From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Պլատոնովիչ Պատրուշև (ռուս.՝ Никола́й Плато́нович Па́трушев, հուլիսի 11, 1951, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն (1999-2008 թվականներին), 2008 թվականի մայիսի 12-ից` Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բանակի գեներալ (2001 թվականից), Ռուսաստանի Դաշնության հերոս (2000)[2]։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիարժեք ասպետ։
Նիկոլայ Պատրուշև | |
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա |
---|---|
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | ճարտարագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 11, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զավակներ | Դմիտրի Պատրուշև |
Պարգևներ | |
Վոլեյբոլի Համառուսաստանյան ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նախագահ։ Վոլեյբոլի Համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ (2004-2009 թվականներին)։
Նրա որդին ՝ Դմիտրի Պատրուշևը, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարն է 2018 թվականից[3][4]։
Ծնվել է զինվորական նավաստու ընտանիքում[5]։
Հայրը, Պլատոն Պատրուշևը, գյուղացու ընտանիքից (1918-1995) էր, ծառայող։ Նավատորմի անդամ է եղել 1938 թվականից։ 1939 թվականի նոյեմբերից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից. Բալթիկ նավատորմի «Սպառնացող» էսկադրային ականակրի անձնակազմի անդամ, անձնակազմի պարտորգ և «Գործուն» էսկադրային ականակրի հրամանատարի տեղակալ՝ քաղաքական մասով։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար»[6], «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով[7], Կարմիր աստղի[8] և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի[9], Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով[10]։ 1-ին կարգի պահեստազորի կապիտան է։ Մայրը՝ Անտոնինա Նիկոլաևնան, կրթությամբ քիմիկոս է, Խորհրդա-Ֆիննական պատերազմի և Լենինգրադի շրջափակման ժամանակ բուժքույր է եղել, պատերազմից հետո աշխատել է շինարարական կազմակերպությունում։ Պապը՝ Իգնատի Պատրուշևը, Արխանգելսկի շրջանի Վիլեգոդսկի շրջանի Պոդոմո գյուղից էր, որտեղ և թաղված է։
Սովորել է թիվ 211 միջնակարգ դպրոցում՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովի հետ[11][12]։ 1974 թվականին ավարտել է Լենինգրադի նավաշինարարական ինստիտուտի սարքաշինական ֆակուլտետը, որից հետո ինժեներ է աշխատել ինստիտուտի կոնստրուկտորական բյուրոյում[11][12][13]։ 1974-1975 թվականներին եղել է Մինսկում ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացների ունկնդիր։
1975 թվականից եղել է Լենինգրադի մարզի ՊԱԿ վարչության հակահետախուզական ստորաբաժանումում՝ կրտսեր օպերլիազոր, օպերլիազոր, քաղմասի պետ, շրջվարչակազմի պետի տեղակալ, մաքսանենգության և կոռուպցիայի դեմ պայքարի ծառայության պետ[11][12][14][15]։ Ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցին կից որակավորման մեկամյա դասընթացը։
1992 թվականի հունիսից մինչև 1994 թվականը եղել է Կարելիայի Հանրապետության անվտանգության նախարար, Ռուսաստանի Դաշնության հակահետախուզության դաշնային ծառայության Կարելիայի վարչության պետ[11][12]։ 1994-1998 թվականներին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սեփական անվտանգության վարչության պետ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կազմակերպական-կադրային աշխատանքի դեպարտամենտի կազմակերպչական-տեսուչական վարչության պետի տեղակալ[12][13][16]։
1998 թվականի մայիսի 31-ից եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի գլխավոր վերահսկողական վարչության պետ[11]։ 1998 թվականի օգոստոսի 11-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 6-ը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Գլխավոր վերահսկիչ վարչության պետ։ Գլխավոր վերահսկիչ վարչության պետի պաշտոնում փոխարինել Է Վլադիմիր Պուտինին, որը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
1998 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, տնտեսական անվտանգության դեպարտամենտի պետ (նախկին պաշտոնում ավելի մոտ էր Կրեմլին և ավելի լայն հնարավորություններ ուներ)[12][15]։
1999 թվականի հունվարի 29-ից արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է[13][17]։
1999 թվականի ապրիլի 16-ից Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալն է։ 1999 թվականի օգոստոսի 9-ից՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի պաշտոնակատար[18][19]։ 1999 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2008 թվականի մայիսի 12-ը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն։ 1999 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել Է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ (մինչև 2008 թվականի մայիս)[13][20]։ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի մայիս եղել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար[21]։
