From Wikipedia, the free encyclopedia
Իմպերիալիզմ կամ կայսերապաշտություն[1][2] (լատին․՝ imperium – իշխանություն, տիրապետություն, կայսրություն), մոնոպոլիստական կապիտալիզմ, կապիտալիզմի ամենաբարձր փուլը, որը բնութագրվում է մեծ մենաշնորհների գերիշխանությամբ, խոշոր կապիտալիստական երկրների միջև հումքի աղբյուրների և սպառման շուկաների համար պայքարով, օտարերկրյա տարածքների և այլ ազգերի շահագործման համար, հանգեցնելով ագրեսիվ պատերազմների` աշխարհի նոր վերաբաժանման համար[3]։ Իմպերալիզմի զարգացմանն անդրադարձել են Ջոն Հոբսոնը (1902 թ.), Վլադիմիր Լենինը (1916 թ.), Նիկոլայ Բերդյաև (1918 թ.) և այլք։
Անցումը իմպերիալիզմին տեղի է ունեցել 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծում, երբ կապիտալիզմը կրեց որակական փոփոխություններ և գլխավոր կապիտալիստական երկրներում ձևավորվեց մոնոպոլիաների տիրապետությունը։
Իմպերիալիզմ հասկացությունը ծագում է «հրամայել» (լատին․՝ imperare), «իշխանություն, տիրակալություն» (լատին․՝ imperium) բառերից։ Սակայն եվրոպալեզու մեկնաբանությամբ այդ տերմինն իմպերիա հասկացությամբ է մեկնաբանվում (անգլ.՝ imperialism, ֆր.՝ impérialisme, գերմ.՝ Imperialismus և այլն), որը Հին Հռոմի ժամանակներից է գալիս։ Ըստ Օքսֆորդյան բառարանի՝ բառակազմությունն առաջին անգամ հանդիպել է 16-րդ դարում[4], իսկ ներկայիս իմաստով առաջին անգամ կիրառվել է 1858 թվականին[5] Pax Britannica ժամանակաշրջանում[6], 1814-1815 թվականների Վիեննայի համաեվրոպական վեհաժողովում Բրիտանական կայսրության միջազգային հարաբերությունների քննադատության կապակցությամբ[7]։ ԱՄՆ գեներալ մայոր Կլայտոնը իմպերիալիզմ տերմինի բովանդակային իմաստավորումը բացատրում է հետևյալ կերպ. եթե 1858 թվականին այն դեսպոտիզմ բառի հետ էր ասոցացվում, ապա 1881 թվականից այն ձեռք է բերում «կայսրության, կայսերական շահերի պաշտպանության շունչ կամ սկզբունք» իմաստ[8]։ Այս տերմինը որպես գիտական կատեգորիա վերջնականապես ձևավորվել է 1902 թվականին Ջոն Հոբսոնի «Իմպերիալիզմ» աշխատության լույս տեսնելուց հետո[9]։ Ռուսերեն գրականության մեջ իմպերիալիզմ տերմինը կիրառություն է գտել սկսած 1916 թվականին Վ. Ի. Լենինի «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա» աշխատության լույս տեսնելուց հետո միայն։
19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին զարգացած կապիտալիստական երկրներում կապիտալի և արտադրության բարձր տեմպերով համակենտրոնացման ու կենտրոնացման հետևանքով, ազատ մրցակցության հիման վրա, առաջացան նոր էական պրոցեսներ։ Հասարակական արտադրությունը հիմնականում կենտրոնացավ սակավաթիվ խոշորագույն ձեռնարկություններում, ստեղծվեցին հզոր մոնոպոլիաներ[10]։
Համանման պրոցես էր տեղի ունենում նաև բանկային գործում։ Մրցակցային պայքարի ընթացքում ավելի խոշոր բանկերը միմյանց հետ համաձայնության են գալիս և իրենց կամքը թելադրում մանրերին։ Նրանք նախկին համեստ միջնորդի դերը կատարելուց վերաճում են տնտեսապես հզոր մոնոպոլիաների, որոնք հսկում և ուղղություն են տալիս արդյունաբերական կապիտալի գործունեությանը։ Խոշոր բանկերը տարբեր միջոցներով թափանցում են արդյունաբերության ոլորտը, իսկ արդյունաբերական կապիտալն իր հերթին ավելի ու ավելի սերտորեն է կապվում բանկերի հետ։
