From Wikipedia, the free encyclopedia
Մխիթար Սպարապետ, Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար, ծնվել է XVII դարի վերջին Գանձակում։ Մահացել է 1730 թվականին, Խնձորեսկ գյուղում (Հայաստանի Սյունիքի մարզ)։
Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է XVII դարի վերջին՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր՝ նա միանում է Դավիթ Բեկին։
XVIII դարի 20-ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Այսպես՝ եթե Արցախում բնակչությունը հայկական էր, ապա Սյունիքում մեծ թիվ էր կազմում իսլամադավան բնակչությունը։ Ի տարբերություն Սյունիքի, Արցախն ուներ 40-հազարանոց բանակ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է վրաց Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին է ներկայացնում Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերին։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։
Մխիթար Սպարապետի առաջին հաղթանակը Քյուրթլար կոչվող տարածքում էր։ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի հաղթանակները մեծ ոգևորություն առաջացրեցին Սյունիքում։ Այդ ընթացքում Սպարապետն ու Տեր-Ավետիսը գրավում են Զեյվա բերդը։ Շուտով Արցախից Ավան յուզբաշու և Իվան Կարապետի գլխավորությամբ 2000 մարտիկներ անցնում են Սյունիք։ Հայկական զինված ուժերը Սյունիքում տիրում են մի շարք ամրությունների, ինչպիսիք էին Որոտանի և Զեյվայի ամրոցները։ Ամրացված էին նաև Շինուհայրն ու Տաթևը, Խնձորեսկը, ինչպես նաև կառուցվել էր Հալիձորի բերդը[2]։ Այդ ընթացքում բախումներ էին տեղի ունենում Դավիթ Բեկի և Բարգուշատի Ֆաթալի խանի զորքերի միջև, որոնք ավարտվեցին հայկական ուժերի հաղթանակով։ Սակայն շուտով Ֆաթալի խանը նորից մեծ զորքով հարձակման անցնելով հասնում է հայկական Խոտան գյուղը։ Այնտեղ նրանց դեմ դուրս է գալիս Մխիթար Սպարապետը, կոտորում նրանց, սակայն չի հետապնդում, քանզի գժտված էր Դավիթ Բեկի հետ։ Գժտության պատճառը հայտնի չէ։ Այս հաղթանակներից հետո Սյունիքի ազատամարտիկները ստիպված եղան բախվել թուրքերի հետ։ Իրենց անգթությամբ աչքի ընկած թուրքերը իրենց արշավանքների ժամանակ նոր փորձությունների ենթարկեցին հայերին՝ կոտորելով նրանց։ Թուրքերը շրջապատել էին Սյունիքը չորս կողմից։ Այդ ընթացքում Դավիթ Բեկի շուրջը գտնվող մարդկանցից շատերը, խուճապի մատնվելով, գերադասեցին անցնել թուրքերի կողմը։ Դավիթ Բեկը իր կողմնակիցներով հաստատվեց Հալիձորի անառիկ բերդում։ Դավիթ Բեկը շարունակեց բերդի ամրացման, պահեստների կառուցման և զորքի ստվարացման աշխատանքները։ Դավիթ Բեկն իր մի քանի զինակիցներին ուղարկում է փակել գետի բոլոր անցումները, սակայն թուրքերին հաջողվում է անցնել գետը և պաշարել բերդը։ Բերդին մոտենալուց հետո թուրքերը պատնեշներ կանգնեցրեցին և թնդանոթներից, հրացաններից սկսեցին կրակ բացել։ Հայերը բերդից նույնպես սկսեցին արձագանքել։ Վեց օր պայքարի շարունակումից հետո միայն յոթերորդ օրը թուրքերը մոտեցավ պարսպին։ Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի որոշմամբ հայկական ուժերը զինված դուրս եկան բերդից և սրընթաց հարձակում գործեցին թուրքերի վրա։
Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը - Մխիթարի Սպարապետի ու Տեր-Ավետիսի կոչը հայ զինվորներին |
[3] Հայկական կողմը հարձակվում է աջ գնդի վրա։ Թուրքերը տեսնելով հայերի հարձակումը խուճապի են մատնվում և ետ նահանջում։ Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորությամբ հաջորդ հաղթանակը Մեղրիի ճակատամարտն էր, որտեղ հայերը հաղթանակ տարան։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայերի մեջ։ Հայերի ձեռքն է անցնում մեծ թվով ավար։ Դրանից հետո թուրքական 800 հոգանոց մի բանակ Բարգուշատից շարժվեց դեպի Տաթև։ Հայերը նորից գիշերային հարձակմամբ կոտորեցին 36 ու գերի վերցրեցին 7 թուրքի։ Անհաջողությամբ ավարտվեց նաև թուրքական երրորդ հարձակումը։ Ճիշտ գնահատելով իրավիճակը Դավիթ Բեկը դիմեց պարսից շահին՝ բարեկամության ատաջարկով։ Սա դիվանագիտական ճկուն քայլ էր, քանզի այդ ժամանակ Թահմազը ևս պատերազմում էր թուրքերի դեմ։ Թահմազը ճանաչեց Սյունքի անակախությունը, այսինքն՝ ինքնավարությունը։ Դավիթ Բեկն իրավունք է ստանում նաև դրամ հատել, որի մի երեսին գրված էր Թահմազի անունը, մյուս երեսին՝ «Քրիստոսի ծառայ Դաւիթ»։ Արաքսի ամբողջ հովիտը թուրքերից ազատագրելու նպատակով Դավիթ Բեկը գնաց Մեղրի, իսկ Մխիթար սպարապետին և Տեր Ավետիսին ուղարկեց Օրդուբադ։ Վերջիններս այդտեղ կոտորեցին մոտ 300 թուրքի։ Այդ ժամանակ Օրդուբադ է հասնում նաև Դավիթ Բեկը։ Թուրքերը սկզբից իմանալով, թե պարսկական բանակ է գալիս, պատրաստվում են պատերազմի, սակայն տեսնելով Դավիթ Բեկին՝ դիմում են փախուստի։ Մխիթար Սպարապետն ու Տեր-Ավետիսը հետապնդելով թշնամուն՝ գրավում են Ագուլիս քաղաքը։
