From Wikipedia, the free encyclopedia
Դհարմա (սանսկրիտ՝ धर्म), հնդկական կրոններում՝ հինդուիզմում, բուդդայականությունում, սիկհիզմում և ջայնիզմում բազմաթիվ նշանակություններ ունեցող հասկացություն[9]։ Դհարմա բառի միանշանակ որևէ թարգմանություն գոյություն չունի[10][11]։
Հինդուիզմում դհարման նշանակում է վարքագծեր, որոնք համահունչ են իրերի բնական դասավորությանը՝ կյանքի ու տիեզերքի գոյությունը հնարավոր դարձնելու համար։ Դրանք ներառում են պարտականությունները, իրավունքները, օրենքները, վարքականոնները, առաքինությունները և «ապրելու ճիշտ ձևը»[12][13]։ Բուդդայականությունում դհարման նշանակում է «տիեզերական օրենք և կարգ», բայց այն վերաբերում է նաև Բուդդայի ուսմունքներին[12]։ Բուդդայական փիլիսոփայության մեջ դհամման կամ դհարման վերաբերում է նաև «ֆենոմեն» եզրույթին[14]։ Ջայնիզմում դհարման վերաբերում է տիրտհանկարայի (փրկիչ և հոգևոր ուսուցիչ) ուսուցմանը և մարդկային էակների մաքրման ու բարոյական վերափոխման դոկտրինի մարմնին։ Սիկհիզմում դհարմ բառը նշանակում է արդարության և պատշաճ կրոնական պրակտիկայի ուղի[15]։
Դասական սանսկրիտում դհարմա գոյականը ծագում է «դհր» արմատից, որը նշանակում է «կատարել, պահել, պահպանել»[16]։ Պատմական վեդայական կրոնում «դհարմա» բառը կիրառվել է և դրա նշանակությունն ու հայեցակարգային շրջանակը զարգացում են ապրել հազարամյակների ընթացքում[17]։ Դհարմայի հականիշը ադհարման է։
Դասական սանսկրիտում՝ ծագելով «դհր» արմատից՝ դհարման ստանում է «այն, ինչը ստեղծվել է, ամուր է» նշանակություն, հետևաբար՝ «իրավունք, օրենք»։ Այն բխում է հին վեդայական սանսկրիտի ն-հիմնային դհարմանից՝ «կրող, աջակից» բառացի նշանակությամբ[18]։
Ռիգվեդայում այս բառը հանդիպում է ն-հիմնային դհարման ձևով՝ «այն, ինչը ստեղծվել է, ամուր է» նշանակությամբ։ Պատկերավոր ասած՝ այն նշանակում է «կողմնակից, աջակից»։ Դա սեմատիկորեն նման է հունական Էթոսին («ֆիքսված որոշում, կանոնադրություն, օրենք»)[19]։ Դասական սանսկրիտում այն դարձել է դհարմա՝ առանց ն-ի։
Պալիով այն ներկայացվում է որպես դհամմա։ Որոշ ժամանակակից հնդկական լեզուներում և բարբառներում այն հանդիպում է դհարմ ձևով։
Հնդկական փիլիսոփայության և կրոնի մեջ դհարման կենտրոնական կարևորության հայեցակարգ է[20]։ Հինդուիզմում, բուդդայականությունում և ջայնիզմում այն ունի բազմաթիվ նշանակություններ։ Շատ դժվար է տալ դհարմայի մեկ համառոտ սահմանում, քանի որ այս բառն ունի երկար և բազմազան պատմություն և ընդգրկում է իմաստների ու մեկնաբանումների մի ամբողջ շարք[21]։ Արևմտյան լեզուներում դհարմայի մեկ բառով թարգմանություն գոյություն չունի։
Ժամանակակից թարգմանիչների համար այս հասկացությունը առաջացրել է բացառիկ դժվարություններ։ Ռիգվեդայի տարբեր թարգմանողներ դհարմայի համար օգտագործել են բազմաթիվ բառեր՝ օրենք, իրավունք, կարգ, պարտականություն, սովորույթ, որակ, մոդել և այլն[22][23]։
Դհարմայի հիմքում ընկած «դհրի» արմատը՝ աջակցել, կրել, այն է, ինչ կարգավորում է փոփոխությունների ընթացքը՝ առանց մասնակցելու դրանց և մնալով հաստատուն[24]։ Թարգմանության համար օգտագործված բազմաթիվ բառերը միևնույն է չեն արտահայտում դհարմա բառի ընդհանրական իմաստը։ Հասարակ լեզվով ասած՝ դհարմա նշանակում է «ապրելու ճիշտ ուղի» և «ճշմարտացիության ուղի»[24]։