Մոնոպոլիաների տիրապետության պայմաններում տեղի է ունենում բանկային և արդյունաբերական կապիտալի սերտաճում, որն անխուսափելիորեն առաջ է բերում կապիտալի նոր ձև՝ ֆինանսական կապիտալ։ Ֆինանսական կապիտալի մագնատներն իրենց ձեռքում են կենտրոնացնում ամբողջ երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի լծակները․ ստեղծվում է քչերի տիրապետություն՝ ֆինանսական օլիգարխիա, որը, այսպես կոչված «մասնակցության համակարգի» և անձնական ունիայի միջոցով, վերահսկում է վիթխարի չափերի հասնող կապիտալը։ Այդ կապիտալի մի մասը երկրի ներսում բավարար շահութաբեր կիրառում չգտնելով, որպես «ավելցուկային» կապիտալ, արտահանվում է։
Կապիտալի արտահանումն առաջացնում էր վերարտադրության նոր պայմաններ, դառնում արտաքին շուկաների և ազդեցության ոլորտների համար մղվող պայքարի հզոր զենք, սերտորեն կապվում աշխարհի տնտեսական և քաղաքական տարածքային բաժանման հետ։ Կապիտալի արտահանումը, որը իմպերիալիզմի ժամանակ արտաքին տնտեսական կապերի որոշիչ ձևն է, միջազգային մոնոպոլիստական միությունների միջև աշխարհի տնտեսական բաժանումը դարձնում է «անհրաժեշտություն»։ Սակայն աշխարհի տնտեսական բաժանումն այս կամ այն շուկայի և ազդեցության ոլորտի մենաշնորհի պահպանման հաստատուն երաշխիք չի ապահովում և չի վերացնում սուր, մրցակցային պայքարը միջազգային կարտելների անդամների միջև։
Մոնոպոլիաների համար առավել ամուր հիմք է ստեղծում գաղութատիրությունը։ Գաղութներում հիմնականում վերանում է արտաքին մրցակցության առաջացման վտանգը, երաշխավորվում առկա և պոտենցիալ տնտեսական ռեսուրսների շահագործման մենաշնորհը։ Այդ իսկ պատճառով՝ մոնոպոլիստական կապիտալիզմը ձգտում է ընդլայնել գաղութային զավթումների շրջանակները։
19-րդ և 20-րդ դարերի սահմանագծում գլխավոր իմպերիալիստական երկրների միջև աշխարհի տերիտորիալ բաժանումը հիմնականում ավարտվեց։ Տնտեսապես թույլ զարգացած երկրների մեծամասնությունը գաղութացվեց կամ խճճվեց տնտեսական, ֆինանսական և քաղաքական կախվածության ցանցում։ Բայց աշխարհի տերիտորիալ բաժանումը վերջնական չէր։ Կապիտալիզմին բնորոշ է զարգացման անհամաչափությունը. ժամանակի ընթացքում իմպերիալիստական երկրների ուժերի հարաբերակցությունը փոխվեց և սկսվեց նոր պայքար՝ աշխարհի վերաբաժանման համար, որն արտահայտվեց ռազմական կործանարար բախումների և համաշխարհային պատերազմների ձև։
Ժամանակակից կապիտալիզմի զարգացման գործընթացը վկայում է իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշների դրսևորումների հետագա խորացման մասին։ Մոնոպոլիաների ձևերն ու ոլորտներն են.
Ժամանակակից ֆինանսական կապիտալն ընդգրկում է մոնոպոլիաների բոլոր այդ ձևերը։ Իմպերիալիզմի սկզբնական շրջանում գերիշխողը արդյունաբերական մոնոպոլիաներն էին, հետագայում՝ ֆինանսական խումբն էր, որն իրենից ներկայացնում է արդյունաբերական, բանկային և ապահովագրական մոնոպոլիաների միավորում՝ դրանցից խոշորագույնի գլխավորությամբ։
Որոշակի փոփոխություններ կրեց նաև ֆինանսական օլիգարխիայի կառուցվածքը։ Մոնոպոլիստական բուրժուազիայի ներսում ձևավորվեց հիերարխիա։ 20-րդ դարի սկզբի համեմատ աճեց կապիտալի արտահանման ծավալը, էապես փոխվեցին կառուցվածքը, աշխարհագրական ուղղությունները, և կապիտալը զգալիորեն պետականացվեց։
Կապիտալի հիմնական արտահանողի դերը 1950-1960-ական թվականներին Մեծ Բրիտանիայից անցավ ԱՄՆ-ին։ Սկզբում կապիտալն արտահանվում էր հիմնականում շահույթ ստանալու համար, հետագայում՝ գերազանցապես ռազմա-ստրատեգիական նկատառումներով։ Զարգացող երկրներին «օգնություն» ցույց տալու պատրվակով իմպերիալիստները ձգտում էին դրանցում նեոգաղութատիրություն սերմանել։
