From Wikipedia, the free encyclopedia
Հայ-ադրբեջանական ռազմական բախում, 2020 թվականի հուլիսին Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության սահմանապահ զորքերի/զինված ուժերի միջև հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածում։ Մարտական գործողությունները սկսվել են հուլիսի 12-ի առավոտյան, երբ ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Ադրբեջանի սահմանապահ ուժերի զինծառայողները փորձել են մոտենալ հայկական զինված ուժերի դիրքերին[13]։
Հայ-ադրբեջանական հակամարտություն | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արցախյան հակամարտություն | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հայաստան | Ադրբեջան | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Հայաստանի զինված ուժեր | Ադրբեջանի զինված ուժեր Ադրբեջանի սահմանապահ զորքեր | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
4 զոհ[3][4], 10 վիրավոր[5], 2 ԱԹՍ[6] (ադրբեջանական կողմի պնդում) |
12 սպանված[7][8], 1 սպանված քաղաքացիական անձ[9] 4 վիրավոր (պաշտոնական)[10] 13 ԱԹՍ[11], 3 տանկ[12] (հայկական կողմի պնդում) |
Հայ-ադրբեջանական հակամարտությունը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ Դեռևս 1900-ական թվականների սկզբներին հայերի և կովկասյան թաթարների (որոնք ներկայում կոչվում են ադրբեջանցիներ) միջև էթնիկ հողի վրա տեղի էին ունենում զինված ընդհարումներ ոչ միայն Արցախում, Գարդմանքում, այլ Հարավային Կովկասի այլ շրջաններում։ Ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի տարածքները Խորհրդային Միության կազմում ընդգրկվելուց հետո հակամարտությունը սառեցվեց։ Սակայն արդեն 1980-ական թվականներին հայերի և ադրբեջանցիների միջև կրկին սկսվեցին էթնիկ հողի վրա առանձին հակադրություններ և փոքր բախումներ։ 1988 թվականին արցախյան շարժման սկսելով հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությունն ակտիվացավ, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին հակամարտ կողմերի միջև ստորագրված հրադադարից հետո տարբեր տարիներ տեղի են ունեցել տարբեր տեսակի և ձևի զինված ընդհարումներ։
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են ընդհուպ մինչև հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածի հայկական դիրքերին։ Հայկական կողմը նախազգուշական կրակից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք։ Միջադեպից հետո Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, և սկսվել են հակամարտ կողմերի միջև զինված ընդհարումներ[13]։
Կարճատև հրադադարից հետո՝ ժամը 13:45-ին, ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանի և ծանր զինտեխնիկա[13]։
Համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ զինված ընդհարումներից հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել, իսկ Ադրբեջանն ունեցել է զոհեր և վիրավորներ։ Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 2 սպանվածի և 5 վիրավորի մասին՝ նշելով, որ հայկական կողմն ունի մեծ կորուստներ[13][14]։
Հուլիսի 13-ի լույս 12-ի գիշերը կրկին վերսկսվել են զինված ընդհարումները հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի միջև հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածում։ Կարճատև հրադադարից հետո զինված ընդհարումները շարունակվել են առավոտյան[15]։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակը 15։28-ին հայտարարել է, որ «Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահին հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈՒ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»[16]։
Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ ադրբեջանական կողմը 82 մմ տրամաչափի ականանետից 7 և 120 մմ ականանետից 3 արկ է արձակել հայկական Չինարի գյուղի ուղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից կորուստներ չկան, արկերից մեկն ընկել է բնակելի տան տանիքներից մեկին, իսկ 2-ը՝ բակում։ Տվյալ պահին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հաստատել է 5 վիրավոր ունենալու փաստը[17]։
Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարության՝ գիշերը հայկական կողմը նկատել է հակառակորդի տանկի շարժ, ինչը կասեցվել է[18]։ Ժամը 11։17-ին Շուշան Ստեփանյանը նշել է նաև, որ ադրբեջանական կողմը անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, սակայն դրա արդյունքում հայկական կողմից կորուստներ չկան։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է հայկական կողմի երկու զոհի մասին, նաև տարածել մի քանի, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես է հուլիսի 12-ին ադրբեջանական կողմից ՈՒԱԶ ավտոմեքենան մոտենում հայկական դիրքերին, ինչպես նաև հայկական կողմի ռազմական որոշ գործողությունները՝ հակառակորդի ռազմական բազաների, «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի[19] ոչնչացումները և պատժիչ գործողությունները, ցույց տվող տեսանյութեր[20]։ Հայտարարվել է նաև, որ հայկական ՀՕՊ-ը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ[21]։
Ըստ «Հետք» լրագրի՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Այգեպար գյուղը, ինչի հետևանքով վնասվել է 7 տուն։ Հրետանակոծության արդյունքում բռնկված հրդեհները մարելու աշխատանքները է կատարվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից[22]։
Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջին անգամ հայկական ԱԹՍ-երը կիրառվեցին մարտական պայմաններում[23]։ Ավելի ուշ նա հայտարարել է նաև, որ հայկական կողմը համեմատաբար բարելավել է սեփական դիրքերը հակառակորդի նկատմամբ[24], ինչը չի հաստատվել ադրբեջանական կողմից։
Ռուսական Գազպրոմ ընկերության հայկական մասնաճուղի՝ Գազպրոմ Արմենիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանի սահմանի մոտ վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի արդյունքում Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը դադարեցվել է[25][26]։
Ըստ հայկական կողմի՝ գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական անդորր[27]։ Ժամը մոտ 16:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մի տեսանյութ, որտեղ երևում են 2 ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռներ՝ նշելով, որ դրանք դուրս են գալիս մարտական հերթապահություն կատարելու և ապպահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը[28][29]։ Ի հավելումն դրա՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ այդ ինքնաթիռների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ[30]։ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը ընդհանուր թվով խոցել է 13 ադրբեջանական ԱԹՍ, որոնցից 3-ը եղել են հետախուզական, իսկ 10-ը՝ հարվածային։ Նա հավելել է նաև, որ գիշերվանից մինչև այդժամ՝ մոտ 21:30, պահպանվել է հրադադարի ռեժիմը[11]։
Հուլիսի 16-ին ժամը 03:40-ի սահմաններում նկատվել է հակառակորդի շարժ։ Կիրառելով շրջանաձև պաշտպանություն, հայկական ստորաբաժանումները չեզոքացրել են հակառակորդի դիվերսիոն հարձակման փորձը, որին մասնակցել են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումների 100 զինծառայողներ․ նրանք հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել «Անվախ» անունով հայտնի դիրքի ուղղությամբ[31][32][33][34]։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ի սահմաններում սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից[35]։ Այդ գործողությունների արդյունքում հայկական կողմը զոհեր չի ունեցել։ Ավելի ուշ հայկական կողմը հայտարարել է, որ խոցել է «հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը»[36]։
Համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության՝ գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումը հարձակում է իրականացրել Հայաստանի զինված ուժերի «Անհաղթ» մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պնդմամբ գրոհը կանխվել է, Ադրբեջանն ունի կորուստներ[37][38]։ Ադրբեջանական կողմը հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը[39]։
Հուլիսի 14-ին ադրբեջանցի հաքերները հարձակում են իրականացրել gov.am, e-gov.am և primeminister.am պաշտոնական կայքերի վրա, որտեղ տեղադրվել են Ալիևի ուղերձը և Մուբարիզ Իբրահիմովի նկարը։ Այդ ամենից հետո կայքերի հասանելիությունը հայկական կողմից անջատվել է։ ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ այդ հարձակումների արդյունքում տեղի չի ունեցել գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք։ Ըստ նրա՝ թվային հարձակումն իրականացվել է «Anti-armenia Team» հաքերային խմբի երկու անդամների կողմից[40]։
Սամվել Մարտիրոսյանը 19:46-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հայկական հաքերային թիմերից մեկը հարձակում է իրականացրել և կոտրել Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքեր, փոխել դրանց DNS կարգավորումները, ինչի արդյունքում այդ կապի օգտատերերը տարբեր կայքեր այցելելուց հայտնվել են մի էջում[41], որի մեջ գրված է «եթե դուք չդադադրեցնեք մեր ռեսուրսների վրա հարձակումները, ապա մենք կոչնչացնենք ձեր բոլոր ինտերնետ մատակարարներին»։
«Մոնթե Մելոքնյան կիբեռ բանակ» հաքերային թիմը հուլիսի 14-ին՝ ժամը 20:03-ին հայտարարել է, որ իրենց հասանելի են դարձել ադրբեջանական ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները և հաջողությամբ կազմակերպել դրանց արտահոսք[42]։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմը չունի կորուստներ[43]։ Հակառակ կողմը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկու կողմերն էլ ունեն կորուստներ, սակայն հայկական կողմի կորուստները պաշտոնապես հաստատված չեն ՀՀ ՊՆ-ի կողմից[44]։
Հուլիսի 12-ին Ադրբեջանի ՊՆ-ի մամլո խոսնակը հայտարարել է, որ առավոտյան Ադրբեջանի կատարած հրետանային հարձակման արդյունքում հայկական կողմն ունի «ծանր կորուստներ»[45], ինչը նույնպես պաշտոնապես հերքվել է ՀՀ ՊՆ-ի կողմից։ Հայական կողմը հայտնել է միայն 2 թեթև վիրավորում ստացած ոստիկանների մասին։ Քիչ անց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ հայկական կողմը ունի 5 վիրավոր՝ 2 ոստիկան և 3 պայմանագրային զինծառայող, որոնք ստացել են թեթև վիրավորումներ[46]։
Ադրբեջանական կողմը հայտարարել է հայկական կրակակետեր, ռադիոլոկացիոն կայան, ռազմական տեխնիկա (տանկ, զրահամեքենա) ոչնչացնելու մասին, ինչպես նաև 20-ից ավելի հայ զինծառայողների մահվան մասին, ինչը ՀՀ ՊՆ մամլո խոսնակի կողմից պիտակվել է որպես «ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն»[47]։
Հուլիսի 14-ին՝ ժամը մոտ 14։30֊ին, հայկական կողմը հաստատել է երկու զոհի մասին տվյալները։ Զոհված զինծառայողներն են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը[48]։ Նույն օրը՝ 18:13-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարել է ևս 2 զինծառայողի զոհվելու մասին։ Զոհերն են ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը[4]։
