վիրուսային վարակիչ հիվանդություն From Wikipedia, the free encyclopedia
Կարմրուկ, մանկական բարենպաստ վիրուսային վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով, ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Կոպլիկի բծերով)։
Կարմրուկ | |
---|---|
Կարմրուկի էտապային ցանը երեխայի մոտ՝ հիվանդության 4-րդ օրը | |
Տեսակ | notifiable disease? և ախտանիշ կամ նշան |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | տենդ[1], հազ[1], քթահոսություն[1], maculopapular rash?[1], ավշային հանգույցների բորբոքում[1], անորեքսիա[1], լուծ[1], Կոպլիկի բիծ, Կոնյունկտիվիտ և Stimson's triad? |
Հետևանք | 2008 measles epidemic in France? |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Կոպլիկի բիծ, ELISEA? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա[2] |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Բուժում | supportive care? |
Measles Վիքիպահեստում |
Հիվանդությունը հայտնի է արդեն երկու հազարամյակ։ 18-րդ դարում միայն այն անջատվեց «ցանային» հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր։ 1911 թ. Ջ. Ֆ. Անդերսոնը և Ջ. Գոլդբերգերը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թ. Ջ. Էնդերսը և Թ. Չ. Փիբլսը ստացան կարմրուկի վիրուսը։
Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի՝
Առաջին փուլը բնորոշվում էր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ։ Զարգացման երկրորդ շրջանը նշանավորվեց մահացության էական իջեցմամբ, սակայն դեռևս բարձր հիվանդացությամբ։ Կարմրուկի պատմության զարգացման մեջ խիստ կարևորագույն էտապ էր 1967 թվականին գործնական կիրառություն ստացած շճականխարգելումը, որը հնարավորություն տվեց էապես նվազեցնել հիվանդացությունը և այդ վարակը դարձրեց «կառավարելի»։
Հիվանդության հարուցիչը միքսովիրուսների ընտանիքին և «Morbillivirus» ցեղին պատկանող 120-250 նմ չափերով ֆիլտրվող վիրուսն է։ Ունի բարդ անտիգենային կառուցվածք և ինֆեկցիոն, կոմպլեմենտ կապող, հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ հատկություններ։ Այս անտիգենները օրգանիզմում առաջացնում են համապատասխան հակամարմիններ։ Կարմրուկի վիրուսը պարունակում է ՌՆԹ։ Այն առաջին անգամ՝ 1954 թ. ստացել են ամերիկացիներ Էնդերսը և Պիբլսը, որոնք մշակել են վիրուսի աճեցման մեթոդը հյուսվածքային կուլտուրաներում։ Հարուցիչը խիստ անկայուն է արտաքին միջավայրում, արագ ոչնչանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և տեսանելի լույսից։ Խիստ զգայուն է չորացման հանդեպ։ Արագ (30 րոպեի ընթացքում) ինակտիվանում է 56 °C-ից բարձր ջերմաստիճանում, թթու միջավայրում (pH-2,0-4,0), ախտահանիչների ազդեցությունից։ Համեմատաբար կայուն է ցածր ջերմաստիճանում։ Մինչև -72 °C հիվանդի սառեցված արյունը պահպանում է իր վարակիչ հատկությունները 14 օր։ Հիվանդության կատարալ շրջանում և ցանավորման առաջին ժամերին վիրուսը կարելի է ստանալ արյունից և քիթ-ըմպային արտադրուկից։ Ախտահարված հյուսվածքներում կարմրուկի վիրուսը կարող է առաջացնել սինցիտիաներ և գիգանտ բազմակորիզ բջիջներ։