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը կապիտալն արտահանվում էր հիմնականում գաղութային ու տնտեսապես թույլ զարգացած երկրներ, հետագայում՝ մի շարք հանգամանքների (ագգային-ազատագրական պայքարի աճ, համաշխարհային առևտրի կառուցվածքի փոփոխում և այլն) դրդմամբ նախընտրվեցին արդյունաբերական զարգացած երկրները։ Արագացավ կապիտալի միջազգային ներթափանցման պրոցեսը։
1950-1960-ական թվականներին հատկապես աճեց միջազգային մոնոպոլիաների դերը։ Դրանց նախնական ձևը կարտելներն էին, որոնց մասնակիցները համաձայնության էին գալիս շուկաների բաժանման, մրցակցության սահմանափակման, գների բարձրացման և այլ հարցերում։ Հետագայում առաջացան միջազգային մոնոպոլիաների նոր ձևեր։ Դրանցից շատերը տարբեր երկրներում հանդես են գալիս որպես ձեռնարկությունների համատերեր։
Կազմավորվեցին հսկա տրեստներ և կոնցեռններ, որոնց մի մասն ըստ կապիտալի սեփականության ազգային էին, ըստ գործունեության ոլորտի՝ միջազգային։ Կապիտալի միջազգային միահյուսման միտումը դրսևորվեց նաև իմպերիալիստական ինտեգրացիայի մեջ։ Արևմտյան Եվրոպայում 1958 թվականին կազմակերպվեց Եվրոպական տնտեսական համագործակցությունը (ԵՏՀ), 1960 թվականին՝ «Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիան» (ԱԱԵԱ)։
Կապիտալի արտահանման աճը և պետությունների մասնակցությունն այդ պրոցեսին ավելի սրեցին հակասությունները միջազգային ֆինանսական օլիգարխիայի և ամբողջ աշխարհի ժողովուրդների միջև։ Համաշխարհային սոցիալիստական համակարգի զարգացման, իմպերիալիզմի գաղութային համակարգի կազմալուծման հետևանքով իմպերիալիստական տերությունների փոխհարաբերություններում տեղի ունեցան էական փոփոխություններ։
Տնտեսապես արագ զարգացող երկրների մոնոպոլիաները հումքի աղբյուրների, վաճառահանման շուկաների և կապիտալի ներդրման ոլորտների նոր պահանջներ առաջադրեցին։ Սակայն սոցիալիզմի համաշխարհային համակարգի գոյությունը և երկյուղը համաշխարհային հեղափոխական պրոցեսի նկատմամբ իմպերիալիստներին ստիպեց հակասությունները լուծելու համար խուսափել կոնֆլիկտներից։ Նրանք կիրառեցին տնտեսական էքսպանսիայի մեթոդները՝ ձգտելով իրենց կոնֆլիկտները լուծել միջազգային պետական-մոնոպոլիստական համաձայնագրերի միջոցով։ Սակայն այդ ուղիով հակասությունները ոչ միայն չհարթվեցին, այլև խորացան։
Իմպերիալիզմի մասին առաջին հիմնավոր աշխատությունը Ջոն Հոբսոնի «Իմպերիալիզմ» (Imperialism, 1902)[9] մենագրությունն է։ Համակարգելով նախկինում հրատապակված նյութերը և գնահատականները, նա իմպերիալիզմը ներկայացնում է որպես երկակի կատեգորիա՝ հիմքում դնելով երկու փոխազդող բաղադրիչներ։ Դրանք են` տնտեսությունը և քաղաքականությունը, որոնք Հոբսոնը դիտում է նացիոնալիզմի պրիզմայի միջով։ Սրանում է կայանում նրա աշխատության գիտական նշանակությունը։ Այդ աշխատության կառուցվածքն այսպիսին է․
19-20-րդ դարերի սահմանագծում դուրս են մղվում առևտրական ու արտադրական հետաքրքրությունները, տեղը զիջելով ֆինանսական շահերին։ Հոբսոնը կապիտալիզմը բաժանում է երկու խմբի․
Անգլիացի գիտնականի կարծիքով ոչ թե տնտեսության զարգացումն է պահանջում սպառման նոր շուկաներ և կապիտալի ներդրման նոր ոլորտներ, այլ «գնողունակ պահանջարկի» անբավարար բաշխումը։ Այդ պատճառով արտաքին էքսպանսիայից խուսափելու համար, անհրաժեշտ է ռեֆորմի ենթարկել բաշխման համակարգը՝ մեծացնելով տեղի ազգաբնակչության գնողունակությունը։
