From Wikipedia, the free encyclopedia
Վյաչեսլավ Վասիլևիչ Տիխոնով (ռուս.՝ Вячеслав Васильевич Тихонов, փետրվարի 8, 1928[1][2][3], Pavlovsky Posad, Բոգորոդսկի ուեզդ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2009[4][2][3], Մոսկվա, Ռուսաստան[5]), խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982), Լենինյան (1982) և ԽՍՀՄ Պետական (1976) մրցանակների դափնեկիր, ԽՄԿԿ անդամ 1976 թվականից։
Վյաչեսլավ Տիխոնով ռուս.՝ Вячеслав Васильевич Тихонов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1928[1][2][3] |
Ծննդավայր | Pavlovsky Posad, Բոգորոդսկի ուեզդ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2009[4][2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1950) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին(ներ) | Նոննա Մորդյուկովա |
Երեխա(ներ) | Վլադիմիր Տիխոնով և Anna Tikhonova? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Վյաչեսլավ Տիխոնովը ծնվել է 1928 թվականի փետրվարի 8-ին, Պավլովո ավանում (այժմ Մոսկվայի մարզում)։ Հայրը՝ Վասիլի Ռոմանովիչը, մեխանիկ էր կարի ֆաբրիկայում, մայրը՝ Վալենտինա Վյաչեսլավովնան, մանկապարտեզի դաստիարակ էր։ Ընտանիքն ապրում էր փայտե մեծ երկհարկանի տանը՝ տատիկի և պապիկի հետ։ Դպրոցում Վյաչեսլավի սիրած առարկաներն էին մաթեմատիկան, ֆիզիկան և պատմությունը։
1941 թվականին, Հայրենական Մեծ պատերազմի հենց սկզբից, այն դպրոցում, որտեղ սովորում էր Վյաչեսլավը, տեղակայվեց զինվորական հոսպիտալը։ Տասներեքամյա տղան ուսումը շարունակեց արհեստագործական ուսումնարանում՝ յուրացնելով խառատի մասնագիտությունը։ Հետո իր մասնագիտությամբ սկսեց աշխատել գործարանում։ Երեկոներն ընկերների հետ անց էր կացնում «Вулкан» կինոթատրոնում՝ հերոսական ֆիլմեր դիտելով։ Սիրած հերոսներն էին Չապաևը, Ալեքսանդր Նևսկին, սիրած դերասանները՝ Միխայիլ Ժարովը և Պյոտր Ալեյնիկովը։
Տիխոնովը ծնողներից գաղտնի երազում էր կինոդերասանի կարիերայի մասին, իսկ ծնողները նրա մեջ տեսնում էին ապագա ինժեների կամ ագրոնոմի։ 1944 թվականին Տիխոնովն ընդունվեց Ավտոմեխանիկական ինստիտուտի նախապատրաստական կուրս։ 1945 թվականին նա փորձեց ընդունվել Կինեմատոգրաֆիայի համալսարան (ВГИК)։ Սկզբում նրան չընդունեցին, սակայն մինչև ընդունելության քննությունների ավարտը համալսարանի պրոֆեսոր Բորիս Բիբիկովը նրան իր դասարանն ընդունեց։ Բուհում ուսումնառության տարիներին տեղի ունեցավ Տիխոնովի դերասանական դեբյուտը Սերգեյ Գերասիմովի «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում, որտեղ նա խաղաց Վոլոդյա Օսմուխինի դերը։ Պրեմիերան տեղի ունեցավ 1948 թվականի աշնանը։
Ուսման տարիներին Տիխոնովն ամուսնացավ Նոննա Մորդյուկովայի հետ։ 1950 թվականին գերազանցությամբ ավարտեց համալսարանը, Բ. Վ. Բիբիկովի և Օ. Ի. Պիժովայի դասարանները և աշխատանքի ընդունվեց կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ 1950 թվականի փետրվարի 28-ին ծնվեց որդին՝ ապագա կինոդերասան Վլադիմիրը։