Կարմրուկային վիրուսի տարատեսակներից է (սիբս) շների և եղջերավորների ժանտախտի վիրուսը, որը օժտված է հակակարմրուկային հակամարմիններ առաջացնելու հատկությամբ, հետևաբար և հակակարմրուկային հակամարմինը (իմունոգլոբուլինը) արդյունավետ է այդ հիվանդությունների նկատմամբ։
Կարմրուկը անթրոպոնոզ, դասականորեն մանկական վարակ է։ Վերջին 10-15 տարիներին հիվանդացությունը աճել է 16-17 տարեկանների և մեծահասակների շրջանում։ Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է՝ ինկուբացիոն շրջանի (գաղտնի շրջան) վերջին օրերից, ողջ կատարալ և որոշ չափով ցանավորման շրջանում։
Վիրուսակրություն կարմրուկի համար գոյություն չունի։ Աբորտիվ և միտիգիրացված (թուլացված) ձևերով հիվանդները նույնպես վարակի աղբյուր են, սակայն ավելի կարճատև և քիչ վարակիչ։
Վարակի փոխանցման մեխանիզմը աէրոգենն է՝ օդակաթիլայինը։ Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսելու ժամանակ։ Չի բացառվում կարմրուկի տրանսպլացենտար փոխանցումը։ Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ համընդհանուր է, մոտենում է 100%-ի։ Անընկալունակ են մինչև 3 ամսական երեխաները։ 99% դեպքերում կրած հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն իմունիտետ ողջ կյանքի ընթացքում։ Կրկնակի հիվանդացությունը խիստ հազվադեպ երևույթ է։ Հետպատվաստային իմունիտետը ձևավորվում է պատվաստված մարդկանց 90%-ի մոտ և պահապանվում է 20 տարի։
Կարմրուկն ունի պարբերականություն՝ 8-10 տարին մեկ անգամ։ Պլանային պատվաստումները փոխեցին հիվանդության դասական սեզոնայնությունը (դեկտեմբեր-հունվար) և այժմ այն առավել հաճախ հանդիպում է գարնան-ամռան ամիսներին։
Կարմրուկին բնորոշ է օջախայնությունը, հատկապես «ակտիվ» օջախներ են համարվում փակ կոլեկտիվները՝ մանկատներ, մանկամսուրներ, մանկապարտեզներ և այլն։ Վերջին տարիներին կարմրուկը հանդիպում է սպորադիկ դեպքերի ձևով։
Նախկինում մահացությունը խիստ բարձր էր, հատկապես կյանքի առաջին 2 տարիներին։ Մահացությունը վաղ հասակում պայմանավորված էր հիմնականում թոքային, իսկ դեռահասների մոտ՝ նյարդային բարդություններով։
Վարակի մուտքի դռներ են վերին շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից ներթափանցելով օրգանիզմ՝ վիրուսը բազմանում է շնչական ուղիների էպիթելում և շրջանային ավշային հանգույցներում։ Ինկուբացիոն շրջանի 3-5-րդ օրը դիտվում է կարճատև վիրուսեմիա։ Վիրուսը հեմատոգեն (արյան միջոցով) տարածվում է ողջ օրգանիզմով, ֆիքսվում և կուտակվում է ռետիկուլոէնդոթելյար համակարգում։ Իմուն համակարգի փոխազդեցությունը վիրուս պարունակող բջիջների հետ ուղեկցվում է վերջիններիս ցիտոլիզով (քայքայմամբ) և երկրորդային թափանցմամբ արյան մեջ (երկրորդային վիրուսեմիա)։ Էպիթելիոցիտների նկատմամբ ունեցած տրոպիզմի շնորհիվ վիրուսը նորից ֆիքսվում է բերանի խոռոչի, աչքի, շնչական ուղիների լորձաթաղանթում։ Քայքայված վիրուսի կոմպոնենտներով պայմանավորված ալերգիան պատճառ է հանդիսանում անոթների վնասման, այտուցի, և բջիջների ու հյուսվածքների նեկրոզի։