Կապիտալիզմի նոր դրսևորումների՝ իմպերիալիզմի ենթադրյալ գիտական տեսությունը մշակել է Վ․ Ի․ Լենինը։ Իմպերիալիզմի հարցերը լուսաբանված են նրա մի շարք աշխատություններում, սակայն ամփոփ, խոր ու համակողմանի վերլուծությունը տրված է «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա» գրքում[11], որը դիտվում է իբրև Կառլ Մարքսի «Կապիտալ»-ի անմիջական շարունակությունն ու զարգացումը։ Կիրառելով մատերիալիստական դիալեկտիկայի մեթոդը, տեսական ու փաստական հարուստ նյութի վերլուծության հիման վրա, Լենինը եզրակացրել է, որ կապիտալիզմի նոր դրսևորումների ամբողջությունը նշանակում է․
...անցումը քանակից դեպի որակ, անցումը զարգացած կապիտալիզմից դեպի իմպերիալիզմ[12]։ |
...Իմպերիալիզմը (1) մոնոպոլիստական կապիտալիզմ է, (2) պարազիտային կամ նեխող կապիտալիզմ է, (3) մեռնող կապիտալիզմ է[13]։ |
Իմպերիալիզմի մանր արտադրողների զանգվածային քայքայման հաշվին արագացնելով կապիտալիզմի զարգացումը, ոչ միայն մեծացնում է պրոլետարիատի թիվը և նրա դերը հասարակության մեջ, այլև սոցիալական լայն հիմք է ստեղծում հեղափոխական պայքարի համար, որի գլուխն է կանգնում բանվոր դասակարգը։ Վերջինիս պոտենցիալ դաշնակիցներն են քաղաքի և գյուղի մանրբուրժուական քայքայվող խավերը։ Գաղութային ու կախյալ երկրների ժողովուրդների ազգային բուրժուազիան, բանվոր դասակարգը և ինտելիգենցիան դառնում են ստրկացված ժողովուրդների շահերի արտահայտիչներ։
Նիկոլայ Բերդյաև «Նացիոնալիզմ և իմպերիալիզմ»[14] (1918) աշխատության մեջ իմպերիալիզմը ներկայացրել է որպես նացիոնալիզմի անտիթեզ (հռետորական հակադրություն)։ Նացիոնալիզմը անհատականացման սկիզբն է, իսկ իմպերիալիզմը ունիվերսալականացման սկիզբն է։ Ըստ նրա իմպերիալիզմը համաշխարհային հզորության նկատմամբ կամքի դրսևորում է, որը նպաստում է մարդկության միավորմանը։ Նաև իմպերիալիզմը «ունիվերսալականացման սկիզբն է», որը հաղթահարում է մարդկության հարմարվողական գոյությունը։
Առաջին կայսրությունը Հռոմեական կայսրությունն է, իսկ ժամանակակից կայսրությունները երեքն են՝ Անգլիա, Ռուսաստան և Գերմանիա։ Սակայն գերմանական իմպերիալիզմը, ըստ Բերդյաևի, իրենից ներկայացնում է ավելցուկային նացիոնալիզմ և զուրկ է ունիվերսալ գիտակցությունից։ Միաժամանակ իմպերիալիզմն անխուսափելիորեն հանգեցնում է համաշխարհային պատերազմների։ Սակայն․
Մեծ իմպերիալիստական մարմինների ձևավորումը անխուսափելի է, մարդկությունը նրա միջով պետք է անցնի… Մարդկությունը գնում է միավորման պայքարի, կեղեքման և պատերազմների միջով։ - Նիկոլայ Բերդյաև, Նացիոնալիզմ և իմպերիալիզմ |
21–րդ դարում իմպերիալիզմը մեծավմասամբ վերաճել է և զարգանում է գլոբալացման հասկացության։ Այս տերմինը առաջին անգամ կիրառել է Կառլ Մարքսը 1850 թվականին Էնգելսին գրած իր նամակում, նկատի ունենալով ինտենսիվ միջազգային առևտուրը[15]։
Գլոբալացման փուլը ամբողջ աշխարհում ազդեցության ոլորտների համար պայքարը տանում է դեպի միաբևեռ աշխարհի նմանվող պայմաններ։ Այս օբյեկտիվ գործընթացը համակարգային բնույթ է կրում՝ ընդգրկելով հասարակության կյանքի բոլոր ոլորտները։ Գլոբալացման արդյունքում աշխարհը դառնում է բոլոր առանձին սուբյեկտներին ավելի կապված ու կախված նրանցից[16]։ Գլոբալացման գործընթացը պետականորեն ձևավորված շուկայական համակարգերի էվոլյուցիայի արդյունք է[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.