From Wikipedia, the free encyclopedia
Չավ (անգլ.՝ chav, /ˈtʃæv/), Մեծ Բրիտանիայում երիտասարդների որոշակի խմբի նվաստացուցիչ մականուն։ Յորքշիրում և Հյուսիսարևելյան Անգլիայում օգտագործվում է նաև charver տարբերակը[1]։ «Չավ» բառն ամենից հաճախ վերաբերում է բանվոր դասակարգի ընտանիքներից սերած սպիտակամորթ դեռահասներին, որոնք աչքի են ընկնում հակասոցիալական, ագրեսիվ պահվածքով և հաճախ պատասխանատվության են ենթարկվում հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործելու, թմրամիջոցների հետ կապված խախտումների, ծեծկռտուքի և անչափահասների հանցագործության այլ ձևերի համար[2]։ Անգլերեն chavette-ը իգական սեռի չավն է, անգլ.՝ chavish-ը և անգլ.՝ chavtastic-ը՝ չավին հարմար կամ նրա համար նախատեսվածը[3]։
«Չավ» բառը հավանաբար ծագել է գնչուերեն «chavi» բառից, որը նշանակում է «երեխա»[4] (հնարավոր է նաև՝ «chavo» - «տղա»[5] կամ «chavvy» - «երիտասարդ»[6])[7]։ Այս բառը անգլերեն կարող էր մուտք գործել «charva» բարբառային բառի միջոցով, որն օգտագործվում է վատ դաստիարակված, անհնազանդ երեխային նկարագրելու համար[8]։ Կա նաև իսպաներեն խոսակցական «chaval» բառը, որը նշանակում է «երեխա» կամ «տղա»[5][9]։
Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը նշում է, որ «չավ» բառին «առավել հաճախ վերագրվում է Չաթեմից ծագած լինելը»[5], իսկ Մայքլ Քուինիոնը (անգլ.՝ Michael Quinion) հետևյալ կարծիքին է. «Այդտեղ այդ բառը գիտեն ամենից լավ, և հավանաբար այնտեղից էլ ծագել է»[7]։
«Չավ» բառի ստուգաբանությունը դարձել է բազմաթիվ քաղաքային լեգենդների հիմք։ Այդպիսիք են «Council Housed And Violent»-ը (մոտավորապես կարելի է թարգմանել «քաղաքային կացարանի բռնի բնակիչ», council house տերմինով անվանում են այն բնակելի շենքը, որը պատկանում է քաղաքային խորհրդին) կամ «Council House Associated Vermin» («քաղաքային կացարանի մակաբույծ»)[1]։ Քաղաքային լեգենդների կատեգորիան ներառում է նաև ենթադրություն Չելթնհեմի արական և իգական քոլեջների սովորողների մասին, որոնք քաղաքի երիտասարդներին անվանել են «չավ» բառով (որպես Cheltenham Average-ի հապավում, անգլերեն՝ սովորական չելթնմենցի)[10]։ Մայքլ Քուինիոնը նախազգուշացնում է, որ «նման հապավումների վարկածներին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ, քանի որ, դրանք թեև տարածված են, բայց ակնհայտ փորձ են «հետին թվով» բացատրելու բառի ծագումը»[7]։
Մոտավորապես 2005 թվականին, ԶԼՄ-ներում հիշատակումների շնորհիվ, «չավ» բառը տարածվել էր ամբողջ Մեծ Բրիտանիայում։
BBC-ի «British Style Genius» վավերագրական ֆիլմը պնդում է, որ «չավերի» ենթամշակույթը անցյալի երիտասարդական ենթամշակույթների էվոլյուցիայի արդյունք է։ Դրանք այն ենթամշակույթներն են, որոնք կապված են եղել բանվորական ծագման և հագնվելու ոճերի հետ, օրինակ՝ մոդերը, սքինհեդները և casual-ները[11]։
Կարծրատիպի լայն տարածումն առաջացրել է որոշակի քննադատություն[12]։ Կարծիք կա[13], որ դրա օգտագործումը սնոբիզմ է և էլիտիզմ[14]։ Քննադատները «չավ» կարծրատիպն օգտագործողներին անվանել են «նեոսնոբներ»[15], իսկ դրա ժողովրդականությունը՝ բրիտանական ժամանակակից հասարակության մեջ սոցիալական շարժունության մասին մտահոգվելու պատճառ[2]։