Կարմրուկային ցանային էլեմենտը անոթային էնդոթելի վնասման հետևանքով շուրջանոթային բորբոքային օջախն է։
Վիրուսի տրոպիզմը ԿՆՀ-ի նկատմամբ կարող է պատճառ հանդիսանալ կարմրուկային էնցեֆալիտի։
Կարմրուկից մահացած մարդկանց աուտոպսիայի ժամանակ վերին շնչուղիներում, բերանի խոռոչում, աղեստամոքսային տրակտում դիտվում են ալտերնատիվ և պրոլիֆերատիվ փոփոխություններ, համարյա բոլոր օրգաններում հայտնաբերվում են նեկրոտիկ փոփոխություններ, լյարդում, փայծաղում, ավշային հանգույցներում՝ շուրջանոթային ինֆիլտրատներ։ Ուղեղի թաղանթներում և ուղեղանյութում առկա են այտուցը, անոթային արյունալեցվածությունը, դիաբեդեզ արյունազեղումները, տարբեր մեծության շուրջանոթային ինֆիլտրատները (գրանուլեմաներ)։
Վերջին տարիներս կարմրուկի կլինիկական ընթացքի վերլուծությունը ցույց է տալիս, որ ժամանակակից պայմաններում դեռևս պահպանվել են դասական կարմրուկի ընթացքի հիմնական օրինաչափությունները՝ կապված նրա հարուցչի անտիգենային կայունության հետ։
Կլինիկական հիմնական փուլերը 4-ն են՝ ինկուբացիոն, նախանշանային (կատարալ), ցանավորման և ռեկոնվալեսցենցիայի (պիգմենտացիա)։
Ինկուբացիոն շրջանի տևողությունը 9-11 օր է։ Հազվադեպ այն կարող է կրճատվել մինչև 7 օր կամ երկարել մինչև 21 օր (պասիվ իմունիզացիայի շնորհիվ)։
Կատարալ շրջանը սկսվում է սուր։ Այն տևում է 1-6, միջինը 3-4 օր։ Այս շրջանին բնորոշ է 2 համախտանիշ՝ ինտոքսիկացիոն և կատարալ։ Սկզբում ի հայտ է գալիս հարբուխը՝ քթից շճային կամ շճա-թարախային արտադրությամբ։ Այնուհետև վերը նշվածին միանում է չոր, կպչուն հազը, որն ընդունում է «հաչոցանման» բնույթ, ձայնը խռպոտվում է։ Արտահայտված է ռինիտը, կոնյուկտիվիտը, կոպերի այտուցը, սպիտաթաղանթի գերարյունությունը և աչքից թարախային արտադրությունը։ Հաճախ կոպերը կպչում են, աչքում ծակոցի զգացում կա, հիվանդին գրգռում է վառ լույսը (լուսավախություն)։ Կա արտահայտված արցունքահոսություն։ Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ծանր դեպքերում հասնելով 39-40 °C: Հիվանդները թույլ են, ադինամիկ, ախորժակը, քունը՝ խանգարված, անհանգստացնում է գլխացավը։
Այս շրջանում հիվանդն ունի բնորոշ տեսք՝ դեմքն այտուցվում է (աչքերը, քիթը և շրթունքները)։ Առկա է տրիադան՝ հարբուխ, հազ, կոնյուկտիվիտ, ինչը խիստ բնորոշ է կատարալ շրջանին։ Փափուկ քիմքի վրա կարելի է տեսնել էնանթեման՝ բավական խոշոր, մուգ կարմրավուն բծերի տեսքով։ Այտերի ներսային մակերեսը այտուցված է, գերարյուն. բծավոր։ Ցանավորումից 1-2 օր առաջ նրանց վրա, փոքր աղորիքների դիմաց, հազվադեպ՝ նաև շրթունքներին հայտնվում