Տիխոնովի ստեղծագործական խթանը «Երիտասարդ գվարդիա» ֆիլմն էր։ Ի տարբերություն ֆիլմի մյուս դերակատարների, 1948 թվականից հետո գրեթե 10 տարի կինոյում հետաքրքիր դերեր չէր ստանում[6]։ Ռեժիսորները հիմնականում օգտվում էին Տիխոնովի արտաքին հմայքից՝ չձգտելով ի հայտ բերել նրա դերասանական ներուժը։ Այդ տարիներին դերասանը կարողացավ իր մասին հայտարարել թատրոնում՝ խաղալով Արջի դերը Կինոդերասանի թատրոն-ստուդիայում Է. Պ. Գարինի բեմադրած «Սովորական հրաշք» ներկայացման մեջ։
1957 թվականին Տիխոնովը դարձավ Մ. Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայի դերասան։ Նույն թվականին կինոէկրան բարձրացավ Ս. Ի. Ռոստոցկու «Բանը Պենկովի մեջ էր» ֆիլմը, որում Տիխոնովը խաղաց տրակտորիստ Մատվեյ Մորոզովի դերը, որը նրան ճանաչում բերեց։
Ռեժիսոր Վիկտոր Իվչենկոյի «Ա.Ի.-արտակարգ իրադարձություն» ֆիլմում (1958) Տիխոնովը խաղաց օդեսացի նավաստի Վիկտոր Ռայսկու դերը, մի անհոգ և ուրախ երիտասարդի, որն իսկական հերոս է դառնում։
Այս ֆիլմերից հետո ռեժիսորներն սկսեցին վստահել Տիխոնովին. կարճ ժամանակավատվածում նրան առաջարկվեցին բազմապլան, նշանակալից դերեր տարբեր ֆիլմերում. Ստանիսլավ Ռոստոցկի՝ «Մայիսյան աստղեր» (1959) և «Յոթ քամիներ» (1962), Ե. Ի. Տաշկով՝ «Ծարավ» (1959), Մ. Ա. Շվեյցեր՝ «Միչման Պանինը» (1960), Լ. Դ. Լուկով՝ «Երկու կյանք» (1961), Ս. Ի. Սամսոնով՝ «Լավատեսական ողբերգություն» (1963)։ «Ծարավ» ֆիլմում Տիխոնովն առաջին անգամ փորձեց գերմանացի սպայի համազգեստը և խորհրդային գործակալի դերը. նա խաղաց պատերազմի ժամանակ գերմանական թիկունք ուղարկված հետախույզի դերը։
1960-ական թվականների կեսերին Տիխոնովը մի մեծ քայլ կատարեց դեպի դերասանական վարպետության բարձունքները. նա խաղաց Անդրեյ Բալկոնսկու դերը Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմում, որին հետևեց ուսուցիչ Մելնիկովի դերը Ռոստոցկու «Ապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմում։ Երկու դերերն էլ պարզապես հիացրին հանդիսատեսին։
Տատյանա Լիոզնովայի «Գարնան տասնյոթ ակնթարթ» հեռուստասերիալում Տիխոնովը խաղաց իր ամենահայտնի՝ հետախույզ Իսաև-Շտիրլիցի դերը, որը 1945 թվականին աշխատում էր Ֆաշիստական Գերմանիայի որջում։ Դերասանական հաջողությունը Տիխոնովին մեծ ճանաչում բերեց։ 1969-1972 թվականներին նկարահանված ֆիլմը պետք է ցուցադրվեր Հաղթանակի օրվա նախօրեին, 1973 թվականի մայիսին, սակայն, խորհրդային առաջնորդ Լ. Ի. Բրեժնևի ԳՖՀ այցի պատճառով, քաղաքական նկատառումներով ֆիլմի ցուցադրությունը հետաձգվեց։ Ֆիլմի առաջին սերիան հանդիսատեսը դիտեց 1973 թվականի օգոստոսի 11-ին։ Դա Տիխոնովի կինոկարիերայի հաղթական տարին էր։ Հատկանշական է, որ ինքը՝ դերասանը, ցմահ իրեն ամրագրված Շտիրլիցի կերպարն իր հետ չէր նույնացնում։ Դստեր՝ Աննայի խոսքով, հերթական «Օյ, Շտիրլիցը» ակնարկին Տիխոնովը պատասխանում էր. «Այո, ինձ երբեմն այդպես են անվանում», կամ «Դուք ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք»։ ԽՍՀՄ սահմաններից դուրս էլ պաշտամունքային դարձած սերիալով նկարահանող խումբը՝ Տիխոնովի և Լիոզնովայի գլխավորությամբ, շրջագայեց աշխարհի բազմաթիվ երկրներում։ 2009 թվականին թողարկված ֆիլմի գունավոր տարբերակին 81-ամյա դերասանը բացասկան վերաբերվեց՝ ասելով, որ այն ոչ մի կապ չունի ո՛չ իր, ո՛չ էլ ողջ ստեղծագործական խմբի հետ[7]։
Մոտ 10 տարի հետո Տիխոնովը խաղաց Շտիրլիցի դերին նման, սակայն արդեն ոչ թե շարքային, այլ խորհրդային հատուկ ծառայությունների ղեկավար պաշտոնյայի դերը նույն՝ Յուլիան Սեմյոնովի «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել...» («ТАСС уполномочен заявить…») ֆիլմում՝ վերջնականապես հաստատելով օրինակելի խորհրդային հետախույզի իր կերպարը։ Մինչ այդ՝ 1977 թվականին նա նկարահանվեց Ս. Ի. Ռոստոցկու «Սևականջ սպիտակ Բիմը»` կարեկցության և մտերիմների ու մեր փոքր եղբայրների հանդեպ մարդկային դաժանության մասին հումանիստական ֆիլմում։ «Կինոդահլիճի փակ դռների հետևից լսվում էր, թե ինչպես է հանդիսատեսը լալիս»,-այսպես է կենսագիրը բնութագրում ցնցված հանդիսատեսի արձագանքը ֆիլմին։
1978 թվականին Տիխոնովն առաջին և վերջին անգամ նկարահանվեց կոմեդիայում՝ Մարկ Գենինի «Փողոցով կոմոդ էին տեղափոխում» ֆիլմում, որտեղ խաղաց կոմոդի տիրոջ դերը։
1970-ական թվականների կեսերին Տիխոնովին վստահվեց հեռուստատեսությամբ կարդալ ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևի հուշերի հիման վրա նկարահանված «Մալայա զեմլյա» վավերագրական եռագրության հեղինակի խոսքը։ Այդ մասին խնդրել էր ինքը՝ խորհրդային ղեկավարը[8]։ Գրքի վերջաբանը՝ «Հիշողությունները», Տիխոնովը կարդաց 1982 թվականի դեկտեմբերի սգո օրերին՝ գլխավոր քարտուղարին հրաժեշտ տալիս։
1989-2009 թվականներին եղել է «Կինոյի դերասան» թատրոն-ստուդիայի ղեկավարը[9]։
1980-ականների վերջն ու 1990-ականների սկիզբը դժվար ժամանակներ էին Տիխոնովի համար։ Վերակառուցումը նրա սրտով չէր, իդեալները, որոնց նա հավատում էր, ոտնահարված էին։ Այդ ընթացքում նա նշանակալից դերեր չունեցավ։ Նկարահանվեց երկրորդական, բայց տպավորիչ դերում Նիկիտա Միխալկովի «Արևից ուժասպառ» («Утомлённые солнцем») ֆիլմում, Դմիտրի Աստրախանի «Սպասասրահ» հեռուստասերիալում, «Բեռլինյան էքսպրես» ֆիլմում։ Սակայն, ինչպես նշում է կենսագիր Նատալյա Կորնեևան, այդ դերակատարումներից Տիխոնովն արդեն հոգեկան բավարարվածություն չէր ստանում. հոգևոր արժեքների արմատական փոփոխությունները դերասանի մեջ ներքին հակասություն էին առաջացրել։