Դհարմա բառի իմաստը կախված է ենթատեքստից, և այն զարգացում է ապրել հինդուիզմի զարգացման երկարատև պատմության ընթացքում։ Հինդուիզմի հնագույն տեքստերում ու առասպելներում դհարման նշանակում էր տիեզերական օրենք, կանոններ, որոնք քաոսից ստեղծել են տիեզերքը, ինչպես նաև ծեսեր։ Հետագա շրջանի Վեդաներում, Ուպանիշադներում, Պուրանաներում և Դյուցազներգություններում նշանակությունն ավելի զտվեց, դարձավ հարուստ, համապարփակ և սկսեց կիրառվել բազմաթիվ ենթատեքստերում։ Որոշ դեպքերում դհարման բնութագրում է մարդկային վարքագծերը, որոնք անհրաժեշտ են տիեզերքում իրերի կարգի պահպանման, քաոսի կանխարգելման համար, վարքագծեր և գործողություններ, որոնք անհրաժեշտ են բնության մեջ գոյություն ունեցող բոլոր կենդանի էակների, հասարակության, ընտանիքի, ինչպես նաև անհատական մակարդակի համար[25][26]։ Դհարման պարփակում է այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են պարտականությունը, իրավունքները, բնավորությունը, կոչումը, կրոնը, սովորույթները և բարոյական, ճիշտ, տեղին վարքը[27][28][29]։
Դհարմայի հականիշը ադհարման է (սանսկրիտ՝ अधर्म)[30][31], որը նշանակում է այն, ինչը դհարման չէ։ Դհարմայի պես ադհարման ևս ներառում և ենթադրում է բազմաթիվ գաղափարներ. պարզ ասած՝ այն, ինչը բնությանը հակառակ է, անբարոյական, ոչ էթիկական, սխալ կամ անօրինական[32][33][34]։
Բուդդայականության մեջ դհարման ներառում է հիմնադիր Բուդդայի ուսմունքներն ու վարդապետությունները։
«Դհարմաշաստրայի պատմություն» հեղինակավոր գրքի համաձայն՝ Ռիգվեդայի հիմներում դհարմա բառը կարելի է հանդիպել նվազագույնը 56 անգամ՝ որպես ածական կամ գոյական։ Որոշ հեղինակների համաձայն[22] դհարմա բառն իր արմատները ստացել է վեդական հինդուիզմի առասպելներում։ Ըստ Ռիգվեդայի հիմների՝ Բրահմանը, որին կազմում են բոլոր աստվածները, քաոսից ստեղծեց տիեզերքը․ նրանք երկիրը, արևն ու աստղերը պահում էին (dhar-) առանձին, նրանք պահում են երկինքը (dhar-) հեռու երկրից և նրանք կայունացնում են (dhar-) շարժվող լեռներն ու տափաստանները[22][36]։ Աստվածները, հիմնականում Ինդրան, այնուհետև ներկայացնում ու պահում են կարգն անկարգությունից, ներդաշնակությունը քաոսից, կայունությունն անկայունությունից՝ Վեդայից ցիտված գործողություններ, որոնք ընկած են դհարմայի հիմքում։ Հետագայում դհարմա բառի նշանակությունն ընդլայնվում է՝ նշանակելով տիեզերական սկզբունք և հանդիպելով Վեդաների՝ աստվածներից անկախ հատվածներում։ Այն զարգանում է՝ դառնալով հայեցակարգ, որն ունի դինամիկ ֆունկցիոնալ դատողություն, օրինակ՝ Ատհարհավեդայում, որտեղ այն վեր է ածվում տիեզերական օրենքի, որն առարկայի միջոցով պատճառահետևանքային կապ է ապահովում։ Դհարման այս հնագույն տեքստերում ունի նաև ծիսական նշանակություն։ Ծիսականը կապված է տիեզերականի հետ, և «դհարմանին» հավասարեցվում է ծիսակատարական սկզբունքներին, որոնք աստվածներն օգտագործել են կարգն անկարգությունից, աշխարհը քաոսից անջատելու համար[37]։