են կարմրուկի պաթոգնոմոնիկ նշանը հանդիսացող Կոպլիկ-Բելսկու-Ֆիլատովի բծերը։ Վերջիններս մանր սպիտակավուն հանգույցիկներ են, սահմանագծված հիպերեմիայի նուրբ պսակով, չեն միաձուլվում։ Դրանք մեռուկացված էպիթելի փոքրիկ տեղամասեր են։ Այդ բծերի հայտնաբերումը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունն առանց ցանավորման։ Արտաքինից թվում է, որ այտերի լորձաթաղանթին սպիտակահատ ձավար է շաղ տված։ Բծերը կարող են լինել առատ կամ շատ նոսր։ Շատ հազվադեպ դրանք կարող են միաձուլվել և տարածվել նույնիսկ շաղկապենու վրա։ Գրականության մեջ նկարագրված են դեպքեր, երբ այդ բծերը հայտնվել են անուսի և վուլվայի լորձաթաղանթին։ Այս շրջանում այդ բծերը երբեմն ծածկվում են սպիտակա-գորշավուն փառերով, որը վկայում է էպիթելի դեսկվամացիայի և նեկրոզի մասին։ Որոշ դեպքերում առկա է աղեստամոքսային տրակտի դիսֆունկցիան, որպես աղիների նմանատիպ ախտահարում։
Այսպիսով, արդեն կատարալ շրջանի վերջում հիվանդի տեսքը խիստ բնորոշ է՝ փքված դեմք, այտուցված կոպեր, արցունքահոսություն, լուսավախություն, չոր հազ, հարբուխ։
Հիվանդության 3-5-րդ օրը, ինտոքսիկացիայի և կատարալ երևույթների առավելագույն ֆոնի վրա ի հայտ է գալիս էտապային ցանը։ Կարմրուկի ժամանակ ցանի էտապայնությունն այնքան լավ է արտահայտված, որ գրավում է հիվանդի և շրջապատի ուշադրությունը։ Առաջին օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը, երկրորդ օրը՝ իրանի մնացած մասերը, իսկ երրորդ օրը՝ վերջույթները։ Ցանն ունի հանգուցիկաբծավոր բնույթ, միաձուլվող է, մաշկը նրա տակ բորբոքված չէ։ Ցանային առաջնային էլեմենտը փափուկ, կարմրավուն հանգույցիկ է, մոտ 2 մմ տրամագծով, մաշկից քիչ բարձրացած, որը հետզհետե, ըստ Ն. Ֆիլատովի (1903 թ.), կարծես «նստում է» և նրա շուրջը առաջանում է վարդագույն պսակ՝ հանգույցիկը դարձնելով բիծ։ Այսպիսով ձևավորվում են, Ֆիլատովի խոսքերով ասած, վառ կարմիր, անհարթ եզրերով, ճաճանչաձև կամ կտրտված «հիասքանչ» կարմրուկային տարրերը։
Սովորաբար կարմրուկային ցանը վառ կարմիր է, լավ տեսանելի, առատ, ցանային տարրերն անընդհատ շատանում են, իսկ ցանից ազատ տեղամասերում մաշկը փոփոխված չէ։ Ցանը կարող է ուղեկցվել չափավոր քորով։
Պիգմենտացիայի շրջանը բնութագրում է ցանի անհետացմամբ, որը տեղի է ունենում նույն հաջորդականությամբ, ինչպես առաջացել էր՝ վերից վար, երեք օրվա ընթացքում ցանի հանգուցիկավոր բնույթը կորչում է, դառնում է մուգ կարմրաշագանակագույն՝ մանր թեփուկավոր թեփոտմամբ։ Սա բնութագրում է պիգմենտացիայի շրջանը, որպես էրիթրոցիտների դիաթեդեզ դեպի մաշկ և հեմոսիդերինի քայքայման հետևանք։ Պիգմենտացիան՝գունակավորումը, նույնպես էտապային է՝ նույն կարգով։ Առավել ցայտուն է պիգմենտացիան ցանավորման 2-3 օրը և պահպանվում է 1.5-3 շաբաթ։
Այսպիսով, կարմրուկին առավել բնորոշ է տենդը, ռինիտը, լարինգիտը, կոնյուկտիվիտը, Կոպլիկ-Բելսկու-Ֆիլատովի բծերը և էկզանթեման։
