մարդու հիվանդություն From Wikipedia, the free encyclopedia
Հիպոթիրեոզ, էնդոկրին հիվանդություն, որի դեպքում վահանաձև գեղձը արտադրում է քիչ քանակով թիրոքսին։ Այն կարող է առաջացնել բազմաթիվ ախտանիշներ, որոնցից են ցուրտը տանելու դժվարությունը, հոգնածության զգացումը, փորկապությունը, դեպրեսիան և քաշի ավելացումը[1]։ Խպիպի պատճառով պարանոցի առաջային մասը լինում է ուռած[1]։ Չբուժված հիպոթիրեոզը հղիության ժամանակ կարող է դանդաղեցնել երեխայի ինտելեկտի զարգացումը և բերել կրետինիզմի[3]։
Հիպոթիրեոզ | |
---|---|
Թիրոքսինի մոլեկուլի պատկեր, որի պակասից առաջանում է հիպոթիրեոզ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Յոդի պակաս, Հաշիմոտոյի թիրեոիդիտ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ցուրտը տանելու դժվարություն, հոգնածություն, փորկապություն, տրամադրության անկում, քաշի ավելացում[1] |
Հետևանք | Լորձատույց |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-10 | E03.9 |
Ախտորոշում | Արյան լաբորատոր քննություն, ԹՏՀ, թիրոքսին[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Դեպրեսիա, թուլամտություն, սրտային անբավարարություն, քրոնիկ հոգնածություն[2] |
Բուժում | Լևոթիրոքսին[1] |
Բարդություններ | Հղիության դեպքում պտուղի մոտ կարող է զարգանալ կրետինիզմ[3] |
Կանխարգելում | Յոդացված աղ[4] |
Հաճախություն | 0.3–0.4% (ԱՄՆ)[5] |
Սկիզբը | 60-ից ավել տարիքից[1] |
Hypothyroidism Վիքիպահեստում |
Ամբողջ աշխարհում սննդակարգի մեջ յոդի պակասը ամենահաճախ պատճառն է հիպոթիրեոզի[5][6]։ Սննդակարգի մեջ յոդի բավարար քանակով երկրներում ամենահաճախ պատճառը աուտոիմուն ախտահարումն է[1]։ Ավելի հազվադեպ պատճառներից են բնածին հիպոթիրեոզը, որոշ դեղորայքների օգտագործումը, վահանագեղձի վրա տարած վիրահատությունները (թիրեոիդէկտոմիա)[1][7]։ Հիպոթիրեոզը ախտորոշվում է արյան մեջ ԹԽՀ և թիրոքսինի մակարդակները որոշելով[1]։
Յոդացված աղի օգտագործումը կանխարգելում է հիպոթիրեոզը բազմաթիվ ազգերի մոտ[4]։ Հիպոթիրեոզը կարող է բուժվել լևոթիրոքսինով[1]։ Յոդի համապատասխան քանակները շատ կարևոր են, բայց մեծ քանակները կարող են վատացնել հիպոթիրեոզի վիճակը[1]։ Մեր երկրում իրականացվում է նորածնային 5 սկրինինգ ծրագիր՝ բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռետինոպաթիայի և կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ[8]։
Հայաստանում Վերջին 10 տարվա ընթացքում այս սկրինինգների շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքում շուրջ 750 նորածնի մոտ հայտնաբերվել է ծանր ախտաբանություն։ Կանխելով հիվանդությունների հետագա զարգացումը՝ հաջողվել է խուսափել այդ երեխաների հաշմանդամությունից և մահվան հնարավոր ելքից[8][8]։
