![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Bronchitis.jpg/640px-Bronchitis.jpg&w=640&q=50)
Սուր բրոնխիտ
From Wikipedia, the free encyclopedia
Սուր բրոնխիտ, արագ զարգացող ընթացքով բրոնխների բորբոքային հիվանդություն, որը հիմնականում ախտահարում է խոշոր և միջին տրամաչափի բրոնխները[1][2]։ Ամենահաճախակի հանդիպող ախտանիշը խորխարտադրությամբ ուղեկցվող հազն է[2]։ Մյուս ախտանիշներից հանդիպում են՝ հևոց, տենդ և անհարմարություն կրծքավանդակում[1]։ Հիվանդությունը կարող է տևել մինչև վեց շաբաթ[1]։ Ախտանշաները տևում են մոտավորապես երեք շաբաթ, որոշները մինչև վեց, իսկ հազը կարող է տևել ավելի երկար[1][2]։
Սուր բրոնխիտ | |
---|---|
![]() A-ով ցույց է տրված թոքերի և բրոնխների տեղակայումը, B-ով առողջ բրոնխի խոշորացված պատկերն է, С-ով բրոնխի խոշորացված պատկերն է բրոնխիտի ժամանակ։ | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | խորխարտադրությամբ ուղեկցվող հազ,սուլող շնչառություն,շնչառության տևողության կարճացում, տենդ, կրծքավանդակում անհարմարության զգացում։ |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 466 |
ՀՄԴ-10 | J20 և J21 |
Բուժում | պարացետամոլ, ՈՍՀԲԴ |
![]() |
Մոտավորապես 90% դեպքերում հիվանդության պատճառը վիրուսային վարակն է[2]։ Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ շփման արդյունքում[1]։ Ռիսկի գործոններից են ծխախոտի ծուխը, փոշին և աղտոտված օդը[1]։ Որոշ դեպքերում պատճառ կարող են հանդիսանալ կապույտ հազի և միկոպլազմային թոքաբորբի հարուցիչները[2][3]։ Ախտորոշումը հիմնված է հիվանդի ունեցած գանգատների ու ախտանշանների վրա։ Խորխի գույնով չենք կարող ախտորոշել հիվանդության վիրուսային կամ բակտերիալ ծագումը[2]։ Կարիք չկա որոշել հիվանդության հիմքում ընկած հարուցիչը, քանի որ դա ազդեցություն չի թողնում բուժման ընթացքի վրա[2]։ Նույն ախտանշանները հանդիպում են նաև բրոնխային ասթմայի, թոքաբորբի, բրոնխոէկտազի, բրոնխիոլիտի և ԹՔՕՀ-ի ժամանակ[2][4]։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ նշված հիվանդություններից կարող ենք տարբերակել միայն թոքաբորբը[2]։
Կանխարգելման նպատակով պետք է հրաժարվել ծխելուց և խուսափել բրոնխները գրգռող ցանկացած գործոնից[5]։ Ձեռքերի հաճախակի լվանալը և գրիպի վիրուսի դեմ պատվաստումները նույնպես ունեն կանխարգելիչ ազդեցություն[5][6]։ Սուր բրոնխիտի բուժման հիմնական դեղամիջոցներն են պարացետամոլը (ացետամինոֆեն) և ՈՍՀԲԴ՝ որպես ջերմիջեցնողներ[7][8]։ Կարևորվում է նաև հանգիստը։ Հակահազային դեղամիջոցները արդյունավետ են, բայց խորհուրդ չի տրվում կիրառել մինչև վեց տարեկան երեխաների դեպքում[2][9]։ Սալբուտամոլը արդյունավետ չի այն դեպքում, երբ առկա է սուր հազ, որը չի ուղեկցվում բրոնխի լուսանցքի նեղացմամբ[10]։ Շատ քիչ դեպքերում այն կարող է արդյունավետ լինել բրոնխների նեղացումով պայմանավորված հևոցի ժամանակ, բայց որպես կողմնակի էֆեկտ կարող է առաջացնել նյարդային վիճակ, ձեռքերի դող և ցնցումներ[2][10]։ Հակաբիոտիկներ հիմնականում չեն օգտագործվում, բացառությամբ այն դեպքի, երբ սուր բրոնխիտը կապույտ հազի դրսևորում է[2][11]։ Ապացուցված է, որ բուժիչ ազդեցություն ունեն նաև մեղրը և պելարգոնիումը[2]։
Սուր բրոնխիտը ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է[7][12]։ Մեծահասակների առնվազն 5%-ի և երեխաների 6%-ի մոտ տարին առնվազն մեկ անգամ լինում է հիվանդության դրսևորում[4][13]։ Այն ավելի հաճախ հանդիպում է ձմռան ամիսներին։ Ամեն տարի ավելի քան 10 միլիոն մարդ ԱՄՆ-ում այցելում է բժշկի սուր բրոնխիտի գանգատներով, որոնցից 70%-ը չհիմնավորված հակաբիոտիկների կիրառումից հետո միայն[7]։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նվազեցնել հակաբիոտիկների չհիմնավորված կիրառումը սուր բրոնխիտի ժամանակ[12]։