From Wikipedia, the free encyclopedia
Կանոնավոր կամ ֆրանսիական այգի (անգլ.՝ French formal garden, ֆր.՝ jardin à la française), այգի, որ երկրաչափական կանոնավոր նախագծով է հիմնված, ինչը սովորաբար արտահայտվում է համաչափությամբ և կոմպոզիցիայի կանոնավորությամբ։ Բնութագրական են ուղղագիծ ծառուղիները, ծաղկանոցները, կանոնավոր ձև ունեցող լողավազանները, երկրաչափական որոշակի տեսքով մշակված թփերը։
Կանոնավոր այգիները զարգացման գագաթնակետին են հասել Ֆրանսիայում բարոկկոյի դարաշրջանում (XVII-XVIII դարեր), ինչի օրինակ են Վերսալի այգիները, որոնք ստեղծվել են Լյուդովիկոս XIV-ի լանդշաֆտային ճարտարապետ Անդրե Լեոնոտրի նախագծով։ Կանոնավոր այգու նորաձևությունը Ֆրանսիայից անցել է եվրոպական այլ երկրներ, որտեղ էլ կանոնավոր այգիները կոչվել են ֆրանսիական (ֆր.՝ jardin à la française)[1]: Սակայն անվանումը պատմականորեն ճիշտ չէ, քանի որ նմանօրինակ այգիներ հիմնելու գաղափարը ծագել է Իտալիայում վերածննդի շրջանում` XIX դարում զարգացման հասնելով Անգլիայում, որտեղ թփերին կենդանիների, թռչունների, սնկերի, պարույրի բարդ ձևեր էին հաղորդում[2]։
Կանոնավոր այգիները լայն տարածում են ունեցել պալատների, ամրոցների շրջանում` կազմելով պալատական համալիրի բաղկացուցիչ մաս։
Ֆրանսիական կանոնավոր այգին իր արմատներով գալիս է վերածննդի շրջանի իտալական այգիներից, որի սկզբունքները XVI դարում անցել են Ֆրանսիա։ Իտալական վերածննդին բնորոշ օրինակներ են Բոբոլի այգին Ֆլորենցիայում և Մեդիչի վիլլան Ֆյեզոլեում, որոնք աչքի են ընկնում երկրաչափական կանոնավոր ձևերով, կասկադային էֆեկտով, աստիճանների ու թեքությունների միջոցով տարբեր հարթությունների միավորմամբ։ Այդպիսի այգիները հաճախ զարդարել են լաբիրինթոսներով, այրերով, հունական դիցաբանության հերոսների արձաններով։ Դրանք ներդաշնակության ու կանոնավորության խորհրդանշան են եղել։
Ֆրանսիայի արքա Շառլ VIII-ը 1495 թվականին Իտալիա կատարած իր արշավանքից հետո իր հետ Ֆրանսիա է բերել այգեգործ վարպետների, ովքեր ձևավորել են թագավորական Ամբուազ նստավայրը։ Նրան հաջորդած Հենրի II արքան, ով ևս Իտալիայում պատերազմել էր և նույնիսկ այնտեղ հանդիպել Լեոնարդո դա Վինչիին, իտալական այգի է հիմնում արքայական Բլուա դղյակի մոտ։ Սկսած 1528 թվականից` Ֆրանցիսկոս I արքան ձեռնամուխ է լինում Ֆոնտենբլո ամրոցի հարևանությամբ նոր ոճով այգի հիմնելու գործին, որտեղ նախատեսված էին շատրվաններ, Պրովանսից բերված սոճու պուրակներ, ինչպես նաև արհեստական այր, որ Ֆրանսիայում առաջինն էր[3]։ Շենոնսո դղյակում նոր ոճով երկու այգի են հիմնում. 1551 թվականին դա անում է Դիանա դե Պուատիեն, իսկ 1560 թվականին՝ Եկատերինա Մեդիչին[4]։