1998 թվականին նշանակալից իրադարձություն դարձավ Սերգեյ Ուրսուլյակի «Հաղթանակի օրվա առթիվ» ֆիլմ-գրոտեսկը, որտեղ Տիխոնովը, Միխայիլ Ուլյանովի և Օլեգ Եֆրեմովի հետ, նկարահանվեց Նոր Ռուսաստանում տեղի ունեցածից ցնցված և զինվորական ընկերների հետ անհայտ ուղղությամբ շարժվող ինքնաթիռի ղեկին նստած պատերազմի վետերանի դերում։ 1990-ականների մյուս հզոր դերը, քննադատների կարծիքով, Տիխոնի կերպարն է Ֆ. Մ. Դոստոևսկու վեպի հիման վրա Դմիտրի և Իգոր Տալանկինների նկարահանած «Չարքեր» ֆիլմում։
2002 թվականին, դստեր խնդրանքով, նկարահանվեց իր փեսայի՝ ռեժիսոր Ն. Վորոնովսկու «Գայլի աչքերով» թրիլլերում։
Վերջին անգամ Տիխոնովն էկրանին հայտնվեց Աստծո դերում՝ Էլդար Ռյազանովի «Անդերսեն. կյանքն առանց սիրո» ֆիլմում (2006)։
Երբ 2008 թվականին սկսեց նկարահանվել «Իսաև» հեռուստասերիալը՝ Շտիրլիցի երիտասարդության մասին, ռեժիսոր Սերգեյ Ուրսուլյակը մտածում էր 80-ամյա Տիխոնովին հրավիրել Իսաևի հոր դերը խաղալու, սակայն, հաշվի առնելով Տիխոնովի հակասական վերաբերմունքը Իսաև-Շտիրլիցի կերպարին և ցանկանալով, որ հանդիսատեսի հիշողության մեջ հռչակավոր դերասանը մնա քրեստոմատիական կերպարում, ռեժիսորն, ի վերջո, հրաժարվեց այդ մտքից[10]։ Վախճանից ոչ շատ առաջ, 2009 թվականի հոկտեմբերին, հեռուստատեսությամբ սերիալը դիտելով՝ երիտասարդ Իսաևի դերակատար Դանիիլ Ստրախովի մասին «Կոմսոմոլսկայա Պրավդային» տրված հարցազրույցում Տիխոնովն ասել է, որ, չնայած երիտասարդ դերասանն իրենից խորհուրդ չի հարցրել բայց նման է իրեն, ինչը հաճելի է[11][12]։
Տիխոնովի առաջին կինը Նոննա Մորդյուկովան էր, ում հետ ապրել է 13 տարի՝ մինչև 1963 թվականը։ Այդ ամուսնությունից ծնվել է որդին՝ Վլադիմիրը (1950-1990), որի երեխաները՝ Վասիլին (ծն. 1972) և Վլադիմիրը (ծն. 1982) ծնվել են տարբեր ամուսնություններից[13]։
Դերասանի երկրորդ կինը 1967 թվականից Տամարա Իվանովնան էր (ծն. 1944)` ֆրանսերենի մասնագետ, ում հետ Տիխոնովը ծանոթացել էր ֆրանսիական «Տղամարդը և կինը» ֆիլմի ձայնագրման ժամանակ։ Ամուսնացել են «Ապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմի նկարահանումների ընթացքում[14]։ Այդ ամուսնությունից, որը ձգվեց 42 տարի, 1969 թվականի հուլիսի 5-ին ծնվեց դուստրը՝ Աննան, ով Կինեմատոգրաֆիայի համալսարանն ավարտելով՝ դարձավ դերասան և պրոդյուսեր։ Աննա Տիխոնովայի երեխաները ռեժիսոր Նիկոլայ Վորոնովսկու հետ ամուսնությունից՝ երկվորյակներ Վյաչեսլավը և Գեորգին ծնվեցին 2005 թվականի հունիսին[15]։
Տիխոնովի ամենամտերիմ ընկերներն էին ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկին և նրա որդին՝ Անդրեյը, ում հետ դերասանը սիրում էր գնալ ձկնորսության, Գորկու անվան կինոստուդիայի տնօրեն Ռիմալիսի ընտանիքը, շախմատային գրոսմայստեր Լև Պոլուգաևսկին։
1990-ական թվականների սկզբին Տիխոնովն ամառանոց ձեռք բերեց Մոսկվա գետի ափին, Նիկոլինյան Բլուր կոչված վայրում, որը մինչև կյանքի վերջը նրա սիրած հանգստյան վայրն էր։ Լրագրողների թեթև ձեռքով, դերասանին կյանքի այդ շրջանում անվանեցին Մեծ ճգնավոր։
