ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Էդգար Դեգա (ֆր.՝Edgar Degas, ծննդ. անվանումը՝ Hilaire-Germain-Edgar De Gas, հուլիսի 19, 1834(1834-07-19)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - սեպտեմբերի 27, 1917(1917-09-27)[2][5][6][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։ Պատկանում է XIX դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի արվեստագետների այն շարքին, որոնք բացահայտեցին աշխարհի նոր ընկալում՝ պատկերելով իրականությունը սուր ու անսպասելի տեսանկյունից։
Արագ փաստեր Էդգար Դեգաֆր.՝ Edgar Degas, Ծնվել է ...
Դեգան ծնվել է հարուստ բուրժուայի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է երաժշտական և գրական երեկոների, թատերական ներկայացուցիչների, նկարիչների կոլեկցիոներների միջավայրում։ Հրապուրվել է հին վարպետներով, ուսումնասիրել դասական արվեստն ու մշակույթը, հասուն տարիքում հարել է նատուրալիստների շարժմանը, ցուցադրվել իմպրեսիոնիստների հետ։
Մասնագիտական կրթությունը Դեգան նախ ստացել է Լուի Լամոտի արվեստանոցում, ապա՝ 1855 թվականին ընդունվել Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոց, որը ժամանակի ամենահեղինակավոր կրթօջախներից էր։ Սակայն ակադեմիական գեղանկարչությունը չի գոհացրել նրան, և Դեգան թողել է ուսումը և զբաղվել ինքնակրթությամբ։
1856-1860 թվականներին Դեգան պարբերաբար մեկնում է Իտալիա, ուր ուսումնասիրում և ընդօրինակում է Վաղ վերածննդի ու 16-րդ դարի մեծ վարպետներին։ Տարիներ անց նկարիչը խոստովանել է, որ իտալական այս շրջանն ամենաբեղմնավորն էր իր արվեստում։ 1854-1859 թվականներին ապրել է Իտալիայում, ծանոթացել իտալական քվաթրոչենտոյին։ Կրել է Դոմինիկ Էնգրի ազդեցությունը։
1870-ական թվականներին հարել է իմպրեսիոնիզմին։ Նկարել է Փարիզի փողոցները, թատրոնները, սրճարանները, ձիարշավները, վերստեղծել կապիտալիստական քաղաքի մթնոլորտը («Համաձայնության հրապարակը», մոտ 1875, «Օշինդր», 1876, երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ), պատկերել է կենցաղի և աշխատանքի մարդկանց նկարագրի բնորոշ կողմերը, նրանց պլաստիկական գեղեցկությունը («Արդուկող կանայք», մոտ 1884, Իմպրեսիոնիզմի թանգարան)։ Դեգայի արվեստին բնորոշ է գեղեցկի և սովորականի զուգակցումը։ Բազմաթիվ բալետային պատկերների միջոցով հաղորդել է թատրոնի գրավչությունն ու հանդիսավորությունը («Աստղ», պաստել, 1878, Իմպրեսիոնիզմի թանգարան, «Պարի քննություն», պաստել, 1880, մասնավոր հավաքածու, Նյու Յորք)։ Դեգայի 1880-1890-ական թվականների գործերը գուներանգով ավելի հարուստ են («Երկնագույն պարուհիներ», պաստել, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա))։ Դեգան ստեղծել է բազմաթիվ քանդակներ (պարուհիներ, ձիեր, լողացողներ)՝ ձգտելով պլաստիկական արտահայտչականության։
1834-ծնվել է Փարիզում։ Հայրը՝ Պիեռ-Օգյուստ դը Գա, ծագումով իտալացի փարիզցի բանկիր, մայրը՝ Մարի-Սելեստին Մյուսսոն, կրեոլուհի Նոր Օռլեանից։