1536 թվականին ֆրանսիացի ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմը Հռոմից վերադառնալուց հետո ձեռնամուխ է լինում Անե դղյակի հարևանությամբ իտալական սկզբունքով այգի հիմնելուն։ Այն դառնում է ֆրանսիական կանոնավոր այգու ամենավաղ դրսևորման վառ օրինակ[5]։
Չնայած դրան` ֆրանսիական վերածննդի այգիները էապես տարբերվում էին միջնադարյան այգիներից. դրանք նախկինի պես դղյակից անկախ ճարտարապետական հորինվածք էին, որ, որպես կանոն, նրանից բաժանված էին պատով։ Բացակայում էր դղյակի և այգու ներդաշնակ փոխկապակցվածությունը. այգիներն ավելի շուտ դղյակի պաշտպանական միավոր էին հանդիսանում։ Ամեն ինչ փոխվեց XVII դարի կեսերից, երբ հիմնվեցին ֆրանսիական իսկական կանոնավոր առաջին այգիները։
Այգու և պալատի ներդաշնակ առաջին համալիրի օրինակը Ֆրանսիայի Վո լե Վիկոնտ դղյակն էր` իր այգիով, որ ստեղծվել է 1656 թվականին։ Դղյակի տերը Ֆրանսիայի գլխավոր ֆինանսիստ Նիկոլյա Ֆուկեն էր, ով պալատի կառուցումը վստահում է ճարտարապետ Լուի Լևոյին, այգու համար քանդակների ստեղծումը` նկարիչ Շառլ Լեբրյոնին, իսկ այգու հիմնադրումը` Անդրե Լենոտրին։ Առաջին անգամ Ֆրանսիայում պալատն ու այգին մշակվում են որպես ճարտարապետական մեկ համալիր։ Պալատի սանդուղքներից հիանալի տեսարան էր բացվում, որ ընդգրկում էր մոտ 1.500 մ տարածք։ Այգու համաչափությունն ու ամբողջականությունը հասցված էին կատարելության, իսկ դղյակը գտնվում էր նրա մեջտեղում` խորհրդանշելով ուժն ու հաջողությունը[6]։
Վերսալի պալատական այգիները, որ ստեղծել է Անդրե Լենոտրը 1662-1700 թվականներին, ֆրանսիական կանոնավոր այգու փայլուն օրինակ են։ Դրանք ամենախոշոր այգիներն էին Եվրոպայում, որ Լյուդովիկոս XIV-ի օրոք զբաղեցնում էին 8.300 հա տարածք[7]։ Այգիների հիմնական առանցքը ձգված էր արևելքից արևմուտք` արևի շարժմանը համապատասխան։ Առավոտյան Արեգակը լուսավորում էր Փառքի բակը, ապա Մարմարի բակը, հետո լուսավորում էր արքայի ննջասենյակը` մայրամուտին արտացոլվելով Հայելային սրահի հայելիներում[8]։
Այգիները լի էի անակնկալներով` շատրվաններով, քանդակներով։ Այգիների, ինչպես և պալատական համալիրի գլխավոր խորհրդանիշը արևն էր` Լյուդովիկոս XIV-ի խորհրդանիշը, որ կերպավորված էր Ապոլլոնի արձանի միջոցով։ Ինչպես պալատի կողմից, այնպես էլ դեպի պալատ ուղղված բոլոր տեսարանները ձգտում էին անվերջության. դա խորհրդանշում էր արքայի իշխանությունը ոչ միայն բնության, այլև պալատականների ու հպատակների նկատմամբ[9]։
1638 թվականին Ժակ Բոյսոն իր Traité du jardinage selon les raisons de la nature et d’art աշխատության մեջ նշում է, որ այգու գոյության հիմնական նպատակը մարդուն փոխանցվող գեղագիտական հաճույքն է[11]։
Ֆրանսիական այգու ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել վերածննդի շրջանի իտալական այգիները, որոնց սկզբունքները արմատավորվել են XVII դարում։ Կանոնավոր այգին ունի հետևյալ հիմնական տարբերակիչ հատկությունները.