Որոշ հիվանդների մոտ կատարալ և ցանավորման շրջանում կարելի է տեսնել պարանոցային և հետին ծոծրակային ավշահանգույցների մեծացում, ինչպես նաև հեպատոսպլենոմեգալիա (լյարդի և փայծաղի մեծացում)։
Հիվանդության առաջին շաբաթում դիտվում է հաճախասրտություն, սրտի տոների խլացում՝ առանց սահմանների փոփոխման, զարկերակային ճնշման չափավոր բարձրացում։ Հիվանդության ծաղկման շրջանում հաճախասրտություն և շնչական առիթմիա, սրտի գագաթում՝ սիստոլիկ աղմուկ։
Թոքերում՝ պերկուտոր հնչյունի տիմպանիկ երանգ, բազմաթիվ չոր և տարբեր տրամաչափի թաց խզզոցներ։
Աղեստամոքսային տրակտի կողմից՝ անոռեքսիա, սրտխառնոց, երբեմն փսխում և լուծ։ Լեզուն խոնավ է, պատված սպիտակ փառով, թքարտադրությունն ուժեղացած է։ Որովայնը փափուկ է, քիչ փքված, շոշափման ժամանակ՝ զգայուն։
Ծայրամասային արյան մեջ՝ լեյկոպենիա, բացարձակ և հարաբերական նեյտրոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, անէոզինոֆիլիա։ Հնարավոր է թրոմբոցիտոպենիա, ԷՆԱ-ն՝ նորմալ կամ քիչ արագացած, հեմոգլոբինը առանձնապես փոփոխված չէ։
Մեզում՝ չափավոր պրոտեինուրիա (սպիտամիզություն), էրիթրոցիտուրիա և լեյկոցիտուրիա, որը համապատասխանում է ինտոքսիկացիային։
Տարբերում են՝
Ըստ ծանրության բաժանվում է 3 տեսակի՝ թեթև՛, միջին ծանրության', և ծանր։
Ներկայումս այս ձևերը հիմնականն են։ Բնորոշվում են ցիկլայնությամբ, շրջանների հաջորդական հերթափոխմամբ և ախտանիշների լրիվ դրսևորմամբ։
Ատիպիկ ձևերը (աբորտիվ, միտիգիրացված՝ թուլացված, ջնջված, անախտանիշ) հանդիպում են ավելի հազվադեպ՝ 5-7% դեպքերում։ Այս ձևերը հանդիպում են ինկուբացիոն շրջանում գամագլոբուլին, արյուն կամ արյան պրեպարատներ ստացածների մոտ։ Նման դեպքում ինկուբացիոն շրջանը երկարում է մինչև 21 օր, ախտանիշները ջնջվում են, որևէ փուլը կարող է բացակայել։ Ինտոքսիկացիան աննշան է, ցանավորման շրջանը՝ 1-2 օր։ Ցանը՝ մանր բծավոր է, էտապայնությունը՝ ջնջված։ Պիգմենտացիան կարճատև է։ Կոպլիկ-Բելսկու բծերը բացակայում են։
Աբորտիվ ձև (լատիներեն՝ abortus – ընդհատում բառից)։ Այս ձևը սկսվում է տիպիկ, բայց ցանի ի հայտ գալուց 1-2 օր առաջ կարծես «ընդհատվում» է։ Ցանը մանր է, ոչ առատ, տեղակայվում է միայն դեմքին և իրանին, պիգմենտացիան կարճատև է 1-3 օր։ Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է հիվանդության միայն առաջին օրը։
Միտիգիրացված կարմրուկ (լատիներեն՝ mitis - թեթև բառից)։ Հանդիպում է պասիվ կանխարգելում ստացած մարդկանց մոտ (ինկուբացիոն շրջանում իմունոգլոբուլինի ներարկում)։ Նման ձևը կարող է զարգանալ այդ նույն շրջանում կարմրուկային պատվաստանյութ ստացածների մոտ։ Բնորոշվում է հիվանդության ողջ ընթացքի թեթևությամբ։
Հիվանդների շճաբանական հետազոտությունները ցույց են տվել գամմագլոբուլինային կանխարգելում ստացած երեխաների մոտ այս հիվանդությունը կարող է ընդունել ամենատարբեր ատիպիկ ձևեր՝ ջնջված և նույնիսկ ինապարանտ (անախտանիշ ձևեր)։ Վերջիններս ախտորոշումը հնարավոր է միայն կրկնակի շճաբանական հետազոտության միջոցով։