Ամբողջ աշխարհում կա յոդի պակասով մոտ 1 միլիարդ մարդ, բայց անհայտ է, թե ինչքան հաճախ է այն բերում հիպոթիրեոզի[9]։ ԱՄՆ-ում մարդկանց 0.3–0.4%-ը ունի հիպոթիրեոզ[5]։ 2005-2016թթ. 354 897 հետազոտված նորածնից 124-ի մոտ հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզ։ Նրանք գտնվում են դիսպանսեր հսկողության ներքո և ապահովվում անվճար դեղորայքով[8]։ Բարձրլեռնային շրջաններում էնդեմիկ խպիպի տարածվածության ուսումնասիրության, հողում և ջրում յոդի պակասուրդի հայտնաբերման հիման վրա պրոֆ․ Ա․ Մելիք-Ադամյանը մշակել է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ մասնավորապես ազգաբնակչությանը յոդացված կերակրի աղով ապահովելու ուղղությամբ։ Ենթակլինիկական հիպոթիրեոզը, որը հիպոթիրեոզի ավելի մեղմ ձևն է, բնորոշվում է թիրոքսինի նորմալ մակարդակով և բարձրացած ԹՏՀ մակարդակով։ Այդ ձևը հանդիպում է ԱՄՆ բնակչության 4.3–8.5%-ի մոտ[5]։ Հիպոթիրեոզը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ[1]։ 60 տարեկանից բարձր մարդիկ ավելի հաճախ են ախտահարվում[1]։ Շների մոտ նույնպես զարգանում է հիպոթիրեոզ, իսկ ավելի հազվադեպ դիտվում է կատուների և ձիերի մոտ[10]։ "Հիպոթիրեոզ" բառը առաջացել է հունարեն հիպո-, որը նշանակում է "քիչ", թիրեոս, որը նշանակում է "վահան", և էիդոս, որը նշանակում է "ձև"[11]։
Հիպոթիրեոզով հիվանդ մարդիկ հաճախ ունենում են շատ մեղմ արտահայտված ախտանիշներ կամ ընդհանրապես չեն ունենում։ Բազմաթիվ ախտանիշներ կան, որոնք կապված են կամ հիպոթիրեոզի առաջնային պատճառի, կամ թիրեոիդ հորմոնների ցածր մակարդակի հետ[12][13]։
Ախտանիշներ[12] | Նշաններ[12] |
---|---|
Թուլություն | Չոր, կոպիտ մաշկ |
Ցրտի զգացում | Սառը վերջույթներ |
Թույլ հիշողություն և կենտրոնացում | Միքսեդեմա կամ լորձայտուց(մուկոպոլիսախարիդների կուտակումներ մաշկում) |
Փորկապություն, դիսպեպսիա[14] | Ալոպեցիա (մազաթափություն) |
Քաշի ավելացում վատ ախորժակի հետ | Բրադիկարդիա |
Դիսպնեա (շնչառության դանդաղում) | Վերջույթների այտուց |
Դիսֆոնիա (խռպոտ ձայն) | Ջլային ռեֆլեքսների դանդաղ ռելաքսացիա |
Կանանց մոտ, մենորագիա, իսկ ավելի ուշ օլիգոմենորեա | Դաստակային թունելի համախտանիշ |
Պարէսթեզիա | Հիդրոթորաքս, ասցիտ, հիդրոպերիկարդ |
Լսողության կորուստ | |
Ուշացած թուլացումը ծնկային ռեֆլեքսը ստուգելուց հետո բնորրոշ նշան է հիպոթիրեոզի և կապված է հորմոնի դեֆիցիտի հետ[5]։
Լորձայտուցային կոման հազվադեպ, բայց կյանքին վտանգ սպառնացող արտահայտում է հիպոթիրեոզի։ Սովորաբար այն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեին հիպոթիրեոզ, բայց կարող է նաև լինել հիվանդության առաջին արտահայտումը։ Այս վիճակը բնորոշվում է հիպոթերմիայով (մարմնի ջերմության իջեցում) առանց դողի, գիտակցության խանգարմամբ, բրադիկարդիայով (դանդաղասրտություն), հիպովենտիլացիայով (թոքերի օդափոխության թուլացում)։ Դիտվում են նաև մաշկի փոփոխություններ և լեզվի մեծացում (մակրոգլոսիա)[15]։
