![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/YSU-BatimentCentral.jpg/640px-YSU-BatimentCentral.jpg&w=640&q=50)
ԵՊՀ Արաբագիտության ամբիոն
From Wikipedia, the free encyclopedia
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոն, Հայաստանի արաբագիտության ոլորտում հիմնադիր և առաջատար գիտակրթական հաստատություն։ 1992 թվականից սկսած այն անմիջական մասնակցությունն է ունեցել Հայաստանի և արաբական աշխարհի մի շարք երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատմանը։ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և Իրաքում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների բացմամբ նոր թափ է հաղորդվում արաբական երկրների հայկական սփյուռքի և մայր հայրենիքի հետ կապին։ Այդ պետական մարմիններում աշխատել և աշխատում են ամբիոնի դասախոսներն ու շրջանավարտները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ԵՊՀ Արաբագիտության ամբիոն | |
---|---|
![]() | |
Ֆակուլտետ | Արևելագիտություն |
Բուհ | ԵՊՀ |
Միջազգային անվանում | Department of Arabic Studies, YSU |
Հիմնադրված է | 1991 |
Ամբիոնի վարիչ | Հայկ Քոչարյան |
Հասցե | Հայաստան, 0025, ք.Երևան, Ալեք Մանուկյան, 1 |
Կայք | պաշտոնական կայք |
Էլփոստ | arabgit@ysu.am |
Հայ արաբագիտության բնագավառում ակադեմիական ավանդույթների առաջացումը, մասնագիտական կադրային բազայի ձևավորումն ու զարգացումը համալսարանում՝ ընդհուպ մինչև 1992 թվականի ամբիոնի հիմնադրում, կապված են արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վարիչ, 1977-1993 թվականների արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մերի Քոչարի անվան հետ։ Նրա հետ արաբագիտության ամբիոնի՝ որպես ԵՊՀ-ի գիտահետազոտական և մշակութային կենտրոնի հիմնադրումը իրականացրել են բանասիրական գիտությունների թեկնածու, իսլամագետ Դավիթ Հովհաննիսյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Սամվել Կարաբեկյանը։
2009 թվականից ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Տոնիկյանը։ Արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում մեծ թիվ են կազմում արտասահմանում վերապատրաստված մասնագետները։ Նրանցից ոմանք թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել արտասահմանում և նպաստել այդ երկրների համալսարանների ու ԵՊՀ արաբագիտության ամբիոնի կապերի հաստատմանն ու ուժեղացմանը։ ԵՊՀ արաբագետները Երևանի տարբեր համալսարաններում նպաստել են արաբագիտության զարգացման այլ կենտրոնների հիմնադրմանը։
Ամբիոնի գիտակրթական գործունեության ոլորտը ներառում է ոչ միայն արաբերենի դասավանդումը, այլև արաբագիտության բոլոր հիմնական ուղղությունները՝ արաբական և սեմական լեզվաբանությունը, արաբական մշակույթն ու պատմությունը, իսլամագիտությունը, արաբական գրականությունը, ժամանակակից տարածաշրջանային խնդիրների ուսումնասիրությունը։ Ամբիոնում արաբագիտությանը զուգահեռ զարգանում է նաև եբրայագիտությունը, որով զբաղվում են աշխարհի ընդամենը 40 երկրներում։ ԵՊՀ արաբագիտության ամբիոնը զարգացնում է միջմշակութային կապերը և մասնագիտական փոխանակման գործընթացը ինչպես ԱՊՀ ու արաբական երկրների, այնպես էլ՝ Եվրոպայի, Ամերիկայի ու Ռուսաստանի համալսարանների հետ, որտեղ ամբիոնի շրջանավարտները շարունակում են իրենց հետագա ուսումը։