Ատիպիկ կարմրուկով կարող են հիվանդանալ այս կամ այն հիվանդության պատճառով պրեդնիզոլոն կամ այլ կորտիկոստերոիդ հորմոններ ստացած հիվանդները։ Նրանք բավական ծանր են տանում այս հիվանդությունը։
Ժամանակակից պայմաններում, կապված կարմրուկի տարիքային աճի հետ, հղիների հիվանդացման հաճախականությունը մեծացել է։ Կարմրուկի նախա և հետծննդյան ախտորոշումը հիմնվում է մոր հիվանդության վրա։
Կարմրուկի ընթացքը կարող է լինել հարթ և բարդացված։ Հարթ ընթացքի դեպքում հիվանդության վերջին շրջանում մարմնի ջերմաստիճանը նորմալանում է, վերանում են բոլոր ախտանիշները։ Անհարթ կամ բարդացված ընթացքի դեպքում որպես բարդություն միանում է երկրորդային բակտերիային վարակը, բազմաթիվ քրոնիկ օջախներ ակտիվանում են և կախված նման բարդություններից, հիվանդության ելքը տարբեր է։
Կարմրուկային վարակին խիստ բնորոշ են բազմաթիվ ծանր բարդություններ, որոնք պայմանավորված են վիրուսի՝ էպիթելիոցիտների և ԿՆՀ-ի նկատմամբ ունեցած տրոպիզմով, ինչպես նաև նրա՝ տեղային և ընդհանուր իմունիտետն ընկճելու հատկությամբ։ Դեռ վաղուց Ֆիլատովը նշում էր, որ կարմրուկով հիվանդները մահանում են, որպես կանոն, նրա բարդություններից։ Վերջիններս հաճախ հանդիպում են վաղ մանկական հասակում, ինչը բացատրվում է այդ տարիքի երեխաների՝ երկրորդային վարակի նկատմամբ ունեցած գերզգայունությամբ, ուղեկցող հիպոտրոֆիայով, ռախիտով, արհետական սնուցմամբ և այլ ուղեկցող հիվանդություններով։
Բարդությունները կարող են լինել առաջնային (պայմանավորված կարմրուկային վիրուսով) և երկրորդային (երկրորդային բակտերիային ֆլորայի միացմամբ)։
Ըստ ժամկետների տարբերում են վաղ (կարմրուկի կատարալ և ցանավորման շրջանում) և ուշ (պիգմենտացիայի շրջանում) բարդություններ։
Բարդությունները կարելի է բաժանել ըստ ախտահարված օրգան-համակարգերի՝ շնչական (թոքաբորբեր, լարինգիտ, լարինգոտրախեիտ, բրոնխիտ, պլևրիտ), նյարդային (էնցեֆալիտներ, մենինգոէնցեֆալիտ, մենինգիտներ, պսիխոզներ), տեսողական (կոնյուկտիվիտ, բլեֆարիտ, կերատիտ, կերատոկոնյուկտիվիտ), մաշկային (պիոդերմիա, ֆլեգմոնա և այլն), լսողական (օտիտ, մաստոիդիտ), միզային ուղիների (ցիստիտ, պիելոնեֆրիտ) և այլն։
Կարմրուկի սուր, կատարալ շրջանում վերին շնչուղիների բարդություններ (լարինգիտ, լարինգոտրախեիտ, նազոֆարինգիտ և անգինաներ) են համարվում նրանց թարախային կամ թարախանեկրոտիկ բորբոքումները։ Ի տարբերություն սուր շրջանի, կարմրուկային ուշ բարդությունների մեջ են մտնում առաջացող ամենատարբեր, նույնիսկ՝ շատ թեթև և կարճատև բորբոքումները։
Կարմրուկային բարդությունները զարգանում են կարմրուկային հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատարալ երևույթներ, ցան և այլն, հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։
Դա համընկնում է կատարալ շրջանին և ցանավորման սկզբին։
