Սալբուտամոլ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Սալբուտամոլ, հայտնի է նաև ալբուտերոլ և վաճառքային Վենտոլին անվանումներով[1], դեղանյութ, որը թոքերում բացում է միջին և խոշոր շնչուղիները[2]։ Օգտագործվում է բրոնխային ասթմայի, այդ թվում նաև ասթմային նոպայի, ֆիզիկական լարվածությամբ պայմանավորված բրոնխոսպազմների (բրոնխոնեղացումների) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) բուժման համար[2]։ Այն կարելի է կիրառել նաև հիպերկալիեմիայի (արյան մեջ կալիումի բարձր մակարդակ) բուժման մեջ[3]։ Սալբուտամոլը սովորաբար օգտագործվում է ինհալիատորով կամ ցողացրով (նեբուլայզեր), բայց հասանելի են նաև հաբերի և ներերակային լուծույթների տեսքով[2][4]։ Ինհալիատորային միջոցների ազդցությունը սովորաբար սկսվում է դեղանյութի ընդունումից 15 րոպե անց և տևում է 2-6 ժամ[2]։
Սալբուտամոլ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
EINECS համար | 242-424-0 |
ЕС | 242-424-0 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներն են՝ դող, գլխացավ, հաճախասրտություն, գլխապտույտ և տագնապի զգացում[2]։ Վտանգավոր կողմնակի երևույթներից կարող են լինել բրոնխոսպազմի խորացումը, անկանոն սրտային կծկումները, հիպոկալիեմիան (արյան մեջ կալիումի ցածր մակարդակ)[2]։ Սալբուտամոլը թույլատրվում է օգտագործել հղիության ընթացքում և կրծքով կերակրման ժամանակ, սակայն անվտանգությունն ամբողջովին պարզ չէ[2][5]։ Հանդիսանում է կարճատև ազդեցության β2-ադրենալինային ընկալիչների համակորդ (ագոնիստ) և իր ազդեցությունը թողնում է շնչուղիների հարթ մկանները թուլացնելու շնորհիվ[2]։
Սալբուտամոլն առաջին անգամ ստեղծվել է Մեծ Բրիտանիայում 1967 թվականին և այնտեղ վաճառքի համար հասանելի է դարձել 1969 թվականին[6]։ ԱՄՆ-ում բժշկական օգտագործման համար հաստատվել է 1982 թվականին[2]։ Այն ընդգրկված է ԱՀԿ-ի (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն) հիմնական դեղանյութերի ցանկում (World Health Organization's List of Essential Medicines), և բժշկության մեջ անհրաժեշտ ամենաարդյունավետ ու անվտանգ դեղամիջոցներից է[7]։ Հասանելի է որպես գեներիկ դեղորայք[2]։
2014 թվականի տվյալների համաձայն, զարգացող երկրներում 200 դեղաչափով ինհալիացիոն դեղաձևի արժեքը կազմում է 1.12-2.64 ամերիկյան դոլար[8]։ ԱՄՆ-ում բուժման մեկամսյա կուրսի համար անհրաժեշտ է 25-50 ամերիկյան դոլար[9]։