Դհարման և դրա հետ կապված բառերը գտնվել են հինդուիզմի հնագույն վեդայական գրականության մեջ, Ուպանիշադներում, Պուրանաներում, Դյուցազներգություններում. դհարմա բառը կենտրոնական դեր է խաղում նաև հետագայում ստեղծված հնդկական այլ կրոններում, օրինակ՝ բուդդայականություն և ջայնիզմ։ Ըստ Բրերետոնի[38]՝ Ռիգվեդայում դհարման հանդիպում է 63 անգամ, բացի այդ հանդիպում են նաև դհարմայի հետ կապված այլ բառեր, օրինակ՝ դհարմակրտ, սատյադհարման, դհարմավանտ, դհարման, դհարիման։ Հին պարսկերենում չկա դհարմայի համարժեք, ընդունվում է, որ այն գալիս է Պարսկաստանից դուրս հնդ-արիական մշակույթից[38]։ Այնուամենայնիվ, դհարմայի գաղափարի հետ հատվող գաղափարների կարելի է հանդիպել նաև այլ հնագույն մշակույթներում՝ չինական Դաո, եգիպտական Մաատ, շումերական Մե[24]։
20-րդ դարի կեսերին Աֆղանստանում հայտնաբերվեց հնդիկ կայսր Աշոկայի մ.թ.ա. 258 թվականի արձանագրությունը։ Ժայռաբեկորի վրա քանդակված այս արձանագրությունը պատկերում էր սանսկրիտով, արամեերենով և հունարենով տեքստեր։ Ըստ Փոլ Հաքերի[39]՝ արձանագրության մեջ կարելի է տեսնել սանսկրիտերեն դհարմա բառի հունարեն վերարտադրությունը՝ Եվսեբիոս[39]։ Հելլենիստական Հունաստանի փիլիսոփաները եվսեբիոսը բացատրում էին որպես բարդ, համապարփակ հասկացություն։ Այն նշանակում է աստվածների մեծարում, ինչպես նաև հագևոր հասունություն, կյանքի նկատմամբ ակնածանքով լի վերաբերմունք և ներառում է ճիշտ վարքը ծնողների, քույր-եղբայրների, երեխաների նկատմամբ, ամուսինների միջև, ինչպես նաև՝ կենսաբանորեն չկապված անձանց միջև։ Ըստ այս արձանագրության՝ դհարման Հնդկաստանում դեռևս 2300 տարի առաջ կենտրոնական հասկացություն էր և նշանակում էր ոչ միայն կրոնական գաղափար, այլև իրավունքի, լավի, մարդկային հասարակության նկատմամբ որևէ մեկի պարտականության գաղափարներ[40]։
Հինդուիզմի զարգացում ապրող գրականությունը դհարման կապում է երկու կարևոր հասկացությունների հետ՝ ռտա և մայա։ Վեդաներում ռտան ճշմարտությունը և տիեզերական սկբունքն է, որը կարգավորում և համակարգում է տիեզերքի և դրանում գոյություն ունեցող ամենի գործողությունը[41][42]։ Ռիգվեդայում և հետագա շրջանի գրականության մեջ մայան նշանակում է պատրանք, խարդախության, խաբեություն, կախարդական, որն ապակողմնորոշում է և առաջացնում անկարգություն[43]՝ հանդիսանալով կարգը, կանխատեսելիությունը և ներդաշնակությունը սահմանող իրականության, օրենքների և կանոնների հակադարձը։ Ըստ Փոլ Հորսչի՝ ռտան և դհարման զուգահեռ հասկացություններ են՝ առաջինը տիեզերական սկզբունքն է, երկրորդը՝ բարոյական սոցիալական ոլորտը։ Մայան և դհարման ևս համանման են՝ առաջինն օրենքի և բարոյական կյանքի աղավաղումն է, երկրորդը՝ օրենքի և բարոյական կյանքի ամրապնդումը[42][44]։
Դհարմայի նշանակությունը հնդկական սենտիմենտների տեսանկյունից արտահայտելու համար 1947 թվականի Հնդկաստանի որոշմամբ պատկերված է դրոշի վրա՝ ներառելով Աշոկա Չակրան՝ դհարմաչակրայի («դհարմայի անիվ») պատկերումը։ Այն հանդիսանում է դրոշի կենտրոնական միտքը[45]։