Կանոնավոր այգու հիմնադիրները իրենց աշխատանքը ճարտարապետության դրսևորում էին համարում` տեսողական առումով մեծացնելով տարածությունը և երկրաչափության օրենքներով կարգավորելով բնությունը։ Այգիները ստեղծվում էին սենեկաշարերի (անֆիլադ), միջանցքների ու նախասրահների սկզբունքով, որոնցով պետք է անցներ զբոսնողը։ Իրենց գծագրերում այգեգործները կիրառում էին ճարտարապետական եզրեր։ Որպես պատ այգում ծառայում էին մշակված թփերը։ Խոտածածկ գետինը գորգ էր հիշեցնում` զարդարված բույսերով ու ծառերով։ Դղյակի ջրամատակարարումն ապահովող ճարտարապետների պես լանդշաֆտային ճարտարապետները նախագծում էին շատրվանների, այգու ջրամատակարարումը։ Ջրով լցված մեծ ավազանները փոխարինում էին հայելիներին, իսկ շատրվանների ջրի շիթերը` աշտանակներին։ Վերսալի այգիների բոսկետում Անդրե Լենոտրը տեղադրել էր սպիտակ և կարմիր մարմարից սեղաններ, որպեսզի հյուրասիրություն կազմակերպվի։ Շատրվանների հոսող ջուրը հիշեցնում էր կուլաներն ու գավաթները ջրով լցվելը։ Այգիների ճարտարապետական ձևավորումը պահպանվեց մինչև XVIII դարը, երբ ֆրանսիական կանոնավոր այգուն փոխարինելու եկավ անգլիական բնապատկերային այգին, որի դեպքում ներշնչանքի աղբյուր էր հանդիսանում ռոմանտիկ բնապատկերը։
Կանոնավոր այգիներում հաճախ կազմակերպում էին թատերական ներկայացումներ, երաժշտական ելույթներ, հրավառություն։ 1664 թվականին Լյուդովիկոս XIV-ը Վերսալի նորացված այգիներում կազմակերպել է յոթօրյա հանդիսություն` կատակերգական ու բալետային ներկայացումներով, հրավառությամբ։ Վերսալի այգիներում եղել է ջրային թատրոն, որ զարդարվել է շատրվաններով, աստվածների արձանիկներով (ոչնչացվել են 1770-80 թվականներին)։ Կառուցվել են լիամասշտաբ նավեր` Մեծ ջրանցքով զբոսնելու համար, իսկ այգում առանձնացվել է բացօթյա պարահրապարակ` շրջապատված ծառերով։ Այգում եղել է նույնիսկ ջրային երգեհոն, առակներով ձևավորված հատուկ լաբիրինթոս և քարայր։
Լանդշաֆտային ճարտարապետները կանոնավոր այգիներ ստեղծելիս չեն սահմանափակվել երկրաչափության օրենքներով։ 17-րդ դարի այգեգործական առաջին տրակտատներում առանձին բաժիններ են տրամադրվել տարածական օբյեկտները ցանկալի չափով պատկերելու արվեստին` ավելի մեծ տարածության պատրանք ստեղծելու համար։ Դրան հասնում էին ծառուղիների աստիճանական նեղացման կամ նույն կետին տանող ծառաշարքերի շնորհիվ։ Ծառերն էտում էին այնպիսի ձևով, որ այգու կենտրոնից, ուր ովորաբար գտնվում էր բնակելի շինությունը, դրանք ավելի ցածր երևային։ Այս բոլոր հնարքների շնորհիվ` այգիների չափերն ավելի մեծ էին թվում իրականից։
Ֆրանսիացի վարպետների մեկ այլ հնարք էր խրամների առանձնահատուկ ահա ձևը։ Այն կիրառվում էր ցանկապատերը, հատվող երկար ծառուղիները քողարկելու համար։ Այնտեղ, ուր ցանկապատը հատում էր համայնապատկերը, փորում էին խոր փոսեր` մի կողմում ուղղահայաց քարե պատով։ Ցանկապատը երբեմն տեղադրում էին փոսի մեջ` այն անտեսանելի դարձնելով նայողին։
17-րդ դարում այգիներն այնքան շքեղ էին, որ դադարում են դղյակի զարդարանք համարվելուց։ Շանտիյի և Սեն Ժերմեն պալատները փայլուն օրինակ էին այն բանի, թե ինչպես է դղյակը դառնում ավելի մեծ տարածք ունեցող այգու դեկորատիվ տարր։