Նույնիսկ ենթակլինիկական կամ թեթև հիպոթիրեոզը կարող է բերել հնարավոր անպտղության և վիժման[16][17]։ Հիպոթիրեոզը բարձրացնում է պրեէկլամպսիայի, պերինատալ մահացության ռիսկը[16][17][18]։ Հղիության 0.3–0.5% դեպքերում դիտվում է նաև հիպոթիրեոզ[18]։ Հիպոթիրեոզը նաև կապված է գեստացիոն դիաբետի և վաղաժամ ծննդաբերության հետ[19]։
Հիպոթիրեոզով նորածինները սովորաբար ունենում են նորմալ հասակ և քաշ (չնայած գլուխը կարող է լինել սպասվածից ավելի մեծ, իսկ հետին գաղթունը կարող է լինել բաց)։ Դիտվում է քնկոտություն, մկանային ցածր տոնուս, խռպոտ ձայնով լաց, կերակրման դժվարություն, փորկապություն, մակրոգլոսիա, պորտային ճողվածք, քսերոդերմա (չոր մաշկ), մարմնի ցածր ջերմաստիճան և դեղնուկ[20]։ Դեղնուկ առաջանում է այն երեխաների մոտ, որոնց վահանագեղձը չի արտադրում թիրեոիդ հորմոններ[20]։ Դեղնուկ նաև կարող է առաջանալ յոդի պակասով տարածքում մեծացող երեխաների մոտ[21]։ Նորմալ աճը և զարգացումը խանգարվում է, և չբուժելու դեպքում կարող է զարգանալ մտավոր հետամնացություն (IQ 6-15 միավոր կամ նույնիսկ ցածր որոշ դեպքերում)։ Այլ խնդիրներից են մեծ և փոքր շարժումների խանգարումը, կոորդինացիան, մկանային տոնուսի իջեցումը, շլությունը, ուշադրության իջեցումը և խոսքի դանդաղումը[20]։ Ատամների ծկթումը կարող է ուշանալ[22]։
Ավելի մեծ երեխաների և դեռահասների մոտ ախտանիշները ներառում են հոգնածությունը, ցրտի անտանելիությունը, քնկոտությունը, մկանային թուլությունը, փորկապությունը, աճի հապաղելը, գունատությունը, կոպիտ և հաստ մաշկը, հիպերտրիխոզը, մենստրուալ ցիկլի խանգարումը աղջիկների մոտ և ուշացած սեռական հասունացումը։ Ախտանիշները նաև կարող են ներառել ծնկային ռեֆլեքսի ուշացած թուլացումը, բրադիկարդիան։ Դեղնուկը առկա է լինում մեծացած վահանագեղձի հետ[20]։ Երբեմն վահանագեղձի մի մասն է մեծացած լինում և լինում է հանգուցավոր կառուցվածքի[23]։
Հիպոթիրեոզը առաջանում է վահանագեղձի ֆունկցիայի խանգարման ժամանակ (առաջնային հիպոթիրեոզ), հիպոֆիզում ԹՏՀ արտադրության անբավարարության ժամանակ (երկրորդային հիպոթիրեոզ) ,հիպոթալամուսից թիրեոտրոպին-ռելիզինգ հորմոնի անբավարարության դեպքում (երրորդային հիպոթիրեոզ)[5][24]։ Առաջնային հիպոթիրեոզի առաջանում է մոտ 1000 անգամ ավելի հաճախ քան մնացած ձևերը[7]։
Յոդի պակասը առաջնային հիպոթիրեոզի և էնդեմիկ խպիպի ամենաառաջին պատճառն է[5][6]։ Սննդակարգի մեջ յոդի նորմալ քանակներ օգտագործող երկրեներում առաջին պատճառը քրոնիկ աուտոիմուն թիրեոիդիտն է (Հաշիմոտոյի թիրեոիդիտ)[5][6]։ Հաշիմոտոյի թիրեոիդիտը կապված է լինում խպիպի հետ։ Այս դեպքում կատարվում է վահանագեղձի ինֆիլտրացիա T լիմֆոցիտներով, հակա-թիրեոիդ հակամարմիններով, որոնք ազդում են յուրահատուկ թիրեոիդ հակածինների վրա, օրինակ՝ թիրեոիդ պերօքսիդազան, թիրեոգլոբուլինը և ԹՏՀ ընկալիչները[5]։
Կանանց ծննդաբերությունից 9 ամիս հետո, մոտ 5% դեպքերում կարող է առաջանալ հետծծնդաբերական հիպոթիրեոզ[25]։ Սա բնորոշվում է հիպերթիրեոզի կարճ փուլով․ որին հաջորդում է հիպոթիրեոզը։ 20-40%-ը մշտական ունենում են հիպոթիրեոզ[25]։