Հինդուիզմում դհարման կազմակերպչական սկզբունք է, որը կիրառվում է անհատ մարդկային էակի նկատմամբ՝ այլ մարդկանց և բնության, անշունչ առարկաների, տիեզերքի և դրա բոլոր հատվածների հետ փոխազդեցության մեջ[24]։ Այն վերաբերում է կարգին և սովորույթներին, որոնք կյանքը և տիեզերքը հնարավոր են դարձնում և ներառում է հասարակությանը կառավարող վարքագծերը, ծեսերը, կանոնները և էթիկան։ Հինդուիստական դհարման ներառում է կրոնական պարտականությունները, բարոյական իրավունքները և յուրաքանչյուր անձի պարտականությունները, ինչպես նաև վարքագծերը, որոնք սոցիալական կարգը, ճիշտ վարքը և առաքինի վարքը հնարավոր են դարձնում[46]։ Դհարման այն է, ինչը բոլոր գոյություն ունեցող էակները պետք է ընդունեն և հարգեն՝ աշխարհում ներդաշնակության և կարգուկանոնի հասնելու համար։ Այն ոչ գործողություն է, ոչ էլ արդյունք, այլ բնական օրենքներ, որոնք առաջնորդում են գործողությունը և ստեղծում արդյունքը՝ աշխարհում քաոսից խուսափելու համար։ Այն բնատուր հատկանիշ է, որը գոյություն ունեցողը դարձնում է այնպիսին, ինչպիսին կա։ Այն անձի բնության և իրական կոչման հետապնդումն է՝ այդպիսով կատարելով իր դերը տիեզերական «բեմում»։ Հինդուիզմում մեղր ստեղծելը մեղվի դհարման է, կաթ տալը՝ կովի դհարման, շողերը՝ արևի դհարման, հոսելը՝ գետի դհարման[47]։ Մարդասիրության տեսանկյունից դհարման ամբողջ կյանքի ծառայության և փոխկապակցվածության կարիքը, ազդեցությունն ու էությունն է[39]։
Բուդդայականության մեջ դհարման նշանակում է տիեզերական օրենք և կարգ, բայց վերաբերում է նաև Բուդդայի ուսմունքներին։ Բուդդայական փիլիսոփայության մեջ դհամման կամ դհարման նաև «ֆենոմեն» հասկացության համար է կիրառվում։ Արևելյան Ասիայում դհարմայի թարգմանությունն է 法, որն արտասանվում է ֆա, տիբեթերեն՝ չոե (ཆོས་), կորեերեն՝ բեոպ, ճապոներեն՝ հո, վիետնամերեն՝ ֆապ։ Այնուամենայնիվ, դհարմա եզրույթը կարող է թարգմանվել նաև իր օրիգինալ ձևից։
Դհարմա բառը հանդիպում է ջայնիզմի բոլոր հիմնարար տեքստերում։ Այն ունի ենթատեքստային նշանակություն և վերաբերում է բազմաթիվ գաղափարների։ Լայն իմաստով այն նշանակում է Ջինաների ուսմունքները, այլ հոգևոր դպրոցների ուսմունքները[48], բարձրագույն ուղին[49], սոցիալ-կրոնական պարտականությունը[50] և այն, ինչը բարձրագույն մանգալան է (սրբությունը)[51]։
Ջայնիզմում դհարմա եզրույթն ունի յուրահատուկ գոյաբանական և վախճանաբանական իմաստ։ Ջայնիստական ավանդույթներում գոյությունը բաղկացած է ջիվայից (հոգի, ատման) և աջիվայից (ոչ հոգի), որն իր հերթին բաղկացած է 5 կատեգորիաներից՝ իներտ ոչ զգայուն ատոմային խնդիր (պուդգալա), տարածություն (ակաշա), ժամանակ (կալա), շարժման սկզբունք (դհարմա) և հանգստի սկզբունք (ադհարմա)[52][53]։ Դհարմա եզրույթի շարժում նշանակությունը և գոյաբանական ենթակատեգորիա լինելը չի հանդիպում ոչ բուդդայականության, ոչ էլ հինդուիզմի այլ դպրոցներում[53]։
Ջայնիզմի կարևորագույն տեքստը՝ Տատտվարտհա Սուտրան դաս-դհարման նշում է «Տասն արդար առաքինությունների» հետ։ Դրանք են՝ համբերատարություն, համեստություն, շիտակություն, մաքրություն, ճշմարտացիություն, ինքնազսպվածություն, պարզություն, հրաժարում, չկապվածություն, անարատություն[54]։
Սիկհիզմում դհարմա բառը նշանակում է ճշմարտացիության և պատշաճ կրոնական պրակտիկայի ճանապարհը։ Սիկհիստական դհարման համակիրների կողմից որպես հոգևոր նույնություն ընդունված գուրուների ուսմունքների միջոցով բացահայտված հստակ կրոնն է։ Սիկհիզմում Աստված բնութագրվում է և որպես Նիրգուն (մշտագո), և որպես Սարգուն (մշտակա)։ Դհարման ներկայացվում է նաև որպես պարտականություն[55]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.