From Wikipedia, the free encyclopedia
Մոկշա (սանսկրիտ՝ मोक्ष), հայտնի է նաև որպես վիմոկշա, վիմուկտի, մուկտի[1], հինդուիզմի և հինդուիստական փիլիսոփայության եզրույթ, որը վերաբերում է ազատմանը, ազատագրմանը[2]։ Փրկության և վախճանաբանության իմաստով մոկշան նշանակում է ազատում սամսարայից՝ մահվան և վերածննդի շրջափուլից[3]։ Իմացաբանության և հոգեբանոության իմաստով մոկշան նշանակում է ազատում արհամարհանքից՝ ինքնաիրացում և ինքնակրթում[4][5][6]։
Հինդուիստական ավանդույթներում մոկշան կենտրոնական հայեցակարգ է[7] և ներառվում է մարդու կյանքի չորս ասպեկտների և նպատակների մեջ․ մյուս երեք նպատակներն են դհարման (առաքինի, պատշաճ, բարոյական կյանք), արտհա (նյութական բարգավաճում, եկամտի ապահովություն, կյանքի միջոցներ), կամա (հաճույք, զգայունություն, զգայական բավականություն)[8][9][10][11]։ Այս չորս նպատակները միասին հինդուիզմում անվանվում են Պուրուշարտհա[12][13]։
Մոկշայի հայեցակարգին կարելի է հանդիպել ջաինիզմում, բուդդայականության և հինդուիզմի մեջ։ Հնդկական կրոնի որոշ դպրոցներում մոկշան համարվում է համարժեք և օգտագործվում է միմյանց փոխարինելով այնպիսի եզրույթների հետ, ինչպիսիք են վիմոկշա, վիմուկտի, կաիվալյա, ապավարգա, մուկտի, նիհսրեյասա, նիրվանա։ Այնուամենայնիվ, մոկշա և նիրվանա հասկացությունները տարբերվում են և հինդուիզմի, բուդդայականության ու ջաինիզմի տարբեր դպրոցներում նշանակում են տարբեր վիճակներ[14]։ Նիրվանա եզրույթն ավելի տարածված է բուդդայականության մեջ[15], իսկ մոկշան՝ հինդուիզմում[16]։
Մոկշան ստացվում է սանսկրիտի मुच् արմատից, որը նշանակում է ազատ, բաց թողել, ազատ արձակել, ազատագրել։ Վեդաներում և վաղ շրջանի ուպանիշադներում կարելի է հանդիպել սանսկրիտի मुच्यते բառին, որը նշանակում է ազատ արձակվել, ազատվել, ինչպես օրինակ՝ ձին թամբից։
Մոկշայի սահմանումը և նշանակությունը տարբերվում է ըստ հնդկական կրոնների տարբեր դպրոցների[17]։ Մոկշան նշանակում է ազատություն, ազատագրում․ տարբերությունը կայանում է նրանում, թե ինչից և ինչպես է տեղի ունենում ազատագրումը[18]։ Մոկշան նաև հայեցակարգ է, որը նշանակում է ազատագրում վերածնունդներից կամ սամսարայից[3]։ Այս ազատագրմանը կարելի է հասնել, երբ անձը երկրի վրա է (ջիվանմուկտի) կամ վախճանաբանորեն (կարամամուկտի[3], վիդեհամուկտի)։ Որոշ հնդկական ավանդույթներ ընդգծում են ազատագրումը որպես աշխարհում կոնկրետ, բարոյական գործողություն։ Այս ազատագրումն իմացաբանական վերափոխություն է, որը թույլ է տալիս անձին տեսնել ճշմարտությունն ու իրականությունն արհամարհանքի մշուշի հետևում[19]։
Մոկշան չի սահմանվում պարզապես որպես տառապանքի բացակայություն և ազատում սամսարայի գերությունից․ հինդուիզմի բազմաթիվ դպրոցներ այն բացատրում են որպես պարիպուրնա-բրահմանուբհավա (նույնություն Բրահմանի հետ, մեկ գերագույն ինքնություն) վիճակի առկայություն՝ գիտելիքի, խաղաղության և երանության վիճակ[20][21][22]։
Մոկշան հայեցակարգ է, որն ասոցացվում է սամսարայի հետ (ծնունդ-վերածնունդ շրջափուլ)։ Բուդդայականության, ջայնիզմի և հինդուիզմի նոր դպրոցների կողմից սամսարան դիտվում էր որպես վերածնունդների կրկնվող գործընթացի գերություն։ Կրկնվող վերածննդի ու կյանքի այս գերությունը, որն ուղեկցվում է տանջանքներով, հիվանդություններով և ծերացմամբ, դիտվում էր որպես տառապանքի շրջափուլ։ Այս շրջափուլից ազատումը վերջ էր դնում նաև տառապանքին։ Այս ազատումն անվանվում էր մոկշա, նիրվանա, կաիվալյա, մուկտի, ինչպես նաև այլ անվանումներով[23]։