Ֆրանսիական կանոնավոր այգիների ի հայտ գալն ու զարգացումը 17-րդ և 18-րդ դարերում հնարավոր եղան շատ տեխնոլոգիաների մշակման շնորհիվ։ Առաջին հերթին դա մեծ ծավալով գրունտի (ֆր.՝ géoplastie) տեղափոխումն էր։ Այդ տեխնոլոգիան այգեգործական արվեստին էր անցել ռազմարվեստից։ Կարևոր դեր է ունեցել հրետանային զենքի մշակումը, քանի որ դրանց համար անհրաժեշտություն էր խրամատների արագ փորումը և գրունտային ամրությունների ձևավորումը։ Արդյունքում ստեղծվել էին հող տեղափոխելու համար նախատեսված հատուկ կողովներ, ֆուրգոններ, ձեռնասայլակներ։ Այս հարմարանքներն օգտագործել է Անդրե Լենոտրը ավազանների, ջրանցքների փորման ժամանակ։
Մեծ նշանակություն է ունեցել հիդրոլոգիան (ֆր.՝ hydrologie), այսինքն` այգիների, շատրվանների ջրամատակարարումը։ Այս ոլորտում Վերսալում առանձնակի հաջողություն չգրանցվեց, քանի որ այն գտնվում էր բարձունքում. նույնիսկ 221 պոմպերով հարմարանքը, ջուրը բարձրացնելու համար ջրանցքային համակարգի մշակումը, 1681 թվականին հսկայական պոմպի տեղադրումը չօգնեցին հասնելու ցանկալի արդյունքին` բոլոր շատրվանները միաժամանակ աշխատեցնելու համար խողովակներում անհրաժեշտ ճնշման առկայությանը։ Այդ պատճառով արքայի զբոսանքի ժամանակ նրա ամբողջ ուղերթի շրջագծով շարվում էին ջրամատակարարները, որպեսզի միացնեն շատրվաններն այգու այն հատվածում, որտեղով անցնելու էր արքան։
Մեծ զարգացում ապրեց հիդրոպլազիան (ֆր.՝ hydroplasie)` այն տեխնոլոգիան, որ շատրվանների ջրի շիթերին տարբեր ձև էր հաղոդում։ Ջրի շթի ձևը կախված էր ջրի ճնշումից և ծայրամասի ձևից։ Այս տեխնոլոգիան թույլ էր տալիս նոր ձևեր մշակել, որոնցից են կակաչ (tulipe), կրկնակի փունջ (double gerbe), ժիրանդոլ (Girandole), աշտանակ (candélabre), ծաղկեփունջ (corbeille), փուչիկ օդում (La Boule en l’air), հովհար (L’Evantail): Այն ժամանակներում այս արվեստը սերտորեն առնչվում էր հրավառության արվեստին, որտեղ ցանկալի էֆեկտի էին հասնում ոչ թե ջրի, այլ կրակի միջոցով։ Ջրի և կրակի խաղերը հաճախ ուղեկցվում էին երաժշտությամբ, ինչը խորհրդանշում էր այն, թե ինչպես է մարդու կամքը ձև հաղորդում բնության երևույթներին։
Մեծ զարգացման հասավ նաև բուսաբուծությունը, ինչը թույլ տվեց Եվրոպայի հյուսիսում աճեցնել ավելի տաք շրջաններին բնորոշ բույսեր, որոնք, աճեցվելով փակ տարածքում, այնուհետև թաղարներով տեղափոխվում էին բացօթյա տարածք։ Ֆրանսիայում առաջին ծաղկաջերմոցը կառուցվել է 16-րդ դարում այն բանից հետո, երբ իտալացիների դեմ պատերազմների արդյունքում Ֆրանսիայում հայտնվեցին առաջին նարնջենիները։ Վերսալի ծաղկաջերմոցի պատերի հաստությունը հասնում էր 5 մ-ի, իսկ կրկնակի պատերը թույլ էին տալիս ձմռանը անհրաժեշտ ջերմաստիճանը պահպանել։ Մեր օրերում այն տեղավորում է 1.200 ծառ։
18-րդ դարի ֆրանսիական այգիներում դեկորատիվ բույսեր հազվադեպ էին հանդիպում, և հետևաբար նրանց գունային երանգը հարուստ չէր` կապույտ, վարդագույն, սպիտակ, մանուշակագույն։ Ավելի վառ երանգները` դեղին, կարմիր, նարնջագույն, ի հայտ են եկել 1730 թվականից հետո, երբ Եվրոպային հասու եղան բուսաբանության ձեռքբերումները։ Կակաչների սոխուկները և էկզոտիկ այլ բույսեր ներմուծվեցին Թուրքիայից և Հոլանդիայից։
Վերսալում և մյուս այգիներում դեկորատիվ կարևոր տարր էր թփերի կամ փոքր ծառերի մշակմամբ երկրաչափական ծավալային հատուկ ձև ստանալը (տոպիար)։ Դրանք շարքերով ձևավորում էին այգու գլխավոր առանքի շուրջ` ընդմիջելով քանդակներով։ Ծաղիկները սովորաբար թաղարներով բերվում էին Պրովանսից` փոփոխվելով 3-4 տարին մեկ։ Վերսալի` 1686 թվականի ֆինանսական հաշվետվություններից երևում է, որ օգտագործվել է դեղին նարգիզի 20.050, ալպիական մանուշակի 23.000 և շուշանի 1.700 սոխուկ[16]։ Հասուն հսկայական ծառերը բերվում էին Կոմպիենի և Արտուայի անտառներից։ Շատ ծառեր, չդիմանալով տեղափոխություններին, չորանում էին, սակայն դրանք փոխարինվում էին նորերով։