1845-Ընդունվում է Լյուդովիկոս Մեծի լիցեյ, որտեղ ծանոթանում է Պոլ Վալպինսոնի, Անրի Ռուարի և Լյուդովիկ Ալևիի հետ։
1852-Ավարտում է լիցեյը. նկարչական առաջին հաջողությունները։ Հոր համաձայնությամբ բնակարանի սենյակներից մեկը դարձնում է արվեստանոց։
1853-Ստանում է բակալավրի կոչում։ Ապրիլին ընդունվում է գեղանկարիչ Ժոզեֆ Բարրիասի արվեստանոց, Կայսերական գրադարանի էստամպների կամբինետում ընդօրինակում է Մանտենյայի, Դյուրերի, Ռեմբրանդտի փորագրանկարները։ Առաջին գեղանկարչական գործը. մորական պապի՝ Ժերմեն Մյուսսոնի դիմանկարը։ Նոյեմբերին ընդունվում է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1854-Ամռանը ճամփորդում է Պրովանսում, ընդօրինակում Դավիդի «Ժոզեֆ Բարի մահը» կտավը։ Աշնանը թողնում է համալսարանը և ընդունվում Լուի Լամոտի արվեստանոց։ Ընդհարվում է հոր հետ, որը պնդում էր, որ Դեգան շարունակի ուսումը համալսարանում, առանձնանում է ընտանիքից։ «Ինքնադիմանկար ածխամատիտով»։
1855-Գարնանը հաշտվում է հոր հետ։ Գրեգորիո Սուտզոյի հսկողությամբ սովորում է փորագրանկարել։ Ապրիլին ընդունվում է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոց, ծանոթանում Լեոն Բոննայի, Անրի Ֆանտեն-Լատուրի, Էլի Դելոնեի հետ։ Այցելում է Էնգրի արվեստանոցը։ Ամռանը կրկին ճամփորդում է Պրովանսում և Իտալիայում։ «Աշիլ դը Գայի դիմանկարը ծովային վարժարանի կադետի համազգեստով»։
1857-Երրորդ ուղևորությունը Իտալիա։ Հռոմում այցելում է Ֆրանսիական ակադեմիան, մտերմանում է Գյուստավ Մորոյի հետ։ «Հռոմեացի աղքատ կինը», «Դեղին շալով ծեր կինը։ «Տուռնիի դիմանկարը», «Ինքնադիմանկար փափուկ գլխարկով» օֆորտներ։
1858-59-Չորրորդ ուղևորությունը Իտալիա։ Ընդօրինակում է Ռաֆայելի «Հրդեհ Բորգոյում» որմնանկարի աջ հատվածը, ուրվանկարներ անում Սինյորելիի որմնանկարներից։ Նոյեմբերին սկսում է աշխատել Լաուրա Բելլելլիի և նրա դուստրերի դիմապատկերի վրա, որն արդյունքում դառնում է «Բելլելլիների ընտանիքի դիմանկարը»՝ արված արդեն Փարիզում։
1860-Հինգերորդ ուղևորությունը Իտալիա։ Պադովայում ընդօրինակում է Տիցիանիորմնանկարները։ Փարիզում սկսում է «Պատանիներին մրցման հրավիրող սպարտացի աղջիկները»։
1861-Ավարտին է հասցնում երկու տարի առաջ մտահղացած «Բաբելոնը կառուցող Շամիրամը», սկսում է «Միջնադարյան պատերազմի դրվագ. Օռլեանի աղետները»։ Ամռանը Մենիլ Յուբերում նկարում է ձիարշավի առաջին տեսարանները։ Սկսում է հավաքել ճապոնական փայտափորագրանկարներ։ Ծանոթանում է Էդուարդ Մանեի հետ։
1862-Ընդօրինակում է Էժեն Դելակրուայի «Խաչակիրների մուտքը Կոստանդնուպոլիս» ստեղծագործությունը, անում է «Բելլելլիների ընտանիքը»։
1863-Աշխատում է «հաբեթի դուստրը» և «միջնադարյան պատերազմի դրվագ» գործերի վրա, ստեղծում է Լ. Բոննայի, Թերեզ դը գայի դիմապատկերները և «Ինքնադիմանկար արտիստիկ շապիկով»։
1865-Առաջին անգամ հանդես է գալիս Սալոնում, ցուցադրում է «միջնադարյան պատերազմի դրվագը»՝ արժանանալով Պյուվի դը Շավանի դրվատանքին։ «Ինքնադիմանկար դը Վալեռնի հետ», «Թերեզ և Էդմոմդո Մորբիլլիների դիմանկարը», «Իր կնոջ նվագը լսող Էդուարդ Մանեի դիմանկարը» և «Քրիզանթեմներով տիկինը (Տիկին Էրտել)»։
