![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/Debed_Canyon%252C_Gorge.jpg/640px-Debed_Canyon%252C_Gorge.jpg&w=640&q=50)
Դեբեդի կիրճ
Դեբեդ գետի կիրճը Հայաստանի Լոռու մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Դեբեդի կիրճ կամ Լոռու ձոր կամ Դեբեդի ձոր[1], զառիթափ կիրճ Հայաստան Հանրապետության հյուսիսում՝ Լոռու մարզում։ Այն ձևավորել է Դեբեդ գետը, որը հոսում է Հայաստանով և Վրաստանով։ Կիրճը ձգվում է Լոռու մարզի վարչական կենտրոն Վանաձոր քաղաքից՝ դեպի հյուսիս, մինչև հայ-վրացական սահմանը[2]։ Կողերն ուղիղ են ու աստիճանաձև[1]։ Կիրճի կողերը տեղ-տեղ ծածկված են անտառներով, տեղ-տեղ թփուտներով, իսկ տեղ-տեղ էլ խոտածածկ են[1]։ Դեբեդի կիրճը հարուստ է բազմատեսակ հատապտուղներով՝ մոշով, մոռով, հոնով։ Ծառերից տարածված են վայրի տանձենին, խնձորենին։ Հովտում տարածված է դեղձի, սերկևիլի, թզի, խնձորի, ընկույզի մշակությունը[3]։
Դեբեդի կիրճ | |
---|---|
![]() | |
Տեղադրություն | ![]() Լոռու մարզ |
Խորություն | 250-350 մ |
ԲԾՄ | նվզ․ 375 մ |
Երկարություն | 178 կմ |
Լայնություն | 20-700 մ |
![]() |
Դեբեդի կիրճում են գտնվում Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան[4] քաղաքները, Նեղոց ու Քարկոփ գյուղերը, սարահարթների վրա՝ նույն մարզի Ախթալա[5] քաղաքը, Օձուն, Ակներ, Հաղպատ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան գյուղերը և այլ բնակավայրեր։ Դեբեդի կիրճով՝ Դեբեդ գետի ափով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին և ավտոմայրուղին։ Դեբեդի կիրճում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, ինչպես նաև Քոբայրի ու Ախթալայի[6] վանքերը, 13-րդ դարում կառուցված Սանահինի միակամար կամուրջը[7] և այլն։