Հուլիսի 15-ին հայկական կողմը հայտնել է, որ ունի 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ հինգինը՝ միջին ծանրության՝ դրական դինամիկայով[5]։
Կոչում | Անուն | Ծննդյան ամսաթիվ | Մահվան ամսաթիվ | Թաղման ամսաթիվ | Թաղման վայր |
---|---|---|---|---|---|
Կապիտան | Սոս Էլբակյան | 1992 թվական[49] | Հուլիսի 14 | Հուլիսի 16[50] | Մարմաշեն |
Մայոր | Գարուշ Համբարձումյան | 1989 թվական[49] | Հուլիսի 14 | Հուլիսի 16 | Եռաբլուր, Երևան |
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ | Սմբատ Գաբրիելյան | Հուլիսի 14 | |||
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ | Գրիշա Մաթևոսյան | Հուլիսի 14 |
Ադրբեջանական կողմը ի սկզբանե հայտարարել էր 2 ադրբեջանցի զինվորի մահվան և 5 զինվորի վիրավորման մասին։ Մի քանի ժամ անց նրանք հայտնել են, որ վիրավորում ստացած զինվորներից մեկը մահացել է հիվանդանոցում։ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հակառակորդը ունի ոչ միայն մարդկային, այլ նաև անօդաչու թռչող սարքի կորուստ[51], սակայն ադրբեջանական կողմը հերքում է դա[52]։
Հուլիսի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը նշել է․ որ ադրբեջանական կորուստներն աճել են, մահացել է ևս մեկ զինվոր[45], ինչի հետևանքով ադրբեջանցի զոհերի թիվը դարձել է 4։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի մի քանի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև կամիկաձե[53]։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես ընդունել է ընդհանուր 11 զինծառայողի[54] և 1 քաղաքացիական անձի[55] մահվան փաստը։
Ըստ հայկական կողմի՝ ադրբեջանցիները մարտական գործողությունների ընթացքում կորցրել են 3 հետախուզական և 10 հարվածային ԱԹՍ-եր[11]։
Կոչում | Անուն | Ծննդյան ամսաթիվ | Մահվան ամսաթիվ | Թաղման ամսաթիվ | Թաղման վայր |
---|---|---|---|---|---|
Սերժանտ | Սադիգով Վյուգար Լատիֆօղլուն | 1987[56] | Հուլիսի 12 | Հուլիսի 13[57][58][59][60] | Գյոյջալի[57] |
Պայմանագրային զինծառայող, ավագ[61] | Մամմադով Էլշադ Դյոնմեզօղլուն | 1996[62] | Հուլիսի 12 | Հուլիսի 13[63] | Աղդամ |
Պայմանագրային զինծառայող | Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն | 2002[62] | Հուլիսի 12 | Հուլիսի 13[63] | Բալիկ[63] |
Ավագ լեյտենանտ | Մահմուդով Ռաշադ Ռաշիդօղլու | 1992[64] | Հուլիսի 13[65] | Հուլիսի 13[63] | |
Գնդապետ | Իլգար Միրզեև | 1973 | Հուլիսի 14 | Հուլիսի 15[66] | Պատվո պուրակ, Բաքու |
Մայոր | Նովրուզով Անար Գյուլվերդիօղլու | 1976 | Հուլիսի 14 | Հուլիսի 14[67][68] | Մասալը[67] |
Մայոր | Նամիք Հաջանօղլու | 1984[68] | Հուլիսի 14 | Հուլիսի 14[67][68] | Յուխարի Սալահլի[68] |
Գեներալ-մայոր | Փոլադ Հաշիմով | 1975[69] | Հուլիսի 14 | Հուլիսի 15[66] | Պատվո պուրակ, Բաքու[66] |
Պայմանագրային զինծառայող | Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլու | 1992[70] | Հուլիսի 14 | Հուլիսի 14[70][71] | Հասանսու[70] |
Ենթասպա | Զեյնալլը Իլգար Այազօղլու | 1995[71] | Հուլիսի 14 | Հուլիսի 14[70][71] | |
Ենթասպա | Բաբաև Յաշար Վասիֆօղլու | 1987[72] | Հուլիսի 14 | Հուլիսի 15[72] | Քյոչասգար[72] |
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը մեղադրել է Ադրբեջանի զինված ուժերին հրադադարի ռեժիմը խախտելու համար և դատապարտել Ադրբեջանի կառավարությանը։ Ըստ Նաղդալյանի՝ «սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»[73]։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին։ Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու»[74]։