1866-Հաճախում է «Գերբուա» սրճարան, որտեղ հանդիպում է Մանեի, ծանոթանում Ռենուարի, Մոնեի, Բազիլի, Սիսլեյի, Դյուրանտիի հետ։ Թողնում է պատմանկարչությունը հօգուտ ժամանակակից սյուժեների։ Սալոնում ցուցադրում է «Խոչընդոտներով ձիարշավի տեսարան (Վիրավոր ժոկեյը)»։ Տարվում է թատրոնով, աշխատում է «Օր. Ֆիոկրը «Ակունք» բալետում» նկարի վրա։ «Ջեյմս Տիսսոյի դիմանկարը արվեստանոցում»։
1867-Սալոնում ներկայացնում է երկու «Ընտանեկան դիամկար»։ «Տիկին Գոժլերի դիմանկարը» և «Երիտասարդ կնոջ գլուխ»։
1868-Սալոնում ցուցադրում է «օրիորդ Ֆիոկրը «Ակունք» բալետում» ստեղծագործությունը։ Ընդօրինակում է Մանտեյայի «Խաչելությունը»։
1869-«Տիկին Գոժլենի դիմանկարը» ընդունվում է Սալոնում, իսկ «Տիկին Կամյուն դաշնամուրի առջև» ստեղծագործությունը մերժվում է։ Ամռանը Մանեի հետ ճամփորդում է Բուլոն-սյուր-Մերից մինչև Սեն-Վալերի-ան-Քյո. պլեներային բնանկարների պաստելների շարք։ Սկսում է պատկերել լվացարարուհիների և արդուկող կանանց։ «օպերայի նվագախմբի երաժիշտները», «Մարի Դիոյի դիմանկարը դաշնամուրի առջև»։
1869-70-Հոր դիմանկարի երկու տարբերակ՝ կիթառահար Պագանսին լսելիս, «Հորտենզիա Վալպինսոնի դիմանկարը» և ձիարշավի թեմաներով նկարներ՝ «Ֆալստարտ» և «Ժոկեյները տրիբունայի առջև»։ Վերջին անգամ ցուցադրվում է Սալոնում («Տիկին Գոբիյարի դիմանկարը» և «Տիկին Կամյուն կարմիր զգեստով»)։
1870-71-Մասնակցում է Փարիզի պաշտպանությանը պրուսացիներից, ծառայում է հրետանիում Անրի Ռուարի հրամանատարության ներքո։ Սառեցնում է աչքերը, որի հետևանքով տեսողությունը սկսում է վատանալ։ Փարիզի գրավումից հետո մեկնում է Վալպինսոնների մոտ՝ Մենիլ Յուբեր, և մկարում այնտեղ «Անրի Վալպինսոնի դիմանկարը դայակի հետ», Ձիարշավ գավառում. արշավակառք»։ Հուլիսին վերադառնում է Փարիզ, հաճախակի հանդիպում Մանեի հետ։
1872-Տարվում է բալետով ու կանֆեշանտանով. «Միանձնուհիների բալետ «Ռոբեր-սատանա» օպերայում» (առաջին տարբերակ), «Մերանտի պարի դասարանը Լը Պելետիե փողոցի Օպերայում», «Նվագախմբի երաժիշտները և խնարհվող պարուհին»։ Հոկտեմբերին Ռընե եղբոր հետ մեկնում է Ամերիկա՝ այցելելու նորօռլեանցի ազգականներին։ «Կինը արևելյան ծաղկամանով»։
1873-«Դիմանկար բամբուկի գրասենյակում», «Էստել Մյուսսոնի դիմանկարը», «Պեդյիկյուր»։ Ապրիլին վերադառնում է Փարիզ։ Սկսում է հաճախել «Նոր Աթենք» սրճարանը, ուր տեղափոխել էին «Գերբուայի» մշտական հաճախորդ իր արվեստագետ ընկերները։ Ի հայտ է գալիս Նկարիչների անանուն ընկերություն և անկախ «ռեալիզմի սալոն» ստեղծելու գաղափարը։ Դեկտեմբերին մեկնում է Թուրին՝ խնամելու հիվանդ հորը։
1874-Փետրվարին Նեապոլում մահանում է Դեգայի հայրը, թողնելով իր բանկի գործերը խճճված վիճակում։ Ապրիլի 15-ին բացվում է «Նկարիչների, քանդակագործների և փորագրանկարիչների անանուն ընկերության» 1-ին ցուցահանդեսը։ Դեգան ներկայացնում է տասը աշխատանք։ Մասնակիցները քննադատների կողմից ստանում են «իմպրեսիոնիստներ» անվանումը։ «Բալետի փորձ բեմի վրա» (առաջին տարբերակ), «Էժեն Մանեի դիմանկարը», «Բռնություն (Ինտերիեր)», «Պերրոյի պարի դասարանը» (առաջին տարբերակ), «Պա-դե-դե բեմի վրա»։ Երգիչ Ֆորը գնում է Դեգայի մի քանի ստեղծագործություններ։