Թոքաբորբերը (կարմրուկային) համարվում են երեխաների մոտ հանդիպող ամենահաճախակի բարդությունները, բնորոշվում են ցայտուն ֆիզիկալ ախտանիշներով (պերկուտոր հնչյունի կարճացում, կոշտ շնչառություն, կոպիտ չոր ու թաց խզզոցներ և այլն)։ Սա հանդիսանում է այն հիմքը, որի վրա զարգանում են երկրորդային բակտերիալ թոքաբորբերը։ Հնարավոր է հետագա թարախակալում և թարախային պլևրիտների զարգացում։
Նյարդային բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս մեծ մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։ Կարմրուկային մենինգիտը համարյա միշտ շճային է և ավարտվում է լրիվ առողջացմամբ։
Շատ վտանգավոր են կարմրուկի հետ համակցված վարակները, մասնավորապես՝ դիզենտերիան։
Կարմրուկի ախտորոշման համար առավել մեծ նշանակություն է տրվում կլինիկո-համաճարակաբանական տվյալներին լաբորատորի համեմատությամբ։ Հիվանդության ծաղկման շրջանում ախտորոշումը մեծ դժվարություն չի հարուցում՝ բավական է մանրամասն անամնեզը և մանրակրկիտ զննումը։
Կատարալ շրջանում ուշադրություն է հրավիրվում ինտոքսիկացիայի նշաններին և աճող կատարալ երևույթներին։
Հիվանդության ախտորոշման մեջ որոշիչ նշանակություն ունի Կոպլիկ-Բելսկու-Ֆիլատովի բծերը, որոնք առաջանում են ցանի ի հայտ գալուց 1-2 օր առաջ։
Մեծ նշանակություն ունի ցանի էտապայնությունը՝ հետագա պիգմենտացիայով։
Կարմրուկի լաբորատոր ախտորոշման համար օգտագործվում են հեմատոլոգիական տվյալները, ցիտոսկոպիկ մեթոդը (քթի արտադրուկի բջջաբանական հետազոտություն), վիրուսաբանական մեթոդը, շճաբանական մեթոդը (յուրահատուկ հակամարմինների հայտնաբերումը)։
Ծայրամասային արյան մեջ առկա է լեյկոպենիան, նեյտրոֆիլների քչացումը, լիմֆոցիտոզը, մոնոցիտոպենիան և անէոզինոֆիլիան։ ԷՆԱ-ն չափավոր արագացած է։
Քթարտադրուկի բջջաբանական հետազոտությունը հայտնաբերում է կարմրուկին բնորոշ բազմակորիզ գիգանտ բջիջբեր։
Վիրուսաբանական մեթոդն ավելի հազվադեպ է օգտագործվում, քանի որ այն բավական բարդ ու երկարատև է։
Շճաբանական մեթոդներից լայն տարածում է ստացել հեմագլյուտինացիայի արգելակման և ուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիան, որպես մատչելի և վստահելի մեթոդ։ Ախտորոշիչ է տիտրի քառակի և ավելի անգամ աճը։
Կարմրուկի ախտորոշման համար հեռանկարային է իմունոֆերմենտային անալիզի մեթոդը, որի օգնությամբ որոշվում է հակավիրուսային հակամարմիններից IgM և IgG-ն, ուր IgM-ը վկայում է սուր վարակի, իսկ IgG-ն՝ տարած կարմրուկի մասին։ Տարբերակվում է կարմրախտից, պսևդոտուբերկուլյոզից, Կոքսակի և ECHO վիրուսներով հարուցված էկզանթեմայից, ՍՇՎՎ-ից, քութեշից և ալերգիկ ցանից։
Պատճառագիտական բուժում չկա։ Հակակարմրուկային իմունոգլոբուլինն ունի միայն կանխարգելիչ ազդեցություն։ Կարմրուկի կլինիկական արտահայտման ժամանակ այն լրիվ անարդյունավետ է։
