![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/PMC5258191_cureus-0008-00000000937-i01.png/640px-PMC5258191_cureus-0008-00000000937-i01.png&w=640&q=50)
Լեգիոներների հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Լեգիոներների հիվանդություն ատիպիկ թոքաբորբի ձև, որն առաջանում է Legionella տեսակի բակտերիաներով, ավելի հաճախ՝ Legionella pneumophila-ով[4]։ Ախտանիշներն ու ախտանշանները ներառում են հազը, հևոցը, բարձր տենդը, մկանացավերը և գլխացավերը[5]։ Հիվանդը կարող է նաև ունենալ սրտխառնոց, փսխումներ և փորլուծություն[6]։ Ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս ախտածնի հետ շփումից 2-ից 10 օր անց[5]։
Լեգիոներների հիվանդություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն, notifiable disease?, notifiable disease?, notifiable disease?, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | L. pneumophila?[1] |
Հիվանդության ախտանշաններ | գլխացավ[2], տենդ[2], հազ[2], միալգիա[2], դող[3] և թոքաբորբ[3] |
Բուժաքննություն | Արյան ընդհանուր հետազոտություն, կրծքավանդակի ռենտգեն, CT, մանրէաբանական կուլտուրա, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ, ELISEA? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և թոքաբանություն |
Անվանվել է | 1976 Philadelphia legionellosis outbreak? |
Բուժում | հակաբիոտիկ, Օքսիգենոթերապիա և դետոքսիկացիա |
![]() |
Լեգիոնելոզ է կոչվում ցանկացած հիվանդություն, որն առաջացնող հարուցիչը Legionella-ն է՝ ներառյալ Լեգիոներների հիվանդությունը (թոքաբորբ), Պոնտական տենդը (ոչ թոքաբորբային հիվանդություն), Պիտսբուրգի թոքաբորբը, սակայն Լեգիոներների հիվանդությունը ամենահաճախ հանդիպողն է, ուստի լեգիոնելոզի հիշատակումը հաճախ առնչվում է Լեգիոներների հիվանդությանը։
Բակտերիան հանդիպում է հիմնականում քաղցրահամ ջրերում[7]։ Այն կարող է աղտոտել տաք ջրի պահեստները, տաք լոգարանները, և մեծ օդային կոնդիցիոներների սառեցնող աշտարակները[7]։ Այն սովորաբար տարածվում է բակտերիաներ պարունակող գոլորշու ներշնչումով[7]։ Այն կարող է տարածվել նաև ջրի ասպիրացիայի միջոցով[7]։ Այն սովորաբար ուղիղ կերպով չի տարածվում մարդկանց միջև, և մարդկանց մեծամասնությունը, ովքեր առնչվում են հիվանդի հետ, չեն վարակվում[7]։ Ռիսկի գործոնները ներառում են` ավելի մեծ տարիքը, ծխելու պատմությունը, թոքերի քրոնիկ հիվանդությունը և վատ իմուն ֆունկցիան[8][9]։ Նրանք, ովքեր տառապում են ծանր թոքաբորբով և ունեն վերջերս իրականացրած ճամփորդության պատմություն, պետք է հետազոտվեն այս հիվանդության կապակցությամբ[10]։ Ախտորոշումն իրականացվում է անտիգենային (հակածնի) թեստավորման և խորխի կուլտուրայի միջոցով[11]։
Ոչ մի պատվաստում դեռևս հասանելի չէ[12]։ Կանխարգելումը կախված է ջրային համակարգերի լավ պահպանումից[12]։ Լեգիոներների հիվանդության բուժումն իրականացվում է հակաբիոտիկներով[13]։ Խորհուրդ տրվող դեղերը ներառում են ֆտորքինոլոնները, ազիթրոմիցինը և դոքսիցիկլինը[14]։ Հաճախ ներհիվանդանոցային բուժման կարիք է լինում[10]։ Մահացությունը կազմում է գրեթե 10% առողջ անձանց շրջանում և 25% ուղեկցող հիվանդություններ ունեցողների շրջանում[13]։
Ամբողջ աշխարհում տեղի ունեցող դեպքերի քանակությունը հայտնի չէ[6]։ Լեգիոներների հիվանդությունը հիվանդանոցից դուրս ձեռք բերած թոքաբորբերի դեպքերի 2–9% պատճառն է[6]։ ԱՄՆ-ում գնահատված տարեկան հոսպիտալիզացիաների քանակը կազմում է 8,000-ից 18,000[15]։ Հիվանդության բռնկումները դեպքերի փոքր մասն են կազմում[6][16]։ Չնայած հիվանդությունը կարող է առաջանալ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ, ամռանը և աշնանը դեպքերը հաճախանում են[15]։ Հիվանդությունն անվանակոչվել է բռնկման անունով, երբ այն առաջին անգամ նույնականացվել է 1976-ին Ֆիլադելֆիայում Ամերիկյան Լեգիոնի Կոնվենցիայի ժամանակ[17]։