1875-Աշիլ դը Գայի սնանկացումը. եղբորը փրկելու համար Դեգան վաճառում է հին վարպետների իր հավաքածուն։ «Կոնկորդի հրապարակ. Կոմս Լըպիկը դուստրերի հետ», «տիկին Ժինտոն հայելու առջև»։ Տարվում է վիմագրանկարչությամբ։
1876-Ապրիլին բացվում է «Անանուն ընկերության» 2-րդ ցուցահանդեսը, որին Դեգան ներկայացնում է 24 աշխատանքով։ «Սրճարանում. ափսինթ», «Պարի դասարան. Ադաջիո», «Պարուհին բեմի վրա. Աստղը», «Պարուհիները ծաղկեփնջով» (առաջին տարբերակ)։
1877-«Անանուն ընկերության» 3-րդ ցուցահանդեսի բացումը ապրիլին, նկարիչը ցուցադրում է քսանհինգ ստեղծագործություն։ Կանֆեշանտանի թեմայով ստեղծում է մի շարք նկարներ («Ամբասսադոր» կաֆեշանտանը»), ինչպես նաև՝ «Գիշերային սրճարան Մոնմարտրում. Կանայք սրճարանում», «պարուհիները ձողի մոտ», «Փորձ ջութակի նվագակցությամբ», «Սպիտակեղեն տանող լվացարարուհիները»։ Մասնակցում է Ալևիի և Մեյակի «Մորեխը» կատակերգության բեմադրության ձևավորմանը։
1879-Ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունենում «Ընկերության» 4-րդ ցուցահանդեսը, Դեգան ներկայացնում է քսանհինգ աշխատանք։ Ծանոթանում է Պոլ Գոգենի հետ։ Նկարում է Լ. Է. Դյուրանտիի և Դ. Մորբիլլիի դիմանկարները, «Միսս Լոլոն Ֆեռնանդո կրկեսում», ստեղծում մի շարք պաստելներ ու մոնոտիպիաներ՝ նվիրված հասարակաց տների կանանց։
1880-«Ընկերության» 5-րդ ցուցահանդեսը ապրիլին, նկարիչը ցուցադրում է տասնհինգ նկար և օֆորտ։ Պիսսարոյի, Կայբոտի և Մ. Կեսսետի հետ պատրաստվում է հրատարակել «Օր և գիշեր» ամսագիրը։ «Իջնող վարագույր», «Տեսարան օթյակից. ծաղկեփնջով պարուհին և հովհարով տիկինը» (առաջին տարբերակ), «Սպասում», «Պարուհիների հանգիստ», Լ. Ալևիի «Կարդինալ ընտանիքը» վեպի նկարազարդումներ։ Փորձում է էստամպի տարբեր տեխնիկաներ, աշխատում է «Տասնչորսամյա պարուհին» քանդակի վրա։
1881-«Ընկերություն» 6-րդ ցուցահանդեսը ապրիլին, Դեգան ցուցադրում է «Տասնչորսամյա պարուհին» և յոթ նկար։ «Ձիարշավից առաջ. ժոկեյը սյան մոտ»։
1882-Հրաժարվում է մասնակցել «Անանուն ընկերության» 7-րդ ցուցահանդեսին։ Նկարում է առաջին «Գլխակավաճառուհիները», հաճախ է պատկերում լվացվող, սրբվող, սանրվող կանանց։ «Արդուկող կինը լույսին հակառակ»։
1883-Լոնդոնում Դյուրան-Ռյուելը կազմակերպում է իմպրեսիոնիստների ցուցահանդես, որտեղ Դեգայից ներկայացվում է յոթ աշխատանք։
1884-Մենիլ Յուբերում կերտում է Հորտենզիա Վալպինսոնի կիսանդրին։ «Արդուկող կանայք»։
1885-Հունիսին Բրյուսելում Դյուրան-Ռյուելը կրկին իմպրեսիոնիստների ցուցահանդես է կազմակերպում, որին մասնակցում է նաև Դեգան։ Օգոստոսին մեկնում է Հավր և Մոն-Սեն-Միշել, Դիեպում հյուրընկալվում է Լ. Ալևիին ու նկարում Լ. և Դ. Ալևիների, Ու. Սիքքերթի, Ժ. Է. Բլանշի, Ժերվեի և Բուլանժե-Կավեի խմբային դիմանկարը։ «Գլխակավաճառուհու մոտ» մեծ նկարը։ Տեսողության կտրուկ վատթարացում։