Աուտոիմուն թիրեոիդիտը կապված է լինում այլ իմուն մեխանիզմով հիվանդությունների հետ, որոնցից են տիպ 1 շաքարային դիաբետը, չարորակ սակավարյունությունը, միասթենիա գրավիսը, ռևմատոիդ արթրիտը և համակարգային կարմիր գայլախտը[5]։ Աուտոիմուն հիպոթիրեոզը կարող է արտահայտվել որպես աուտոիմուն պոլիէնդոկրին համախտանիշի մաս[5]։
Խումբ | Պատճառներ |
---|---|
Առաջնային հիպոթիրեոզ[5] | Յոդի պակաս (զարգացող երկրներում), աուտոիմուն թիրեոիդիտ, ենթասուր գրանուլեմատոզ թիրեոիդիտ, ենթասուր լիմֆոցիտային թիրեոիդիտ, հետծննդային թիրեոիդիտ, նախորդած թիրեոիդէկտոմիա, նախորդած ռադիոակտիվ յոդով բուժում, նախորդած ճառագայթային բուժում Դեղեր։ Լիթիումային պրեպարատներ (նորմոթիմիկներ), ամիոդարոն, ալֆա-ինտերֆերոն, թիրոզին կինազայի արգելակիչներ, օրինակ՝ սունիտինիբ |
Կենտրոնական հիպոթիրեոզ[7] | Հիպոֆիզը ճնշող գոյացություններ (հիպոֆիզի ադենոմա, կրանիոֆարինգեոմա, մենինգիոմա, գլիոմա, մետաստազ, դատարկ թրքական թամբի համախտանիշ, ներքին քնային զարկերակի անևրիզմա, հիպոֆիզի վիրահատություն կամ ճառագայթում, որոշ դեղեր, վնասվածք, անոթային խանգարումներ, ինֆիլտրատիվ հիվանդություններ (հեմոքրոմատոզ, բետտա-թալասեմիա, սարկոիդոզ), աուտոիմուն հիվանդություններ, բնածին հիվանդություններ և ինֆեկցիաներ (տուբերկուլյոզ, սնկախտ, սիֆիլիս)) |
Բնածին հիպոթիրեոզ[26] | Վահանագեղձի խանգարված ֆունկցիա (75%), թիրեոիդ հորմոնների անբավարար առաջացում (20%), մայրական հակամարմնի և ռադիոակտիվ յոդի փոխանցում Համախտանի՛ներ։ մուտացիաներ Ծամանակավոր։ մոր մոտ յոդի պակասի կամ ավելցուկի, ԹՏՀ ընկալիչների դեմ հակամարմինների, նեոնատալ հիվանդությունների պատճառով Կենտրոնական։ հիպոֆիզի թերֆունկցիա |
Սպառման հիպոթիրեոզի դեպքում տիպ 3 դեյոդինազի բարձր մակարդակները չեզոքացնում են թիրեոիդ հորմոնները և բերում են հիպոթիրեոզի[27]։ 3 դեյոդինազի բարձր մակարդակները առաջանում են հիմնականում հեմանգիոմայի արդյունքում[27]։ Այս վիճակը շատ հազվադեպ է[27]։
Թիրեոիդ հորմոնը անհրաժեշտ է բազմաթիվ հյուսվածքների նորմալ կենսագործունեության համար։ Առողջ մարդկանց մոտ վահանագեղձը հիմնականում արտազատում է թիրոքսին (T4), որը վերածվում է տրիյոդթիրոնինի (T3) այլ օրգաններում, սելեն-կախյալ ֆերմենտ՝ յոդոթիրոնին դեյոդինազայի միջոցով[28]։ Տրիյոդթիրոնինը կապվում է թիրեոիդ հորմոնի ընկալիչի հետ բջջի կորիզում, որտեղ այն ակտիվացնում է որոշակի սպիտակուցների սինթեզի համար պատասխանատու գեները[29]։ Լրացուցիչ այն կապվում է նաև Ալֆա-v բետտա-3 ինտեգրինին բջջաթաղանթի վրա, այդպիսով խթանելով նատրիում-ջրածնային պոմպը, անգիոգենեզը (անոթների առաջացումը) և բջիջների աճը[29]։ Արյան մեջ համարյա ամբողջ թիրեոիդ հորմոնը (99.97%) կապված է պլազմայի սպիտակուցներին, որոնցից է թիրոքսին կապող գլոբուլինը։ Միայն չկապված թիրեոիդ հորմոնն է կենսաբանորեն ակտիվ[5]։ Դեյոդինազի մեծ քանակները այսպիսով կարող են բերել սպառման հիպոթիրեոզի[27]։