2005 թվականի փետրվարին «Թայմսը» հրապարակել է Ջուլյա Բըրչիլի հոդվածը, որտեղ հեղինակը պնդում էր, որ «չավ» բառի օգտագործումը «սոցիալական ռասիզմի» ձև է, իսկ հասարակության որոշ անդամներին «ծաղրելու» նման փորձերը ավելի շատ խոսում են «չավերին ատողների» թերությունների, քան նրանց ատելության առարկայի մասին[16]։ Գրող Ջորջ Հարիսը նույնպիսի կարծիք է հայտնել The Guardian-ի իր հոդվածում (2007)[17]։
Չավերի ենթամշակույթի հետ է նույնացվում «Բարբերիի» (անգլ.՝ Burberry) արտադրած հագուստը։ «Բարբերիի» արտադրանքի օգտագործումը չավերի կողմից «պրոլետարական տեղաշարժի» օրինակ է․ դա երևույթ է, երբ շուկայի «վերին» հատվածի համար նախատեսված արտադրանքը սկսում է զանգվածաբար սպառվել ավելի ցածր սոցիալական խմբի կողմից։ «Բարբերիի» ներկայացուցիչները կարծում են, որ իրենց արտադրանքի նույնացումը չավերի հետ կեղծ ապրանքների տարածվածության հետևանք է։ «Բարբերիի» գլխավոր գործադիր տնօրեն Սթեյսի Քարթրայթն ասել է. «Մեծ մասամբ խոսքը կեղծ ապրանքների մասին է, և, բացի այդ, մեր ապրանքների վաճառքը Միացյալ Թագավորությունում 10%-ից պակաս է»[18]։
«Բարբերին» որոշակի միջոցներ է ձեռնարկել չավերի կարծրատիպից հեռու մնալու համար։ 2004 թվականին դադարեցվել է բեյսբոլի ֆիրմային գլխարկի արտադրությունը։ Բացի այդ, ընկերությունը կրճատել է վանդակավոր կտորների և թարթանի օգտագործումը. այժմ այդ նախշերը հանդիպում են միայն աստառի կամ հագուստի այլ աննկատ տարրերի ձևավորման մեջ[19][20]։ Իրավական միջոցներ են ձեռնարկվել բրենդային իրավունքի ամենաակնառու խախտումների դեմ։ 2006 թվականի օգոստոսին ավտոմոբիլային ընկերությունը, որը ափամերձ Բրայթոն էր ներմուծում «տուկ-տուկ» սկուտերները, իր արտադրանքներից մեկն անվանել էր «Չավրոլե» (անգլ.՝ Chavrolet)։ Մեքենայի գունավորման մեջ օգտագործված էր թարթանի բնորոշ նախշը։ Վաճառքը ստիպված դադարեցվել է, երբ «Բարբերին» սպառնացել է դատական գործ հարուցել հեղինակային իրավունքը խախտելու համար[21]։
ASDA սուպերմարկետների ցանցը փորձել է «չավ» բառը գրանցել որպես հրուշակեղենի նոր շարքի ապրանքային նշան։ Ընկերության մամուլի քարտուղարն ասել է. «Այն կարգախոսները, որոնք ծագում են հեռուստատեսային շոուների, օրինակ՝ «Փոքր Բրիտանիայի», «Քեթրին Թեյթի շուի» կերպարներից, մեզ մշտապես սնում են ավելի ժամանակակից սլենգով։ Մեր Whatever կոնֆետները, որոնք այժմ անվանում են «չավերի սրտեր» (անգլ.՝ chav hearts), այդ ֆոնին շատ տարածված են դարձել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Մենք որոշել ենք, որ այս կոնֆետները որպես ապրանքանիշ գրանցելը հարգանքի տուրքի նման մի բան կլինի»[22]։
Կարծրատիպի ի հայտ գալն առաջացրել է տարբեր արձագանքներ՝ հիացմունքից մինչև քննադատություն՝ որպես դասականության դրսևորում[14]։
2004 թվականին «չավ» բառն օգտագործվում էր ինչպես բրիտանական թերթերում, այնպես էլ խոսակցականում։ Սյուզի Դենթի Larpers and Shroomers: The Language Report աշխատությունում, որը հրատարակել է Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը, այն անվանվել է «տարվա բառ»[23][24]։ 2005 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն 2004 թվականի դեկտեմբերին «չավ» բառը թերթերի հոդվածներում հայտնվել է 114 անգամ։ Այս հանրաճանաչությունը հանգեցրել է չավերի ապրելակերպը նկարագրելուն և ծաղրելուն նվիրված համացանցային կայքերի ստեղծմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.