1999 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2001 թվականի ապրիլի 25-ը եղել է ՌԴ Նախագահին առընթեր՝ ՌԴ-ում քաղաքական ծայրահեղականությանը հակազդելու հանձնաժողովի անդամ։
1999 թվականի նոյեմբերի 15-ից` ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ[13][20]։
1999 թվականի նոյեմբերի 20-ից՝ Դաշնային հակաահաբեկչական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2001 թվականի հունվարից մինչև 2003 թվականի օգոստոսը՝ Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի տարածքում հակաահաբեկչական գործողությունների կառավարման օպերատիվ շտաբի ղեկավար։ 2003 թվականի օգոստոսի 28-ին Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողության ղեկավարման լիազորությունները պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովին[11][22]։
2001 թվականի մարտին նշանակվել է Ստավրոպոլի երկրամասում և Կարաչաևո-Չերկեսյան հանրապետությունում հասարակական անվտանգության ուժեղացման, բնակչության ահաբեկչությունից պաշտպանվելու և ահաբեկչական ակտերից տուժած քաղաքացիներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու օպերատիվ խմբի ղեկավար[23]։
2003 թվականի հոկտեմբերի 20-ին ընդգրկվել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր ծովային կոլեգիայի կազմում[11]։
2007 թվականի մարտին դարձել է օտարերկրյա պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի անդամ։
2007 թվականի սեպտեմբերի 26-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, բարձրագույն նվաճումների սպորտի, XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի XI ձմեռային Պարալիմպիկ խաղերի խորհրդի անդամ։
2008 թվականի մայիսի 12-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Այդ պաշտոնում վերանշանակվել Է Ռուսաստանի նախագահի 2018 թվականի հունիսի 22-ի հրամանագրով[24]։
Իրավաբանական գիտությունների դոկտոր[25] է։ Պարգևատրվել է ՌԴ կառավարության պատվոգրով (2001)։ Մարշալ Գ. Կ. Ժուկովի անվան ՌԴ պետական մրցանակի 2009 թվականի դափնեկիր է` կոլեկտիվի կազմում «Հյուսիսային Կովկասի տարածքում հակաահաբեկչական գործողությունների անցկացման գոտի գործուղվող Անվտանգության դաշնային ծառայության մարմինների աշխատակիցների հատուկ պատրաստման հիմունքները» ուսումնական ձեռնարկի մշակման համար, որը զգալի ներդրում է կատարում պետության պաշտպանունակության ամրապնդման գործում։
2007 թվականի հունվարի 7-ին Արթուր Չիլինգարովի և մի շարք այլ անձանց հետ այցելել է Անտարկտիդա և Հարավային բևեռ՝ ուղղաթիռներով[26]։ Վոլեյբոլի Համառուսաստանյան ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նախագահն է։
Հայտնի է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն եղած ժամանակ, քարոզում էր Ռուսաստանում նոր ազնվականության («նեոդվորյանների») ստեղծման գաղափարը[27][28]։
2006 թվականին քաղաքական մեկնաբանների կողմից նշվել է որպես նախագահի պաշտոնում Պուտինի հնարավոր հետնորդներից մեկը[29]։
2013 թվականին Նիկոլայ Պատրուշևը, որպես ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, նշանակվել է Կարելիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակի տոնակատարության նախապատրաստման պետական հանձնաժողովի ղեկավար, որը նախատեսվում է նշել 2020 թվականին[30]։
2016 թվականի հունվարի 21-ին Մեծ Բրիտանիայի Բարձր դատարանի դատավոր Ռոբերտ Օուենը Ալեքսանդր Լիտվինենկոյի գործով հասարակական հետաքննության արդյունքների հայտարարման ընթացքում հայտարարել էր[31], որ դատարանը պարզել է, որ Լիտվինենկոն սպանվել է պաշտպանության պետական վարչության նախկին սպա Անդրեյ Լուգովի և նրա գործընկեր Դմիտրի Կովտունի կողմից[32]։ Օուենի եզրակացության համաձայն՝ սպանությունը «ամենայն հավանականությամբ հաստավել է» անձամբ ԱԴԾ ղեկավար Նիկոլայ Պատրուշևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից[33][34][35]։
2018 թվականի ապրիլի 6-ին ներառվել Է ԱՄՆ-ի պատժամիջոցների «Կրեմլյան ցուցակում»՝ Պուտինին մոտ կանգնած 17 պաշտոնյաների և 7 գործարարների թվում[36][37]։
Կինը՝ Ելենա Նիկոլաևնա Պատրուշևան (ծնված. 1955 թվականին)՝ աշխատել է որպես ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, եղել է Վնեշէկոնոմբանկի աշխատակից։ 1993 թվականին նա Բորիս Գրիզլովի և այլ համադասարանցիների և ամուսնու համածառայակիցների հետ դարձել է «Բորգ» ՍՊԸ-ի հիմնադիրը, որը մասնագիտացել է մետաղի ջարդոնի արտահանման մեջ[38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.