 1980-ական թվականներին։ Նրա ներկայացուցիչներն են եղել «IRWIN» անունով խմբի հինգ նկարիչները։ Սլովենիայի հրապարակի շատ կառույցներ ստեղծվել են սլովենացի ճարտարապետ Յոժե Պլեչնիկի նախագծերով։
1919 թվականին հիմնադրվել է առաջին համալսարանը՝ Լյուբլյանայի համալսարանը, այնուհետև համալսարաններ են բացվել Մարիբորում (1978), Կոպերում (2001), Նովայա Գորիցայում (2006)։
MSN-ի հրապարակած տվյալներով սլովենական խոհանոցի ամենալավ կերակրատեսակը Կրայնայի երշիկն է[26]։ Պաշտոնապես այն ճանաչվել է «ազգային նշանակության գլուխգործոց»[27]։ Ավանդաբար շատ է կիրառվում ձուկը։ Շատ կերակրատեսակներ փոխառվել են հարևան երկրներից՝ Ավստրիայից (շտրուդել, վիեննական շնիցել), Իտալիայից (ռիզոտո, սլովեներեն տարբերակով՝ ռիժոտա, ռավիոլի)։ Տեղի ռեստորաններում կարելի է ճաշակել ազգային կերակրատեսակներ։ Սլովենական ավանդական կերակրատեսակներից են «գովեյա ուխան» (goveja juha, տավարի մսի արգանակից ու երկար վերմիշելից՝ ռեզանցիից (rezanci), երբեմն ավելացվում է պարմեզան պանիր), «գոբովա ուխան» (gobova juha, սպիտակ սնկով ապուր)։ Սլովենիայում արտադրվում են սպիտակ ու կարմիր գինիներ, թունդ ալկոհոլային խմիչքներ՝ «շնոպս» (šnops), կոնյակ, որ կոչվում է «ժգանյե» (žganje), և Սլովենիայում ճանաչում ունեցող «Laško» (Լաշկո), «Union» ապրանքանիշների գարեջրեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.