Պաշտպանական պատ
From Wikipedia, the free encyclopedia
Պաշտպանական պատ կամ պարիսպ, ամրություն, որը սովորաբար օգտագործվում է քաղաքը, գյուղը կամ այլ բնակավայրը պոտենցիալ ագրեսորներից պաշտպանելու համար։ Պատերը կարող են լինել սկսած պարզ շինություններից կամ հողային պատնեշներից մինչև քաղաք մուտք գործելու համար կանգնեցված աշտարակներով, բաստիոններով և դարպասներով ընդարձակ ռազմական ամրություններ[1]։
Նկարագրություն | |||||||||||
Համալիրի մաս | ամրոց, ամրություն և ֆորտիֆիկացիա | ||||||||||
Defensive walls Վիքիպահեստում |
Հին ժամանակներից մինչև մեր օրերը դրանք օգտագործվում են բնակավայրերը դրսից մեկուսացնելու համար։ Ընդհանրապես, դրանք կոչվում են քաղաքի պարիսպներ կամ քաղաքի պատեր, չնայած կառուցվել են նաև պարիսպներ, ինչպիսիք են Չինական մեծ պարիսպը, Բենինի պատը, Ադրիանոսի պատը, Անաստասյան պարիսպը և Ատլանտյան պարիսպը, որոնք ձգվել են քաղաքի սահմաններից շատ հեռու և օգտագործվել են տարածքները պարփակելու կամ տարածքային սահմանները նշելու համար։
Լեռնային տեղանքում պաշտպանական պարիսպները, ինչպիսիք են լեցիները (letzi), օգտագործվել են ամրոցների հետ համատեղ՝ հովիտները պոտենցիալ հարձակումից փակելու համար։ Իրենց պաշտպանական օգտակարությունից բացի, շատ պատեր ունեցել են նաև կարևոր խորհրդանշական գործառույթներ` ներկայացնելով դրանցով շրջափակված համայնքների կարգավիճակն ու անկախությունը։
Գոյություն ունեցող հնագույն պատերը գրեթե միշտ որմնաշեն կառույցներ են, թեև հայտնի են նաև աղյուսից և փայտից պատրաստված տարբերակները։ Կախված քաղաքը կամ բնակավայրը շրջապատող տարածքի տեղագրությունից, պարիսպը կարող էր ներառել տեղանքի այնպիսի տարրեր, ինչպիսիք են գետերը կամ առափնյա գծերը՝ պատն ավելի ապահով դարձնելու համար։
Պատերից ներս կարելի էր մտնել միայն քաղաքի համապատասխան դարպասով անցնելով։ Պատերին կից հաճախ կառուցվել են աշտարակներ։ Այս հսկայական պարիսպների կառուցման պրակտիկան, թեև ի սկզբանե նախապատմական ժամանակներում է սկսվել, կատարելագործվել է քաղաք-պետությունների վերելքի ժամանակ, և պարիսպաշինությունը եռանդուն կերպով շարունակվել է մինչև միջնադարյան շրջանը, իսկ հետագայում տարածվել է նաև Եվրոպայի որոշ մասերում։
Հողից կամ քարից պատրաստված ավելի պարզ պաշտպանական պատերը, որոնք բարձրանում են բլուր-ֆորտերի, օղակաձև ամրությունների, հին ժամանակների ամրոցների և նման շինությունների շուրջը, սովորաբար կոչվում են հողապատնեշ (rampart) կամ հողապատվար։