Վերսալի ծառերի մեծ մասը տեղափոխվել է անտառներից։ Օգտագործվել են բոխի, թեղի, լորենի, հաճարենի։ Աճեցրել են նաև Թուրքիայից բերված շագանակենի, ակացիա։
Այգում ծառերը կտրում էին հորիզոնական` տալով դրանց երկրաչափական ցանկալի ձևը։ Միայն 18-րդ դարում թույլ տվեցին, որ ծառերն աճեն բնական եղանակով։
1700 թվականին մահանում է Անդրե Լենոտրը, սակայն նրա աշակերտներն ու գաղափարակիցները գերիշխում էին Ֆրանսիայի այգեգործական արվեստում Լյուդովիկոս XV-ի կառավարման ողջ ընթացքում։ Նրա զարմիկ Կլոդ Դեգոն Ֆիլիպ II Օռլեանցու խնամակալի պատվերով այգիներ է հիմնել Բանյոլեում (Սեն-Սեն-Դենի դեպարտամենտ), իսկ մեկ ուրիշ ազգական` Դեգոյի փեսա Գարնիե Դիլը, 1746 թվականին այգիներ է հիմնել Կրեսիում (Էր և Լուար դեպարտամենտ) մարքիզուհի դե Պոմպադուրի համար[17]։ Այգիներ ստեղծելիս նախկինի պես ներշնչանքի աղբյուր էր հանդիսանում ոչ թե բնությունը, այլ ճարտարապետությունը։ Այսպես` մասնագիտությամբ ճարտարապետ Անժ-Ժակ Գաբրիելը նախագծել է Վերսալի այգիների որոշ մասը, Շուազի և Կոմպիենի այգիները։
Ժամանակի հետ կանոնավոր այգիներում սկսեցին դրսևորվել որոշակի շեղումներ երկրաչափական խիստ ձևերից։ Ժանեկազարդ պարտերներին փոխարինելու եկան սիզախոտային պարտերները, ինչը շատ ավելի հեշտ էր խնամել։ Շրջանի ձևը իր տեղը զիջեց օվալին, ծառուղիները ձգվեցին Х նշանի տեսքով, ի հայտ եկան անկանոն ութանկյան տեսքով պատկերներ։ Այգիներ սկսեցին հիմնել բնական լանդշաֆտի վրա` փոխանակ հարթեցնելու մակերևույթը։
18-րդ դարի կեսերին ֆրանսիական կանոնավոր համաչափ այգիները անկում են ապրում` իրենց տեղը զիջելով բնապատկերային այգիներին, որոնք պահանջարկ էին վայելում անգլիական ազնվականների և խոշոր հողատերերի շրջանակում, ինչպես նաև չինական ոճին, որ Ֆրանսիա էին ներմուծել ճիզվիտները։ Այդ ոճերը անտեսում էին համաչափությունը` գերադասելով իրական բնապատկերները։ Ֆրանսիական շատ կալվածքներում տան հարակից տարածքը ձևավորում էին կանոնավոր այգու պահանջների համապատասխան, իսկ տարածքի մնացած մասը` նոր ոճով, որ տարբեր անուններով էր մատնանշվում` անգլիական, անգլիա-չինական, բնապատկերային, էկզոտիկ։ Համենայն դեպս, Ֆրանսիայում կանոնավոր այգու պահանջարկը անկում է ապրում, և սկսվում է բնապատկերային այգու դարաշրջանը, որի ներշնչանքի աղբյուր էին գեղանկարչությունը, գրականությունը և փիլիսոփայությունը, այլ ոչ թե ճարտարապետությունը[18]։
Ներկայումս հազվադեպ են հիմնում մեծածավալ կանոնավոր այգիներ։ Այդպիսի հաջող դրսևորում է, օրինակ, նորմանդական Շան դե Բատայ (ֆր.՝ Château du Champ de Bataille) համալիրի այգին, որ նախագծել է դիզայներ Ժակ Գարսիան։ Այս այգու մակարդակները բարձրանում են պալատից հեռանալուն զուգընթաց, ինչպես իսպանական Լա Գրանխա (իսպ.՝ La Granja) պալատի այգիներում։ Այգու վերջնակետը ուղղագիծ մեծ ջրավազանն է։ Ինչպես դասական կանոնավոր այգիներում, Շան դե Բատայի այգիներում ևս մեծ տեղ է հատկացված քանդակներին, որոնք Ժակ Գարսիան փոքր-ինչ փոփոխել է` ավելացնելով այլաբանական և մասոնական մոտիվներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.