Սյունիքի մարզ
մարզ Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Սյունիքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի ծայր հարավում։ Հյուսիսում սահմանակից է Վայոց ձորի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգին, արևմուտքից՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի ԻՀ-ին, իսկ արևելքից՝ Արցախի Հանրապետությանը[1]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Այս հոդվածը Հայաստանի Սյունիքի մարզի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սյունիք (այլ կիրառումներ)։
Ձախից՝ աջ Խուստուփ լեռնագագաթ • Վահանավանքը Կապանում • Տաթևի վանք • Գորիսի քարանձավներ և բրգաձն ժայռեր • Շաքիի ջրվեժ • Ծաղկարի լիճ • Տոլորսի ջրամբար • Քարահունջ | |
Երկիր | Հայաստան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Հայաստան |
Ներառում է | 8 համայնքներ
|
Վարչկենտրոն | Կապան |
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն |
Ամենաբարձր կետ | Կապուտջուղ (3904 մետր) |
Մարզպետ | Ռոբերտ Ղուկասյան |
ՀՆԱ (2017) | 335 238 (4-րդ տեղ) |
Հիմնական լեզու | հայերեն |
Բնակչություն (2023) | 134,600 (4.6 %, 8-րդ տեղ) |
Տարածք | 4,506 կմ² (15.2 %, 2-րդ տեղ) |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | Կապուտջուղ, 3,904 մ Մեղրու կիրճ, 380 մ |
Պատմական շրջան(ներ) | Մեծ Հայքի Սյունյաց նահանգ |
Սահմանակցում է | |
ISO 3166-2 կոդ | AM-SU |
Փոստային ինդեքսներ | 3201–3519 |
syunik.mtaes.am | |
Սյունիքի մարզը զբաղեցնում է Զանգեզուր բնաշխարհի տարածքը, որը ներառում է Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների ավազանը և Զանգեզուրի՝ Մեծ Կովկասից հետո Հարավային Կովկասում ամենաբարձր լեռնաշղթայի, արևելյան լանջերը։ Մարզի ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3 906 մետր), իսկ ամենացածր վայրը՝ Մեղրիի կիրճը (380 մետր)։
Սյունիքն ունի հազարամյակների պատմություն։ Սյունիք կամ Սիսական անվանումով հայտնի այս երկրամասը Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ի համաձայն Մեծ Հայքի 9-րդ նահանգն է, որը գտնվել է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում։ Միջնադարում Սյունիքն ունեցել է 1008 գյուղ, 43 բերդ, 48 վանք։ Ստեփանոս Օրբելյան պատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնյա են դարձել սյունեցիները և Սյունիքում քրիստոնեության տարածումը կապված է Բարդուղիմեոս առաքյալի հետ։ 10-րդ դարում Սյունիների տոհմից գահերեց իշխան Սմբատի թագադրմամբ հիմնադրվում է Սյունյաց անկախ թագավորությունը։ Հետագայում երկրամասում իրենց իշխանությունն են հաստատում հայ նախարարական տները՝ Օրբելյաններն ու Պռոշյանները։ 1720-1730-ական թվականներին Սյունիքը եղել է Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի առաջնորդած հայ ազգային-ազատագրական պայքարի օրրանը։ 1918-1920 թվականներին Սյունիք-Զանգեզուրը եղել է «կռվախնձոր» Հայաստանի և Մուսավաթական Ադրբեջանի միջև։ Ռուս-թուրքական ագրեսիայի հետևանքով անկում ապրած հանրապետական Հայաստանի պայմաններում՝ 1921 թվականին, Տաթևի վանքում Գարեգին Նժդեհն իր համախոհների հետ հռչակում է Սյունիքի անկախությունը՝ Լեռնահայաստանի հանրապետություն անվանումով։ Այդ պայքարի արդյունքում Սյունիքը ներառվում է Հայկական ԽՍՀ-ի կազմում և բաժանվում չորս շրջանների՝ Գորիսի, Սիսիանի, Ղափանի և Մեղրիի։ Ներկայիս Սյունիքի մարզը ձևավորվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ի վարչատարածքային բաժանման արդյունքում՝ Կապան մարզկենտրոնով։
Կապան քաղաքը համարվում է բնակչության թվաքանակով Հայաստանի վեցերորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 45,711 բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են Գորիսը, Սիսիանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը։ Ըստ 2023 թվականի տվյալների՝ Սյունիքի բնակչությունը կազմում է 134,600 մարդ։
Սյունիքը Հայաստանի ամենաարդյունաբերականացված մարզերից մեկն է (22.2 %)։ Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է, քանի որ մարզը հարուստ է օգտակար հանածոներով։ Սյունիքի մարզում է գրանցված Հայաստանի երկրորդ ամենամեծ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Սյունիքում են գտնվում համապետական զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող մի շարք պատմամշակութային կոթողներ և բնական հուշարձաններ։ Դրանց թվում նշանավորվում են Տաթևի միջնադարյան վանական համալիրը, «Զորաց քարեր» (Քարահունջ) մեգալիթյան կառույցը, Գորիսի հին քաղաքի մաս կազմող քարանձավերն ու բրգաձև ժայռերը, Կապանի խորհրդանիշ Խուստուփ լեռը, ինչպես նաև Սիսիանի շրջակայքում գտնվող Շաքիի ջրվեժը, որը Փոքր Կովկասի լեռների ամենախոշոր ջրվեժն է՝ մինչև 18 մետր բարձրությամբ։
Սյունիքի մարզում է գտնվում «Տաթևի թևեր» ճոպանուղին, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի։ Այն կապում է Հալիձորը և Տաթևի վանքը։