Վախճանաբանական գաղափարները զարգացում էին ապրում հինդուիզմի շրջանակներում[24]։ Վաղ շրջանի վեդայական գրականության մեջ երկինքն ու դժոխքը բավարարում էին փրկության նկատմամբ հետաքրքրասիրությունը։ Ժամանակի ընթացքում գիտնականները նկատեցին, որ մարդիկ տարբերվում են իրենց վարած առաքինի կամ մեղավոր կյանքի որակով և սկսեցին հարցադրել, թե ինչպես են տարբերությունները յուրաքանչյուր մարդու պունյայում (արժանիքներ, լավ արարքներ) կամ պապում (վատ գիծ, մեղք) ազդում նրանց հետմահու կյանքի վրա[25][26]։ Այս հարցն առաջնորդեց մահից հետո կյանքի հայեցակարգի ձևավորմանը, թե իր լավ արարքների կամ վատ գծերի համաչափությամբ որտեղ է հայտնվում մարդը մահվանից հետո՝ երկնքում, թե դժոխքում, այնուհետև վերադառնում է երկիր և վերածնվում, իսկ շրջափուլը կրկնվում է անորոշ անգամներ։ Վերածննդի գաղափարն ի վերջո հասունացավ սամսարայի գաղափարին կամ վերաբնակեցմանը, որտեղ կարմայի բալանսը որոշում է վերածննդի տարբերակը։ Սամսարայի գաղափարին զուգընթաց գիտնականները զարգացրեցին մոկշայի հայեցակարգը՝ որպես վիճակ, որն ազատում է սամսարայի շրջափուլից։ Հինդուիզմի այս հնագույն գրականության մեջ մոկշայով ազատագրման վախճանաբանական իմաստը բխում է ինքնաճանաչումից և գերագույն հոգու հետ նույնության գիտակցումից[26]։
Մոկշան իմացաբանական և հոգեբանական իմաստով գիտնականների կողմից բազմաթիվ բացատրություններ ունի։ Օրինակ՝ ըստ Դոյչեի՝ մոկշան տրանսցենդենտալ գիտակցություն է, գոյության, ինքնաիրացման, ազատության և «ողջ տիեզերքը որպես Ես զգալու» կատարյալ վիճակ[4]։
Հինդուիզմում մոկշան ենթադրում է խոչընդոտների հեռացում անարգել կյանքի հասնելու համար՝ թույլ տալով անձին զգալ իրեն իրական անձ բառի մաբողջ իմաստով[27]. հայեցակարգը ենթադրում է մարդու չօգտագործված ստեղծագործական պոտենցիալը, կարեկցությունը և ըմբռնումը, որոնք արգելափարկվել են և դադարել։ Մոկշան սամսարայի շրջափուլից ազատումից առավել է[27][28]։ Այն կարող է լինել կյանքի ընթացքում և մահվանից հետո։ Այս կյանքում մոկշան ներառում է հոգեբանական ազատում ադհյասայից (կյանքը պաշարող վախեր) և ավիդյայից (արհմարանք կամ ցանկացած բան, որն իրական գիտելիք չէ)[27]։
Հինդուիզմի բազմաթիվ դպրոցներում մոկշան հանդիսանում է կատարելության վիճակ։ Այս հայեցակարգը դհարմայից վեր բնական նպատակ էր։ Հնագույն գրականության մեջ այն համարվում էր հասանելի նույն միջոցներով, ինչ որ դհարման։ Ինքնակարգապահությունը ուղի է դեպի դհարմա, իսկ մոկշան ինքնակարգապահություն է, որն այնքանկատարյալ է, որ դառնում է անգիտակցական, երկրորդ բնություն։ Այդպիսով դհարման մոկշայի հասնելու միջոց է[29][30]։ Հինդուիզմի շատ դպրոցների կողմից դհարման և մոկշան հասկացվել են որպես կյանքի մեկ ճանապարհորդության երկու կետեր, ճանապարհորդություն, որի միջոցները կարգապահությունը և ինքնակրթումն են[31]։ Ժամանակի ընթացքում մոկշայի գաղափարները վիճարկվել են։
Մոկշայի հայեցակարգն ի հայտ է եկել շատ ավելի վաղ, քան դհարման։ Ավելի վաղ Ուպանիշադներում հանդիպող եզրույթը մուկյատն է, որը նշանակում է ազատված, ազատագրված։ Մոկշա եզրույթը հայտնվել է հետագա շրջանների Ուպանիշադներում՝ դառնալով կարևոր հայեցակարգ[30][34]։
Ուպանիշադների միջին ժամանակաշրջանից սկսած՝ մոկշան կամ համարժեք եզրույթները, ինչպիսիք են մուկտին և կաիվալյան, լուրջ թեմա է բազմաթիվ Ուպանիշադներում։
Վեդաներում ներկայացվում է կյանքի 3 փուլ՝ կրթություն, կենցաղ և հանգստի անցում։ Ուպանիշադների շրջանում հինդուիզմն ավելացրեց նաև չորրորդ փուլը՝ ամբողջական հրաժարում։ Վեդայական գրականության մեջ գոյություն ունի փորձի 3 ձև՝ զարթոնք, երազ, խորը քուն։ Ուպանիշադների շրջանում ավելացավ չորրորդը՝ թուրիյամ՝ խորը քնից անդին փուլ։ Վեդաներն առաջարկում են մարդու երեք նպատակ՝ կամա, արտհա, դհարմա։ Դրանց Ուպանիշադների շրջանն ավելացրեց մոկշան[30]։