Դավիթ Բեկի մահից հետո զորականներն իրենց առաջնորդ կարգեցին Մխիթար Սպարապետին։ Ռազմական արվեստին տիրապետելու տեսանկյունից Մխիթար Սպարապետը չէր զիջում Դավիթ Բեկին։ Դավիթ Բեկի մահից հետո առաջացան գժտություններ Մխիթար Սպարապետի և զորականների միջև, մասնավորապես Տեր-Ավետիսի հետ։ Տեր-Ավետիսը ցանկանում էր տեր դառնալ Դավիթ Բեկի ժառանգությանը։ Գժտությունների առիթ էր տալիս նաև այն հանգամանքը, որ Մխիթար Սպարապետը տեղացի չէր, այլ գանձակեցի։ Թուրքերը Արցախում հաջողությունների հասնելուց հետո իրենց ուժերը ուղղեցին դեպի Սյունիք։ Միաժամանակ թուրքերի համար առաջացան այլ նպաստավոր պայմաններ. մահացել էր Դավիթ Բեկը, գժտություններ էր առաջացել հայ զորականների շրջանում, քանզի Տեր-Ավետիսն այժմ ոչ թե Մխիթար Սպարապետի կողքին էր, այլ նրա դեմ։ Եվ ահա թուրքերը Սյունիքի ազատագրական ուժերի դեմ անցան լայնամասշտաբ հարձակման։ Նրանք պաշարում են Հալիձորը։ Տեր-Ավետիսը երկու այլ զորականների հետ գնում է թուրքական փաշայի մոտ։ Վերջինս խոստանում է, որ անձնատուր լինելու դեպքում բերդին որևէ վտանգ չի սպառնա։ Թուրք փաշան իր մոտ է պահում Տեր-Ավետիսին, իսկ փաշային խոստանում են վաղն առավոտյան բաց անել բերդի դարպասները։ Մխիթար Սպարապետը տեսնելով Տեր-Ավետիսի դավաճանական քայլը, իր ընտանիքի հետ հեռանում է բերդից։ Առավոտյան թուրքերը մտնում են բերդ։ Թուրքերը մոռանում են իրենց խոստումներն ու սկսում են իրականացնել հայերի սպանդը։ Թուրքերը կոտորեցին բոլոր տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին գերի վերցրեցին։ Թշնամին մտնում է նաև կուսանոցն ու գերի տանում բոլոր կույսերին։ Հարկ է նշել, որ մինչև զենքն իր ձեռքը վերցնելը Տեր-Ավետիսը օծված է եղել որպես քահանա և Հալիձորի դեպքից հետո նա կրկին վերադառնում է դեպի կրոն։ Թողնելով Սյունիքը, որտեղ գործել էր բազմաթիվ քաջագործություններ, իսկ վերջում դավաճանել, հաստատվում է Գաղատիայում՝ Երուսաղեմում։ Երուսաղեմում բազմաթիվ ապաշխարություններից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամի համաձայնությամբ ներում է ստանում Երուսաղեմի հայոց պատրիարքից։ Հակառակ Տեր-Ավետիսի՝ Մխիթար Սպարապետը հավատարիմ է մնում Դավիթ Բեկի սկսած գործին՝ շարունակել պայքարը թշնամու դեմ։ Մխիթար Սպարապետը նորից սկսում է զորք հավաքել։ Տարբեր տեղերում կարողացավ կոտորել նաև թշնամուն՝ վրեժ լուծելով նրանցից։ Հասավ մինչև Օրդուբադ, այդտեղից վերադարձավ մեծ ավարով՝ ավելի քան հարյուր վաթսուն ուղտաբեռ։ Օրդուբադից հետո Մխիթար Սպարապետը գնում է Խնձորեսկի բերդում միառժամանակ հանգիստ առնելու։ Սակայն մի խումբ հայերի կողմից թշնամանք առաջացավ Մխիթար Սպարապետի դեմ, քանզի նրանք երկյուղ ունեին, որ իրենք էլ կարժանանան հալիձորցիների ճակատագրին՝ մոռանալով, որ Մխիթար Սպարապետը պայքարում էր հենց նրանց օտարների տիրապետությունից ազատելու համար։ Ընտրելով հարմար պահ մի խումբ դավաճանների կողմից կտրում է Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի գլուխը տարվում է Թավրիզի փաշայի մոտ, վերջինս զարմանում է և ասում․
«Ո՛վ անօրեններ ու ամբարիշտներ, ինչպե՞ս համարձակվեցիք բոլորովին անտեղի սպանել ձեր տիրոջը և այդպիսի քաջ մարդուն» |
Փաշայի հրամանով գլխատում են բոլոր նրանց ովքեր տարել էին Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի սպանությունից հետո զորքերը ցրվեցին, զորականներից շատերն ապաստան ստացան գուգարաց իշխանի մոտ, մյուսները՝ տարբեր վայրերում։ Մխիթար Սպարապետը անգլուխ մարմինը թաղվեց այսօրվա Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Անապատ եկեղեցու բակում։ Սպարապետի տապանաքարի վրա գրված է այս գրությունը՝
Մխիթար սպարապետին է նվիրված Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, որի սցենարով Է.Գ. Քեոսայանը նկարահանել Է «Հուսո աստղ» կինոնկարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.