![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Lady_Gaga_at_Joe_Biden%2527s_inauguration_%2528cropped%2529.jpg/640px-Lady_Gaga_at_Joe_Biden%2527s_inauguration_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Լեդի Գագա
From Wikipedia, the free encyclopedia
Լեդի Գագան (անգլերեն՝ Lady Gaga) (իրական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա[11], մարտի 28, 1986(1986-03-28)[1][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][12]), ամերիկացի երգչուհի է, երգահան, ակտիվիստ, պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի, դիզայներ, բարերար, բիզնես լեդի։ Ազգությամբ իտալուհի է։
Ծնվել և մեծացել է Նյու Յորքում, որտեղ էլ ապրում է։ Ուսում է ստացել «Սուրբ սրտի մենաստան» կաթոլիկ դպրոցում, ապա որոշ ժամանակ ուսանել է Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցում, սակայն այն լքել է՝ իր կարիերայի վրա կենտրոնանալու նպատակով։ Շուտով սկսել է ելույթ ունենալ Մանհեթանի երաժշտական բեմերում։ Մինչ 2007 թվականը պրոդյուսեր Վինսենթ Հերբերթը Գագային գրանցում է իր «Streamline Records» լեյբլում։ Այստեղ Գագան որոշ ժամանակ աշխատում է որպես երգերի հեղինակ, սակայն նրա վոկալային տվյալները գրավում են երգիչ Էյքոնին, ով Գագային գրանցում է իր «Kon Live Distribution» լեյբլում։
Գագան հանրաճանաչ է դառնում 2008 թվականին թողարկված իր առաջին՝ «The Fame» ալբոմի շնորհիվ, որը ունենում է կրիտիկական և կոմերցիոն մեծ հաջողություն։ Այն ներառում էր «Just Dance» և «Poker Face» հիթերը։ 2009 թվականի նոյեմբերին ալբոմը վերաթողարկվում է «The Fame Monster» անունով, որի մեջ էին «Bad Romance», «Alejandro» և «Telephone» հիթերը։ Դրան հաջորդած «The Monster Ball Tour» շրջագայությունը դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր համերգային շրջագայություններից մեկը։ Գագայի երկրորդ՝ «Born This Way» ալբոմը թողարկվեց 2011 թվականի մայիսին և գլխավորեց երաժշտական ամենամեծ կենտրոնների չարտերը։ Դրա ամենահաջողված սինգլներն էին «Born This Way», «Judas» և «The Edge of Glory» երգերը։ 2013 թվականի փետրվարին համերգային շրջագայության ժամանակ ստացած կոնքի վնասվածքի հետևանքով Գագան վիրահատվեց և որոշ ժամանակ անցնում էր վերականգնողական կուրսեր։ Դրան հաջորդեց նոյեմբերին թողարկված «Artpop» ալբոմը, որը դարձավ Գագայի երկրորդ համար մեկ ալբոմը ԱՄՆ-ում։ Ալբոմից թողարկվեցին «Applause» և «Do What U Want» սինգլերը։
Գագան հայտնի է իր համարձակ և տարատեսակ ներդրումներով երաժշտական աշխարհում իր նորաձևության, ելույթների և երաժշտական հոլովակների միջոցով։ 2013 թվականի նոյեմբերի տվյալներով Գագան վաճառել է 24 միլիոնից ավել ալբոմ և 125 միլիոնից ավել սինգլ։ Իր նվաճումները ներառում են հինգ Գրեմի և տասներեք MTV Video Music Awards մրցանակներ։ «Billboard» ամսագիրը մի քանի անգամ Գագային կոչել է «տարվա արտիստ», VH1-ը նրան ներառել է «Երաժշտական աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում՝ 4-րդ հորիզոնականում։ 2010-2013 թվականներին «Forbes» ամսագիրը Գագային ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանանց ցուցակում։ «Times»-ը Գագային անվանել է «փոփի թագուհի»[13][14]։ Նա նաև համարվում է ԼԳԲՏ հասարակության պաշտպան։