2002 թվականին դերասանը սրտամկանի ինֆարկտ տարավ[16]։
2007 թվականի մայիսին Տիխոնովը հոսպիտալացվեց՝ անհաջող ընկնելու և սրտի շրջանում ցավերի պատճառով։ 2008 թվականի մարտին նրան վիրահատեցին Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում[17]։ 2009 թվականի նոյեմբերին նույն հիվանդանոցում անոթների վիրահատություն տարավ[18][19][20]։ Վիրահատությունը հաջող անցավ, սակայն շուտով նրա վիճակը վատացավ, և 2009 թվականի դեկտեմբերի 4-ն մեծ դերասանը վախճանվեց[21][22]։
2009 թվականի դեկտեմբերի 8-ին Փրկչի տաճարում տեղի ունեցավ Տիխոնովի հոգեհանգստյան պատարագը[23][24], որից հետո Կինոյի տանը տեղի ունեցավ քաղաքացիական հոգեհանգիստը[25]։ Դերասանին թաղեցին Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[26][27]։
Տարեթիվ | Ֆիլմի անվանում | Դեր |
---|---|---|
1948 | Երիտասարդ գվարդիա | Վոլոդյա Օսմուխին |
1952 | Մաքսիմկա | Ալեքսանդր Իվանովիչ Գորելով, լեյտենանտ |
1954 | Այդ մասին մոռանալ չի կարելի | ուսանող Ռոստիսլավ Դանչենկո |
1957 | Բանը Պենկովի մեջ էր | Մատվեյ Մորոզով, տրակտորիստ |
1958 | Ա. Ի.-արտակարգ իրադարձություն | Վիկտոր Անդրեևիչ Ռայսկի, նավաստի |
1959 | Մայիսյան աստղեր | Անդրեյ Ռուկավիչկին, լեյտենանտ |
1959 | Ծարավ | Օլեգ Բեզբորոդկո, լեյտենանտ |
1960 | Միչման Պանինը | Վասիլի Պանին, միչման |
1961 | Երկու կյանք | Սերգեյ Ալեքսանդրովիչ Նասչոկին, իշխան, սպա |
1965 | Մեր ժամանակի հերոսը | Պեչորին |
1967 | Պատերազմ և խաղաղություն | Անդրեյ Բալկոնսկի, իշխան |
1968 | Ապրենք մինչև երկուշաբթի | Իլյա Սեմյոնովիչ Մելնիկով, պատմության ուսուցիչ |
1973 | Գարնան տասնյոթ ակնթարթ | Շտիրլից |
1974 | Ասք մարդկային սրտի մասին | Հեղինակի խոսք |
1975 | Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի | Նիկոլայ Ստրելցով |
1977 | Սևականջ սպիտակ Բիմը | Իվան Իվանովիչ Իվանով, գրող, Բիմի տերը |
1984 | ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել | Կոնստանտին Իվանովիչ Կոնստանտինով, գեներալ |
1992 | Չարքեր | Տիխոն |
1994 | Բուլվարային սիրավեպ | Ստանիսլավ Վասիլևիչ Կանդինսկի |
1994 | Արևից ուժասպառ | Վսեվոլոդ Կոնստանտինովիչ |
1998 | Սպասասրահ | Միխայիլ Բորիսովիչ Զայցև, մանկատան տնօրեն |
1998 | Հաղթանակի օրվա առթիվ | Լյովկա Մորգուլիս |
2001 | Բեռլինյան էքսպրես | Գեորգի Աստախով |
2005 | Գայլի աչքերով | ծերունի գիտնական |
2006 | Անդերսեն. կյանքն առանց սիրո | Աստված |
Դերասանի կյանքի և ստեղծագործության մասին նկարահանվել են մի շարք վավերագրական ֆիլմեր։
Տարեթիվ | Պարգև | Հիմնավորում |
---|---|---|
1962 | ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ | |
1969 | ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ | |
1970 | ԽՍՀՄ Պետական մրցանակ | Իլյա Սեմյոնովիչ Մելնիկովի դերի համար Ս. Ի. Ռոստոցկու «Ապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմում |
1974 | ԽՍՀՄ ժողովրդական արտիստ | |
1975 | Ա. Պ. Դովժենկոյի անվան ոսկե մեդալ | Մայոր Մլինսկու դերի համար «Ճակատ առանց թևերի» ֆիլմում |
1976 | Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակ | Շտիրլիցի դերի համար Տ. Մ. Լիոզնովայի «Գարնան տասնյոթ ակնթարթ» սերիալում |
1978 | Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան | |
1978 | ԽՍՀՄ ՊԱԿ-ի մրցանակ | «Գարնան տասնյոթ ակնթարթ» հեռուստասերիալում մասնակցության համար |
1979 | Լենինյան Կոմերիտմիության մրցանակ | Մայոր Մլինսկու դերի համար «Ճակատ առանց թևերի» և «Ճակատ ճակատային գծից դուրս» ֆիլմերում |
1980 | Լենինյան մրցանակ | Իվան Իվանովիչ Իվանովի դերի համար «Սևականջ սպիտակ Բիմը» ֆիլմում |
1980 | Տ. Գ. Շևչենկոյի անվան ՈՒԽՍՀ Պետական մրցանակ | «Վերածնունդ» հեռուստաֆիլմում հեղինակի խոսքը կարդալու համար |
1982 | Սոցիալիստական աշխատանքի հերոսի մեդալ | |
1982 | Լենինի շքանշան | |
«Պատվո նշան» շքանշան | ||
1993 | Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների 2-րդ Միջազգային կինոփառատոնի «Զոլոտոյ Վիտյազ» մրցանակ | Սլավոնական կինեմատոգրաֆիայում հսկայական ներդրումի համար |
1995 | «Հայրենիքի առջև ունեցած արժանիքների համար» 4-րդ աստիճանի շքանշան | պետության առջև ունեցած վաստակի և մշակույթի ոլորտում երկարամյա բեղուն գործունեության համար |
1998 | Սոչիի «Կինոտավր» կինոփառատոնում ՌՖ նախագահի մրցանակ | Ստեղծագործական կարիերայի համար |
1998 | ՌՖ Կառավարության պատվոգիր | Հայրենական մշակույթի զարգացման գործում հսկայական անձնական ներդրումի, հասարակական գործունեության և 70-ամյակի առթիվ |
2000 | «Նիկա» կինոմրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում | |
2003 | «Հայրենիքի առջև ունեցած արժանիքների համար» 3-րդ աստիճանի շքանշան | Հայրենական կինոմշակույթում մեծ ներդրումի համար |
2003 | «Ռուսական ազգային Օլիմպ» մրցանակ «Պատվավոր տիտղոս» անվանակարգում | |
2008 | Պատվո շքանշան | Հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում մեծ ներդրումի և երկարամյա ստեղծագործական աշխատանքի համար |
2008 | Մշակույթի ոլորտի ՌՖ Կառավարության մրցանակ | Է. Ռյազանովի «Անդերսեն. կյանքն առանց սիրո» ֆիլմում Աստծո դերի համար |
2003 | «Մարտական ընկերակցության համար» մեդալ | |
2003 | «Վաստակի համար» (ԱՀԾ) | |
Հակահետախուզության վետերանների հասարակական կազմակերպության «Վետկոն» ոսկե նշան | ||
2009 (հետմահու) | ՌՖ ՊԱԿ-ի մրցանակ | Հայրենական կինեմատոգրաֆիայում անվտանգության համակարգի աշխատակցի լավագույն դերի համար |
հետմահու | Վյաչեսլավ Տիխոնովի անունով նավ է անվանակոչվել |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.