Վահանագեղձը մարմնում թիրոքսինի միակ աղբյուրն է, որի առաջացման համար անհրաժեշտ է յոդ և թիրոզին ամինաթթուն։ Յոդը արյան հունից գնում է դեպի վահանագեղձ, որտեղ վերածվում է թիրեոգլոբուլինի մոլեկուլների։ Այս գործընթացը կարգավորվում է ԹՏՀ կողմից, որը արտազատվում է հիպոֆիզի կողմից։ Յոդի և ԹՏՀ-ի պակասը կարող են բերել թիրեոիդ հորմոնի սինթեզի անբավարարության[24]։
Հիպոթալամո-հիպոֆիզա-վահագեղձային ուղին կարևոր դեր է խաղում թիրեոիդ հորմոնի մակարդակի կարգավորման հարցում։ ԹՏՀ առաջացումը ադենոհիպոֆիզում խթանվում է ԹՌՀ կողմից, որը առաջանում է հիպոթալամուսում։ ԹՏՀ և ԹՌՀ արտադրությունը ճնշվում է թիրոքսինի մեծ քանակների կողմից բացասական հետադարձ կապի միջոցով։ ԹՌՀ-ի ցածր քանակները կբերեն ԹՏՀ-ի ցածր քանակի և թիրեոիդ հորմոնը չի սինթեզվի բավարար քանակով[7]։
Հղիությունը բերում է թիրեոիդ հորմոնի ֆիզիոլոգիայի փոփոխությունների։ Գեղձը մեծանում է չափերով 10%-ով, թիրոքսինի արտադրությունը մեծանում է 50%-ով և յոդի պահանջարկը մեծանում է։ Շատ կանայք ունեն նորմալ թիրեոիդ ֆունկցիա, բայց աուտոիմուն ռեակցիաների հակվածություն, կամ յոդի պակաս, որոնց պատճառով դիտվում է հիպոթիրեոզ մինչև ծնունդը կամ ծննդաբերությունից հետո[30]։
Թիրեոտրոպ հորմոնի մակարդակի որոշումը լավագույն սկզբնական թեստն է հիպոթիրեոզի ախտորոշման համար, իսկ երկրորդ ԹՏՀ թեստը անում են մի քանի շաբաթ հետո հաստատելու համար[31]։ ԹՏՀ մակարդակը կարող է բարձրացած լինել այլ հիվանդությունների ֆոնի վրա և ԹՏՀ մակարդակի որոշումը խորհուրդ չի տրվում հոսպիտալիզացված հիվանդների մոտ, եթե չկան վահանագեղձի ֆունկցիայի խանգարման լուրջ հիմքեր[5]։ ԹՏՀ բարձր մակարդակը ցույց է տալիս, որ վահանաձև գեղձը չի արտադրում բավական թիրեոիդ հորմոն[5][23]։ Հիպոթիրեոզի աստիճանը որոշելու համար T3 մակարդակի որոշումը խորհուրդ չի տրվում Ամերիկյան կլինիկական էնդոկրինոլոգների ասոցիացիայի կողմից անգլ.՝ American Association of Clinical Endocrinologists (AACE)[5]: Կան բազմաթիվ աղյուսակներ հիպոթիրեոզի աստիճանը որոշելու համար, որոնք օբյեկտիվ են, բայց ախտորոշման համար ունեն սահմանափակ կիրառություն[5]։
ԹՏՀ | T4 | Մեկնաբանություն |
---|---|---|
Նորմալ | Նորմալ | Նորմալ թիրեոիդ ֆունկցիա |
Բարձրացած | Ցածր | Ակնհայտ հիպոթիրեոզ |
Նորմալ/Ցածր | Ցածր | Կենտրոնական հիպոթիրեոզ |
Բարձրացած | Նորմալ | Ենթակլինիկական հիպոթիրեոզ |
Հիպոթիրեոզի շատ դեպքեր կապված են կրեատինկինազայի և լյարդի ֆերմենտների քանակի բարձրացման հետ։ Նրանք վերադառնում են նորմալ մակարդակի, երբ հիպոթիրեոզը լրիվ բուժվում է[5]։ Խոլեստերոլի, ՑԽԼՊ և A-լիպոպրոտեինի մակարդակները կարող են բարձրացած լինել[5]։ Հիպոթիրեոզի կապը սրանց հետ դեռ հստակ պարզաբանված չէ[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.