![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/75/Iranian_Azerbaijan_%2528including_Zanjan_province%2529.png/640px-Iranian_Azerbaijan_%2528including_Zanjan_province%2529.png&w=640&q=50)
Իրանական Ադրբեջան
From Wikipedia, the free encyclopedia
Իրանական Ադրբեջան (պարս.՝ آذربایجان), պատմաաշխարհագրական երկրամաս Իրանի հյուսիս-արևեմուտքում, համապատասխանում է նախնադարում և վաղ միջնադարում գոյություն ունեցած Ատրպատական պետությանը և Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արևելքին ու Պարսկահայքին։ 7-րդ դարում նվաճվելով արաբների կողմից՝ «Ատրպատական» (Ադրփայագան) բառն անվանափոխվել է «Ազարբայեջան»՝ արաբերենում համապատասխան հնչյունների բացակայության պատճառով։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/75/Iranian_Azerbaijan_%28including_Zanjan_province%29.png/640px-Iranian_Azerbaijan_%28including_Zanjan_province%29.png)
Իրանի շահական կառավարման ընթացքում այդպես էր կոչվում պետության հյուսիսը, որն այժմ բաժանված է 3 ոստանների (նահանգներ)՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան նահանգների, իսկ Զանջանի նահանգը առավել մոտ է՝ մշակութային տեսանկյունից։ Տարածքը 140000 կմ2 է, բնակչությունը մոտ 9 միլիոն է, հիմնականում իսլամադավան, Արևմտյան Ադրբեջանում՝ քրդեր, մյուս նահանգներում՝ ազարիներ[1], ովքեր Ատրպատականի բնիկ բնակչությունն են, սակայն թյուրքացվել են 16-րդ դարից սկսած՝ Սեֆյան Պարսկաստանի հիմնադրումով, և այսօր իրենց լեզուն շատ մոտ է ադրբեջաներենին։ Ապրում են նաև պարսիկներ, հայեր, թալիշներ և ասորիներ։
20-րդ դարում Կովկասում Ադրբեջան պետության հռչակումով Իրանի հյուսիսը հայտարարվում է այդ պետության մի մասը՝ որպես «հարավային Ադրբեջան»։ Դա կապված էր պանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում էր Փոքր Ասիայից մինչև Միջին Ասիա տարածքները վերածել թյուրքական պետության։ Մինչ այդ Կովկասի տարածքում գոյություն չէր ունեցել Ադրբեջան անվանումով պետություն, իսկ Իրանի հյուսիսը ժամանակակից Ադրբեջանի հետ միասնական պետություն չէր եղել[2]։ Իրանը հաճախ տարաձայնություններ է ունենում Ադրբեջանի հետ, որը ձգտում է իրանական ադրբեջանցիների շրջանում տանել անջատողական գաղափարախոսություն։ Այդ հողի վրա, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական այլ տեսանկյուններից, սերտացել են Հայաստան-Իրան երկկողմանի հարաբերությունները։
Հասան Ռոհանիի կառավարության օրոք (2013-17) Իրանի ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել[3] Իրանի 31 նահանգ-ոստանները միավորել 5 երկրամասերի մեջ, և երրորդ կամ Հյուսիսարևմտյան Իրան նահանգի մեջ ներառել նահանգներից 6-ը՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Զանջան, Գիլան և Քուրդիստան[4][5][6][7][8]։