From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև (ռուս.՝ Николай Александрович Бердяев, մարտի 6 (18), 1874[1][2][3], Կիև, Ռուսական կայսրություն[4][5][6] - մարտի 24, 1948[4][6][7][…], Կլամար[4][6]), ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, ինքնատիպ քաղաքական մտածող։
Բերդյաևն անցում է կատարել մարքսիզմից իդեալիզմի, ապա՝ ուղղափառության։ Նա փորձել է համակցել սոցիալիզմի գաղափարը քրիստոնեության բացարձակ ճշմարտության հետ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ Բերդյաևը գրավում է հակաբոլշևիկյան դիրք և վտարվում Ռուսաստանից։ Բերդյաևը քաղաքական փիլիսոփայության կենտրոնական, «հավերժական հարցերն են» անձն ու ազատությունը, մարդն ու պետությունը։ Ըստ նրա, ազատությունը, անձի իրավունքները՝ կյանքի հիմնարար արժեքներն են և տրված են ի վերուստ։ Այս բացարձակ գաղափարները արտամարդկային և արտապատմական (կրոնական) բնույթ ունեն։ Մարդուց վեր է միայն Աստված։ Միայն քրիստոնեական արժեքները կարող են երաշխավորել անձի իրական ազատությունը։ Բերդյաևի կարծիքով, պետության առաջացումն անհնար է բացատրել ռացիոնալիստական պատճառներով, քանի որ այն իռացիոնալիստական, խորհրդապաշտական հիմք ունի։ Այս առումով նա մերժում է Ժան Ժակ Ռուսոյի հասարակական դաշինքի տեսությունը։ Ըստ Բերդյաևի, այդ տեսությունում հասարակությունն ու պետությունը զրկված են օրգանական ամբողջականությունից, իսկ մարդը՝ օրգանական անհատականությունից։
Պետությունը գործում է մեղսավոր աշխարհում և այդ պատճառով սերտորեն առնչվում է չարիքին։ Ինքնին պետությունը՝ սահմանված ի վերուստ, չարիք չէ, բայց կարող է դառնալ չարիք, եթե հերքվի կամ մոռացության տրվի նրա կրոնական հիմքը։ «Կեսարի թագավորության» և «Աստվածային թագավորության» տարբերությունների հաղթահարումը տանում է դեպի կամ պետության աստվածացում, բացարձակացում, կամ դրա նույն ականացում հասարակության հետ։ Առաջին դեպքում անխուսափելիորեն ծնվում է ոչնչով չսահմանափակված բռնապետություն, երկրորդ դեպքում՝ հասարակության անսահմանափակ իշխանություն անձի նկատմամբ։ Բերդյաևի կարծիքով, «պետությունը պետք է լինի ուժեղ, բայց պետք է իմանա իր սահմանները», որոնք հաստատում է քրիստոնեությանը։
Միայն սահմանափակ պետությունը կարող է կարգավորել մարդկանց արտաքին հարաբերությունները, միայն այդպես ընկալված պետությունն է ապահովում անհատի ազատությունն ու անկախությունը։ Բանն այն է, որ ըստ Բերդյաևի, քաղաքացիական հասարակությունն անսահմանափակ է իր ոտնձգություններում, «պատրաստ է կլանել մարդուն ամբողջությամբ, մյուս կողմից՝ պետությունը փրկում է մարդուն անձը կլանող կոլեկտիվիզմից»։ Այստեղ նշմարվում է մարդու համար փրկարար պետական գործոնի գերակայության գաղափարը։
Քաղաքական առումով ևս կարևոր նշանակություն ունի Բերդյաևի հայեցակարգը հոգևոր ազատության մասին։ «Ազատ էակներին վայել չէ ամեն ինչում միշտ մեղադրել արտաքին ուժերը և նրանց մեղքով իրենց արդարացնել... Մենք կազատագրվենք արտաքին լծից միայն այն դեպքում, երբ կազատագրվենք ներքին ստրկությունից, այսինքն՝ կստանձնենք պատասխանատվություն»։ Իսկ մարդու ներքին, հոգևոր ազատությունը էապես կախված է այն բանից, թե ինչպես է ընկալվում պատմությունը, «Ոգով ազատ է նա, ով դադարել է ընկալել պատմությունը իբրև արտաքուստ թելադրված, և սկսել է ընկալել պատմությունը իբրև հոգևոր իրականության ներքին իրողություն, իբրև իր սեփական ազատությունը»։
Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները ազատ են ծայրահեղություններից։ Այսպես, ռուսական կոմունիզմի հիմնական աղբյուրը համարելով ռուսական ազգային բնավորությունը և չընդունելով կոմունիզմը, նա երբեք ռազմական ընդդիմության մեջ չէր բոլշևիկյան Ռուսաստանին, քննադատելով ամբողջատիրությունը՝ ցանկանում էր ժողովրդավարական կարգերի հաստատում Ռուսաստանում, իսկ ժողովրդին՝ ազատություններ և իրավունքներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.