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր կնոջ Աննա Հակոբյանի բեռնած տեսահոլովակով, որտեղ սեփական տան բակում իր աղջիկը պարում է «Մեր անունն է հայկական բանակ» երգի ներքո[75]։
Հուլիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանին «անվերապահ աջակցություն» հայտնելու մասին հայտարարության վերաբերյալ՝ դատապարտելով Թուրքիայի՝ տարածաշրջանում անկայունություն հաստատելու փորձերը[76]։
Ադրբեջանի նախագահական անձնակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեղադրել է Հայաստանի կառավարությանը՝ ասելով, որ Կորոնավիրուսային համաճարակի հետևանքով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներից բնակչությանը շեղելու համար հայկական կողմը սրում է իրավիճակը[77]։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բախումների ընթացքում ադրբեջանական կողմը տարածքի ոչ մի կորուստ չի կրել[78]։
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է, որ «Ադրբեջանը երբեք չի ընդունի իր տարածքների 20%-ի կորուստը[79]։
Բագրատ Գալստանյանը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը, նշել է․ «որքան էլ թշնամական ուժերը փորձում են անհանգստություն պատճառել, սա մեր գյուղն է, մեր ժողովուրդը, խաղաղ ու հանգիստ, պատրաստ ամեն վայրկյան ամեն ինչի։ ․․․Կորուստներն էլ են մերը, ձեռքբերումներն էլ»[80]։
Հուլիսի 15-ին ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց անց են կացրել բողոքի ակցիա՝ շենքի վրա նետելով բորշչ և նշելով, որ դա իրենց պատրաստած բորշչն է։ Նրանք վանկարկել են «Ուկրաինա՛, մի սադրիր» և «Չաջակցել ագրեսորին»[81][82]։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին զոհված 4 զինծառայողները՝ Գարուշ Վեմիրի Համբարձումյանը («Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ), Սմբատ Գևորգի Գաբրիելյանը (Մարտական ծառայության մեդալ), Գրիշա Վահանի Մաթևոսյանը (Մարտական ծառայության մեդալ) և Սոս Փայլակի Էլբակյանը (Արիության մեդալ) հետմահու պարգևատրվել են[83][84]։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այլ հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել[85]։
Բախումները ադրբեջանական հասարակության մեջ տարբեր արձագանքներ են ստացել։ Սոցիալական մեդիում տարածվել են #Müharibəistəmirəm (Ես չեմ ուզում պատերազմ) և #Müharibəistəyirəm (Ես ուզում եմ պատերազմ) հեշթեգերով գրառումներ։ Ըստ Aze Voice-ի՝ խաղաղապաշտական օգտատերերի մեծ մասը ձախակողմյանները, լիբերալները և առաջադիմականները, իսկ պատերազմի կողմնակիցները՝ աջակողմյանները, ազգայնականները և պահպանողականները[86]։
Նախնական բախումներից մի քանի ժամ անց Աղդամ գյուղի բնակիչները կազմակերպել են ցույց՝ ի աջակցություն ադրբեջանցի զինվորների[87]։
Հուլիսի 12-ին՝ մոտ 23։00-ին, ցույց է տեղի ունեցել Քոբու բնակավայրում, որտեղ ապրում են նախկին արցախաբնակ ադրբեջանցիներ։ Ցուցարարները բղավել են՝ «Ղարաբաղ», «Ազատություն» և «Նահատակները չեն մեռնում, հայրենիքը չի կիսվի»՝ շարժվելով դեպի Ազատության հրապարակ։ Տեղական ոստիկանությունը միջամտել է, սակայն չի կարողացել կանգնեցնել ցուցարարներին։ Մոտ ժամը 1:00-ին ցուցարարները հասել են Սաբայիլ։ Ցուցարարները հեռարձակել են իրադարձությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, որը դիտում էր մոտ 30 հազար մարդ[88]։ Մոտ ժամը 1:40-ին ոստիկանությունը ցրել է ամբոխին, իսկ ուղիղ եթերը ջնջվել է[89]։
Ժամը մոտ 3:20 ցույց է տեղի ունեցել նաև Խոջասանում[90], որը տևել է ընդամենը 20 րոպե, քանի որ միջամտել է ոստիկանությունը և ներքին զորքերը[91]։