Չբարդացված դեպքերում հիվանդները բուժվում են տանը։ Ցուցված է անկողնային ռեժիմ, խնայող դիետա, առատ հեղուկներ, պոլիվիտամինային բուժում։ Բերանի խոռոչի (ողողումներ եռացրած ջրով կամ 2% նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով) և աչքերի (մթնեցրած լուսային ռեժիմ, 20% ալբուցիդի լուծույթի 3-4 անգամ կաթեցում) մշակումը պարտադիր է։
Հոսպիտալացման են ենթակա բարդացած կարմրուկով հիվանդները և համաՃարակային ցուցումով հիվանդները (փակ կոլեկտիվից)։
Համառ չոր հազի դեպքում նշանակվում են խորխաբերներ։ Կարմրուկային կրուպի դեպքում նշանակվում է համապատասխան բուժում (սպազմոլիտիկներ, խորխաբերներ, երբեմն՝ կորտիկոստերոիդներ և այլն)։ Հաշվի առնելով հիվանդության հարուցչի իմունիտետի ընկճման հատկությունը, բարդացման դեպքում նշանակվում է հակաբիոտիկներ (լայն ազդեցության կիսասինթետիկ պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ, մակրոլիդներ)։ Ցուցված է օքսիգենոթերապիան՝ քթային կատետրի միջոցով խոնավացրած թթվածնով։ Կարմրուկի ծանր դեպքերում, ինչպես նաև կարմրուկային կրուպի դեպքում հակաբիոտիկների հետ զուգակցում են կորտիկոստերոիդները։
Կարմրուկային թոքաբորբերի, էնցեֆալիտների, մենինգիտների, մենինգոէնցեֆալիտների բուժման սկզբունքներն ու մեթոդները նույնն են, ինչ որ այլ վիրուսային ախտահարումների դեպքում։ Արտահայտված ինտոքսիկացիայի դեպքում օգտվում են դեզինտոքսիկացիոն թերապիայից (կոլոիդ և կրիստալոիդ լուծույթներ)։
Կարմրուկի ելքը հիմնականում բարենպաստ է, իսկ նյարդային և այլ բարդությունների դեպքում խիստ լուրջ (մենինգոէնցեֆալիտներ և էնցեֆալիտներ)։
Ոչ յուրահատուկ կանխարգելումն ներառում է հիվանդների վաղ հայտնաբերումը և մեկուսացումը, կոնտակտավորների հսկողությունը։ Հիվանդներին մեկուսացնում են հիվանդության սկզբից մինչև 5-րդ օրը, իսկ թոքաբորբերով բարդացման դեպքում՝ մինչև 10-րդ օրը։
Ընթացիկ և եզրափակիչ ախտահանում չի անցկացվում՝ հաշվի առնելով հարուցչի անկայունությունն արտաքին միջավայրում։ Սենյակը, ուր պառկած է եղել հիվանդը, օդափոխում են 35-40 րոպե։ Կոնտակտավոր երեխաներին մեկուսացնում են 17 օր (եթե չեն ստացել իմունոգլոբուլին) կամ 21 օր (եթե ստացել են պասիվ իմունիզացիա)։
3-12 ամսական կարմրուկով հիվանդի հետ շփված բոլոր երեխաներին շփման առաջին հինգ օրում նորմալ մարդկային հակակարմրուկային իմունոգլոբուլին։ 12 ամսական և բարձր տարիքի շփված (կարմրուկով հիվանդի հետ) երեխաները ենթակա են ակտիվ իմունիզացիայի (պատվաստման)։ Եթե կան պատվաստման հակացուցումներ, միայն այդ դեպքում է նշանակվում իմունոգլոբուլին։
Ակտիվ իմունիզացիան անց է կացվում կենդանի կարմրուկային պատվաստանյութով։ Հակակարմրուկային պատվաստումը պլանային ձևով կատարվում է 12 ամսական հասակում միանվագ, ենթամաշկային ճանապարհով։ Հետպատվաստային ռեակցիաներով երեխաները շրջապատի համար վտանգ չեն ներկայացնում։ Հետպատվաստային իմունիտետը կայուն է 95-98% դեպքերում։ Ռեվակցինացիան անց է կացվում 6 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.