Համակարգչային շերտագրություն
բժշկական ախտորոշման եղանակ, որը օգտագործում է ռենտգենյան ճառագայթները մարդու մարմնի շերտավորված պատկեր ստանալու համար / From Wikipedia, the free encyclopedia
Համակարգչային շերտագրություն (ՀՇ), ռենտգենյան ճառագայթների միջոցով կատարվում են ամբողջ մարմնի, կամ առանձին մասերի շերտային նկարահանումներ տարբեր անկյուններից, որոնցից ստացված պատկերը համակարգչի միջոցով երևում է մոնիտորի վրա։ Այն թույլ է տալիս տեսնել մարմնի պարունակությունը առանց այն կտրելու։
Համակարգչային շերտագրություն | |
---|---|
Տեսակ | լաբորատոր ախտորոշման տեսակ և բժշկական վիզուալիզացիա |
Հապավում | CT և КТ |
Ենթադաս | բժշկական վիզուալիզացիա և tompgrafia |
Օգտագործում է | Ռենտգենյան ճառագայթներ |
ICD-10-PCS | B?2 |
ICD-9-CM | 88.38 |
MeSH | D014057 |
MedlinePlus | 003330 |
Թվային վերամշակումը թույլ է տալիս ստանալ եռաչափ (3D) պատկեր՝ կատարված մի շարք երկչափ (2D) ռենտգեն պատկերների հիման վրա[1]։ ՀՇ պատկերները օգտագործվում են ախտորոշիչ և բուժիչ նպատակներով[2]։
ՀՇ ասելով սովորաբար նկատի են ունենում ռենտգեն ՀՇ-ն, բայց գոյություն ունեն նաև ՀՇ-ի այլ տեսակներ, որոնցից են՝ պոզիտրոն էմիսիոն շերտագրությունը (անգլ.՝ positron emission tomography (PET)), եզակի-ֆոտոնային էմիսիոն համակարգչային շերտագրությունը (անգլ.՝ single photon emission computed tomography (SPECT))։
ՀՇ պատկերի վրա հյուսվածքները տարբերակվում են ըստ նրանց ռենտգեն ճառագայթները կլանելու հատկության։ ՀՇ սկանավորմամբ ստանում են մարմնի աքսիալ և լայնական հարթությունների շերտավորմամբ նկարներ, բայց ներկայիս հնարավորությունները թույլ են տալիս միավորել նկարները և ստանալ եռաչափ (3D) պատկեր։ ՀՇ օգտագործվում է նաև հնագիտության մեջ, օր․՝ սարկոֆագի պարունակությունը պատկերելու համար։ ՀՇ քննություն անցկացնող մասնագետներն են ճառագայթաբանները և ռադիոտեխնիկները[3][4]։
ՀՇ լայնորեն օգտագործվում է վերջին երկու տասնամյակների ընթացքում շատ երկրների կողմից[5]։ Մոտավորապես 72 միլիոն ՀՇ սկանավորում է կատարվել ԱՄՆ-ում 2007 թվականին, և ավելի քան 80 միլիոն սկանավորում 2015 թվականին[6][7]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄն-ում եղած քաղցկեղով հիվանդների մոտ 0,4%-ի ախտահարումը պայմանավորված է եղել ՀՇ սկանավորմամբ[8][9]։