Մոտ 20:00-ին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով ցուցարարների խումբ է հավաքվել Թովուզում՝ աջակցելու Ադրբեջանի ԶՈՒ-ին։ Ցուցարարները, որոնք ցույց են տվել Գորշ գայլերի նշանը, վանկարկել են «մենք անվախ թուրքեր ենք» և «երկար կյանք Ադրբեջանին»։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ նրանք ցանկացել են կամավոր միանալ զինված ուժերին[92]։
Հուլիսի 14-ին՝ մոտ 16:00-ին, Սումգայիթում[93] և Ահմեդլիում[94] սկսվել է «Ղարաբաղ երթը», որի հարյուրավոր ցուցարարներ վանկարկել են կոչեր, ինչպիսիք են, օրինակ, «Ադրբեջան», «Ղարաբաղը մերն է», «Նահատակները չեն մեռնում, հայրենիքը չի կիսվի»[95]։ Ցույցերը հետո սկսել են տարածվել Բաքվի այլ մասերում ևս[96], ինչից հետո հավաքվել են հազարավոր ցուցարարներ[94]։ Ըստ ցուցարարների՝ երբ նրանք հասել են Կույսի աշտարակի մոտ[97], մասնակիցների թիվը եղել է մոտ 15 հազար։ Ժամը 23:30-ին ցուցարարները հասել են Շեհիդների պուրակ, նրանք սկսել են բացականչել «Կամ Ղարաբաղ, կամ մահ»[98] և «թող կարանտինը ավարտվի, թող պատերազմը սկսվի»[99]։ BBC News-ը նշում է, որ ավեի քան 30 հազար մարդ է մասնակցել ցույցին[100]։ Ըստ Muntazir-ի՝ սկզբնական ցույցի վերջում եղել են 10 հազար ցուցարարներ[101]։
Սկզբնական ցույցերից հետո ավելի փոքրաթիվ մի խումբ ներխուժել է Ազգային ժողովի շենք[102]։ Ցուցարարները, որոնք հավաքել են առաջին հարկում, վնասել են Ազգային ժողովի շենքի գույքը, որի արժեքը ընդհանուր կազմել է 22,150 ադրբեջանական մանաթ[103]։ Այս ամենից հետո ոստիկանությունը պահանջել է լքել Ազգային ժողովը և դուրս է մղել ցուցարարներին այնտեղից[104]։ Չնայած դրան՝ որոշ ցուցարարներ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ և մարմնական վնասվածքներ հասցրել 7 ոստիկանի։ Բացի դա՝ ցուցարարները վնասել են նաև 2 ոստիկանական և 14 պետական ավտոմեքենա[105]։
Հուլիսի 13-ին ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը և պահվում է Բաքվի Նարիմանով շրջանի ոստիկանական տեղամասում։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ (պետության դեմ կոչեր) և 282-րդ հոդվածներով (սադրանք)։ Տարբեր կարծիքներ են հնչում այն մասին, որ ձերբակալության իրական պատճառը Ղազիևի այն հայտարարությունն էր, որով նա հայտնում էր ադրբեջանական կողմի 12 զոհ ունենալու մասին։ Ըստ պետանվտանգության ծառայության տարածած հաղորդագրության` Ղազիևիը «սոցիալական ցանցերում նպատակաուղղված տարածել է սադրիչ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանել, քաղաքացիներին անկարգությունների և պետական մարմինները գրավելու կոչ է արել»[106][107]։
Հուլիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա է գտնվել Նախարարների կաբինետի նիստին։ Դրա ժամանակ նա քննադատել է Արտաքին գործերի նախարարությանը՝ ասելով, որ իրենց գործողությունները պետք է լինեն ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական։ Նա ասել է․ «ի՞նչով էր զբաղված ԱԳ նախարարը։ Ո՞րտեղ է նա եղել։ Հուլիսի 12-ի իրադարձություններից հետո մենք եղել ենք աշխատանքի։ Վարչապետն աշխատանքի է, ես աշխատանքի մինչև առավոտ։ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Ներքին գործերի նախարարը, հետախոզության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում են մինչև առավոտ։ Ես չկարողացա գտնել արտգործնախարարին»։ Ինչից հետո նա Ալի Ասադովին հարցրել է, թե որտեղ է Էլմար Մամեդյարովը, ինչին ի պատասխան՝ լսել է, որ նա աշխատում է տնից[108][109]։ Մի քանի ժամ անց արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, որ այդ պաշտոնում է 2004 թվականից սկսած, ներկայացրել է զբաղեցրած պաշտոնից հրաժարական[110]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.