1886-«Ընկերության» 8-րդ ցուցահանդեսը մայիս-հունիս ամիսներին, Դեգան ներկայացնում է «Գլխակավաճառուհիներ» և «Մերկ, լողացող, չորացող, սրբվող, սանրվող կամ իրենց սանրել տվող կանայք» շարքերը։ Նկարներ «Երկվորյակները Բերգամոյից» բալետի մոտիվներով։ Դյուրան-Ռյուելին տալիս է իր ստեղծագործությունների ձեռքբերման բացառիկ իրավունքը։
1888-Ամառն անցկացնում է Կոտըրեառողջարանում և այդուհետև մեկնում է այնտեղ գրեթե ամեն տարի։
1889-Հրաժարվում է մասնակցել «Համաշխարհային ցուցադրությանը» Փարիզում։ Սեպտեմբերին Բոլդինիի հետ ճամփորդում է Իսպանիայում և Տանժերում։ Թոռնլեյը ալբոմ է հրատարակում Դեգայի տասնհինգ վիմագրանկարներով։
1890-Նորից սկսում է հավաքել հին և ժամանակակից վարպետների ստեղծագործություններ։ Սեպտեմբերին ու հոկտեմբերին Բարտոլոմեի հետ ճամփորդում է Բուրգունդիայում։ Դիենեում հյուրընկալվում է Ժաննիոյի մոտ և հիշողությամբ պատկերում բնանկարների շարք։ Ժնևում այցելում է հիվանդ եղբորը՝ Աշիլին։
1892-Տեսողությունն ավելի է վաթարանում։ Գրեթե դադարում է աշխատել յուղաներկով։ Օգոստոսին Մենիլ Յուբերում անում է բիլիարդի սրահի երկու էտյուդ։ Տարվում է լուսանկարչությամբ։ Տարվա վերջին Դյուրան-Ռյուելի մոտ ցուցադրում է բնանկարների շարք։
1895-«Անրի Ռուարի դիմանկարը որդու՝ Ալեքսիսի հետ» (անավարտ) և պարուհիների ու մերկ կանանց մեծաչափ բազմաթիվ պատկերներ։
1896-«Կայբոտի նվիրատվության» կազմում Դեգայի վաղ ստեղծագործությունները հայտնվում են Լյուքսենբուրգյան թանգարանում։
1897-Բարտոլոմեի հետ մեկնում է Մոնտոբան՝ այցելելու Էնգրի թանգարանը։ Միանում է հակադրեյֆուսականներին և խզում կապերը Լ. Ալևիի հետ։
1898-Սեն-Վալերի-սյուր-Սոմմում հյուրընկալվում է Բրաքվալի տանը և ստեղծում պեյզաժների իր վերջին շարքը՝ «Գյուղական մեծ բնանկարներ»։ Վեց աշխատանք ներկայացվում է (առանց իր համաձայնության) «Քանդակագործների, գեղանկարիչների և փորագրանկարիչների միջազգային ընկերության» առաջին ցուցահանդեսին։
1899-Հրաժարվում է մասնակցել «Միջազգային ընկերության» ցուցահանդեսին։
1900-«Ֆրանսիական գեղանկարչության 100 տարի» ցուցահանդեսին ներկայացվում են Դեգայի «Դիմանկար բամբակի գրասենյակում», «Բալետի փորձ բեմի վրա» նկարները և հինգ պաստել։
1904–06-Գրեթե կուրանում է, բայց շարունակում է ստեղծել պարուհիների մեծաչափ պատկերներ։
1908-12-Ստիպված է թողնել նկարչությունը, զբաղվում է միայն քանդակագործությամբ։
1912-Մտերիմ ընկերոջ՝ Անրի Ռուարի մահից հետո կազմակերպված աճուրդում Դեգայի «Պարուհիները ձողի մոտ» նկարը վաճառվում է 435 000 ֆրանկով։ Ստիպված է լքել Վիկտոր Մասսեի իր բնանկարը և տեղափոխվել Կլիշի բուլվար։ Այլևս չի աշխատում։
1914-Լուվր է մտնում Իսահակ Կոմոնդոյի հավաքածուն, որում ընդգրկված էին Դեգայի բազմաթիվ ստեղծագործություններ։
1917-Մահանում է սեպտեմբերի 27-ին։ Աճյունը թաղում են Մոնմարտրի գերեզմանատանը։
1918-19-Դեգայի արվեստանոցի և հավաքածուի չորս վաճառք[8]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 323)։