Հինդուիզմում մոկշայի հայեցակարգի ընդունումը դանդաղ է տեղի ունեցել։ Որոշ դպրոցներ հրաժարվում էին ընդունել այն՝ համարելով անտեղի։ Հայտնի չէ, թե մոկշայի և սամսարայի գաղափորները երբ են զարգացում ապրել Հնդկաստանում, հնարավոր ՝ մ.թ.ա. 1-ին հազարմյակում։ Պատմական տեսանկյունից մոկշայի հայեցակարգն ի հայտ է եկել երեք ձևերով՝ վեդայական, յոգայի և բհակտիի։ Վեդայական շրջանում ընդունված էին ծեսեր, որոնք օգնում էին հասնել մոկշայի. գիտելիքը միջոց էր, ծեսը՝ դրա գործադրումը[37]։ Հեատագայում ծեսը սկսեց դիտվել անտեղի[38]։ Յոգայական մոկշան[39] եկավ փոխարինելու վեդայական ծեսերին ինքնազարգացման և մեդիտացիայի միջոցով։ Այս մոտեցումն ընդունվեց տարբեր դպրոցների կողմից, որոշ դեպքերում՝ որոշակի տարբերություններով։
Բհակտի մոկշան ստեղծեց երրորդ ուղին, որտեղ ոչ ծեսերը, ոչ էլ մեդիտացիոն ինքնազարգացումն էին ուղին, այլ Աստծու մշտական սիրով ոգեշնչումը, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում էր նրա հետ կատարյալ միության[37]։ Հետագայում այլ դպրոցների շրջանակներում առաջ եկան մոկշայի այլ գաղափարներ և ուղիներ ևս[40]։
Մոկշա, նիրվանա և կաիվալյա բառերը հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ[41], քանի որ դրանք երեքն էլ վերաբերում են վիճակին, որն անձին ազատում է վշտի ու տառապանքի պատճառներից[42][43]։ Այնուամենայնիվ, ներկայումս այս հասկացություններն օգտագործվում են տարբեր կրոններում։ Նիրվանան հատուկ է բուդդայականությանը՝ ազատում, երբ չկա հոգի, դատարկություն է։ Մինչդեռ մոկշան, որը հատուկ է հինդուիզմին, Եսի, հոգու ընդունումն է, ազատման գիտելիքի իրացումը, Բրահմանի հետ նույնության գիտակցումը, գոյություն ունեցող ամեն ինչի ընկալումը որպես Ես[44]։
Կաիվալյան, ի տարբերություն նիրվանայի, հանդիպում է հինդուիզմի այնպիսի դպրոցներում, ինչպիսին յոգան է։ Այն ազատումն է և միացումը հոգևոր տիեզերքին։
Հինդուիզմի տարբեր դպրոցների հնագույն գրականությունը երբեմն օգտագործում է մոկշայի տարբեր արտահայտություններ։ Օրինակ՝ կեվալ ջնանան կամ կաիվալյան («բացարձակ վիճակ»), ապավարգան, նիհսրեյասան, պարամապադա, բրահմաբհավա, բրահմաջնանա, բրահմի սթիտի։ Ժամանակակից գրականությունն օգտագործում է բուդդայական նիրվանա եզրույթը որպես հինդուիզմի մոկշայի համարժեք[44][45]։ Այս գաղափարների մեջ կա տարբերություն, բայց դրանք բոլորը հնդկական կրոնների ավանդույթների փրկություն նշանակող հասկացություններ են։
Հինդուիստական փիլիսոփայության 6 մեծ ուղղափառ դպրոցներ ունեն երկու տարբեր կարծիք մոկշայի հասնելու վերաբերյալ. արդյոք մոկշայի հնարավոր է հասնել կյանքի ընթացքում, թե միայն մահվանից հետո[46][47]։ Օրինակ՝ յոգայի դպրոցը գտնում է, որ մոկշան հնարավոր է այս կյանքում։ Իսկ ահա այլադավան Քարվակա դպրոցը մերժում է հոգու կամ հետմահու մոկշայի գոյությունը[48][49]։
Բուդդայականության մեջ հայտնի է որպես նիրվանա։ Գրական նշանակում է «հանգչել»[50]։
Մոկշայի հնարավոր է հասնել նիրվանայի հետ, ինչն ավարտին է հասցնում սամսարայի վեց ոլորտների վերածնունդների շրջափուլը[51]։ Նիրվանան բուդդայականության մեջ նկարագրվում է որպես «դադարած գիտակցության» վիճակ, որը «գոյություն ունի», և «անհնար է թվում պատկերացնել, թե ինչպիսին կլիներ գիտակցությունից զուրկ օբյեկտը»[51][52]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.